ՍԿԻԶԲ

ԻՆՉՊԵՍ ՈՐ ԵՂԵԼ Է

ՆԱԽԱԲԱՆ

Գիշերային քարուքանդ ճանապարհը երկա՜ր- երկա՜ր էր։ Գուցե նաեւ այն պատճառով, որ Երեւանից Մեղրի անցա թվացյալ ամայության միջով` միայնակ ճեղքելով թանձր մթությունը։ Հայրենիքը շրջափակման մեջ էր։ Վառելիքի բացակայության պատճառով շարժվող մեքենաներ հազվագյուտ էին հանդիպում՝ անգամ ցերեկով։ Մթության մեջ բնակավայրերը աննկատ էին էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Նրանց գոյության մասին ավելի շուտ իմանում էի չխնամված ու կրակոցներից ծակծկված ճանապարհային նշաններից։ Դա, իհարկե, ո՛չ թե պատերազմի, այլ շատերի ինքնահաստատման հետեւանք էր։ Տուն հասա գիշերվա ժամը չորսին։  Հոգնած էի,  աչքերս փակվում էին։ Մերոնք, հակառակ մշտական հորդորներիս, չէին քնել, սպասում էին`ինչպես միշտ։ Առաջարկեցին սնվել՝ հրաժարվեցի։ Խնդրեցի, որ ինձ առավոտյան արթնացնեն  ժամը 8-ին։ Մայրս անվստահ հայացքով նայեց ինձ ու ասաց, որ նախորդ օրը ծագումով մեղրեցի սովետական շարքային մի գրող մի տասնյակ անգամ զանգահարել ու ցանկացել է ինձ հետ խոսել։ Իմանալով, որ Երեւանից վերադառնալու եմ, ասել է, որ առավոտյան  շուտ կզանգի։  

 -Բայց շա՜տ աներես մարդ է երեւում, որ մինչ այդ զանգի, ի՞նչ անեմ։ 

-Խնայիր որդուդ, – ասացի։

Առավոտյան ժամը  7-ին մայրս ձայն տվեց։ Դժվարությամբ արթնացա։

Աներեսը համառում է, ոչինչ չի  ուզում ընկալել, գուցե խոսես՝ պրծնենք սրանից, – ասաց նա։

Մորս խնայելու մղումով վերցրեցի հեռախոսը։

-Ես չգիտեի, որ դու էլ ես  այդ հերոսական դրվագներին մասնակցել, երեկ եմ իմացել, -ասաց։

-Հետո՞ –  արձագանքեցի ես։

-Լսել եմ, որ այդ թեմաներով նշումեր ունես արած։ Ես հիմա գիրք եմ գրում այդ մասին, ե՞րբ հանդիպենք՝ վերցնեմ քո նշումները, որ օգտագործեմ, – գործը արդեն գլուխ բերածի վստահությամբ հարցրեց նա։

-Չե՛մ տա,- չոր պատասխանեցի ես։

-Ինչպե՞ս թե չե՛ս տա, պահում ես, որ ի՞նչ անես,-  մերժվածի չարությամբ հարցրեց նա։ 

-Լսի՛ր ինձ ուշադիր։ Քո ասած ժամանակաշրջանը դեռ ընթացքի մեջ է, օբյեկտիվ չէ, ավելին՝ ամոթ է այդ մասին հիմա գիրք գրելը։ Իսկ նշումներ արել եմ, որ չմոռանամ։  Մի 25-30 տարի հետո, եթե ողջ լինեմ,  կարողանամ սառը դատողությամբ վերլուծել ու շարադրել  ամենը, ինչպես որ եղել է , որպեսզի  իմ երեխաներն ու նրանց սերնդակիցները իմանան  ճշմարտությունը։

-Վե՛րջ, այս թեման փակվա՛ծ է, – ասացի, դրեցի լսափողը ու քնեցի։ Նա  տպագրեց այդ գիրքը, որը ես չեմ տեսել ու, բնականաբար, չեմ կարդացել։

Բայց եկել է  ժամանակը իմ մասով ու չափով հաշվետու լինելու զավակներիս ու այլեւս պատասխանատվություն ստանձնած նրանց սերնդակիցներին։ Միայն թե` ամենը շիտակ ու օբյեկտիվ։

Ս Կ Ի Զ Բ

Հանգամանքների բերումով զբոսաշրջիկի կարգավիճակով 1987 թ․-ի դեկտեմբերի վերջին մեկնել էի  Բուլղարիա։ Խումբը գլխավորում էր ընկերս՝ Վաղոն։  Մեծ հաշվով, մեզանից բացի, խմբի հետաքրքրության շրջանակը խիստ նեղ էր՝ միայն առեւտուր։   Նրանք իրենց ազատ ժամանակը վատնում էին հետները քարշ տված ծանր ճամպրուկների պարունակությունը իրացնելու վրա։

Երկուսով բուլղարահայերի  հետ շփվելու որոնումների մեջ էինք։  Առաջին շփումները հիասթափեցնող էին,  հոգեհարազատության նշույլ անգամ չկար կամ կեղծ էր։  Մի օր խմբավարը, որը տեղյակ էր  մեր որոնումներից, ասաց, որ ինքը ունի մի պատկառելի հայ հարեւան, որին տեղեկացրել է մեր մասին, եւ վերջինս պատրաստակամություն է հայտնել  երեկոյան մեզ ընդունել  իր տանը…

Հաճելի եւ իմաստալից հանդիպում էր։ Տանտերը, որ 55-60 տարեկան լրջախոհ, գրագետ ու մտահոգ  տղամարդ  էր, մեզ անակնկալ մատուցեց`ասելով, թե շուտով Ղարաբաղը կմիանա Հայաստանին, որ այդպես է խոստացել Միխայիլ Գորբաչովը։  Տեղեկության լրջությունը գնահատելու նպատակով հնչեցված բոլոր հարցերը շրջանցեց խորհրդավոր լռությամբ։ Միայն ասաց, որ լուրը հստակ է, եւ որ խնդիրը կլուծվի երկու ամսվա ընթացքում։  Մենք այս մասին առաջին անգամ էինք լսում…

…1988 թ.-ի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի խորհրդի  նստաշրջանը ԽՍՀՄ Սահմանադրությանը համապատասխան որոշում ընդունեց.  մարզխորհուրդը դիմեց ադրբեջանական ԽՍՀ, հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ գերագույն խորհուրդներին՝ մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու առաջարկությամբ։ Հենց այդ օրը դարձավ երեւանյան բազմահազարանոց հանրահավաքների մեկնարկի  սկիզբը։

Ադրբեջանը սրան պատասխանեց 1988 թ․-ի փետրվարի 27-29-ի Սումգայիթի հայ ազգաբնակչության ջարդերով ու տեղահանությամբ։  

Երեւանն ալեկոծվում էր, ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ սկսված էր…

Այն տարածվեց Հայաստանով մեկ՝ բնականաբար հասնելով նաեւ հեռավոր Մեղրի։ Արկածախնդրության պակաս չէր զգացվում, կոմունիստական իշխանության պատասխանատուները չգիտեին՝ ինչ անել, կարկամել էին։ Հիշում եմ`շրջկենտրոնի վարչական շենքի դիմաց՝ վիթխարի սոսիների տակ, Մեղրիի համար արտառոց բազմություն էր հավաքվել։ Հստակ օրակարգ չկար։ Հանկարծ մեկը մոտեցավ ազատ բարձրախոսին եւ  դեմքի մտահոգ արտահայտությամբ բացականչեց.  «Ժողովու՜րդ,  առաջարկում եմ բոլորով պպզել (կքանստել)»։  Ու բոլորը կքանստեցին…  

Ժողովուրդը ճանապարհ ուներ գնալու։ Ժողովուրդը  ճանապարհ էր ընկել։ Ժողովուրդը արկածախնդրությունից զերծ, խիզախ ու գրագետ առաջնորդների կարիք ուներ։ 

Հրապարակում հավաքված, ցասումով լի ու ընդհանուր հայտարար ունեցող բազմահազար մարդիկ, որ այլեւս վերածվել էին ազատատենչ ժողովրդի,  խայտաբղետ առաջնորդացու  թեւերից նախապատվությունը տվեցին 11 հոգուց բաղկացած այն խմբին, որը տվյալ՝ խիստ փակուղային իրավիճակում,  Ղարաբաղի համար պայքարը շարունակելու հնարավորությունը տեսնում էր  ժողովրդավարական խնդիրների համար պայքարի համատեքստում։ Համեմատելու համար ընդգծենք, որ «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր Իգոր Մուրադյանը այդ նույն  իրավիճակում, իբրեւ լուծում,  ժողովրդին կոչ արեց  բենզինով լցված շշերով ու երկաթյա ձողերով հարձակվել Նախիջեւանի վրա։

Մայիսին ըմբոստացած շիտակ մարդկային բազմությունից ծնվեց «Ղարաբաղ» կոմիտեն,  որը  գլխավորեց հայ ժողովրդի պայքարը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելու համար թափ առնող Ղարաբաղյան շարժումը։ 

ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՈՒՆ ԵՎ ԶԵՆՔ ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ

Սումգայիթի ոճրագործությունից հետո հեռանկարը մշուշոտ էր։ Իրավիճակից թելադրված՝ Ղարաբաղ կոմիտեն կոչ արեց զինվել եւ նախապատրաստվել ինքնապաշտպանության։ Կարճեւանի ինքնապաշտպանության կազմակերպիչը ես էի։ Այն ժամանակ 28 տարեկան էի ու գյուղի սովխոզի դիրեկտորը։ Հարթափող որսորդական հրացաններ, ինքնաշեն նռնակներ, բնակավայրի շուրջ գիշերային հերթապահություն։ Չգիտես ինչու հարձակում էինք սպասում հենց սարի կողմից ու հատկապես գիշերով։ Մեկ օրվա մեջ Ղեւոնդ Հովհաննիսյանի հետ գնացել ենք Երեւան ու հետ վերադարձել։ Ճանապարհը՝ 1500 մետրից բարձր, գրեթե անթափանց խիտ մառախուղով էր պատված, բայց նպատակը տանում էր։  Ավտոմատ էին խոստացել, սուտ դուրս եկավ՝ խաբեցին։ Գոնե կարողացանք Գրողների միությունից եւ Աբովյանից զինվորական շինելներ ու բավականաչափ որսորդական զինամթերք ձեռք բերել։ Գյուղի զենք ունեցող տղաների պարկուճները լցվեցին։

Շտաբն իմ աշխատասենյակն էր։ Երեկոյան երիտասարդներով հավաքվում էինք այնտեղ ու մնում մինչեւ կեսգիշեր։ Երկու-երեք հոգի մեր տնից ստանում էին զենքերն ու շինելները ու գնում գիշերային հերթափոխի։ Լսողությունները լարած՝ գիշերն անց էին կացնում գյուղից բարձր գտնվող հեռուստաաշտարակի մատույցներում՝ հերթով հանգստանալով ու տաքանալով աշտարակի հերթապահի սենյակում։ Երկու հոգի մնում էին շտաբում, ուր տեղադրված էր տագնապ ազդարարող սարքի կոճակը։

Ագարակում ու Մեղրիում  մի քանի խմբեր կային, որոնք իրենց բնակության վայրերում  նույնն էին անում, ինչ որ մենք, եւ միաժամանակ միմյանց հետ գլխավորը դառնալու մրցակցության մեջ էին։ Քանի որ, այնուամենայնիվ, խորհրդային կարգեր էին, իսկ նույնիսկ  վատ զինված խմբի գոյությունն օրենքից դուրս էր, ուստի բնական էր,  որ այդ խմբերի գոյությունը քողարկված խրախուսվում էր շրջանի կոմունիստական վերնախավի կողմից։  Իսկ առանձին պաշտոնյաներ հովանավորում էին առանձին  խմբերի։

Զենքի ու զինամթերքի որոնումները համատարած էին ու դարձել էին կյանքի առաջնահերթություն։ Պապիս եղբայրը՝ ակադեմիկոս Արտաշես Մաթեւոսյանը, իրավիճակի թելադրանքով մի գաղտնիք բացեց, որը, սակայն, իր ասելով՝ որոշել էր գերեզման տանել։ Նկարագրեց ժայռածերպերում պահված պապիս պատկանած մարտական զենքի տեղը։ Երկու օրվա որոնումների արդյունքում գտա այն՝ հրաշալի պահպանված։ Ամեն մի գտած զենք ոգի էր կազդուրում եւ ուրվագծվող պատերազմի հաղթական ավարտ ներշնչում։

Մեղրիում էր գտնվում «Սասուն» անունով զինված մի ջոկատ՝ օգնության էր եկել։ Ջոկատի հրամանատարը Աֆօն էր (Ալֆրեդ Ներսիսյան)։ Մի օր դատախազն ինձ հանդիպեց ու ասաց, որ ինչ-որ մարդիկ ուզում են Իրանից զենք բերել, բայց չգիտեն՝ սահմանով ինչպես անցկացնել։ Հաշվի առնելով, որ ես աշխատանքի բերումով երկաթե վարագույր սահմանը հատելու ու Արաքսին մոտենալու իրավունք ունեի, հարցնում էր, թե արդյոք կարո՞ղ եմ  կազմակերպել։ 

-Չգիտեմ, – ասացի, – նրանց հանդիպելուց հետո կարող եմ ասել։

Հանդիպեցինք։ Աֆոն ու բուլղարահայ գրող Սեւադա Սեւանն էին։ Իմ մեքենայով տարա ու ցույց տվեցի սահմանի այն հատվածը, որով հնարավոր էր անցկացնել։ Պայմանավորվեցինք, որ ես նրանց քարտեզ եմ ուղարկում՝ այդ հատվածի նշագծումով, եւ այդ հատվածի լուսանկարը՝ զենքերի դնելու տեղի նշումով։ Ես հանձն առա զենքերը նշագծված կետ հասցնելու դեպքում նրանց դուրսբերումը երկշերտ երկաթե վարագույրից, իսկ նրանք իմ հորդորով խոստացան բոլորին ասել, որ ես անհնարին համարեցի այդ նախագծի իրագործումը։ Ես իմ խոստումը կատարեցի, տարածքի լուսանկարիչը Արմեն Ավետիսյանն էր՝ հետագայում տեւական ժամանակ մեր գյուղի գյուղապետը։ Սեւադան մեկ անգամ էլ եկավ Մեղրի՝ հավաստիանալու համար, որ սահմանի անցկացումը երաշխավորված է։ Ես իմ մեքենայով նրան Երեւան տարա։ Հետագայում նա Բուլղարիայում Հայաստանի դեսպանը դարձավ եւ մի պատահական հանդիպման ժամանակ ասաց. «Ես համոզված էի, որ այդ գործը գլուխ չի գալու, որովհետեւ դաշնակները հայրենիքը ընդամենը խոսքով են սիրում։ Եթե մենք չերաշխավորեինք սահմանով անցկացնելը, ապա ձախողման պատճառը դա էր համարվելու»։ 

ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղարաբաղյան շարժման սկզբին Մեղրիում ադրբեջանաբնակ էին Նյուվադի, Ալդարա, Վարդանիձոր, Մարալզամի գյուղերն ամբողջությամբ, Լեհվազ գյուղը`մասնակի(գյուղով անցնող գետակի աջակողմյան հատվածը)։ Ադրբեջանցիներ էին ապրում նաեւ «Կարճեւան» (Ագարակ) կայարանի մերձակայքում՝կայարանից դեպի Մեղրի երկաթգծի ու ավտոճանապարհի միջակայքում՝ փայտաշեն խրճիթներում, որը բնակավայր չէր համարվում եւ անուն չուներ։ Շվանիձորի եւ Ալդարայի կայարաններում էլ էին ապրում մի քանի ընտանիքներ։ Կայարաններում նրանց ներկայությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Մեղրիով անցնող երկաթուղին ենթակա էր ոչ թե Հայաստանի երկաթուղու վարչությանը, այլ Ադրբեջանի։  Ընդհանուր հաշվով շրջանի ազգաբնակչության շուրջ 25% -ն ադրբեջանցիներ էին։ Շրջանի գրեթե բոլոր տնտեսությունների կթվոր-անասնապահները եւս ժամանակավոր բնակվող ադրբեջանցիներ էին՝ մեծամասամբ Լաչինից, որովհետեւ հայերը այդ աշխատանքից ուղղակի հրաժարվում էին։

Սումգայիթի ջարդերն առիթ հանդիսացան պատասխան գործողությունների։ Սկսվեցին  ադրբեջանցիների տեղահանությունները նաեւ Մեղրիում։ Առաջին թիրախը «Կարճեւան»  կայարանի հարեւանությամբ՝ ինքնաշեն, փայտաշեն, ապօրինի շինություններ հանդիսացող տնակներում բնակվող ադրբեջանցիներն էին, որոնց ներկայությունն, ըստ էության, ապօրինի էր։ Նրանք, առանց բացառության, հաշվառված էին Ադրբեջանում, իսկ Սովետում հաշվառումը համարվում էր «օրինականության» սուրբ-սրբոցը՝ ազատ տեղաշարժի սահմանափակման գլխավոր լծակը։ Տվյալ բնակավայրում հայտնված, սակայն հաշվառում չունեցող անձն ընկալվում էր որպես կասկածելի՝ համարյա հանցագործ։ Ահա եւ այս հանգամանքից ելնելով էլ տեղի դեռ սովետական իշխանությունները, համազգային պահանջի ազդեցությամբ գնահատելով այդ տարածքի «հակասանիտարական ու  համաճարակածին» բնույթը, ինքնապաշտպանական խմբերի ուղեկցությամբ առաջարկեցին ապօրինի բնակիչներին առաջադրված ժամանակահատվածում ազատել տարածքը,  վերադառնալ հիմնական  բնակության վայրեր եւ  հնարավորություն տալ իրականացնելու սանիտարական միջոցառումներ։ Բնակիչները թեեւ հավաքել էին իրերը, սակայն համառում էին ու չէին հեռանում։ Ակտիվիստներից մեկը գտավ ելքը՝ վառեց եզրի անբնակ ու խարխուլ խրճիթներց մեկը, որով եւ ազդարարվեց նրանց մեկնելու անխուսափելիությունը։  Բնակիչները մեկից լցվեցին գնացքը եւ ընթացքից տեսան, թե ինչպես քամին ակտիվորեն տարածեց կրակը, եւ հաշված րոպեների ընթացքում փայտաշեն բնակատեղին վերածվեց մոխրակույտի։ Սանիտարական խնդիրը լուծված էր…

Մյուս գյուղերի համար, բնականաբար, սանիտարական այս մաքրումը ահազանգ էր։ 

Նրանք գիտակցում էին, որ վաղ թե ուշ պետք է հեռանան, եւ հավանաբար որքան շուտ,  այնքան անվտանգ։ Շրջանի իշխանությունները, որ իրենց վարքագծով փորձում էին դուր գալ նաեւ հրապարակում ծնունդ առնող ապագա իշխանությանը, շատ հմուտ գործեցին։  Խմբերի միջոցով անընդհատ խտացնում էին օդում կախված սպառնալիքը, սակայն իրենց պատասխանատվության տարածքում բռնություն թույլ չէին տալիս։ 1988 թ.-ի նոյեմբեր-դեկտեմբերին Մարալզամի, Վարդանիձոր, Լեհվազ եւ Ալդարա գյուղերի ադրբեջանցի բնակիչներն ունեցվածքով հանդերձ հեռացել էին։ Հետագայում  նրանց հնարավորություն տրվեց ետ գալու եւ ավարտին հասցնելու իրենց անշարժ գույքի փոխանակման կամ վաճառքի գործառույթը։ Ողջ Հայաստանում մնաց միայն Նյուվադին՝ ամենամեծ ու սահմանամերձ ադրբեջանաբնակ գյուղը, որին իր պաշտպանության տակ առավ սովետական կենտրոնական իշխանությունը։

ՀԳ. Վերջնականապես Ռուսաստանի տիրապետության տակ անցնելու շրջանում՝ 1828 թ․-ին, արեւելյան Հայաստանի տարածքում բնակչության թիվը 120 հազար էր, որից հայերը 40 հազար էին։ Հետագայում պետականորեն կազմակերպված հայերի ներգաղթի շնորհիվ (միայն Իրանից ներգաղթեց 30 000 հայ) 1890 թ․-ին հայերը հազիվ հատեցին մեծամասնություն կազմելու սահմանագիծը։

Մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը՝ 20-րդ դարի սկիզբը, հայերն ու ադրբեջանցիներն իրականացրել են փոխադարձ էթնիկ զտումներ, իսկ Առաջին hանրապետության շրջանում այն բուռն թափ է ստացել։ Որոշակի նկատառումներից ելնելով` սովետական իշխանությունների կողմից 1948-53 թթ․-ին Հայաստանից տեղահանվել եւ հիմնականում Քուռ-Արաքսյան իջվածք են տեղափոխվել շուրջ 100 հազար ադրբեջանցի։ 

Անկախացած Հայաստանը փաստացի ծնվեց որպես ազգային պետություն շնորհիվ վերոշարադրյալ իրողությունների, որոնցից, սակայն, ամենաէականն ու վերջնականը խորհրդային իշխանության հոգեվարքի շրջանում հայ-ադրբեջանական փոխադարձ զտումներն էին։ 

ԿԱԽԱՂԱՆ

Տեղաբնակ ադրբեջանցիների տեղահանությունը դարձել էր մրցակցային միջավայր Մեղրիի եւ Ագարակի ինքնապաշտպանական ջոկատների եւ անհատների ինքնահաստատման համար։ 

Ինքնահաստատման  մյուս միջավայրը զենքի հայթայթումն էր։ Խմբերից մեկը, ոչ առանց  ներսի օժանդակության, ոստիկանության բաժնից հաջողացրել էր դպրոցների ռազմագիտական ուսուցողական ավտոմատները վարպետ խառատների օժանդակությամբ վերականգնել ու դարձնել մարտական։ Այս ամենն, իհարկե, գաղտնի էր պահվել։ Մյուս խումբը տեղեկություն էր ստացել, թե իբրեւ հիշյալ ավտոմատները ոստիկանությունը վաճառել է։ Անձնական հետաքննությամբ պարզել էին, որ այն իբրեւ «վաճառել է» ծագումով ղարաբաղցի կապիտան Վիգեն Ներսիսյանը, ու նրան հռչակել էին «ազգի դավաճան»։  Չբավարարվելով այսքանով` իրենց վերապահել էին դատական իշխանության լիազորություններ, վճիռ էին կայացրել եւ որոշել էին այն ի կատար ածել։

Քաղաքի կենտրոնի  մեծ չինարի ծառի ճյուղից պարան էին գցել, մի ծայրը օղակել Վիգենի վզին, մյուսը կապել  մեքենայի ետնամասից։ Ոստիկանության աշխատողի հրապարակային կախաղանի տեսարան էին  ցուցադրել, իսկ ոստիկանությունը ի զորու չէր կանխել այդ խայտառակությունը։ Միայն ավտոմատները տարած խմբի տղաների թաքուն խոստովանության արդյունքում «դահիճները»  հետ կանգնեցին ավտոմատների  անհետացման հետ որեւէ առնչություն չունեցող Վիգենին կախելու մտադրությունից։

Զենքը՝ զենք, բայց զենքը պետք է նաեւ կրակեր, որ ինքնահաստատումն ամբողջանար…

Այդ առումով հիշատակման արժանի է երկու դեպք։

ՓԻՐ

Փիր՝ պարսկերեն նշանակում է սրբատեղ։ Լեհվազ գյուղի վարչական տարածքում` «Բուղաքար» կոչվող վայրում, դեպի Նախիջեւան սահմանային լեռնազանգվածի ստորոտում, գեղատեսիլ մի բացատում էր գտնվում այդ սրբավայրը։

Փիրը, ըստ երեւույթին, հարգանք վայելող, ճգնավոր, կուսակրոն  հոգեւորականի գերեզմանի վրա կառուցված շինություն էր, գուցե եւ դամբարան։ Թե ո՞վ եւ երբվանի՞ց է այդտեղ թաղված, չեմ կարող ասել։ Ինչեւէ, այդ  կառույցը տարածաշրջանի հավատացյալ ադրբեջանցիների հռչակավոր սրբատեղին էր։ Նախիջեւանի կողմից  այնտեղ գալիս էին ոտքով, լեռնային դժվարանցանելի կածաններով` հաղթահարելով մոտ 3000 մետր բարձրությամբ լեռնանցքն` անցնելով մի 25-30 կմ ճանապարհ։ Գալիս էին ոտաբոբիկ, համենայն դեպս՝ այդպես էին տեղ հասնում։ Գիշերակացի համար պայմաններ էին ստեղծել, ուր եւ գիշերում էին ու վերադառնում հաջորդ օրը։

Աշնանը, հավանաբար իմամ Հուսեինի հիշատակի օրը, որ  հայտնի է իբրեւ  «Շահսեյ-վախսեյ», մոտ 1000 հավատացյալ էր լինում Փիրում։ Մի մասը ոտքով էր գալիս, մի մասը՝ գնացքով ու մեքենաներով։  Այդ թեման մշտապես քննարկման առարկա էր շրջանի կուսակցական վերնախավի համար։ Իբրեւ աթեիստներ՝ հավատարիմ կուսակցության որդեգրած կուրսին, ուխտագնացությունը արգելող  որոշումներ էին կայացնում, ոստիկանական շուրջօրյա հսկողությամբ արգելափակոցներ էին տեղակայում, կուտակումներ էին առաջանում։ Հետո իսլամական պաշտամունքի սպասավոր մոլլան անձամբ հանդիպում ու առանձնազրույց էր ունենում կուսակցության շրջկոմի քարտուղարի հետ ու…, ու բոլոր ուխտավորները հասնում էին Փիր։  

Ահա եւ այդ խառնիշփոթ իրավիճակում ինքնահաստատվելու ու հայրենասեր դառնալու ավելի հարմար թիրախ, քան Փիրն էր, դժվար էր գտնել։ Խմբերից մեկը պայթեցրեց Փիրը ու փառավորվեց։ Իհարկե, շրջանի ղեկավարության գիտությամբ։ Պատրույգը վառել էր Ստրաֆիլաց Սերյանը (Սերյանը խառնածին էր` հայրը ադրբեջանցի էր, մայրը՝ հայ), կամավոր, իր ցանկությամբ։ 

Լիարժեք հայ դառնալու բարդույթը հաղթահարելու ցուցադրություն…

Բայց իսլամ դավանողները  այս դեպքը չպիտի համարեն խտրականություն։ Եթե Փիրը ոչնչացվեց կոմունիստական իշխանության մայրամուտին, ապա Կարճեւանի վարչական տարածքում գտնվող «Մեծ խաչ» կամ՝ «Նուխուդի Սուրբ Հովհաննես» հռչակավոր սրբատեղը հիմնահատակ քանդեցին կոմունիստական իշխանության արշալույսին՝ Կարճեւանի հիմնադիր կոլխոզի նախագահ Ջավադ Կեւիի (Եգոր Գլումովի հոր պապը՝ Գեւորգի) գլխավորությամբ։ Կոմունիստ ակտիվիստները այն քանդեցին` շինափայտը կոլխոզի կարիքների համար օգտագործելու հիմնավորմամբ։

ԴԻՎԵՐՍԻԱ

Փիրի պայթեցումից հետո մեկ այլ խումբ որոշեց կատարել ավելի ծանրակշիռ, բայց թույլատրելի  մի գործողություն։ Շրջանի տարածքում հարմար նախագիծ չգտնելով` շրջկոմի քարտուղարի թույլտվությամբ ընդլայնեցին աշխարհագրությունը։ Զինված խումբը անցավ Կապանի շրջան, Կարմրաքարից էլ անցավ եւ դարանակալեց անտառում՝ Չայ-զամի կոչվող վայրում գտնվող ադրբեջանցիների կովերի ֆերմայի ճանապարհի մատույցներում։ Սառնասրտորեն գնդակոծեցին ֆերմայի ուղղությամբ գնացող մեքենան, որի մեջ կթվորուհիներ ու անասնապահներ էին։ Վերադարձին, Կապան չհասած, մտան մի ճաշարան՝ սնվելու։ Բնականաբար այս ամենն աննկատ չէր մնացել, եւ Կապանում աղմուկ էր բարձրացել։ Ճաշարան հասան նաեւ Կապանի ինքնապաշտպանական խմբի տղաները, որոնք մեղրեցիներին մեղադրեցին իրենց պատասխանատվության տարածքում գործողություն կատարելու համար։ Լուրջ ընդհարում եղավ, ձեռնամարտի բռնվեցին, կապանցիների ջոկատի ղեկավարի գլուխը պատռվեց, արյուն հոսեց, բայց բանը զենքի գործադրման չհասավ, հարգեցին միմյանց՝ հայ լինելու փաստը։ 

