ՊԱՏՄԱԿԱՆ

***       

Ավագ Մարտիրոսի Ծատուրյան,

ծնվ․1887թ․ գ․Կարճեւան,
մահ․ 1966թ․ ք․ Երեւան

ԴԱՎԻԹ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՄԲ

    Կարճեւանը հին գյուղ է, նրա խոր անցիալը թաղված է անհայտության մեջ․ ավանդաբար պատմում են, որ Կարճեւանը գյուղախումբ է եղել եւ բաղկացած է եղել վեց գյուղից․ բայց դրանցից երեքի տեղերն են միայն հայտնի՝ Դուզումը Հուրդու ձուրի դեմ, սարումը՝ փարախներից միչեւ Փիլքեչի, եւ ներկայումս գոյություն ունեցող Կարճեւանը։

    Դյուզի հողերը ոռոգվելիս է եղել Արաքսից վերցված առվով, որի հետքերը մինչեւ այժմ էլ կան, որը սկիզբ է առնում Շահդաշի մոտից․ սակայն դարերի ընթացքում Արաքսի հունը ցածրանում է, այդ առվով հնարավոր չի լինում ջուր ստանալ փորում են ավելի ցածր  երկրորդ առուն, որը ավելի քիչ տարածություն է ջրում, բայց ժամանակին այդ առուն էլ նույն բաղտին է ենթարկվում, գյուղը մնում է առանց ջրի եւ բնակիչները ցրվում են։  Այդ գյուղի գերեզմանները  գտնվում էին Սմսմաղում եւ թաղման ձեւը վկայում է, որ գյուղի բնակիչները քրիստոնյաներ են եղել, հավանաբար հայեր։ Այդ գերեզմանների քարերը 1898 թվին օգտագործվեցին գյուղի եկեղեցու պատշգամը սալհատակելու համար։ 

  Արաքսի առուները ոչնչանալուց հետո փորձ էր կատարվում քանքաններ փորել դուզում, սակայն ջուր չի գտնվում։

   Սարի գյուղը  ինչպես ասացինք գտնվում է փարախներից դեպի Փիլքեչի շրջանում։ Փիլքեչի գետափին՝ մի հարթավայրի կողքին, գտնվում է երկու սրբատաշ գերեզմանաքար, չեմ հիշում քարերի վրա արձանագրություններ կա՞, թե  ոչ,  այդ հարթավայրը եկեղեցու տեղ է, իսկ երկու գերեզմանները, հավանորեն, կամ քահանայի, կամ որեւէ իշխանի գերեզման է, իսկ փարախների դիմաց գտնվում են գերեզմանները, որոնց վրա կա բազմաթիվ արձանագրություններ՝ «Աստված ողորմի Թասալի որդուն», «Ողորմի ասացեք Դավուն աղային» եւ այլն, կա հայկական տառերով գրված տարեթվեր.  1925   թվին որոշեցինք այդ շրջանում պեղումներ կատարել, սակայն այն ժամանակվա տանտեր Ենոք Անդրյասյանը ծերերի դրդմամբ, արգելեց, առարկելով, որ մեղք է գերեզման քանդելը՝ գյուղին դժբաղտություն կպատահի։

1884-85 թվականներին Գրիգոր Դավթյանը Փիլքեչի արտը վարելուց երկու կարասներ է գտնում․ նույն ժամանակներին փարախներում սալոր հավաքելուց մի պուլիկի մեջ արծաթե դրամներ եւ զանազան զարդարանքի իրեր են գտնում, ով գիտե գուցե եւ շատերն են գտել։

      Ոչ մի հիշատակություն չկա, թե այդ գյուղը երբ է կործանվել, կան ենթադրություն, որ գյուղը կործանվել է թյուրքերի եւ Օրդուբադի խաների արշավանքների ժամանակ․ այսպես- մինչեւ Ռուսաց տիրապետությունը Արաքսի ափով կանոնավոր ճանապարհ չկար, ժայռերի արանքով մի նեղ կածան կար, որը գարնան ամիսներին գետը հորդանալուց փակվում էր, այդպիսի տեղերով դժվար թե կարողանային զորք փոխադրել, նույնիսկ մեր օրերում եղած դեպքերը այդ հաստատում են, նշանակում է արշավել են սարով․ հայտնի է, որ Դավիթ-Բեկի զորավար Կալերեցի Պապը  Ղալզամիում ջարդում է օսմանյան բանակը, որի համար այդ վայրը կոչվում է «Ղանլու զամի», այսինքն արյունոտ  արտեր․  պարզ է, որ օսմանցիները Արաքսի ափով չէին գալ նորից բարձրանալ Ղանլու զամի, նրանք սարով են եկել եւ հավանական է, որ այդպիսի մի արշավանքի ժամանակ էլ կործանվել է այդ գյուղը։

  Գյուղի հանդերը եղել են Սահրան, Հանդաղբյուրը, Լիշկարի տնարին, իսկ գյուղի շրջակայքում պտղատու այգիներ, որոնց հետքերը միչեւ այժմ էլ կան՝  սալոր, թութ, խնձորենի, տանձենի եւ այլն։

  Փիլքեչուց բարձր կան ավերակներ, որ Լիշկարի տնարին ենք կոչում, բայց ոչ թե Լիշկարի, այլ Լաշկարի պիտի լինի, լաշկար նշանակում է զորք, բանակ, իսկ Լաշկարի տնարին՝ բանակատեղ․ զանազան ենթադրություններ կան, ոմանց կարծիքով Մեղրու բերդի զորքը գալիս էր այդեղ ամառանոց, ոմանք էլ ասում են Դավիթ Բեկի ժամանակ այդտեղ զորք էին պահում օրդուբադցիներին հսկելու համար։

Լիշկարի տնարից ցածր կա մի եկեղեցի, որին կոչում են Կարմիր գիղեցի, բայց նրա անունը «Սուրբ զորավար» է․  հավանաբար  այդտեղ մի նշանավոր զորավար է մեռած, կամ սպանված, այդտեղ էլ թաղել են, որի գերեզմանն էլ կա, ժամանակի ընթացքում սրբացվել է եւ դարձել  «Սուրբ զորավար»։

  Շատ լեգենդաներ կան դրա մասին, նա մի տեսակ միֆ է՝ գետի ջուրը պակասելուց, կամ երաշտ լինելուց նրան էին վերագրում եվ մատաղներով դիմում նրան ու միշտ էլ մանգից աղան էր երազի տեսնում «Կարմիր մորուքով մի մարդ»։

