ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐ
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ նախորդ իշխանության (Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան) վերարտադրության միակ հնարավորությունը՝ ընտրությունից ընտրություն կատարելագործվող ընտրակեղծիքի մեքենան էր։
ԱԱԾ-ն դիմել է ՀՀ քաղաքացիներին՝ ընտրակաշառքի հայտնի գործով տեղեկություններ ստանալու ակնկալիքով։ Սա նշանակում է, որ նախորդ իշխանության տիրապետության ներքո գործած ԱԱԾ-ն ինքն էլ լծված է եղել համակարգային ընտրակեղծարարությանը։ Այլապես նրա պահոցներում կուտակված կլինեին քաղաքական պատվերով ընթացք չստացած ծավալուն նյութեր, որոնք նախկինների հեռացումից անմիջապես հետո հանուն ազգային անվտանգության, առանց հրահանգի կդրվեին շրջանառության մեջ ։
Համակարգային ընտրակեղծարարությունը բաղկացած էր մի քանի հիմական հնարք-հանցագործությունից։ Ընտրակաշառքը դրանցից մեկն էր, որը թույլատրված էր նաեւ նախկին իշխանության դաշնակից ուժերին, այն էլ քվոտավորված։ Ծառուկյանի գլխավորած ուժը դրանցից մեկն էր։ Որ, օրինակ, բացակա ընտրողի փոխարեն քվեարկելու հնարք-հանցագործությունը թույլատրված չէր դաշնակից ուժերին, ապացուցվում է այն իրողությամբ, որ 2012 թ․-ին Հայ ազգային կոնգրեսի հետ միասին ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն եւս դիմեցին ՍԴ՝ ստորագրված ցուցակների հրապարակայնությունը արգելող հոդվածները հակասահմանադրական ճանաչելու նպատակով։
Բացակա ընտրողի փոխարեն քվեարկությունը համակարգային կիրառություն գտավ այն բանից հետո, երբ Ռ. Քոչարյանի նախագահության սկզբնական շրջանում օրենքի ուժով ընտրողների ստորագրած ցուցակները գործնականում անհասանելի դարձվեցին արդյունքները վիճարկող կողմի համար։
Սկսած 2003 թ․-ից՝ ընդիմությունը շարունակաբար պայքարել է եւ պնդել, որ կա՛մ ստորագրված ցուցակները պետք է հասանելի լինեն, կա՛մ ընտրողների ռեգիստրից հանվեն վեց ամսից ավել Հայաստանից բացակայող ընտրողների տվյալները՝ իհարկե, պահպանելով նրանց քվեարկելու իրավունքը։ Իշխանությունը հակադրվել է՝ պատճառաբանելով, թե «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքը ընդունվել է 2002 թ․-ին, եւ Հայաստանից բացակայողների բազան ամբողջական չէ։ Իսկ այս բանավեճում ներգրավված միջազգային հանրությանը մխիթարել է՝ քվեարկության ժամանակ ընտրողի անձնագրի վերջին էջին դրոշմ դնելով։ Ճիշտ է, դրոշմի համար կիրառվող թանաքը կախարդական էր՝ անհետացող։
Տեղամասում կատարվող հնարք-հանցագործությունները շատ հաճախ նկատելի էին միջազգային առաքելությունների համար։ Ուստի նախորդ իշխանությունը սկսեց ավելի շատ կենտրոնանալ տեղամասից դուրս կատարվող հնարք-հանցագործությունները կատարելագործելու վրա, եւ 2017 թ․-ի խորհրդարանական «ռեյտինգային» ընտրությունների նախօրյակին այն այնքան կատարյալ էր, որ իշխանությունը հրաժարվեց բացակա ընտրողների փոխարեն քվեարկելուց եւ վստահաբար ստորագրված ցուցակները դարձրեց մատչելի։
Եթե 2003 թ․-ի նախագահական եւ խորհրդարանական խայտառակ ընտրությունների ժամանակ բնակիչների ռեգիստրը դեռ կայացած չէր, ապա հետագայում ԱԱԾ տրամադրության տակ եղած բացակայողների տվյալների ոչ ամբողջական պաշտոնական բազան գնալով ավելի ազդեցիկ է դարձել 2007, 2008, 2012, 2013 թթ․-ի համապետական ընրությունների, ինչպես նաեւ 2015 թ․-ի սահմանադրական հանրաքվեի ժամանակ։
Ուստի «Քրեական դատավարության օրենսգրքի» արդարացի քննություն իրականացնելու պահանջից ելնելով` ԱԱԾ-ին առաջարկում եմ կատարել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում։ Այդ նպատակով անհրաժեշտ է առնվազն առգրավել ԿԸՀ-ում հիշյալ ընտրություններին վերաբերող ստորագրված ցուցակները եւ համեմատել տվյալ պահին Հայաստանից բացակայողների պաշտոնական տվյալների բազայի հետ (ոչ պաշտոնական, ամբողջական բազային տիրապետում է միայն ՀՀԿ-ն)։ Միաժամանակ ուսումնասիրել իշխանության կողմ ձայների տրցակները՝ այնտեղ մրցակիցների կողմ քվեաթերթիկներ հայտնաբերելու նպատակով։
Վստահ եղեք, որ այն կդառնա նախորդ իշխանության գործունեության իրավաքաղաքական գնահատականի հիմքը։
ԴԱՎԻԹ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
24 ՀՈՒՆԻՍ, 2020