ԵՐԿԱԹՈՒՂԻ

Արաքսի ամբողջ երկայնքով  ձգվում էր  երկաթուղին՝ Երեւանից–Բաքու, այնտեղից  Ռուսաստան-Եվրոպա… , Ջուլֆայով Իրան, Երեւանից Թիֆլիս-Ռուսաստան, Գյումրիով Կարս։ Երկաթուղու` Մեղրիով անցնող ճյուղը փոքր թեքության հաշվին ապահովում էր մեծ բեռնաշրջանառություն, շարժակազմի վագոնների թիվը հասնում էր մինչեւ 75 վագոնի, յուրաքանչյուր վագոնի բեռնատարողությունը` 50 տոննա։ Միջին հաշվով Երեւանի ուղղությամբ օրական անցնում էր 20-23 շարժակազմ։ Երկաթուղին կառուցվել էր ցարական կարգերի ժամանակաշրջանում, սակայն Ջուլֆա–Մինջեւան հատվածը բոլշեւիկյան հեղափոխության հետեւանքով մնացել էր անավարտ։ Այդ հատվածը շահագործման է հանձնվել երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1943 թվականին, եւ հանդիսացել է ՍՍՀՄ-ին Իրանի տարածքով տրված ամերիկյան օգնությունը փոխադրելու հիմնական ճանապարհներից մեկը։  

Այսպես մանրամասնեցի, քանի որ հիմա այդ երկաթուղին Մեղրիում եւ ազատագրված տարածքներում գոյություն չունի։ Հորադիզ–Մինջեւան հատվածը քանդվել է 95-96 թվականներին՝ Ղարաբաղի իշխանությունների նախաձեռնությամբ, իսկ Մեղրին Մինջեւանով Կապանին միացնող հատվածը՝ 2003 թ․-ին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահական ցուցումով (տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյան)։

Ղարաբաղյան շարժման շրջանում վերոհիշյալ խմբերի ներկայացուցիչները հատկապես Ագարակում ձեւավորված շարժման հարթակից շատ հաճախ հրապարակային հայտարարում էին, որ իրենք գնալու են պայթեցնեն երկաթուղու թունելը։ Այսպես լինում էր հատկապես, երբ Ադրբեջանից հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հերթական լուրն էր տեղ հասնում։ Այս մարդիկ եւ նրանց նման ցուցում տվողները  ենթագիտակցաբար երկաթուղին համարում էին Ադրբեջանինը։ Նրանց վրա սթափ մարդիկ կարողանում էին ազդեցություն գործել, եւ վերջիններս բավարարվում էին՝ գիծը փակելով, ասենք՝ մի մեքենա հող լցնելով։ Այնուամենայնիվ, պայթեցման մի փորձ եղավ։ Երիտասարդ մեկը երկաթուղու ջրթող կամրջակի հեծանների տակ ժամային մեխանիզմով պայթուցիկ սարք էր տեղադրել։ Պայթյունի նախատեսված ժամից տեւական ժամանակ էր անցել,  երիտասարդը վերադարձել էր, որպեսզի վերացնի հնարավոր անսարքությունը, ու տեղ էր հասել պայթյունի պահին։ Տեղում մահացել էր։ Կամրջակը առանձնապես չէր վնասվել, բայց ապահովության համար հեծանները շատ արագ փոխեցին։ 

Երկաթուղու նկատմամբ յուրաքանչյուր ոտնձգությունից անմիջապես հետո Մեղրիում էր հայտնվում ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը։ Նրա շարունակական այցելությունների արդյունքը հավանաբար չբավարարեց կենտրոնին, եւ երկաթուղու Մեղրու հատվածի հսկողությունը ռազմականացվեց Երեւանի մայրաքաղաքային գնդի միջոցով։ Բոլոր կայարանները, կիսակայարանները, թունելները, ջրթող կամրջակները, հենապատերը, բետոնե կիսաբաց սրահները մշտական զինված հսկողության տակ էին։ Ամբողջ երկաթուղին տեսադաշտում պահելու անհրաժեշտությունից ելնելով՝ մի կրակոց հեռավորությամբ տեղակայվում էին միջանկյալ պահակետեր։ Այս ամենը ուժեղացված էր չորս զրահամեքենաներով։ 

«Ղարաբաղ կոմիտեի» 11 անդամների կալանավորումից հետ (1988թ. դեկտեմբեր) Մեղրիում հայտնվեցին մոսկովյան քննիչներ, եւ ոստիկանության բաժնում նստած սկսեցին քննել տարբեր մարդկանց, հատկապես երկաթուղուն առնչվող հարցերով։ Նրանք որեւէ հաջողություն չունեցան եւ դեռ ավելին՝ հայտնվեցին հուսահատ վիճակում։ Ղեւոնդ Հովհաննիսյանը, որ հաճախ էր կիսվում ինձ հետ, հերթական անգամ քննության կանչվելուց հետո պատմել է հետեւյալը. Զգալով, որ քնիչները հուսահատված են՝ ի պատասխան ռուսերեն հնչած հարցի, հայերենով աղմուկ է բարձրացնում ասելով. «Էդ ում ես հայհոյում, ում մորն ես հայհոյում, ես քո մերը…» ու քննիչի վրա է նետում մոխրամանը։ Միջադեպին ներկա հայ ոստիկանները պատմում էին, որ Ղեւոնդի հեռանալուց հետո, նրա աղմուկի թարգմանությունը լսած ռուս քննիչները արդարանում էին՝ երդվելով, որ իրենք չեն հայհոյել։ Մի կարճ ժամանակ անց քննություն կատարողները Մեղրիից ընդմիշտ հեռացան։  Քաղաքական որոշումը կայացված էր, շարժման ղեկավար կազմը ազատ արձակվեց։

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՂՈՑՈՒՄ

Կոմունիստական իշխանությունը հոգեւարքի մեջ էր։ Ներկուսակցական ինտրիգները տեսանելի էին ամենուր։ Կոմկուսի շրջկոմի պլենումի նախօրեին շարքային մեկը բարձրացավ Ագարակ քաղաքում գործող շարժման հարթակ, եւ հայտարարեց. «Ես առաջարկում եմ, որ մեր ռայկոմի քարտուղարը լինի ներկայիս երկրորդ քարտուղրը՝ մեր հայրենակիցը»։  Հրապարակի ներկաները ծափահարություններով շնորհավորում են այդտեղ ներկա, շփոթված, երկարահասակ երկրորդ քարտուղարին։ Նույն պահին, կարծես գետնի տակից, ծլում է շրջկոմի գործող կարճահասակ քարտուղարը…

Շրջկոմի պլենումի ընթացքում, փակ գաղտնի քվեարկությամբ որոշվում էր բյուրոյի կազմը, ապա նրանցից՝ շրջկոմի քարտուղարները։ Բյուրոյի անդամության թեկնածու, տեղացի, երկարահասակ երկրորդ քարտուղարը անհրաժեշտ ձայներ չհավաքեց եւ անգամ բյուրոյի անդամ չդարձավ։

Երկաթուղու անվտանգությունը ապահովող կառույցի գլխամասը գտնվում էր Ադրբեջանում, մինչդեռ այն ստորաբաժանումներ ուներ Մեղրիում, որոնց տեղացիները անվանում էին գառնիզոն։ Այդ գառնիզոններում էին պահպանվում երկաթուղու անվտանգությունը կազմակերպելու համար նախատեսված զենքերը։ Ազգամիջյան բախումների հավանականությամբ պայմանավորված՝ Մոսկվայից հանձնարարել էին, որ գառնիզոններում պահվող զենքերը ոստիկանության միջոցով հավաքեն, եւ ուղարկեն կենտրոն։ Մեղրիի ոստիկանությունն էլ՝ կատարել էր հրամանը, գառնիզոնի ողջ զինանոցը՝ շուրջ 70 միավոր զենք, վերցրել ու 1990թ-ի հուլիսին ուղարկել էին Երեւան։ Դրանք բարոյապես մաշված, հին մոդելի զենքեր էին, հիմնականում՝ ՊՊՇ ավտոմատներ եւ նագան ատրճանակներ։ Այս փաստը հայտնի էր դարձել այլեւս «վաստակ» ունեցող խմբերից մեկին։ Սրանք գնացել ու ներխուժել էին ոստիկանության բաժին, մի թղթե պարկ ցեմենտ դրել հերթապահ մասում, ասել որ ամունիտ է, միացրել էլեկտրական պայթուցիչը, լարերը ձգել շենքից դուրս՝ մեքենայի մարտկոցի մոտ, եւ պահանջում էին վերադարձնել ու իրենց հանձնել գառնիզոնից տարված զենքերն ու բաժնի պետին հայրենիքի դավաճանության համար դատապարտել գնդակահարության։ 1990թ-ի օգոստոսն էր, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը արդեն ընտրվել էր Գերագույն խորհրդի նախագահ։ Տեր-Պետրոսյանը հեռախոսով անձամբ միցավ հերթապահ մաս, խոսեց ջոկատի համաղեկավարի հետ։ Վերջինս գլխիկոր ու կարմրատակած լսեց ու ասաց, որ հասկացավ, բայց խնդրեց, որ նախագահը նույն բաները ասի մյուս ղեկավարին ու լսափողը փոխանցեց նրան։ «Լսում եմ քեզ ինկեր Պետրոսյան» բառացի արձագանքեց վերջինս ու լուռ լսեց։ Հետո հավաքվեցին ու գնացին։

Հաջորդ օրը մեկ այլ ջոկատի հրամանատար հայտարարեց, թե ոստիկանությունը գրաված ջոկատի գործողությունները հրահրված են եղել ԿԳԲ-ից եւ իր ջոկատով ներխուժեց ԿԳԲ-ի բաժանմունք։ Նրանք էլ հակադարձեցին, որ ԿԳԲ ներխուժելու գործողությունը հրահրել է ոստիկանությունը…      

ՓՐԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Պատմությունից հայտնի է, որ Դավիթ Բեկի ժամանակաշրջանում Մեղրին արեւմուտքից պաշտպանող բանակը տեղակայված էր Կարճեւանի սարում։ Արաքսի ափով Մեղրին Նախիջեւանին կապող ճանապարհը՝ Արաքս գետի կատաղի վարարումով պայմանավորված, ընդհատումներով էր գործում։ Այդ պայմաններում՝ստրատեգիական նշանակություն ուներ սարով անցնող Կարճեւան-Քյոթամ արահետ-ճանապարհը։ Այն անցնում էր հետեւյալ տեղանուններով. Կարճեւան, Նեքի-գադիգ  (ներքեւի բարձունք), Վոյի-գադիգ  (վերին բարձունք), Ընգզի տակը (ընկուզենու տակ), Բանդարը (դժվարանցանելի), Պաղաճը քարը  (կարկանդակի քար), Գիրգիթե, Բերակ ջուրը(բարակ ջուր), Թաք մախին(միայնակ գիհի), Նեքի գետը ղրաղը(ստորին գետափ), Վռնանի արխաջ(հետույքով ընկնելու վայրի փարախ), Գիրիզմոտը(գերեզմանոց), Դավթա չխոռը(Դավիթի փոսորակ), Վոյի գետի ղրաղը (վերին գետափ), Բաբան ախպուր(Բաբանի աղբյուր), Ցորտ ախպուր (սառն աղբյուր), Թթո ջուր  (թթու ջուր), Կաղց ախպուր(կաթն աղբյուր), Սով վղատեղ(սև հողատեղ), Աղբաբա քարը  (Աղբաբի քարը), Չըխաչըխ(ծեգածեգ՝ անտառի ավարտը), Մուծ կալբեկ(մեծ կալատեղ՝ բացատ է), Փստեգ կալբեկ(փոքր կալատեղ), Վարդը քոլը(վարդի թուփ), Ջիրակնը(ջրի աչքը), Ելի յուրդ(քամոտ լեռնանցք), Գոռուտ(գերեզմանատեղ), Պահանակ(գերեզմանատուն), Քյոթամ։ Այդ ճանապարհը Վոյի գետի ղրաղում(վերին գետափ) ճյուղավորվում էր եւ կրկին միանում Վարդը քուլում (վարդի թուփ) անցնելով Կարճեւան գետակի ձախ ափով հետեւյալ տեղանուններով՝ Փրքեչի, Կարմիր գիղեցի(կարմիր եկեղեցի), Լեշկարի տնարին  (զորանոցներ), Մարութաց արխաջը (Մարությանների փարախ), Հանդ ախպուր(հանդ աղբյուր):

Լեշկար՝ պարսկերեն, նշանակում է բանակ։ Լեշկարի տնարի՝ բանակի տներ՝ բանակատեղ՝ զորանոց։ Հենց այստեղ է եղել Դավիթ Բեկի բանակի զորանոցը։ Լեշկարի տնարին՝  գետակի ձախ ափին, արեւհայաց լանջի բլրակի գագաթի հարթությունն է, որտեղից երեւում է ողջ տարածքը։ Նրանից քիչ ներքեւ՝ Կարմիր գիղեցից վեր, անտառի միջից հառնում է մի հպարտ լեռնազանգված։ Կարմիր գիղեցին(եկեղեցի)՝ իրականում կոչվում է Սուրբ Զորավոր, իսկ այնտեղ գերեզման կա։ 

Առաջին հանրապետության վախճանին, Օլթիի ավանտյուրայից հետո, 1920 թ-ի աշնանը թուրքական բանակը մի շնչում Նախիջեւանով հասավ Մեղրու սահմանագիծ։ Եվ հենց վերոհիշյալ արահետ ճանապարհի Ելի յուրդ(քամոտ լեռնանցք)-Գյոռուտ (գերեզմանատեղի) հատվածում հանդիպեց Նժդեհի գլխավորոծ Կարճեւան-Կաքավաբերդ միացյալ ինքնապաշտպանական ուժերի համարձակ դիմադրությանը ու ետ շպրտվեց։

Այնպես որ պատմության իմացությունը հուշում էր՝ Կարճեւանից դեպի Նախիջեւանի սահմանագիծ սարով ճանապարհ կառուցելու անհրաժեշտությունը։ Հատկապես, որ Օրդուբադով նման գործող ճանապարհ կար, որը սպասարկում էր Գողթանասարի(սոյուղ)  գագաթին տեղակայված սովետական բանակի հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն հզոր հենակետը։

Մեր կողմից՝ բարձրադիր սահմանագիծ Խոշլի տանող Ճանապարհի առաջին հատվածը կառուցվել էր 1975-76թթ՝ Կարճեւանից մինչեւ Վռնանի գադիգ(ծորի կատարի հետնամասը), իսկ մինչեւ Փրքեչ՝ 1980-ական թվականների առաջին կեսին։ Այս հատվածը կառուցվել է սովխոզի ֆերմայի կաթը մեքենայով տեղափոխելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Մինչ այդ անասնապահական ֆերմայի փոխադրումները իրականացնում էին ձիերով ու ջորիներով։