    Այժմ դառնանք բուն գոյություն ունեցող Կարճեւանին, որը շատ հին է եւ ինչպս երեւում է՝ դեռ մեր թվարկությունից առաջ գոյություն է ունեցել․ օրինակ, մեր Կարճեւանի ներքեւի հրապարակը, որտեղ այժմ էլեկտրոաղացն է կառուցված ծածկված էր գերեզմանաքարերով․ 1890 ական թվականներին հասարակությունը որոշում է այդ քարերը հեռացնել, տեղը հարթել եւ հրապարակ շինել․ հարթման միջոցին պարզվել է, որ գերզմանները  երկու հարկանի են՝ վերեւի թաղվածները քրիստոնեական ձեւով են թաղված, իսկ տակինը խառը ձեւով, իսկ մեկը կարասում․   դատելով նրանց ոսկորներից նրանք հսկա մարդիկ են եղել, հիշում եմ՝ նրանց ոտների ոսկորները չափեցին ժամանակակից ամենամեծ մարդու ոտի հետ, ծնկից մոտ քսան սանտիմ բարձր էր․ գյուղացիները նրանց անվանում էին «խուդաբանդներ», այսինքն աստծու ստեղծածներ, ասում էին շրջակայքում շատ այդպիսի գերեզման են տեսել։

   Մեր եկեղեցին կառուցվել է  1142 թվին, ինչպես պատմում էր գյուղի քահանա տեր Սահակը այս թվականը  փորագրված է  եղել սեղանի ետեւի պատի մեջ հայկական տառերի թվերով եւ 1898 թվին եկեղեցու վերանորոգման ժամանակ մնացել է սվաղի տակ։

 Իսկ նրանից առաջ եղել է մի աղոթատեղի, որը գտնվելիս է եղել Վարթազարաց տան մոտ եւ մինչեւ վերջերս էլ սրբատեղի էր համարվում։

  Պարսից տիրապետության ժամանակ Կարճեւանը միջին դարերում Տաթեւի վանքի սեփականությունն է եղել, իսկ հետո անցնում է Դուզալի խանին․ Տաթեւի տիրապետության ժամանակ հարկահավաք է լինում մեր գյուղացի Աբել աղան, այժմվա Աղայանների նախնիքը, որը օգտվելով իր պաշտոնից , յուրացնում է գյուղամերձ նեքթաղի հողերը եւ իր համար ամրոց է կառուցում գյուղի ամենաբարձր տեղում, որի ավերակները  մինչեվ մեր օրերը մնում էին եվ կոչվում էին «Ըղեց ղալ»։

  Դուզալի խանի  տիրապետության ժամանակ գյուղը բոլորովին քայքայվում է, բնակիչները ցրվում են, մնում էին մի քանի տասնյակ բնակիչներ՝ Աղայանների եւ Ծատուրյանների նախնիքը, Ջանիք, Իքարաք «Մելիք Մկրտչյաններ» եւ Մելիք Հովհաննեսի ժառանգները։ Ինչպես պատմում էր ականատես Դավիթ Սահակյանը, որը 115 տարեկան հասկում մեռավ 1901 թվականին, նա պատմում էր, որ խանի ֆարաշները շարունակ շրջում էին գյուղում, ում հագին նոր շոր տեսնեին հանում էին , սիրուն աղջիկներին հարկի փոխարեն ուղարկում էին խանի համար, տարին մի քանի անգամ տղամարդկանց քշում էին Դուզալ բեգարի եվ այլն․  այդպես շարունակվում է մինչեւ Ռուսաց տիրապետությունը՝ 1828 թվականը։

   Հին ժամանակ Կարճեւանը ոռոգվելիս է եղել միայն ձորամերձ հողամասերը, իսկ «Քաշվանի» առուն՝ Վալլաքը, ինչպես ավանդաբար պատմում էին, կառուցել է  Տաթեւի վանքը իր տիրապետության ժամանակ, իսկ դրա փոխարեն ժամանակին ոռոգվել է «Պահանակը», հարց է ծագում՝ որտեղից էին ջուր բերում։ 

  Ջրաղացի մոտ կան թզենիներ, այդ թզենիներից բարձր՝ ժայռի տակ, կար մի հին պատ, ձգված Պահանակից դեպի Ծորը, այդ պատը 1905 թվին Խոսրով Կարապետյանը ուզեց քանդի, քարերը օգտագործելու  համար, բայց նրա մահվան պատճառը դարձավ, արդյունքը՝ ամբողջ պատը փլվեց իր վրա եւ թափվեց ձորը, դրա համար էլ կոչվում է «Խոսրովա վեր ընկած տեղը»․ ահա այս պատը կառուցվել է առվի համար․ շատ հին ժամանակ, երբ դեռ Ծորը լիքն է եղել հողով ու Քամու խաչը հավասար է եղել Պահանակին, հեշտությամբ գետի ջուրը տարել են Պահանակ․ ժամանակի ընթացքւմ հեղեղները հողը քշում են մինչեւ հատակի ժայռերը ու այլեւս ջուր ստանալու հնարավոր չի լինում, հավանական է դրանից հետո  կառուցվել է Քաշվանի ջրանցքը։

   Շատ է պատահել գյուղում նոր տուն  շինելու ժամանակ հիմքը փորելուց գտնվել են հին պատեր, կարասներ, ընձանի չարասներ, մարդու ոսկորներ, մոխիր եւ այլ բաներ․ այս բոլորը վկայում են՝ Կարճեւանը շատ անգամ է ենթարկվել ավերածությունների, գյուղի շրջակայքում՝ Ըրըխսեձուրում, Մելքոն Ղազարյանը եւ Հարուն Ծատուրյանը 1901 եւ  1905  թվերին գտան հորում թաղած մեծ քանակությամբ պղնձի ամաններ եւ ով գիտի՝ գուցե դեռ շատ կան այդպիսի հորեր․ մեր բակի պատը շարելուց հայրս 1888 թվին գտնում է մի ոսկի դրամ՝ գործածված  պլոմբի ձեւով  (բար․․․՞ ) ամանի մեջ։

    Գյուղից բարձր կա մի սրբատեղ, որին Քամու խաչ են կոչում, որը ավերված տան նման է, այդտեղից բարձր ժայռերը կոչվում են «Ղալը քար», այսինքն՝ բերդաքար, իսկ ավելի բարձր՝ Ծորի գլուխը կոչվում է «Բրդի», որը բերդ խոսքն է աղավաղված․ այդ ժայռերի մեջ կան ապաստարաններ, կրով ծեփած ջրի ավազաններ․ գյուղի վերեւի ծայրամասը կոչվում է «Բիդուռ», որը աղավաղված է, պիտի լինի՝ բերդի դուռ, իսկ Քամու խաչից ներքեւ կա դեպի ծորը ձգվող պատի մնացորդներ , ուրեմն վերեւի Բրդի բերդը ամրացված է եղել պատերով, դուռը եղել է Բիդուռից, հենց այդ բերդում են ապաստանելիս եղել բնակիչները վտանգի դեպքում։

   Գյուղի առաջից ձգվող լեռնաշղթան, որը վերջանում է Դուզի ծայրին, ուր  ձորով Դուզը երկու մասի է բաժանվում․ բլուրի ծայրին ժայռեր կան, որը կոչվում է «Խուկրաքար», հայտնի չի, թե ինչու է այդպես կոչվում․ ծերերը պատմում են, որ այդտեղ հին ժամանակ միշտ պահակ է եղել ու երբ խանի ֆարաշները երեւում էին հայտնում էր գյուղը, որ հարս ու աղջիկներին թաքցնեն․ բացի դրանից այդ ժայռերում կան սելիտրա, գյուղացիք «շորա» են կոչում, այդ շորան հին ժամանակ գյուղացիք խառնում էին ծծումբի եւ ածուխի հետ ու վառոդ պատրաստում, իմ ժամանակին Հարություն Տեր Հովակիմյանն (Կիլկիլի) էր դրանով պարապվում։

  Ինչպես ասացինք մինչեւ Ռուսաց տիրապետությունը գյուղում մնացած են եղել հազիվ   30-40 տնվորներ մի կողմից Խանի կեղեքումները, մյուս կողմից ղաչաղների թալանները գյուղացուց հասցնում է ծայր աստիճանի աղքատության, շատերն էլ հեռանում են ավելի խորքի գյուղերը․ այսպիսի պայմաններում, իհարկե, գրագիտության համար խոսք չի կարող լինել եւ մինչեւ 18-րդ դարի վերջերը համատարած անգրագիտություն է լինում, միակ գրագետը կամ ավելի շուտ կիսագրագետ քահանան որիշ տեղից էին ուղարկում․ օրինակ 18րդ դարում տեր Վահանը եկել է Խնձորեսկից, տեր Հովակիմը՝ Տաթեւից, իսկ 19-րդ դարի սկզբին վերջին եկվոր քահանան՝ տեր Մովսես Մելիք-Փարսադանյանը Արջաձորից, եւ գյուղում մնացել է մինչեւ 1840 ական թվականը, այնուհետեւ գնացել է Ագուլիս։

   Գյուղից դեպի հարավ-արեւմուտք, Դուզի դիմաց, լեռնալանջում է գտնվում  մեր շրջանի ամենա հռչակավոր սրբատեղը՝ Նուխուդա սուրբ Հովհաննեսը, որին գյուղացիք կոչում են «Մուծ խաչ»․   նա գյուղի բոլոր սրբատեղիները մեծը, իշխողը, խնամակալը,  ամեն տարի հեռավոր շրջաններից՝ նույնիսկ Երեւանից ուխտի էին գալիս այստեղ․  բազմաթիվ լեգենդներ ու ավանդույթներ կան այդ մասին, օրինակ՝ ասում են մի դուզալցի թուրք եկել է, դուռը  գողացել, շալակել, որ տանի,  երբ ուզեցել է վար դնի մեջքից չի պոկվել ու վերադարձրել է իր տեղը․ մի երիտասարդ արհամարել է եւ իսկույն բերանը ծռվել է․  Ասլի Մաթեւոսյանը մտնում է եկեղեցի մի սպիտակ ձիավոր  գլխին կարմիր գլխարկ, պատուհանից դուրս է գալիս անհետանում, եւ շատ ու շատ հրաշքներ․ այս բոլորը հորինել են սնահավատ մարդիկ եւ հոգեւորականները սուրբի հզորությունը բարձրացնելու համար, բայց փաստ այն է, որ դռան պատմությունը տարածվելուց հետո այլեւս ոչ մի գողություն չի լինում․ բոլոր իրերը , ամանները բաց պահում էին այդտեղ, ոչ ոք, նույնիսկ մահմեդականները չէին համարձակվում ձեռ տալու։

  Կար մի եկեղեցի, մի քանի սենյակներ, գոմեր եվ այդ բոլորը շրջապատված էր պարիսպներով, պարիսպներից դուրս՝ մոտ 100 քայլ հեռու,   գտնվում է աղբյուրը եւ մի մատուռ, որը կոչվում է նահատակի տեղը, Մուծ խաչը շրջապատված է մանր սրբերով, մինչեւ տեղ հասնելը գտնվում է «Կարմիր ավետարանը», Նալերը,   Շոր աղբյուրը եւ վերջապես սրբության սրբոց Մուծ խաչը։  

  Երեւում է, որ հին ժամանակներում  այստեղ մարդիկ են բնակվել, գուցե ճգնավորներ կամ վանահայրեր․  Մուտքի աջ կողմում՝ եկեղեցու հետեւ, կան մի քանի գերեզմաններ, կար պտղատու ծառեր, մեծ քանակությամբ ընկուզենիներ, վար ու ցանք են արել․ սրբատեղից բարձր սարահարթը մինչեւ այժմ էլ կոչվում խաչի արտեր․ հին որսորդներ Ղինից Անդրին, Թելթելաց Օվաննեսը պատմում էին, որ խաչի արտերում իրենք տեսել են հին արօրի մնացուկներ եւ իբր թե այդ արօրը իրենք վառել են խորոված անելու համար։

   Մեծ խաչը եկամուտի աղբյուր էր  գյուղի համար,  ամեն տարի մատաղներից, նվերներից, ընկուզենիներից  200-250 ռուբլի եկամուտ էր տալիս գյուղին, որը ծախսվում էր դպրոցի կարիքների համար, կամ ավելացնում էին գյուղի անձեռնամխելի ֆոնդին։