Կարճեւանի սովխոզը ես ղեկավարում էի 1985 թ-ից։ Շատ էի չարչարվել ու կարողացել էի Կարճեւանի դուզի մելիորացիայի համար Երեւանից բերել հատուկ տեխնիկա, որի մեջ կար ճապոնական հզոր «Կամացու» ֆիրմայի բուլդոզեր։ Այդ առիթը օգտագործելով պայմանավորվեցի ջոկատի տնօրենի հետ մելիորացան ավարտելուց հետո շարունակել ճանապարհի կառուցումը այդ բուլդոզերով։ Սակայն աշխատանքները դեռ չավարտված՝ ամենազոր ռայկոմի քարտուղարի կարգադրությամբ, բուլդոզերը հատկացրեցին ճանապարհաշինական կազմակերպությանը, իսկ ինձ ստիպում էին ստորագրել դեռ չավարտված աշխատանքների ավարտական ակտը։ Ես դիմադրում էի ու համառում։ Հավանաբար իմ նկատմամբ ունեցած ներքին համակրանքն էր պատճառը կամ փոխարինող չգտնելու հեռանկարը, որ ինձ չազատեցին աշխատանքից։ Երկար համառելու ջանքերով կարողացա համոզել քարտուղարին, որ սարի ճանապարհը կառուցելու նպատակով տասը օրով տրամադրեն «Կամացուն»։ Արդեն 1988 թվականն էր եւ նա էլ գիտակցեց պոտենցիալ վտանգի հնարավորությունը եւ դրանով պայմանավորված՝ ճանապարհը շարունակելու անհրաժեշտությունը։ Մինչեւ Փրքեչ կառուցված չանապարհը այնքան նեղ էր, որ «Կամացուն» չէր կարող առանց ճանապարհը բարելավելու առաջ շարժվել, ստիպված էինք այդ ամբողջը հատվածը լայնացնելով առաջ շարժվել։ Ընդ որում, որոշ հատվածներում ամենազոր թվացող տեխնիկան ի զորու չէր մշակել կարծր ժայռերը, ստիպված էինք օգնել  նրան` ժայռերը պայթեցնելով։ Սասուն անունով թալինցի մեքենավարը լեռնային  պայմաններում աշխատելու փորձ չուներ, վախենում էր։ Նրան փորձ ու համարձակություն ներշնչելու նպատակով մեկ օրով հրավիրեցի Կապանցի փորձառու մեքենավար Իլյային։ Սասունը գիշերում էր մեր տանը։ Լույսը չբացված, Սամվել Կարապետյանը մեզ ՈւԱԶ-ով բարձրացնում էր սար ու աշխատում էինք մինչեւ մութն ընկնելը։ Մի խոսքով 10 օրում կարողացանք ճանապարհը հասցնել «Լեշկարի տնարի»։ Թեեւ շարունակությունը հեշտ էր, որովհետեւ գրունտը փափուկ էր եւ սովորոկոն բուլդոզերով էլ էր հնարավոր շարունակել։

Մի օր ինքնապաշտպանական ջոկատներից մեկի հրամանատար Ղեւոնդ Հովհաննիսյանին, որն իմ դասընկերն էր, ասացի, որ արկածախնդրութամբ զբաղվելու փոխարեն հարկավոր է հետամուտ լինել եւ շարունակել ճանապարհը մինչեւ սահման։ Նա, որ, ի տարբերություն մյուսների, բնականից օժտված էր պատասխանատվության գիտակցումով, շատ արագ ընկալեց ճանապարհի կարեւորությունը։ Հարցը բարձրացվեց շրջանի ղեկավարության առաջ, քարտուղարը նույնն էր, եւ 1990-ի ամռանը ճանապարհը շարունակվեց մինչեւ Խոշլի՝ Սոյուղի հանդիպակաց գագաթը։ 

Խոշլիից մինչեւ Ռեյկա (բարձունք Նախիջեւանի տարածքում, ադրբեջանական Արաքսամերձ հենակետերի թիկունքում, այդ հենակետերը բարձրունքից պարզ տեսանելի են)  ճանապարհահատվածը կառուցվել է 1992 թ-ի ամռանը՝ Խոշլին կորցնելուց եւ հետ վերցնելուց հետո, իմ անձնական նախաձեռնությամբ, հսկողությամբ ու ներկայությամբ՝ հակառակորդի ինտենսիվ կրակի տակ։ Մեքենավարները Արմոն ու Բորիկն էին, երկուսն էլ Կուրիս գյուղից։  

Այդ ճանապարհը դարձավ Մեղրիի փրկության ճանապարհը, առանց որի դժվար կլիներ կազմակերպել պաշտպանությունը։ Հիմա էլ այն հանդիսանում է պաշտպանական նշանակության ստրատեգիական ճանապարհ։

ՀԱՏՈՒԿ ԳՈՒՆԴ

Զինված եւ կանոնադրային հարաբերությունից զուրկ ջոկատները հանրապետության ողջ տարածքում կարող էին չարիք դառնալ եւ խորացնել անիշխանությունը, եթե ճիշտ ճամանակին միջոցներ չձեռնարկվեին։ Լեւոն Տեր-Պետրոսյանը Գերագույն խորհրդի նախագահ է ընտրվել 1990թ-ի օգոստոսի 4-ին։ Վազգեն Մանուկյանը վարչապետ է դարձել օգոստոսի 13-ին։ Արդեն օգոստոսի 21-ին կառավարութունը որոշում է ներքին գործերին առնթեր հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու մասին։ Դա 800 հոգանոց հատուկ գունդն էր, որը ձեւավորվեց կամավորության սկզբունքով, եւ արդեն հոկտեմբերի 5-ին նրանց երդման արարողությունն էր։ Մեղրիից գնդում ներառվեցին 36 հոգի Ղեւոնդի գլխավորությամբ եւ վերադարձան Մեղրի որպես վաշտ եւ տեղակայվեցին Մեղրրի փոքր թաղում գտնվող շրջկոպի նորակառույց վարչական շենքում։ Վաշտի հրամանատարը թալինցի Լենդրոշ Տոնոյանն էր, տեղակալը՝ Ղեւոնդը։ Հատուկ գունդ չընդգրկված մյուս ջոկատայինները Ղեւոնդի հասցեին պարբերաբար չարախոսել էին՝ դրա համար էլ նրան հրամանատար չէին նշանակել։

Բայց եւ այնպես, հատուկ գունդ չընդգրկված ջոկատայինները՝ այլեւս օրենքից դուրս էին։ Դրանով էր պայմանավորված հենց օգոստոսի վերջին ՀԱԲ- զինաթափումը։

Ամեն դեպքում ձեվավորվել էր մի կառույց, որը պատասխանատու էր շրջանի պաշտպանության համար։ Իրավաբանորեն այդ վաշտը ոստիկանության ստորաբաժանում էր եւ կոչվում էր Մեղրիի ՆԳ բաժնի ՊՊԾ (պարեկապահակային ծառայություն) վաշտ։ Այն նույն ոստիկանության, որի ներկայացուցչին փորձում էին կախել հրապարակի բարձր ծառից, կամ ուր երկու ամիս առաջ պայթեցնելու սպառնալիքով ներխուժել էին ջոկատայիները։ Բնականաբար ոստիկանապետի հետ նրանք համատեղելի չէին։ Ղեւոնդ Հովանիսյանը պնդում էր ոստիկանապետի փոփոխությունը, իբրեւ ոստիկանապետ մատնացույց անելով տեղակալ Ռուբիկ Ստեփանյանին, եւ արդեն տեւական ժամանակ անձամբ էր շահագործում նրա անձնական օգտագործման մեքենան։

Որպես գյուղի ինքնապաշտպանության պատասխանատու՝ ես, բնականաբար, հաճախ էի լինում վաշտում, մասնակցում քննարկումների։ Իմ բոլոր առաջարկությունները մի առանձին ոգեւորությամբ էր ընդունում վաշտապետ Լենդրոշ Տոնոյանը։ Նա, միաժամանակ, «Սասուն» ջոկատի հրամանատար Աֆօյի տեղակալն էր։ Վերջինս ինձ գիտեր Սեւդա Սեւանի հետ Արաքսով զենք անց կացնելու չհաջողված նախաձեռնությունից։ Մի օր էլ Լենդրոշն ասաց, որ Մեղրի է գալիս  գերագույն խորհրդի պաշտպանության ու ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սարգսյանը եւ ցանկություն է հայտնել հանդիպել ինձ հետ։ Ես առաջին անգամ էի հանդիպում Վազգենին։ Զրուցեցինք։ Ես Վազգենին ասացի, որ իր նկատմամբ իմ հարգալից վերաբերմունքը պայմանավորված է Հրանտ Մաթեւոսյանի գնահատականով։ Վազգենի հանձնաժողովի նախագահ դառնալուց հետո, պատգամավոր Հրանտ Մաթեւոսյան ասել էր մոտովորապես հետեւյալը. «Քանի որ պաշտպանության հանձնաժողովի նախագահը իմ սիրած տղան՝ արձակագիր Վազգեն Սարգսյանն է, ապա ես հանգիստ եմ ու համոզված, որ պաշտպանությունը կկազմակերպվի ինչպես որ հարկն է»։ Իմ պատմելուց Վազգենը հուզվեց։ Ինձ թվաց, որ այդ մասին նա առաջինը ինձանից իմացավ։ Շատ ոգեվորված էր, որ վարպետը հրապարակավ իրեն այդքան բարձր է գնահատել։ Դա նրան հավանաբար ավելի էր պարտավորեցնում։ 

Հետո Վազգենը ինձ միանգամից առաջարկեց ստանձնել ոստիկանապետի պարտականությունները։ Ես անմիջապես մերժեցի, պարզաբանելով, որ այդ համակարգից գաղափար անգամ չունեմ։Վազգենը մեկնեց։

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Որպես սովխոզի տնօրեն` ինչ-որ առումով ես ճանաչված էի շարժման ղեկավարության կողմից: Նույն 1990 թվականի գարնանամուտին, հակառակ սովետական գաղափարախոսության, տնտեսության հողերը բաժանել էի ժողովրդին, իսկ այդ մասին Ազատության հրապարակում բարձրաձայնել էր Վանո Սիրադեղյանը։ Իհարկե, սա մի առանձին թեմա է։ Բայց, հավանաբար, նաեւ այս հանգամանքն էր նպաստել, որ 1991թ-ի գարնանը Վազգենը կրկին այցելեր Մեղրի։ Նրա այցը անակնկալ էր։ Ինչ-որ մարդկանց հետ ուղիղ մեր տուն եկավ։ Մինչ մերոնք հյուրասիրության պատրաստություն կտեսնեին, նա գրկեց փոքրիկ որդուս ու ինձ առաջարկեց առանձնանալ։ Մենք երեքով առանձնացանք։

Վազգենը որդուս գլուխը շոյելով տեւական ժամանակ լուռ ինձ էր նայում, ասելիքն էր ձեւակերպում։ Հետ մի շնչում ասաց հետեւյալը. «Ես էլ պաշտպանությունից բան չեմ հասկանում էնպես, ինչպես դու ոստիկանությունից բան չես հասկանում։ Բայց ես գիտակցաբար մտել եմ պատասխանատվության տակ, որովհետեւ էդ պատասխանատվությունը փողոցում անտեր գցած ա։ Ես գիտեմ՝ դու պատասխանատվության գիտակցում ունես, եւ դա է կարեւորը։ Ես մենակ ի՞նչ կարող եմ անել։ Ես ուզում եմ, որ մենք միասին վերցնենք այդ պատասխանատվությունը։ Դրա համար դու պետք է կարգավիճակ ունենաս, էնպես ինչպես ես ունեմ։ Առանց կարգավիճակի պատասխանատվություն վերցնել չի լինի։ Մեղրին շատ կարեւոր է։ Ես ուզում եմ, որ դու՛ լինես Մեղրիի ոստիկանապետը եւ քո հիմնական անելիքը՝ նախ եւ առաջ,  պաշտպանության կայացմանը աջակցելը պիտի լինի։ Ես խնդրում եմ, որ մենք հենց հիմա որոշում կայացնենք, ճի՛շտ որոշում»։ Մենք երեքով կայացրեցինք Վազգենի առաջարկած որոշումը։

1991 թվականի ապրիլի 16-ի առավոտյան ժամը 10-ին պետք է ներկայանայի ներքին գործերի նախարարի կադրերը սպասարկող տեղակալին։ Պարտաճանաչ մտա ընդունարան ու ներկայացա։ Հրահանգեցին սպասել։ Երկար սպասեցի՝ մեկ-մեկուկես ժամ։ Առաջին կես ժամից սկսած ներսումս սկսեց սաղմնավորվել ափոսանք Վազգենին տված խոստմանս համար։ Րոպե առ րոպե սաղմը մարմնավորվում էր, եւ երբ այլեւս սպասել էի շուրջ մեկուկես ժամ եւ հիասթափությունս հասել էր գագաթնակետին, ընդունարանի պատասխանատուին ասացի, որ մեկնում եմ ու դուրս եկա։ Դեռ չէի լքել հարկաբաժնի միջանցքը՝ վերջինս ձայն տվեց, թե փոխնախարարը ինձ է սպասում։ Ներս մտա։ Դեմքի կեղծ խստությամբ վրաս նայելով մի քանի անիմաստ հարց տվեց։ Ես էլ ասացի, որ ես չեմ պայքարում ոստիկանապետ դառնալու համար, ուղղակի խոստացել եմ պատասխանատվություն վերցնել ու եկել եմ։ Նա էլ իմ համարձակությունից ակնհայտ սրտնեղած, ասաց, որ ես կարող եմ գնալ եւ որ իրենք որոշում կկայացնեն։ Դուրս եկա, նստեցի մեքենայի ղեկին ու միանգամից ուղեւորվեցի Մեղրի։ Եղանակը անբարենպաստ էր՝ անձրեւ ու մառախուղ, բայց, հավանաբար, մտքերով տարված կորցրել էի ժամանակի ու տարածության ընկալումը եւ սթափվեցի, երբ ոստիկանը կանգնեցրեց մեքենան։ Որոտանի ոլորանների բարձրակետն էր, Երեւանից հեռացել էի շուրջ 260 կմ։ Մինչ նա կմոտենար, մտածեցի, որ հիմա ասելու է, թե ճանապարհը վտանգավոր է եւ առաջարկելու է վերադառնալ ու գնալ Տաթեւով։ Այդպես հաճախ էր լինում։ Ոստիկանը մոտեցավ հարցրեց անունս եւ ասաց, որ անմիջապես պետք է վերադառնամ Երեւան՝ ՆԳ նախարարություն։ Բնականաբար՝ առարկեցի։ Վերջինս խնդրեց իր մեքենայի կապի միջոցով խոսել Գորիսի ոստիկանությունում գտնվող ՆԳ նախարարի խորհրդական ԳԳ-ի հետ։ Նա ինձ փոխանցեց, որ Վազգենը խնդրում է իր հետ  միասին վերադառնալ Երեւան եւ որ դա շատ կարեւոր է։ Վերադարձանք։ Վազգենը սպասում էր փոխնախարարի աշխատասենյակում՝ առանց նրա։ Նրա դիմաց այլայլված հայացքով նստած էր Մեղրու շրջխորհրդի գործկոմի նախագահը։ Բարեւեցի ու նստեցի։ Վազգենը միանգամից ասաց. «Նա ասում է, որ եթե Դավիթին նշանակեք ոստիկանապետ, ապա դու աշխատելու ես իրենց դեմ, ի՞նչ կասես»։ 