     18-րդ դարի վերջերին եւ 19-րդ դարի սկզբին այստեղ բնակվելիս է եղել մի աբեղա-ճգնավոր, որին գյուղացիք կոչում են Մուղդուսի․  ահա այդ Մուղդուսու հետ է կապված  Կարճեւանում գրագիտությունը մուտք գործելու պատմությունը։

  19-րդ  դարի սկզբներին գյուղում Սհակի որդի Աբրահամը պատանի էր եվ չոբանի ռըզավան է լինում․  հայտնի է, որ  գյուղի ոչխարները գարնանը երկար ժամանակ պահում են այդ շրջաններում  եվ հավանաբար չոբանները գիշերելիս են եղել խաչում, հենց այդ ժամանակ էլ  Մուղդուսին սովորեցնում է Աբրահամին գրել կարդալ․  հետագայում Աբրահամը գրել կարդալ է սովորեցնում իր ընկեր Ջանից Թաթոսին եվ երկուսով դառնում  են տիրացուներ,  երբ տեր Մոսեսը  1840 թվին հեռանում է գյուղից,  գյուղացիք այլեւս եկվոր քահանա չեն ուզում եվ խնդրում են Էջմիածնին,  որ Աբրահամին իրենց համար քահանա օծեն․ այսպիսով հազիվ գրաճանաչ Աբրահամը օծվում է  տեր-Աբրահամ, որը մեռավ  1890 թվի զառամյալ հասակում։

  1828 թվի, երբ  Ռուսները  տիրապետում են մեր շրջանին, մեր գյուղում չեն գտնում մի կարգին մարդ, որ տանուտեր նշանակեն, այդ պատճառով գյուղ հանձնում են Քյոթամի տանուտեր Քաթխուդա Ղալիին,  սա էլ գյուղում իր տեղակալներն է նշանակում, որն սուդյա էին կոչում․ սուդյա են եղել տեր-Աբրահամի եղբայր Դավունը, Խաչիկաց Հարությունը,Դավութաց Մկրտիչը։

  Ռուսաց կողմից խաղաղություն հաստատելուց հետո գյուը արագ կերպով մեծանում-աճում է, ներգաղթում են Մուժունբարից  Մինգիղոսաք- Սարգսյանները, Մանգիք՝ Կաքավաբերդից- Մկրտչյաններ, Գյալիք՝ Ղափանից- Ղազարյաններ,   Ջավադաք՝ Աղաղանից,  Մըկըլիաց նախնիքը՝ Խոյից- Դավթյաններ, եւ 1860 թվականին արդեն մոտ 70 տնվոր է լինում, դիմում են կառավարություն, որ այլեւս չեն ենթարկվում Քյոթամին  եվ խնդրում են իրենցից մելիք նշանակվի եվ մելիք է ընտրվում Մարութաց Ստեփան, որը երկար ժամանակ մնում է մելիք եւ 80 ական թվականներին իր տեղը զիջում է Մելիք Մկրտչիան Բեգլարին։

    60 ական թվականին Տաթեւի վանքը առաջարկում է գյուղից քահանայական ծագում ունեցող երկու երիտասարդ ուղարկեն տաթեւի հոգեւոր դպրոցում սովորելու համար․  ուղարկում են տեր Աբրահամի որդի Խաչատուրին, իսկ  70 թվին Հովակիմ Տեր Վահանյանին․

  Խաչատուրը 72 թվին ավարտում է դպրոցը եվ վերադառնում գյուղ դրանով էլ սկսում է Կարճեւանի դպրոցի պատմությունը․ նա ձրի գրագիտություն է սովորեցնում գյուղի պատանիներին եւ միաժամնակ համոզում  գյուղացիներին, որ դպրոցի շենք կառուցեն․ 74 թվին հիմնադրում են դպրոցի շենքը,   74 թվին շենքը արդեն պատրաստ է․  այդ շենքը եկեղեցուն կից սենյակ է, որը կոչվում էր «քյոհնա շկոլ», այդպիսով բացվում է Կարճեւանի առաջին դպրոցը Խաչատուր վարժապետի գլխավորությամբ․  դժբախտաբար կարճ է տեվում այդ դպրոցը․  1878 թվին Խաչատուրը Օրդուբադից վերադառնալուց ղաչաղները նրան թալանում են, մերկացնում ու մինչեւ վիզը թաղում հողի մեջ, նրան գտնում են կիսամեռ եւ գյուղ բերելուց մեռնում է։ 

   Խաչատուրի մահվանից հետո  դպրոցը փակվում է մինչեվ  1881 թ․ Հովակիմ Տեր-Վահանյանը ավարտում է Տաթեւի դպրոցը ու շարունակում Խաչատուրի ստեղծած  դպրոցը մինչեւ 1888  թվին  թողնում հեռանում Բաքու,  նորից դպրոցը փակվում է։

  Խաչատուրի մահվանից հետո Տաթեւ են ուղարկում տեր  Աբրահամի  երկրորդ որդուն՝  Սահակին, որը ավարտում է  1890 թվին վերադառնում է գյուղ ու բացում դպրոցը․  նույն թվին մեռնում է տեր Աբրահամը  եւ գյուղի քահանայի պաշտոնը կատարում է Ագարակի քահանան։ 1892 թվին գյուղացիք դիմում են Էջմիածին, որ  Սահակին քահանա օծեն Կարճեւանի համար․  Սահակին կանչում են Էջմիածին, նա մի տարի էլ ճեմարանի բարձր դասարանում սովորելուց հետո 1893 թվին գարնանը քահանա օծվելով վերադառնում է Կարճեւան։

ՆԱԲԻ

Նաբի (1895)

 Նաբին Զանգելանի շրջանից էր, չեմ հիշում Խոջահան, թե Խոջալու գյուղից, նա պարապվում է կեղծ դրամ վաճառելով,  նրա գործակիցն է լինում  արջաձորցի  Աղաբեկ Մելիք-Փարսադանյանը, տեր Մոսեսի եղբայրը։

   Մի անգամ Խոջահանի բազարում կեղծ դրամ վաճառելուց ձերբակալվում է ու բանտից փախչում դառնում ղաչաղ Նաբի.  Աղաբեկը կասկածելով, որ իրան կմատնեն, նա էլ է մի առ ժամանակ միանում Նաբիին․  կարճ ժամանակում նրա անունը տարածվում է շրջաններում, թալանում է ձեռքն ընկածին անխտիր, նրան են միանում Օրդուբադցի Ղամբարը, Ղարան, իր եղբայր Մեյթին․ նրանց թիվը հասնում է 18 հոգու, բոլորն էլ զինված եւ ձիավոր, սկսում են թալան եւ սպանություններ Զանգեզուրի եւ Զանգելանի շրջաններում, կառավարությունը հետապնդում է, բայց թուրք բնակչությունը թաքցնում ու նախօրեն նրան հայտնում են պետության միջոցառումների մասին ու ժամանակին նրան անհետացնում, սկսում են նրա կնոջ նեղացնել, որ նրա տեղը հայտնի, մի գիշեր խմբով մտնում են գյուղը, կնոջը ձի նստեցնում փախչում սարերը․  Նաբին որոշում է խմբով բարձրանալ Խուստուփա սարերով մեր շրջանը եւ անցնել Պարսկաստան։ Մի գիշեր հյուր է մնում կալերեցի Աղաբեկ Մելիք-Օհանջանյանի օբայում, «նվեր» վերցնում նրա բերդան հրացանը եւ իջնում Լեհվազ․ Լեհվազեցիները նրան խորհուրդ են տալիս Մեղրի չմտնել, այլ բարձրանալ Մանդած խաչ,  Ըրթովի ձորովը հասնել Փլավդաղով անցնել Պարսկաստան եւ իրանք ուղեկցում են մինչեւ Մանդած խաչ․ այդտեղ տեղի է ունենում խորհրդակցություն, թե ինչպես անցնեն սահմանը-Արաքսը․  Ղամբարը, որը լավ ճանաչում էր կարճեւանցիներին եւ գյուղացիք էլ նրան էին ճանաչում, նա հրապուրում է Նաբիին գնալ Կարճեւան, մի ժամում թալանել, հետո անցնել սահմանը․ Նաբին չի համաձայնում՝ առարկելով, որ ինքը տղամարդու խոսք է տվել Դալի Իբրայիմին, որ այս շրջանին չդիպչի․ Դալի Իբրայիմը գիդիմսեցի Աբրահամն էր, նա էլ Ղաչաղ էր ու մենակ էր շրջում․ նա լուր էր ուղարկել Նաբիին, որ եթե նա մեր շրջանին ձեռք տա՝ մի հոգի չի պրծնի, բայց այդ ժամանակ Աբրահամը չկար, նա մեղրեցի հայտնի հնչակյան Փարամազի հետ անցել էր Տաճկա-Հայաստան ու Զեյթունի կռիվների ժամանակ երկուսն էլ բռնվեցին ու կախվեցին Ադանայում։ 

  Ահա այդ Աբրահամին  էր Նաբին խոսք տվել, որ Մեղրու շրջանին չի դիպչիլ․  սակայն նա զիճեց իր ընկերներին եվ որոշում են խաբեությամբ մտնել Կարճեւան․  Ղամբարի ձեռները կապում են, իրանք հագնում ստրաժնիկների շորեր, Նաբին պրիստավի շորեր, իբր թե իրանք պետական պաշտոնյաներ գող են բռնել, տանում են Օրդուբադ։

   1893թ․ ամառը վարդավառ տոնի  շաաթ օրն էր՝  կեսօրվա  մոտ, մտան գյուղ, կանգ առան հրապարակում, հարցրին մելիքի տունը․ Նաբին Ղամբարին առաջը գցած երկու ընկերների հետ տարան Մելիք Բեգլարի տունը, Նաբին հրամայում է գյուղի բոլոր տղամարդկանց հավաքեն բերեն, որ տեսնեն ով է այս գողին ճանաչում․  գզիրը եւ Նաբիի ընկերները գյուղի բոլոր տղամարդկանց հավաքում են Մելիքի տունը․  երբ բոլորը հավաքվում են Նաբին սենյակից դուրս է գալիս ու կարգադրում մեկին, որ  դռան մոտ կանգնի ու ով որ  փորձի դուրս գալու խանչալը փորը կոխի։ 

  Սկսվում է թալանը, լաց, շիվան, հրացանաձգություն, կանաց բռնաբարում․ Ղամբարի ցուցմունքով գյուղի ամենավերեւից  մահվան սպառնալիքով փողերը խլում են, սպանում են Աբրահամ Գրիգորյանին, ոչ մի դիմադրող չկար, գյուղի տղամարդկանց մեծ մասը հանդումն եին ու երեկոյան դեմ վերադարձին շատերն անտեղյակ իրենց ջորիներով ընկնում են նրանց ճանկը․  Նաբիի եղբայր Մեյթին մի վերադարձողի ջորին բռնում է որ տանի, ջորետիրոջ ազգական Պիտրոս Աղայանը, որ նոր էր վերադարձել զինվորական ծառայությունից, հոռվից նշան է բռնում Մեյթիին եւ տեղն ու տեղը գնդակահարում ու իսկույն թաքցնում դարմանի մեջ․ Պիտրուսը նրա զենքը վերցնում հեռանում է։

   Ղաչաղները անտեղյակ են մնում այս դեպքից, թե չե սենյակում եղածներին բոլորին սրի կքաշեին, միայն, երբ թալանը վերջացնում բարձում են ջորիները, որ հեռանան, արդեն մութ է լինում, երբ տեսնում են Մեյթին չկա, սկսում են փնտրել, մի պառավ կին ՝ Թաթուսա կինը ասում է,  թե Մեյթին մի սիրուն աղջիկ նստեցրեց ջորին եւ գնաց դեպի Արաքսի կողմը, նրանք հավատում են ու թալանը գյուղի ջորիները բարձած հեռանում են ու նույն գիշերն էլ անցնում Արաքսը։  

  Զարմանալին այն էր, որ երբ սկսվում է գյուղի թալանը, հայտնում են սահմանապահներին, որ օգնեն, սական մերժում են՝ առարկելով, որ փոստը չեն կարող թողնել, նույնիսկ Արաքսը անցնելուց, որ տեղի է ունենում փոստից 2 -3 կմ  հեռու՝ դուրս չեն գալիս արգելելու։