-Ես չեմ երազել դառնալ ոստիկանապետ, ես համաձայնել եմ՝ վերցնել փողոցում գցած պատասխանատվությունը։ Մտքովս չէր կարող անցնել, որ որեւէ մեկի դեմ գործունեություն ծավալելու նպատակով դառնամ ոստիկանապետ, եւ ուրախ կլինեի, եթե այդ պատասխանատվությունը վերցներ մեկ ուրիշը, – ասացի։

– Լսեցի՞ր, – ասաց Վազգենը,- հիմա առաջարկում եմ միասին վերադառնալ Մեղրի եւ միասին վերցնել այդ պատասխանատվությունը։ 

Նա առանց մեքենա էր եւ առաջարկեցի մեկնել միասին։ Երկաթուղու կայարանի մոտ նայեց ժամացույցին՝ երեկոյան 9-ին մոտ էր, եւ ասաց, որ դեռ գնացքը չի մեկնել, ինքը ձանձրանում է մեքենայից եւ ուզում է մեկնել գնացքով։ Ես վերադարձա Մեղրի միայնակ… 

Ապրիլի 17-ին ես նշանակվեցի Մեղրիի ոստիկանապետ` ստանձնելով նաեւ վաշտի բազայի վրա շրջանի պաշտպանական ստորաբաժանման կայացմանը օժանդակելու ու նրա ղեկավարի հետ պաշտպանությունը համակարգելու լրացուցիչ պատասխանատվություն։ 

Ոստիկանություն՝ հոգնած ու նվաստացած ոստիկաններով։ Որոնք, սակայն, հատկապես բարձր կոչում ու պաշտոն ունեցողները, ներքուստ չարացած էին այն իրողությունից, որ իրենց պետ են կարգել համակարգի հետ կապ չունեցող ինչ-որ մեկին։ 

Ինչպես եւ ողջ հանրապետությունում՝ միջավայրը հագեցած էր ծայրահեղականությամբ ու հատկապես արկածախնդրությամբ։

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ

Շրջանում ամեն ինչ բնականաբար նույնն էր, ընդամենը ոստիկանապետ էր փոխվել, այն էլ արհեստավարժին փոխարինել էին համակարգի հետ որեւէ առնչություն չունեցող մեկով։ Բնականաբար լավատեսության հանրային սպասելիքը բացառված էր, էլ չասած, որ ամենայն հավանականությամբ իշխում էր իմ ձախողման՝ գուցեև կործանման սպասելիքը։

Հազիվ 10 օրվա ոստիկանապետ էի։ Աշխատանքային օրն ավարտվել էր։ Ես աշխատասենյակում էի։ Կրակոցի ձայներ լսվեցին։ Հրահանգեցի օպերատիվ խմբի անդամներին մեկնել կրակոցների ուղությամբ եւ պարզել, թե ինչ է կատարվում։ Մոտ15 րոպեից աշխատասենյակ մտավ օպերատիվ խմբի ղեկավար մայորը եւ հեգնական տոնով բառացի ասաց. «Վաշտի տարածքում ձերոնք են՝ իրար մեջ, մենք ոչինչ չենք կարող անել»։ Կշտամբեցի, թե ի՞նչ ասել է մերոնք կամ ձերոնք, մեքենա նստեցի ու գնացի վաշտ։ Վաշտի գրեթե բոլոր 36 անդամները ահաբեկված կանգնած էին հրապարակում։ Վեց հոգի՝ հատուկ գունդ չմտած նրանց նախկին ընկերները, ատրճանակները օդում ճոճելով հայհոյանքներ էին տեղում նրանց հասցեին՝ հատկապես Ղեւոնդի, ու մերթ ընդ մերթ օդ կրակում։ Նրանցից երեքը՝ ղեկավարի հետ միասին, մոտ երկու ամիս առաջ Երեւանում զինված ավազակային հարձակման փորձ էին կատարել ինչ-որ խանութում, տերերի կողմից արժանացել դիմադրության (դանակը մտցրել էին ղեկավարի որովայնը, մյուսի ուսին կացինով էին հարվածել, երրորդին էլ լավ ծեծել էին) մարմնական վնասվածքներ ստացել, պառկել հիվանդանոցում, ապաքինվել եւ նոր էին վերադարձել մայրաքաղաքից։ Իրավական ընթացք գործը չէր ստացել, լեզու էին գտել, ժամանակներն այդպիսին էին։ Ժամանակները փոխվեցին Վանո Սիրադեղյանի նախարար նշանակվելով։

Ինչեւէ, մոտեցա ղեկավարին, որը  ոստիկանությունը գրաված խմբի համաղեկավարն էր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ  հեռախոսով խոսացողը, եւ ասացի. «Ձեր գործողությունները օրենքից դուրս են եւ ուղված են պետական կառույցի դեմ, որի կայացմանը ես կոչված եմ աջակցել, եթե դու անձնապես չես ընդունում Ղեւոնդին, դա չի նշանակում, որ ես չպիտի աջակցեմ այդ կառույցի կայացմանը։ Ով էլ որ լինի այդտեղ՝ Ղեւոնդը, դու, թե մեկ ուրիշը, ես պաշտպանելու եմ այդ կառույցը։ Եվ առաջարկում եմ ձեզ՝ հավաքվեք ու գնացեք այստեղից»։ Մի պահ թվաց, թե խոսքերը տեղ հասան, բայց խաբուսիկ էր. «ես քո վրա էլ մուռ ունեմ» ասաց, անակնկալ հարձակվեց վրաս եւ ատրճանակի պոչով փորձեց հարվածել։ Ես կարողացա խուսանավել եւ, ակամայից, պատասխան հարված հասցրեսի։ Հարվածը դիպուկ ստացվեց, նա ընկավ ու կորցրեց գիտակցությունը։ Ինչ-որ մեկը ասաց՝ մեռավ։ Բոլորը պապանձվեցին։

-Հիվանդանոց հասցրեք, ես ոչնչի առաջ կանգ չեմ առնելու, կարգուկանոն պիտի լինի,- ասացի, նստեցի մեքենան ու վերադարձա բաժին։

Ղեվոնդն ու տեղակալս նրան հասցրել էին հիվանդանոցի ճանապարհին գտնվող տեղակալիս եղբոր տուն եւ բժիշկներին բերել այնտեղ, իբրեւ որ աղմուկ չլինի։

Երեկոյան ժամը 10-ի մոտ, Աֆօի հետ տուն գալիս, Ագարակից դուրս գալու պահին ճանապարհը կտրեցին, սպասում էին մի 25-30 հոգով։ Ուշքի եկածը իբրեւ ուզում էր ավտոմատով կրակել ինձ վրա, ինչ-որ մարդիկ չէին թողնում։ Աֆօի ներկայությունը դրական նշանակություն ունեցավ, միջադեպը ավարտվեց խաղաղ խոսակցությամբ, խոսակիցս խոստովանեց, որ իմ նկատմամբ որեւէ խնդիր չունի, որ Ղեւոնդն է մեղավոր։ Բայց մեծ հաշվով նրա մեջ խոսում էր խանդը` Ղեւոնդի վաշտի հրամանատար դառնալու փաստով պայմանավորված։

Էսպիսին էր իրականությունը, էսպիսին էին մարդիկ եւ այս միջավայրում գործելով պետք էր օրինականություն հաստատել եւ պաշտպանել շրջանը արտաքին վտանգից։ Այս միջադեպը բարեբախտաբար դրական ընթացք ունեցավ, կարող էր նաեւ անկանխատեսելի հետեւանքների հանգեցնել…

ՆՅՈՒՎԱԴԻ

Նյուվադին, այն ժամանակվա պատկերացումներով, ոչ միայն Մեղրիի, այլ Հայաստանի ամոթն էր։ Ադրբեջանից բռնությամբ կամ բռնության սպառնալիքով տեղահանվել էին բոլոր հայերը, Հայաստանից բոլոր ադրբեջանցիները, իսկ Նյուվադին՝ լինելով Մեղրիի արեւելյան սահմանամերձ գյուղ, մնում էր ադրբեջանցիներով բնակեցված, եւ փաստացի ընդգրկված էր Զանգելանի շրջանի վարչական տարածքում։ Նրա ռազմական անվտանգությունը ապահովում էր Նախիջեւանի 75-րդ մոտոհրաձգային դիվիզիայի մի ստորաբաժանում՝ 100 հոգանոց անձնակազմով եւ 12 զրահամեքենաներով։ Նույն դիվիզիայի ներկայացուցիչները գործուղվել էին Մեղրու տարածքում գտնվող վեց սահմանապահ ուղեկալներ, յուրաքանչյուրում 20-ական զինվոր եւ մեկ զրահամեքենա։ 75-րդ դիվիզիան համարվում էր սովետական ԿԳԲ-ի ստորաբաժանում, գործում էր պրեզիդենտ Գորբաչովի ուղիղ ենթակայությամբ, եւ փաստորեն Մեղրիում ներկայացված էր 220 զինծառայողով եւ 18 զրահամեքենայով։ Նյուվադիի խնդիրը համակարգում էր անձամբ Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Պոլյանիշկոն։

Գործնականում Հայաստանում չկար այն ուժը, որ կարողանար ազատագրել Նյուվադին ռուսական ռազմական ներկայությունից, առանց որի նյուվադեցիները չէին հեռանալու։  Տվյալ քաղաքական իրողության պայմաններում ռուսական ուժերը չէին թողնի Նյուվադին, եթե իրենց մաշկի վրա չզգային վտանգի սպառնալիք։

Մինչեւ ոստկանապետի կարգավիճակով պատասխանատվություն ստանձնելս երկու նման փորձ եղել էր։ Մեկը՝ 1990թ-ի ապրիլի 24-ին, եւ ավարտվել էր վարհավարցի Սուրիկի զոհվելով, իսկ մյուսը՝ դրանից առաջ, մարտի վերջին տասնօրյակի ընթացքում. Երեւանից եկած ջոկատների եւ տեղի ուժերի համատեղ նախաձեռնություն էր։ Բազավորվել էին Կալերում եւ Նյուվադին գրավելու վարժանքներ էին անցկացնում։ Սակայն ինքնաշեն նռնականետի փորձարկման ժամանակ նռնականետը պայթեց, երկու հոգի զոհվեցին, մի քանիսը վիրավորվեցին եւ դրանով ավարտվեց Նյուվադիի առումը։

Մայիսի 4-ն էր 1991 թ-ի։ Վազգեն Սարգսյանի հանձնարարությամբ, թե թույլտվությամբ, Մեղրի եկավ «Սասունցիների» զինված ջոկատը՝ Աֆօի գլխավորությամբ, եւ «Աշտարակի» ջոկատը՝ Վահան Պապոյանի գլխավորությամբ։ Այս երկու ջոկատներին տեղավորեցինք Մարգիի երեխաների ամառային հանգստյան ճամբարում։ Հրամանատարական խորհուրդը իմ աշխատասենյակում էր տեղի ունենում։ Բացի հիշյալ երկու ջոկատների հրամանատարներից, քննարկումներին մասնակցում էին նաեւ Ղեւոնդը՝ որպես Մեղրու վաշտի հրամանատար ու նրա հորդորով զինկոմ Կարեն Աֆոյանը, որը աղվանական կռվի փորձ ուներ։ Որոշվեց, որ մայիսի 5-ի երեկոյան, մթության քողի տակ, Շվանիձորի կողմից, սարի կիսակառույց ճանապարհով մոտենում ենք Նյուվադիին ու դիրքավորվում։ Մայիսի 6-ի լուսաբացին՝ ժամը 500-ին, Աշտարակի ջոկատին պատկանող ինքնաշեն ալազանային հրթիռային երկու համակարգերի գործարկմամբ սկսվում է հարձակումը։ Այս որոշումից հետո Կարեն Աֆոյանը որոշակի «մասնագիտական» հաշվարկներ կատարեց ու հրապարակեց մեր եւ հակառակորդի զոհերի, վիրավորների եւ անհայտ կորածների  հավանական տվյալներ, եւ կանխատեսեց, որ ժամը 12-ին մարտը կավարտվի մեր հաղթանակով։ Սա մայիսի 4-ի երեկոյան էր։

Հաջորդ առավոտը կառավարական կապով ինձ զանգահարեց Վազգեն Սարգսյանը եւ հայտնեց, որ ռուսները, «Օղակ» օպերացիայի շրջանակներում, ծրագրել են ձերբակալել ու զինաթափել Հայաստանում առկա զինված խմբերը, եւ որ այդ նպատակով Հայաստան է բերվել դեսանտային ստորաբաժանումներ։ Հրահանգեց չնախաձեռնել որեւէ գործողություն եւ, որ ջոկատների մնալը Մեղրիում՝ ռուսական ռազմական գերներկայության պայմաններում, վտանգավոր է, եւ ճիշտ կլինի, որ նրանք մթության քողի տակ վերադառնան։ Անմիջապես հրավիրեցի հրամանատարական խորհուրդ եւ բառացի փոխանցեցի Վազգենի հրահանգը։ Կարճ լռությունից հետո առաջինը խոսեց Աֆօն. «Հերիք եղավ, սա էլ արդեն քանի անգամ մենք ուզում ենք Նյուվադին գրավել, Վազգենը խանգարում ա։ Ոչ մի բանի առաջ կանգ չենք առնելու եւ իրագործելու ենք մեր որոշումը»։ Մյուսները եւս բորբոքված ու վիրավորված` տղայական կեցվածքով խոսեցին ու ողջունեցին Աֆօի դիրքորոշումը։ Ես մնացի միայնակ։ Հետո, իրենց որոշմանը չսատարելու պատճառով ինձանից նեղացած, լքեցին աշխատասենյակս ու գնացին նախապատրաստվելու։

Այդ օրը, ըստ ծրագրի, Մարգիից պետք է շարժվեին ժամը 10-ին։ Ես աշխատասենյակում նստած միացրել էի այն ժամանակ բոլորիս համար միասնական ոստիկանական ռադիոկապը, եւ սպասում էի։ Առաջին կոնտակտը եղավ մոտ ժամը 11-ին։ Աֆօն տեղեկացնում էր Ղեւոնդին, որ տասը րոպեից կմիանան՝ ճանապարհը միասին շարունակելու համար։ Կես ժամից Աֆօն վրդովված կապի դուրս եկավ եւ հարցրեց, թե ուր է Ղեւոնդի վաշտը։ Ղեւոնդը պատասխանեց, որ Աֆօենք թող մեկնեն, իսկ իրենք հետո կմիանան՝ գործ ունեն։ Աֆոն զայրացած աղմկեց, հետո կապը կորավ, անհասանելի էր։ Ղեւոնդի գործը շրջխորհրդի գործկոմի նոր «Վիլիս» մեքենան պաշտպանության համակարգ փաստացի տեղափոխելն էր։ Հավանաբար նա հաշվարկել էր, որ առանց այդ մեքենայի Նյուվադիի առումը կձախողվի։ Վաշտի տղաներով գնացել, ջարդել էին ավտոտնակի դռան փականը, հանել մեքենան եւ Շվանիձոր մեկնել հատկապես այդ մեքենայով։ Ղեւոնդի շարժվելուց անմիջապես հետո շարժվեցի նաեւ ես։ Տեղ հասա թեժ վեճի պահին։ Նախ արտահայտեցի նեղացածությունս առ այն, որ առանց ինձ են մեկնել «մարտի»։ Հետո  դիմեցի Կարեն Աֆոյանին.