  Մի ամիս անց Նաբին նորից հարձակվում է Կարճեւանի վրա  վրեժ լուծելու եւ Մեյթիի դիակը տանելու համար,  նրանք գալիս են սարով եւ գրավելով Բիրդին գնդակոծում են գյուղը, օրը կիրակի էր տղամարդիկ բոլորը հրապարակում, բարեբախտաբեր ոչ մի զոհ չի լինում․  որսորդները՝Ղինից Անդրին, Թելթելաց Օվանիսը եւ Կիլկիլի Հարությունը իրենց չախմախավոր հրացաններով բարձրանում են Բանդերով Բիրդիի դիմացից գնդակահարում մի ձի, մի հոգի սպանում, մեկին վիրավորում, ղաչաղները փախչում են․  նրանից հետո Նաբին մի դուզալցու միջոցով հայտնում է գյուղին, որ բոլոր թալանը կվերադարձնի փոխարենը Մեյթիի դիակը տան․  գյուղացիք համաձայնվում են,  բայց Նաբիի ընկերները չեն համաձայնվում, տեղի է ունենում վեճ, որի ժամանակ Նաբին սպանում է Ղամբարին ասելով, որ դու եղար եղբորս մահվան պատճառը։

  Ռուսաց կառավարությունը Պարսից կառավարությունից պահանջում է  Նաբիին բռնել եւ հանձնել, Պարսից   կառավարությունը հնձնարարում է Արդաբիլի խանին, որ  Նաբիին գտնի եւ ձերբակալի, կռվի ժամանակ Նաբին սպանվում է, մյուսները ցրվում են։  Այսպես վերջացավ հրչակավոր Նաբիի գործողությունները, որին այժմ ադրբեջանցիք ազգային հերոս են կոչում։   

   Ինչպես ասացի՝ Ռուսաց տիրապետությունից հետո արագ կերպով գյուղը մեծանում ու բնակիչները բազմանում են, այդ պատճառով՝ մի կողմից հողի սակավությունը, եվ, որ ամենից գլխավորն է՝ ջրի սակավությունը, ստիպում է գյուղացիներին պանդխտության դիմել․  70-ական թվականներին սկսում է գյուղացիների պանդխտությունը, գնացողները անգրագետ էին, գնում էին գլխավորապես Ագուլիս՝ որպես տնային ծառայողներ եվ բատրակներ։

   Գյուղում առաջ եկան ոչխարատերեր, որոնք գյուղի ունեվորներն էին, որոնք սկսեցին վաշխառությամբ զբաղվել․  դրանք փող էին տալիս գյուղացիներին մեկ ռուբլուն տոկոս հաշվելով ամսական հինգ կոպեկ, այսինքն տարեկան վաթսուն տոկոս․ դրանցից նշանավոր էին Բուլբուլաց Գեւորգ, Մաթուսաց Համբարձում, Գյալից Ակուբ, Խուդի։

   80-ական թվականների վերջերին սկսվում է նոր եւ արդեն գրագետ պանդխտություն, ավելի հեռու տեղեր՝ Բաքու, Թիֆլիս, Ղուբա, Զաքատալա եւ այլուր․  դրանք էին Պապիաց Ավետիս, Հովակիմ Տեր-Վահանյան, Ստեփան Անդրյասյան,  Ասատուր Հարությունյան, բոլորն էլ Խաչատուր վարժապետի աշակերտներն էին եվ 90-ական թվի կեսերին արդեն Բաքվում, Թիֆլիսում իրենց համար բարեկեցիկ կյանք էին ստեղծել․  Ասատուրը ամուսնանալով Բաքվաբնակ միլիոնատեր Լալայանների աղջկա հետ հարստացավ եւ դարձավ նավթարդյունաբերող, բայց գյուղը ոչ մի օգուտ չուներ դրանցից եւ առաջվա նման տնքում էր աղքատության եվ տգետության տակ։

  1893 թվին՝ Նաբիի թալանից հետո,  գյուղի դրությունը ավելի վատթարացավ, տասնչորս ջորի էին տարել, շատ տներ էին թալանվել, եկեղեցին  բոլորովին ամայացել, բայց այնուամենայնիվ դպրոցի գործը շարունակվում էր, որի դասատուն էր տեր-Սահակը, աշակերտների թիվը շատացել էր, հին դպրուցում չէին տեղավորվում, այդ պատճառով  տեր Սահակը համոզում է գյուղացիներին նոր դպրոց կառուցել, բայց դրամական միջոց չկար, այդ պատճառով տեր-Սահակը առաջարկում է բաժանել Դուզի խոպան հողերը եվ ստացված եկամուտը հատկացնել դպրոցի շինարարությանը․ որոշվում է  անխտիր բոլորին հաղ տալ, եւ որպեսզի ունեվորները չօգտվեն, որոշվում է հողի դիմաց տան ոչ թե դրամ, այլ քար, փայտ աշխատանք, ով ինչով կարող է, այդ մասի տեր Սահակը մի երգ էր կապել, հիշում եմ մի քանի խոսքեր՝

Ոսման համար ձեռք-ձեռքի տված
Ծեր թե մանուկ բանում են,
Որը հողը, որը փայտը, որը քարը բերում են։

Բայց այդ մեծ գործի համար դուրս եկան հակառակորդներ՝  գյուղի ոչխարատերերը, որովհետեւ հողերը բաժանելուց ոչխարների արածելու հանդերը պակասում եր, այնուամենայնիվ հողերը բաժանվեց եւ 1895 թվին հիմնադրվեց նոր դպրոցի շենքը, բայց այդ հակառակությունը հիմք եղավ, հետագայում ավելի խորացավ, հայտնի տերտերական-խուդիական թայֆայականությանը եւ դրա հետ կապեցին զանազան պատմություններ, այսպես օրինակ՝ դպրոցի շինարաության ընթացքում որոշվում է դիմել Թիֆլիսում հայտնի հարուստ Առաքել Ծատուրյանին խնդրելով օգնել, ուղարկում են ժապավենյալ տետրակ, որի մեջ Ծատուրյանը նվեր է գրում  25ռւբլի․ մի քանի տարի անց՝ Ծատուրյանի մահվանից հետո, Խուդի Մելիքյանը տարածում է, որ իբր թէ ինքը գիտի, որ Ծատուրյանը  250 ռուբլի է նվիրել, բայց տեր Սահակը ջնջել է զերոն 25ռւբլի է շինել, դա զրպարտություն էր․ տեր Սահակը, որ այնքան նվիրված էր դպրոցի շինարարությանը այդպիսի կեղծություն չէր անիլ, այնուամենայնիվ խոր ատելություն առաջացրեց երկու կողմերի մեջ։