-Փաստորեն, եթե մենք հենց հիմա դադարեցնենք այս վեճը եւ  շարժվենք, ապա նախատեսված ժամը 500 –ի փոխարեն, ժամը 6-ից շուտ չենք հասցնի  հարձակվել, ճի՞շտ է։

-Ճիշտ է,- պատասխանեց Աֆոյանը։

-Այդ դեպքում զոհերի, վիրավորների, անհետ կորածների կանխատեսածդ թվաքանակն ու հաղթանակի հավանականությունը նույնը կմնա՞, թե՞ փոփոխության կենթարկվի։

Կարենը ներկաների հարցական հայացքների ներքո մի քիչ մտածեց, հավանաբար մտքում հաշվարկեց, եւ պատասխանեց։

-Զոհերի, վիրավորների եւ անհետ կորածների թվաքանակը կկրկնապատկվի, իսկ հաղթանակի հավանականությունը կլինի 50/50։

-Այդ դեպքում ի՞նչ եք կարծում, – դիմեցի հրամանատարներին, – արժե՞ առանց հաղթելու հավանականության նման կորուստների գնալ, գուցե մեկ օր հետաձգենք, եւ հարձակվենք ճիշտ ժամի՞ն։

Բոլորը համաձայնեցին։ Որոշեցինք, որ Վահան Պապոյանի տեղակալ Համլետ Թանգամյանի պատասխանատվությամբ՝ աչք ծակող ծանր տեխնիկան  թաքցնում ենք անտառում, իսկ մնացյալը ետ են գնում` պատրաստվելու հաջորդ օրվան։ Ետ գալուն պես Վահան Պապոյանը մեկնեց Երեւան, կարեւոր գործ ուներ։

Առավոտյան Ոսկեպարում շուրջկալի մեջ ընկած 11 ոստիկաների զոհվելու, իսկ մյուսներին գերեւարելու եւ Ադրբեջան տանելու մասին լուրը համատարած հայտնի էր բոլորին, իսկ քաղաքում վխտում էին ռուսական բանակի օպերատիվ աշխատողներն ու գործակալները։ Փողոցում չկար մեկը, որն այդ շրջանում այդքան մոդայիկ ռազմական հագուստ կրեր։  Ղեւոնդի վաշտի ավագը «մոռացել» էր կատարել իր ամենօրյա պարտականությունը՝ սննդամթերք տանել Մարգիի ջոկատայիններին։ Նրան մի կերպ գտան ու ինձ մոտ բերեցին։ Քաղաքացիական հագուստով էր։ Ես զայրացած էի, իսկ նա արդարացավ ասելով. «Հիմա ձեզ մոտ մտնելիս հակահետախուզության ռուս աշխատակիցը ինձ նկարեց»։ Ես զարմացած հայացքով նայեցի նրան ու ասացի.

-Հետո ինչ որ նկարեց, ձախորդ օրերը կանցնեն կգնան, իսկ դու պատմության մեջ կմնաս, – կատակեցի։

Սա էլ թե` չէ՛, էդպե՛ս չնկարեց, ուղղակի տեսավ որ ձեր մոտ մտա։

Շարունակելն անիմաստ էր, սննդամթերքն ուղարկեցի իմ ծառայական մեքենայով։

Անտառում մնացածների ու տեխնիկայի մասին ոչ ոք չէր հիշում։ Մութն ընկնելուն պես ոստիկանական մեքենայի լուսային ազդանշանը միացրած, վարորդիս՝ Միշա Պետրոսյանի հետ մեկնեցինք Շվանիձորի անտառ եւ ուղեկցեցինք անտառում գիշերած ջոկատայիններին ծանր տեխնիկայի հետ։ Նախօրոք պայմանավորված լինելով Մարգիից իջած ջոկատայինների հետ` հանդիպեցինք Լեհվազի լիցքակայանում, լիցքավորեցին մեքենաները, եւ գիշերը մեկնեցին Երեւան։ Տարիներ անց Համլետ Թանգամյանը Մեղրիի զորամասի հրամանատարն էր։ Մեղրիում ինձ հետ չէր շփվում, խուսափում էր, ես ընդդիմադիր համբավ ունեի։ Մի անգամ Երեւան-Մեղրի ճանապարհին՝ Սարավանում, պատահաբար հանդիպեց, կանգնեցրեց մեքենան, իջավ, գրկախառնվեց ու ասց. «Ես երբեք չեմ մոռանա, որ դու իմ կյանքը փրկել ես»…

Ոսկեպարի դեպքի օրվա երեկոյան ինձ այցելեց ռուս սահմանապահների հակահետախուզության պետը՝ գնդապետ Մուջիրին, մի լուրջ ու ծանրակշիռ մարդ, որին սակայն շատերը չէին սիրում՝ հատկապես ռուսական բանակի հայ սպաները։ Նա ասաց, որ տարածքը հսկողության տակ է, եւ իրենց ամեն ինչ հայտնի է։ Ասաց, որ մեծ քանակությամբ տեխնիկա՝ ալազանային հրթիռներով կահավորված, թաքցրել ենք Կարճեւանի մոտ՝ հանքահետախուզական թունելում։ Ես «անկեղծ» զարմանք արտահայտեցի, թե նրանք որքան օպերատիվ ու ճշգրիտ տեղեկություններ ունեն։ Քանակությունը տասն անգամ չափազանցված էր՝ դեզինֆորմացիան տեղ էր հասել։ Հետագայում այդ մարդու հետ իմ հարաբերությունները շատ անկեղծ ու մարդկային էին, եւ նա հաճախ էր ինձ փոխանցում մեզ համար շատ արժեքավոր տեղեկություններ։ Նրա մայրը հայուհի էր։

Շատ ակտիվ գործունեություն էր ծավալում 75-րդ դիվիզիայի հատուկ բաժնի պետ Սուխաչովը, որը նախկինում եղել էր Մեղրու սահմանապահ զորամասի հատուկ բաժնի պետը եւ բնականաբար լուրջ կապեր ուներ մեզ մոտ։ Մայիսի 7-ին նա այցելեց ինձ, նրբորեն ակնարկում էր դեսանտ իջեցնելու հավանականությունը, խոսում էր սպառազինության մեր ունեցած ծավալների ու թաքստոցի մասի, որը սակայն նույնն էր ինչ նախորդ դեպքում։ 

Մայիսի 25-ին Զանգելանից, իսկ հունիսի 7-ին Օրդուբադից նույնաբովանդակ հեռագրեր ստացանք, որով պահանջում էին ներկայացուցիչ ուղարկել, որին ցույց կտային մեր զինված խմբավորումների կողմից հասցված էկոլոգիական վնասը։

Հունիս ամսին՝ Նյուվադիի հարցով Նախիջեւանում տեւական ժամանակ բնակվում էր ԽՍՀՄ ԿԳԲ-ի գլխավոր վարչության 18-րդ բաժնի պետ՝ գնդապետ Տիխոնովը, որը հանդիպումներ ունեցավ մեզ հետ։ Այս հանդիպումներին վերադասից կցված էր եւ հաճախ մասնակցում էր նաեւ Գերագույն Խորհրդի պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի անդամ Վահան Շիրխանյանը։ Նախօրոք քննարկելով եւ խորհրդակցելով` միմյանց փոխլրացնելով Տիխոնովին մատուցեցինք, որ Նյուվադիի եւ նրա ռուս պահապանների սպառնալիքը ոչ թե տեղական իշխանություններն են, այլ մեր վերահսկողությունից դուրս գոյություն ունեցող անկառավարելի եւ անտեսանելի զինված խմբավորումները։ Եվ որ նրանց գոյության ծնող  միակ պատճառը այն փաստն է, որ Նյուվադին լինելով Մեղրիի գյուղ, ռուսական ռազմական աջակցությամբ ենթարկվում է Զանգելանին։ Որ նրանց ծայրահեղական գործողությունները վտանգավոր են ոչ միայն նյուվադեցիների, այլ Նյուվադիում տեղակայված ռուս զինծառայողների համար։ Որ եթե մենք համատեղ ջանքերով լուծենք Նյուվադիի ենթակայության վերականգնման հարցը, եւ առանց ռուսական ռազմական ներկայության, այլ տարբերակով, նյուվադեցիների հետ համաձայնեցված կարողանանք կազմակերպել նրանց անվտանգության խնդիրը, ապա անկառավարելի զինված խմբավորումների գոյությունը սնող պատճառն ուղղակի գոյություն չի ունենա։ Տիխոնովը ընկալեց, կամ գուցե այդ ճանապարհը բավարարում էր նաեւ իրենց։

Մայիսի 28-ին՝ Նյուվադիի ռուսական սահմանապահ ուղեկալում, տեղի ունեցավ առաջին հանդիպումը։ Մեր կողմից հանդիպմանը մասնակցում էին գործկոմի նախագահ Ենոք Անդրեասյանը, վաշտապետ Ղեւոնդ Հովհաննիսյանը, ՆԳ նախարարի խորհրդական Գրիգորյան Գրիգորը (ԳԳԳ) եւ ես։ Նյուվադիի ղեկավարների հետ ներկա էին նաեւ  Զանգելանի իշխանությունները, որոնց մենք մեղադրեցինք իրենց հանրապետությունից դուրս գործունեություն ծավալելու եւ դրանով Նյուվադեցիներին վտանգի ենթարկելու համար։

Առաջ քաշեցինք գլխավոր խնդիրը. Նյուվադին Մեղրիի վարչական տարածքում է, պետք ենթարկվի Մեղրիի վարչակազմին, իսկ մարդիկ պետք է ապրեն ու աշխատեն իրենց բնակության վայրում։

Նրանք բարձրացրեցին անկառավարելի զինված խմբավորումներից գյուղը պաշտպանելու հարցը։

Ես հանրապետության ղեկավարության հետ մշակված պատասխան ունեի։ Առաջարկեցի ռուսական ռազմական ներկայությունը փոխարինել 10 զինված ոստիկանով։ 

Նյուվադեցիները անմիջապես առարկեցին։

Այդ դեպքում առաջարկեցի մեկ տասնյակ երիտասարդ Նյուվադեցիների սահմանված կարգով ընդգրկել ոստիկանության պարեկապահակային ծառայություն, որոնց միջոցով եւ կիրականացվի գյուղի օրինական պաշտպանությունը։

Նրանք մտածելու ժամանակ խնդրեցին։

Բանակցելով ադրբեջանցիների հետ` մենք հասել էինք հիմնական նպատակին՝ ցույց էինք տվել ռուսներին, որ մեր կողմից Նյուվադիի նկատմամբ որեւէ վտանգավոր նպատակ գոյություն չունի, հետեւաբար նրանց ներկայությունը Նյուվադիում ավելորդ էր։

Նյուվադեցիների հետ երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ հուլիսի 9-ին։ Տիխոնովին փոխարինել էր գնդապետ Շիրակոպոյասը։ Հանդիպումն անարդյունք էր, որովհետեւ նյուվադեցիները դեռ պատասխան չունեին։ 

Հուլիսի 13-ին Շիրակոպոյասը եկավ ու փոխանցեց Նյուվադեցիների պատասխանը. «Նյուվադին որոշել է սպասել մինչեւ սեպտեմբերի 21-ը, եթե անկախության հանրաքվեի արդյունքում Հայաստանը դուրս գա ԽՍՀՄ կազմից, ապա Նյուվադին դուրս կգա Հայաստանի կազմից»:

Ես արձագանքեցի, որ եթե Նյուվադին բանակցային գործընթացով չի ցանկանում վերականգնել իր վարչական ենթակայությունը, ապա ես չեմ կարող պատասխանատվություն կրել նյուվադեցիների եւ նրանց պահապան ռուս զինվորականների անվտանգության համար, քանի որ մինչ այս պահը զինված խմբավորումների միակ զսպող գործոնը հուսադրող բանակցություններն էին։ Առանց այդ բանակցությունների նրանք դառնում են անկառավարելի։

Նույն օրը երեկոյան Ենոքի ու Ղեվոնդի հետ քնարկելով խորացրեցինք այս միտքը ու ռուսական սահմանապահ զորամասի ղեկավարության միջոցով փոխանցեցինք նյուվադեցիներին, որ պաշտոնապես մենք հանում ենք մեզանից պատասխանատվությունը նրանց անվտանգության համար։

Հուլիսի 14-ի առավոտյան Նախիջեւանից եկան Շիրակոպոյասը ու դիվիզիայի հրամանատարի տեղակալ Մարկելովը։ Վերջինս ուղղակի գռեհիկ տոնով պահանջեց ետ վերցնել այդ հայտարարությունը։ Ղեւոնդի հետ լեզվակռիվ եղավ, քիչ էր մնում իրար ծեծեին, նրանք բնավորությամբ իրար շատ նման էին։ Կրքերը հանդարտվեցին եւ Շիրակոպոյասը հայտնեց, որ իրենք իրավիճակը զեկուցել են վերադասին եւ հուլիսի 15-ի ընթացքում ակնկալում են պատասխան իրենց հետագա անելիքի վերաբերյալ։ Մի բան այլեւս հասկանալի էր, որ ռուսները վախենում են հատկապես իրենց համար։

Հուլիսի 16-ին եկան Շիրակոպոյասն ու 75-րդ դիվիզիայի շտաբի պետ՝ գնդապետ Մորոզովը եւ հայտնեցին բաղձալի լուրը։ Վերադասի հանձնարարությամբ իրենք կլքեն Մեղրու ողջ տարածքը, ընդորում՝ դիվիզիայի ղեկավարության որոշմամբ այն կիրականացվի հուլիսի 23-ից 26-ի ընթացքում։ 

Մենք արձագանքեցինք, որ այդ դեպքում նյուվադեցիները կարող են հանգիստ մնալ ու ապրել Նյուվադիում։ Շիրակոպոյասն ասաց, որ այդ լուրը արդեն հայտնել են Նյուվադիի կոլխոզի նախագահ ու ընդգծված լիդեր Մաիլ Ամանովին, եւ նա պատասխանել է, թե իրենք կմնան ու կապրեն, իսկ անհրաժեշտության դեպքում կպայքարեն։

Սակայն համոզված էինք, որ առանց ռուսների, նյուվադեցիները մնացողը չեն, եւ որ այս որոշումը դեռ վերջնական չէ, եւ Ադրբեջանի ղեկավարությունը, հատկապես Պոլյանիշկոն՝ փորձելու են ազդել այս որոշման վրա։  

Երկար խորհելուց հետո, գնահատելով, որ ռուսներնը շատ լավ հասկանում են, որ իրենց դուրս գալու որոշմամբ պայմանավորված՝ նյուվադեցիները ատելությամբ են լցվելու իրենց նկատմամբ, որոշեցինք Նյուվադիի թիկունքում կազմակերպել մարդկանց վնաս չպատճառող այնպիսի մի դիվերսիոն գործողություն, որը ռուսները կդիտարկեին որպես նյուվադեցիների վրեժխնդրություն։ Նախատեսված էր հոռագրասյուն պայթեցնելու միջոցով հոսանքազրկել ռուսական հենակետերից մեկը, կամ, եթե դա բարդ լինի, ապա լեռներով շրջանցել Նյուվադին Զանգելանի կողմից, ապահով հեռավորությունից մի քանի  կրակահերթ արձակել ռուսական դիրքերից մեկի ուղղությամբ։

Հուլիսի 18-ին խումբը մեկնեց, կատարեց հանձնարարությունը ու վերադարձավ։

Հուլիսի 19-ին եկավ Մարկելովը ու հայտնեց, որ զինծառայողներ Ավերինն ու Գրիգորենկոն անհետացել են Նյուվադիից։ Ես ձեռքիս տակ եղած քարտեզի վրա գծեցի այն պայմանական սահմանը, որից դեպի Մեղրի ընկած հատվածում պատրաստակամ էի կազմակերպել որոնողական աշխատանքները։ Նաեւ կարծիք հայտնեցի, որ հնարավոր է նյուվադեցիներն են առեւանգել՝ իրենց հեռանալը կանխելու նպատակով։ Նա հատկապես այդ կարծիքին էր։ Հաջորդ օրը երեկոյան եկավ Մարկելովը եւ շատ հուզված տեղեկացրեց, որ գյուղի մոտ գտել են կորածների դիակները։ Նա ասաց, որ իրենք ընդհանրապես չեն ուզում մնալ Նյուվադիում, սակայն վերադասը անորոշ ձգձգում է։

Ես ասացի, որ ժամկետ խախտելը անպատճառ հանգեցնելու է բախումների, բայց խոստացա, ինձանից կախված ամեն ինչ անել` այն կանխելու համար։

Հունիսի 24-ին Նյուվադի եկավ Ադրբեջանի կենտկոմի երկրորդ քարտուղար Պոլյանիշկոն, որի մասին իմացանք նրա մեկնելուց հետո։ Արդյունքում ռուսները հայտարարված ժամկետում դուրս չեկան։

Մեր ունեցած ինքնաշեն մեկ հրթիռանի ալազանային համակարգը տարանք Մեղրի – Քաջարան լեռնանցք, ընտրեցինք նույնատիպ տեղանք, նշանառության համակարգ տեղադրեցինք, ճշգրտեցինք ու փորձարկեցինք։ Մեկ կիլոմետրի վրա շեղումը չէր գերազանցում 20-25 մետրը։ Գյուղին դիպչելու համար փայլուն արդյունք էր։

Հուլիսի 28-ի ուշ երեկոյան՝ ժամը 9-ից 10-ի միջակայքում մի քանի հրթիռ արձակեցինք գյուղի վրա։

Հուլիսի 29-ին Ղեւոնդի հետ այցելեցիք ռուսական սահմանապահ զորամաս եւ հայտնեցինք, որ ռուսական կողմից պայմանավորվածությունը խախտելու հետեւանքով ոչ ֆորմալ զինված ուժերի մոտ կորցրել ենք վստահությունը, եւ որ շրջանում առկա ռուս զինծառայողների անվտանգությունը չենք կարող երաշխավորել։ Դա վերաբերում էր հատկապես իրենց։

Արմեն Արշակյանի լեգենդը

Աֆօն ջոկատով եկավ Մեղրի՝ մեր հրավերով ու Վազգենի հանձնարարությամբ, ըստ անհրաժեշտության աջակցելու Նյուվադիի հարցի լուծմանը։ Վաշտում՝ Ղեւոնդի մոտ, երեքով պիտի հանդիպեինք օգոստոսի 2-ի կեսօրին։ Ներս մտա Ղեւոնդը աստիճաններով վազեվազ իջնում էր հայհոյանքներ տեղալով։ Հարցրեցի, թե ինչ է պատահել, ասաց` ես դրանց մերը՝ արդեն ՍՈՒ – երով են խփում Ղարաբաղին ու շարունակեց ճանապարհը։ Աֆօից իմացա, որ վերջինս Ղեւոնդին մանրամասներ է պատմել ռուսական զինուժի ու ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից համատեղ անցկացվող «Օղակ» օպերացիայի մասին, վերջինս էլ կատաղել է ռուսների վրա ու դուրս եկել։

Վերադարձա աշխատասենյակ։ Զանգեց սահմանապահ զորամասի հակահետախուզության պետը, գնդապետը։ Հրամանատարը Ռուսաստանում էր։ Ասաց` «Ղեւոնդը իր տղաներով, զինված ներխուժել է զորամաս, ծեծի ենթարկել հայ ենթասպային, զինաթափել անցակետի զինծառայողներին եւ ինքն է կարգավորում զորամասի ելումուտը, նորանշանակ շտաբի պետն էլ Ղեւոնդի պես խենթ է, ասում է գնում եմ գնդակահարեմ, հազիվ եմ զսպում»։

Գնացի։ Դարպասը բացեցին, ներս մտա։ Ղեւոնդը հետագա անելիքը չէր հաշվարկել եւ  ակնհայտ շվարած էր։ 

Մոտեցա ու ասացի` «Ապրե՛ս, դու գրեթե ապացուցիր, որ միակ անկառավարելի զինված խմբավորումը հենց դու ես։ Ոչ ոքի հետ չշփվե՛ս, ոչինչ չխոսե՛ս մինչեւ կգամ»։ Ասացի ու  գնացի շտաբ։  

Շտաբի պետը իրոք հիստերիայի մեջ էր, նրան զսպում էր Մուջիրին, ներկա էին հրամանատարի բոլոր տեղակալները, որոնք ակնհայտ սարսափած էին։ Բոլորը միաբերան գանգատվում էին Ղեւոնդի արածից։ Ես ուշադիր լսեցի, ու ասացի հետեւյալը. «Ես Ղեւոնդին շատ լավ եմ ճանաչում, նա առանց պատճառի նման բան չէր անի, ես դեռ նրա հետ չեմ խոսել, համբերեք, առայժմ պետք չի որեւէ բան եզրակացնել եւ առավել եւս զեկուցել վերադասին։ Ես վերադառնամ անցակետ, խոսեմ նրա հետ, հասկանանք պատճառը, միասին քնարկենք՝ հետո նոր կզեկուցեք իրականությունը»։ 

Վերադարձա անցակետ, Ղեւոնդին ներկայացրեցի այս ընթացքում հորինածս լեգենդը, ընկալեց, մտավ դերի մեջ եւ միասին վերադարձանք շտաբ, ուր Ղեւոնդի հետ ներկայացրեցինք հետեւյալը.

«Մեղրիում է հայտնվել ոմն Արմեն Արշակյանի գլխավորած վրիժառուների խումբ՝ մինչեւ ատամները զինված։ Արշակյանը ծագումով արեւմտահայ է, խմբի անդամները՝ Շահումյանից, Գետաշենից, Ղարաբաղից։ Նրանք վրեժխնդրությամբ են լցված ավելի շատ ռուսների, քան ադրբեջանցիների նկատմամբ, որովհետեւ համարում են, որ ձեր աջակցությամբ է, որ ադրբեջանցիները կարողացել են իրենց բռնությամբ տեղահանել։ Դրա համար եկել են ռուսական զորամասը գրավելով ձեզանից վրեժխնդիր լինեն։ Բարեբախտություն է, որ հանդիպել են Ղեւոնդին։ Ղեւոնդը բացատրել է որ սա մեր պատասխանատվության տարածքն է, որ այս մարդիկ իրենց նորմալ են պահում, որ վերջապես այդ զորամասի տարածքում կանայք ու երեխաներ էլ են ապրում։ Որ եթե այս մարդիկ իրենց վատ պահեն մենք ինքներս ենք ի վիճակի գրավել այդ զորամասը։ Արմեն Արշակյանն էլ ասել է, որ դուք ի վիճակի լինեիք, մինչեւ հիմա գրաված կլինեիք։ Ղեւոնդն էլ ասել է, որ ինքը հենց հիմա կգնա կգրավի, որպեսզի ապացուցի, որ իվիճակի է։ Բայց իրականում գնացել է այս քայլին միայն նրանց անկանխատեսելի  գործողությունները կանխելու նպատակով»։

Քար լռություն տիրեց։ Նայեցի նրանց ու ասացի.

Հիմա պետք է միասին մտածենք, թե ինչ ենք անելու, բայց կարծում եմ արժե, որ նախ շնորհակալություն հայտնենք Ղեւոնդին։

Բոլորը Ղեվոնդի ձեռքն էին սեղմում ու շնորհակալություն հայտնում։ Հետո առաջարկեցի, որ իրենք այս իրավիճակը զեկուցում են վերադասին, զորամասի տարածքից դուրս չեն գալիս, իրականացնում են ուժեղացված ծառայություն, իսկ ես ու Ղեւոնդը վերադառնում ենք, հանդիպում ու բանակցում ենք Արմեն Արշակյանի հետ՝ փորձելով նրան պահել մեր ազդեցության դաշտում։ 

Ղեւոնդի պատմելուց նրանք պատկերացրեցին, որ Արշակյանի ջոկատի զինանոցը համալրված է նաեւ АГС-ով ու ПТУРС-ով։ Ընդ որում, Ղեւոնդը պատմելիս անուն չէր ասում, ուղղակի նկարագրում էր որպես իրեն անծանոթ զինատեսակ, անունը նրանք էին գուշակում։

Օգոստոսի  3-ի առավոտյան` ժամը 8-ին, զանգեց զորամասի հրամանատար, գնդապետ Ռակովիչ Նիկոլայ Սերգեյեւիչը եւ խնդրեց ինձ այցելել զորամաս։ Նա գիշերն էր վերադարձել մի տասնյակ գնդապետերի հետ։ Նրանք բոլորով միասին ինձ հետ քնարկեցին իրավիճակը եւ երաշխիք էին ուզում զորամասի անվտանգության համար։ Ես ասացի, որ նախորդ օրվա պես՝ մեզանից կախված ամեն ինչ կանենք, սակայն՝ Արշակյանի Մեղրիում գտնվելու պայմաններում երաշխիք տալը շատ բարդ է։ Պատմեցի, որ նախորդ օրը Ղեւոնդի հետ միասին հանդիպել ենք նրա հետ եւ դատելով զրույցից՝ առայժմ Ղեւոնդի  կատարածով բավարարված, զորամասի վրա հարձակում չի ծրագրում, բայց նաեւ չի պատրաստվում հեռանալ Մեղրիից։

Նրանք խնդրեցին հանդիպում կազմակերպել Արշակյանի հետ։ Ես հանդիպման կազմակերպելը փորձելու խոստումով հեռացա։

Աֆօի եւ Ղեւոնդի հետ քնարկեցինք իրավիճակը։ Եզրահանգումը միակն էր, եթե Արշակյանի հետ հանդիպում տեղի էր ունենում, ապա նախորդ օրվա ամբողջ պատմությունը արժանահավատ էր դառնում։ Արշակյանի դերը վերապահված էր Աֆօին։

Մեկնեցի զորամաս եւ տեղեկացրեցի, որ Արշակյանը պատրաստ է մեկ ժամից հանդիպել հենց զորամասում, բայց զգուշացնում է, որ ինչ որ բան այնպես չընթանալու դեպքում զորամասը կվոչնչացվի։

Հանդիպումը կայացավ։ Աֆօի արտաքին տեսքը համապատասխանում էր հորինված պատմությանը։ ՆԱՏՕ-ական զինվորական հանդերձանք, սասունցու բեղեր, կոտրատված, կցկտուր ռուսերեն (ինձ երկար ժամանակ թվում էր, թե Աֆօն հատուկ է այդպես խոսում՝ դերի մեջ է մտել, տեւական ժամանակ անց պարզվեց, որ հենց դա է Աֆօի հարազատ ռուսերենը)։ Գնդապետերը երկար բարակ համոզում էին Աֆօին ձեռնպահ մնալ զորամասը գրավելու մտքից։ Ես ու Ղեւոնդը աջակցում էինք նրանց։ Աֆօն խոսում էր կցկտուր, ձեռքը մազերին կամ բեղերին հպելով, նայում անորոշ ուղությամբ։ Գնդապետերը նայում էին նույն ուղությամբ՝ հավանաբար մտածելով, որ վտանգը այդտեղ է թաքնված։

Արմեն Արշակյանը ասաց իր վերջին խոսքը. «Ես կմնամ Մեղրիում, եւ ձեր եւ ռուսական մյուս զիվորականների նկատմամբ վերաբերմունքը կախված կլինի ընդամենը մեկ բանից, թե Ղարաբաղում եւ նրա շրջակայքում որքան արագ իր վերաբերմունքը կփոխի ռուսական բանակը»։

Գնդապետերը խոստացան անմիջապես իրավիճակը զեկուցել կենտրոն, եւ մեկնաբանեցին, որ Ղարաբաղի եւ նրա շուրջ ռուսական զորքերի վերաբերմունքը անպատկառ հրամանատարների կամայականության հետեւանք է (շատ նման էր մեր զինված անկառավարելի խմբավորումներին)։ 