    1897 թվին դպրոցի շենքը պատրաստ էր, սակայն,  մի կողմից շենքի խոնավությունը, մանավանդ կառավարության կողմից հայկական դպրոցների փակումը  պատճառ են լինում, որ պարապմունքները տարվեն մասնավոր տներում,  Խուդիաց  տներում,  Քրիստափորաց տներում,  երկու տարի թափառելուց հետո՝ 1899 թվին պարապվել սկսեցին նոր շենքում,  կառավարության արգելքը շարունակվում էր,  բայց զգույշ էին,  գյուղում մի պաշտոնյա երեւալուց  աշակերտները ցրվում էին, այդ տարիներին սովորողների թիվը հասել էր 60-ի, այդ պատճառով դասատուները երկու հոգի էին՝ տեր Սահակը եւ մեղրեցի  Նապալյոնը, կամ  Խարմանյան Գեւորգը։

   Մինչեւ 1897 թիվը Կարճեւանում գրագետ աղջիկ կամ կին չկար,  այդ թվականին  առաջին անգամ դպրոց ընդունվեցին  աղջիկներ, դրանք էին Փառանձեմ Հովակիմյան, Անուշ Դավթյան, Արշալույս Աղայան, Հերիքնազ Մելիք-Հովհաննեսյան։

   1898 թվին տեր Սահակը դիմում է Էջմիածին խնդրելով, որ եկեղեցուց եւ սրբատեղերից ստացվող եկամուտները, որը տարեկան մոտ 400 ռուբլի էր, հատկացնել նորակառույց դպրոցի կարիքները հոգալու համար, Էջմիածինը հարգում է տեր Սահակի խնդրանքը,  երկու տարվա ընթացքում կանոնավորում են շենքը, նոր նստարաններ սեղաններ շինում մինչեւ 1900 թվականը։

       1900 թվականը Կարճեւանի համար դառնում է մեծ բարեփոխումների տարի․ Հունվարի մեկին ընդհանուր ժողովը որոշում է հիմնել գյուղական ատյան, որի որոշումները պարտադիր էր բոլորի համար, ընտրվում է դպրոցի հոգաբարձություն, եկեղեցու եւ Մուծ խաչի գանձապետներ, որոնք ամեն տարի Հունվարի մեկին ըհդհանուր ժողովին հաշիվ էին տալիս․ պետական հարկը, որը մատ 1300 ռուբլի էր տարեկան,  մինչ այդ տանուտերը ինքն էր որոշում, թե ով ինչքան հարկ պիտի տա,  ատյանը ընտրում է հանձնաժողով, որը հարկադրում է բոլորին ըստ ունեցվացքի։

  Ժողովը խստիվ արգելում է գողությունը, հայհոյանքը, հարբեցողությունը եւ զանց առնողները ենթարկվում են դրամական տուգանքի, մինչեվ իսկ գյուղից հեռացնելու․  տարեկան մի անգամ բոլոր գյուղացիք պարտավոր էին դուրս գալ ճանապարհները բարեկարգելու համար։

   Բոլոր որոշումները գրված է հասարակական գրքում եւ բոլորը ստորագրում են, այնուհետեւ ամեն տարի նույն ձեւով հասարակական գործերը որշվում արձանագրվում են այդ գրքում մինչեւ 1914 թիվը եւ մեծ բարոյական ազդեցություն ունեցավ Կարճեւանի կյանքում։

        Ջրի   հարցը վաղուց տանջում էր Կարճեւանին, մանավանդ հողի բաժանումից հետո ջրի կարիքը ավելի զգացվեց, ամառը  Դուզում մի կաթիլ ջուր չկար, հնձվորները խմելու ջուրը գյուղից էին տանում, 1898 թվին որոշեցին քանքան փորել․  փորեցին Դյուզի քանքանը, որը մինչ այժմ էլ գոյություն ունի․ բայց դա ոչ մի  նշանակություն չունեցավ  ոռոգման համար,  այլ միայն խմելու եւ մոտիկ մանր հողամասերը ջրելու համար։

    1903 թվին բաքվաբնակ եւ թիֆլիսաբնակ կարճեվանցիները հիմնեցին «Հույս» ընկերությունը, որի նպատակն էր  Արաքսից նասոսով ջուր հանել Կարճեւանի Դուզի համար․  ընկերությունը բաժնետիրական էր, ամեն մի բաժինը հարյուր ռուբլի, ընկերությանը իրավունք ուներ մասնակցելու միայն Կարճեւանցին․ ըներությունը կազմվեց՝ բաժնեգրվեցին մոտ հարյուր հոգի, յուրաքանչյուր բաժնեգրվող մուծում էր 25 ռուբլի կանխավճար։

  Թվում էր թե գործը հաջողությամբ պիտի պսակվի, բայց առաջ են գալիս ոչխարատերերը, որովհետեւ ոչխարաբուծության գլխավոր բազան Դուզն էր, եթե  Դուզը ոռոգվեր եւ վարուցանքս լիներ ոչխարատերերը  ոչ մի հնար չունեին  այլեւս  ոչխար  պահելու․  ուստի նրանք սկսեցի հայտնի եւ անհայտ միջոցներով  քայքայել ընկերությունը, իրենց բարեկամների միջոցով ազդել ընկերության ղեկավարների վրա, որոնք վերջ ի վերջո հայտարարեցին, որ իբր թե կառավարությունը թույլ չի տալիս Արաքսից ջուր վերցնելու, իսկ հավաքված փողերը  իբր թե ծախսել են նախնական ծախսերի համար, այսպես թաղվեց դեռ չծնված «Հույս» ընկերությունը։

   1900թվին ընդամենը 25 տարի էր անցել Խաչատուր վարժապետի հիմնած դպրոցից հետո, բայց գյուղում արդեն լայն տարածվել էր գրագիտությունը, պանդխտության գնացողները այլեւս անգրագետ չէին, նրանք արդեն պատվավոր ծառայության էին մտնում առեւտրական հիմնարկներում․ Խաչատուրի անմիջական աշակերտներն են լինում հայտնի հարուստ Ասատուր Հարությունյանը,  Անդրյասյան Ստեփան, Մկրտիչ Մելիքյան, դեղագործ Ստեփան Տեր Վահանյանը, դերասան Մատթեոս Աղայանը, որը խաղում էր Աբելյանի եւ Սիրանույշի խմբերում․  նրանից հետո Հովակիմ Տեր-Վահանյանի աշակերտները՝  լուսավորիչ  Իսակ Մելիքյան, Աբել Աղայան  եւ այլն։

      Խաչատուրի եղբայր տեր Սահակի ուսուցչության օրոք գյուղում արդեն համատարած գրագետ էին, թե՝ աղջիկ, թե՝ տղա․ գյուղում կազմակերպվում է գյուղական ինտիլիգենցիա, նրա աշակերտներից է գրաղ Արշակ Ջանյանը, որը տեր Աբրահամի ընկեր Թաթոսի թոռն էր․ գյուղում սովորելուց հետո գնում է Բաքու ծառայելու, միաժամանակ ինքնակրթությամբ է զբաղվում, գրում է փոքրիկ վիպակներ՝  «Գզիր Սամուր» Կարճեվանի կյանքից, որով հարվածում է հարկահավաք գզիր Սամուրին,  «Խուկուրա-քար»՝ իր պապի պատմությունների մասին,  «Անհատականություն»՝ փիլիսոփայական գրքույկը եւ մի քանի մանր պատմվածքներ, որը լույս չտեսավ, նա մեռավ Աստրախանում 1918թ․, նա Բաքվից փախել էր կոտորածների ժամանակ։

  1900 թվին Կարճեւանից երկու բարձրագույն դպրոցում սովորող կային՝ Սիման Հարությունյան եւ Մկրտիչ Տեր-Վահանյան, երկուսն էլ սովորում էին Պետերբուրգի համալսարանի լեռնային ինժեներական ֆակուլտետում, սակայն երկուսն էլ անընդունակ դուրս եկան, Սիմոնը գնաց Անգլիա եվ անհետացավ, իսկ Մկրտիչը Թիֆլիսում հանկարծամահ եղավ։

  Այդ թվերին կային եւ քաղաքներում միջնակարգ դպրոցներում սովորողներ,  ես էլ   քեռուս՝  Մեսրոպ Դավթյանի խնամակալությամբ, 1900 թվից սովորում էի Երեւանի թեմական դպրոցում,  սովորեցի մինչեւ 1904 թիվը, այդ թվին փոխադրվելուվ 5-րդ դասարան, որ այժմ հավասար է  8-րդ դասարանի, վերադարձա գյուղ 1905թվի գարնան ու այլեւս չկարողացա ուսումս շարունակելու, որովհետեւ խնամակալիս գործերը անհաջող էին, իսկ ծնողներս աղքատ, մնացի գյուղում, աշնանը ինձ առաջարկեցին տեր Սահակի հետ դասավանդելու գյուղի դպրոցում։ 

   Ես դասավանդում էի ռուսաց լեզու, թվաբանություն եւ աշխարհագրություն, տեր Սահակը՝ կրոն, հայոց լեզու եւ գեղագրություն։

  Երեւանում սովորելիս ես երգում էի դրոցի քառաձայն խմբում, որը միաժամանակ երգում էր եկեղեցում, դրա համար էլ ես գիտեի թե պատարագի եւ շատ խմբական երգեր, առաջարկեցի տեր Սահակին, որ թույլ տա աշակերտներից երգեցիկ խումբ կազմելու եկեղեցում երգելու համար, նա կասկածեց, բայց թույլ տվեց եւ 1906թ․ հունվարի հինգին եւ վեցին Կարճեւանում, առաջին անգամ, եկեղեցում երգեց երգեցիկ խումբը, որը մեծ հաջողությամբ կատարվեց․  մի քանի ընկերների մասնակցությամբ սկսեցի պատրաստվել թատրոնի համար, որը շատ դժվարություններ ուներ, նախ, որ այդ ընկերները գյուղում մնացածներ էին, որոնք թատրոն չէին տեսել, երկրորդը՝ կին մասնակցող չկար, որովհետեւ չգիտեին, թե ինչ պիտի անեն․ որոշեցինք առաջին անգամ ներկայացնել փոքրիկ ոդեվիլ   « Խեչոյի թուզը», երկար փորձերից հետո 1906թվի թետրվարի 14-ին՝ Վարդանանց տոնին, ներկայացրինք համերգ ներկայացումը, որը մեծ հաճույք պատճառեց գյուղացիներին։  Այսպիսով փետրվարի 14ը  1906թ․  հիմնվեց Կարճեւանի թատրոնը եվ  այսպիսով առաջ անցավ Մեղրիից․  այնուհետեվ թատրոնը աստիճանաբար աճեց, կանայք էլ սկսեցին մասնակցել, ամեն ամիս գյուղացիների խնդրանքով ներկայացումներ էինք տալիս, հյուրեր էին գալիս Մեղրիից եւ մյուս գյուղերից,  «Ասլան բալասին» ներկայասնելուց հետո մեղրեցիք խնդրեցին այն  Մեղրիում էլ ներկայացնելու, բայց ընկերներս չհամաձայնվեցին։   

  1906-7 ուսումնական տարում նորից մնացի դասատու նույն կազմով։

  Թատրոնը եւ երգեցիկ խումբը շարունակում էր ներկայացումներ եւ համերգներ տալ, որոշեցի 1907թ․ հունվարի մեկին տոնածառ պատրաստել աշակերտների համար․  հունվարի մեկին արեւոտ օր էր, տոնածառը զարդարեցինք բացօդյա եկեղեցու հետեւի բակում․ ամբողջ գյուղի բնակիչները այստեղ էին, երգեր, պարեր արտասանություններից հետո  վիճակախաղ․ գյուղացիք մեծ հաճույք ստացան, ծերերը շնորհակալություն  հայտնեցին, ասում էին․  «չմեռանք այս էլ տեսանք»։

  Այդ օրերին հիմնեցինք գյուղի գրադարան ընթերցարանը, դիմեցինք պանդխտության մեջ գտնվողներին, որ օգնեն, ու ստանում էինք գրադարանի անունուվ 12 անուն թերթեր եւ ամսագրեր։

  Տարեվերջին ներկայացումներից եւ հանդեսներից մոտ 250 ռ․ փող էր կուտակված, այդ գումարով դպրոցի դահլիճի հատակը տախտակամածեցինք, շինել տվինք բեմը, որը մինչեւ այժմ էլ կա։  Նույն թվի աշնանը այլեւս չհամաձայնվեցի մնալ, որովհետեւ աշխատավարձս շատ քիչ էր  (200ռ․)  ու գնացի օտարություն։ 

Նվիրում եմ Կարճեւանի երիտասարդներին