Օգոստոսի 6-ին ուղաթիռով եկավ Վազգեն Սարգսյանը։

Բերել էր նյուվադեցիներին ուղված թռուցիկ-կոչեր։ Ուղաթիռից պետք է նետեինք Նյուվադիի վրա։ Այդ նպատակով օդանավակայանում բոլորով ուղաթիռ էինք բարձրանում, հանկարծ Վազգենը շրջվեց ու ինձ ասաց, թե պետք չի որ ես բարձրանամ ուղաթիռ։ Ես՝ շվարած, ինչ որ տեղ վիրավորված, հարցական նայեցի Վազգենին։ Նա էլ, թե հանկարծ ուղղաթիռը կխփեն, մեզանից մեկը թող կենդանի մնա։ Թռուցիկների բովանդակությունը մոտավորապես այն էր, որ նյուվադեցիները հանգիստ կարող են ապրել ու աշխատել իրենց ծննդավայրում, եւ որ պետք չէ, որ նրանք ենթարկվեն թուրք էմիսարների սադրիչ ազդեցությանը։ 

Նույն օրը երեկոյան Շիրակոպոյասին փոխարինած Կրապիրինը ընկերաբար հայտնեց, որ վերադասից ցուցում են ստացել նախապատրաստելու Նյուվադիից ստորաբաժանման դուրս բերումը։

Օգոստոսի 7-ին  գործկոմում տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում, որին ռուսական կողմից մասնակցում էին Կրապիրինը, Մեղրու սահմանապահ զորամասի ղեկավարությունը եւ 75-րդ դիվիզիայի ղեկավարությունը։ Դիվիզիայի հատուկ բաժնի պետ Սուխաչովը տեղեկացրեց, որ օգոստոսի 8-ին՝ մինչեւ օրվա վերջ, ստորաբաժանումը ամբողջությամբ դուրս կբերվի Նյուվադիից։Ասաց նաեւ, որ այդ օրը՝ ժամը 14-ին, Ղարաբաղում խորհրդակցություն անց կացնելուց հետո, Պոլյանիշկոն կթռնի Զանգելան եւ 1630 -ին խորհրդակցություն անց կկացնի, որին կմասնակցեն նաեւ իրենք։

Նույն օրը երեկոյան Ղեւոնդի վաշտի ու Աֆօի ջոկատի տղաները արդեն Շվանիձորի կողմից դիրքավորված էին Նյուվադիի բարձունքում։ Վազգեն Սարգսյանը ուղարկել էր նաեւ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը՝ ՄՀՆՋ, որոնք գիշերը կհասնեին Մեղրի։

Եկել էր նաեւ ԳԳԳ-ն, որին հանդիպեցի օգոստոսի 8-ի լուսաբացին՝ Նյուվադիի բարձունքում։ Տղաները մթության քողի տակ արդեն իջել էին ու աննկատ դիրքավորվել գյուղի մատույցներում։ Ռուսական զրահամեքենաները գործարկել էին շարժիչները եւ պատրաստվում էին հեռանալ։ Գյուղում վայնասուն էր, նյուվադեցիները լքում էին գյուղը՝ ռուսներից առաջ։ ԳԳԳ-ն իջավ դիրքավորված տղաների մոտ։ Պայմանավորվածության համաձայն ես վերադարձա ու ՄՀՆՋ-ի հետ շարժվեցի Արաքսի ափով՝ կապերով։ Առաջին զրահամեքենայի վրա նստած էինք ես ու ՄՀՆՋ հրամանատարի տեղակալ Արծրուն Մարգարյանը։ Հետեւից եկող երկու զրահամեքենաները ավելի մեծ էին ու դանդաղկոտ։ Հրահանգեցինք նրանց հանգիստ ու զգույշ գալ, իսկ մենք շտապեցինք։ Երեւաց Նյուվադիի սահմանապահ ուղեկալը։ Այնտեղ կայանած՝ Նյուվադիից դուրս բերված բոլոր 12 զրահամեքենաները մեկից գործարկեցին շարժիչները եւ մեզ վերցրեցին նշանառության տակ։ Ես հրահանգեցի զրահամեքենան կանգնեցնել, ցատկեցի գետնին եւ թաշկինակս թափահարելով վազքով մոտեցա, ներկայացա, բացատրեցի, որ ՄՀՆՋ-ի հետ գնում ենք ապահովելու Նյուվադու անվտանգությունը։

Մտանք գյուղ։ Այնտեղ միայն սարից իջած մեր տղաներն էին՝ Ղեւոնդի ու Աֆօի գլխավորությամբ։ Աֆօն ասում էր, որ այսուհետ այս գյուղը պետք է կոչել Նռնաձոր…

Գյուղի բոլոր տներն ու բակերը մաքուր ավլած էին, ավելները դարպասների անկյուններում դրված։ Բոլոր դարպասները կողպված էին՝ բանալիները դարպասների շրջանակների վերին անկյուններում խփված մեխերից կախված։ Այգիները խնամված էին ու բերքով առատ։

Նյուվադեցիներին տեղավորել էին Զանգելանի Վաժնավիր գյուղի մոտ՝ փախստականների ճամբարում։ Օգոստոսի 10-ին Նյուվադիի ուղեկալում տեղի ունեցավ նրանց հետ վերջին հանդիպումը։ Մաիլ Ամանովը չէր եկել։ Պատվիրակները պախարակում էին նրան եւ ժամանակին Մեղրիին չենթարկելու ողջ պատասխանատվությունը բարդում Ամանովի վրա։ Խոսում էին ուղաթիռից նետված թռուցիկ կոչերի մասին։ Հարցնում են, թե ովքե՞ր են արդյոք այդ թուրք էմիսարները, որի մասին գրված էր կոչում։ Նրանք ուզում էին վերադառնալ…

Հեյդարը

Անընդհատ զբաղված էինք Նյուվադիով։ Ռուսական ժողովրդավարական ուժերը հատկապես հետաքրքրված էին Նյուվադիով։ Եկել եւ շաբաթներով այդ տարածքում ուսումնասիրություններ էին անում ՌԴ պետդումայի երեք պատգամավորներ՝ Պապկով, Շաբաթ եւ մի կին։ Եկավ նաեւ ռուսական «Նովոյե վրեմյա» ամսագրի լրագրող «Մեմորյալա» իրավապաշտպան կենտրոնի ներկայացուցիչ Նիկոլայ Կալինկինը։ Նրա ուսումնասիրության թիրախը նյուվադեցիներին բռնի տեղահանելու փաստեր որոնելն էր։ Վերջինիս պահում էի մեր տանը։ Ինձ հետ ամեն օր Նյուվադի էի տանում ու բերում։

Նյուվադիի կայարան հանդիսացող Բուղդադուզում մնացել էր ադրբեջանական մի ընտանիք՝ Հեյդարի ընտանիքը։ Ես ուղղակի փայփայում էի նրանց եւ հորդորում, որ հանկարծ չգնան։ Նա հրաշալի պոմպավար էր։ Ինքնակամ հանձն առավ պոմպակայանի շահագործման ու Բուղդադուզի նռան այգիների ոռոգման գործը։ Սննդամթերք ու անհրաժեշտ պարագաներ էի ուղարկում՝ ինչի կարիք որ ունենում էր։ Հիշարժան է Նիկոլայի հանդիպումը Հեյդարի եւ նրա ընտանիքի անդամների հետ։ Նիկոլայը նրանց հետ զրուցեց առանց մեզ, որ ճնշում չլինի։ Նրանք համոզել էին Նիկոլային, որ հայկական կողմից Նյուվադիի նկատմամբ որեւէ ոտնձգություն չի եղել, որ այդ ամենը կազմակերպել է Մաիլ Ամանովը՝ Մեղրիի վարչական ենթակայությունից դուրս եղած ժամանակ, կոլխոզից կատարած յուրացումները մարսելու նպատակով, որ անգամ գյուղի վրա արձակված կրակոցները նա է կազմակերպել։ Ասել էր, որ եթե համագյուղացիները հետեւեին իրենց օրինակին եւ մնային, ապա իրենց նման հանգիստ կարող էին ապրել։

Նիկոլայը հավատացել էր Հեյդարին, բայց պնդում էր, որ գնա Վեժնավիրի փախստականների ճամբար եւ հանդիպի նյուվադեցիներին։ Ես անընդհատ ձգձգում էի` պատճառաբանելով, որ վտանգավոր է։ Նա պնդում էր, եւ ես խոստացա մեկ-երկու օրվա ընթացքում կազմակերպել նրա անցումը։ Հաջորդ օրը՝ օգոստոսի 19-ին, հայտնի դարձավ, որ Մոսկվայում իրականացվում է հեղաշրջման փորձ ԳԿՉՊ անվամբ։ Նիկոլային հասկացրեցի, որ հիմա Մոսկվան Նյուվադիից կարեւոր է, եւ ինքը այնտեղ ավելի պահանջված է։ Նիկոլայը գնաց ու մի քանի շաբաթ անց փոստով ուղարկեց ամսագրի հերթական համարը, ուր Նյուվադիի վերաբերյալ զետեղված էր ծավալուն մի հոդված` վերնագրված՝ «Депортации не было»:

Հոդվածում տեղադրված էր Հեյդարի ու կնոջ լուսանկարները։

Մի օր գնացի Հեյդարին տեսակցելու, նա մենակ էր, կնոջն ու երեխաներին գնացքով ճանապարհել էր, ասաց դպրոց ա, բանա՝ էստեղ ոնց մնան։ Ինքը տխուր էր։ Հարցրեցի՝ նեղացնող չի եղել` ասաց չէ։ Նա մի հավատարիմ շուն ուներ, միշտ հետն էր, տիրոջը մենակ չէր թողնում։ Մի օր ասացին, որ Հեյդարը անհետացել է։ Գնացի, շունն ու կովը կային, ինքը՝ չկար։ Ոչ մի տեղեկություն չկարողացա իմանալ։ Թեև Նյուվադին թալանչիներից պաշտպանելու համար շուրջօրյա ոստիկանական պահակետ էր գործում, բայց միեւնույնն է շուրջ բոլորը թալանչիներ էին վխտում՝ գոնե բերքն էին գողանում։ 

Մինչեւ հիմա համոզված չեմ, որ Հեյդարը հեռացավ։ Հեռանալու համար նրան ոչինչ չէր կաշկանդում։ Հեռանալիս շունն ու կովն էլ հետը կտաներ, ինձ տեղյակ կպահեր։ Ներքին համոզմունք ունեմ, որ  թալանչիներից մեկը նրանով ինքնահաստատվեց… 

Հեյդարի անհետանալուց հետո միայն հասկացա. բարեբախտություն էր, որ նյուվադեցիները հեռացան ռուսներից առաջ…

Նյուվադին  բնակեցվում է։ Այդ նպատակով Ենոք Անդրեասյանի հետ գնացինք Ծաղկաձոր, Աղվերան, Արարատի գյուղեր` փախստականներ հավաքագրելու։ Նյուվադեցիների հետ բանակցությունների ժամանակ այնտեղ առկա էր 178 տուն եւ ապրում էր 935 մարդ։  Որքանով կարող էինք բնակեցնել մենք։ Դժվար էր, հեռու էր, խուսափում էին։ Նյուվադին մասնակի բնակեցվեց գետաշենցիներով։ Գյուղի վարչական ղեկավար նշանակվեց Մեխակը, կոլտնտեսության ղեկավար՝ Ռաֆոն։ Նյուվադիում անգամ անց կացվեց կառավարության արտագնա նիստ` Հրանտ Բագրատյանի գլխավորությամբ։ 

Նյուվադիի հետ կապված բոլոր քայլերը կատարվել են նուրբ ու գաղտնի։ Նյուվադին ազատագրելուց մեկ-երկու օր անց խուճապահար ինձ մոտ մտավ ԿԳԲ-ի բաժանմունքի պետը եւ հարցրեց, թե արդյո՞ք ճիշտ է, որ Նյուվադին ազատագրված է։ Դրական պատասխանը լսելուն պես հուզվեց ու ասաց. «խայտառակվեցի, կոմիտեի նախագահ Հուսիկ Հարությունյանը հենց նոր զանգել հարցնում էր, ես էլ ասում եմ չէ, որ նման բան լիներ, ես ձեզ զեկուցած կլինեի։ Նա էլ, թե՝ դու տեղյակ չես, գնա ճշտի։ 

Հետագայում Տեր-Պետրոսյանը ինձ պատմել է, որ գերագույն խորհրդի նիստի ընդմիջմանը իրեն մոտեցած ԿԳԲ-ի պետ Հուսկ Հարությունյանի հետ կիսվել է Նյուվադին ազատագրելու լուրով, սա էլ հերքել է, ասելով՝ թե դա հնարավոր չէ, որ նման բան լիներ առաջինը ինքը կզեկուցեր։ Բայց նախագահը պնդել է, եւ նա հայտնվել է անհարմար վիճակում։

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ԵՏԵՎԻՑ

Օգոստոսի վերջին Վազգեն Սարգսյանը հետ կանչեց ՄՀՆՋ-ն, որոնք Նյուվադիի թեւում իրականացնում էին ավտոճանապարհի եւ երկաթուղու միջակայքում Ադրբեջանի հետ սահմանի պաշտպանությունը։ Այդ հատվածի պաշտպանությունը տեղի ուժերով կազմակերպելու նպատակով, Վազգենի գիտությամբ, թողեցին նաեւ զրահամեքենաներից մեկը՝ ՄՏԼԲ-ն։ Զրահամեքենան ուներ մի շարք թերություններ, որոնց վերացնելու եւ նոր մարտկոցներ տեղադրելու խնդրանքով՝ անձամբ ես, դիմեցի Ագարակի կոմբինատի տնօրեն Լյուդվիգ Համբարձումյանին։ Վերջինս հարգանքով ընդառաջեց եւ հանձնարարեց հանքի պետին։ Այդ զրահամեքենայի ձեռք բերումը իրադարձություն էր մեզ համար եւ Ղեւոնդը անձամբ տարավ հանքի արհեստանոց` թերությունները վերացնելու։ Որոշ ժամանակ անց նա զանգահարեց եւ ասաց, որ հանքի պետը իմիջայլոց է վերաբերում եւ ձգձգում է վերանորոգումը։ Ես հորդորեցի չբորբոքվել եւ նորից կապնվեցի տնօրենի հետ։ Վերջինս զարմանք արտահայտեց եւ խոստացավ արագ կարգավորել։ Ղեւոնդը կրկին կապնվեց, ասաց հրաժարվում է մարտկոցներ տրամադրել։ Նորից կապնվեցի, նորից զարմացան ու խոստացան…

Երրորդ անգան Ղեւոնդը ինձ զանգ չտվեց…  Դա 1991թ-ի սեպտեմբերի 10-ն էր։ Շրջանի պաշտպանությանը աջակցելուն ուղված տնօրենի հանձնարարությունը չկատարած հանքի պետը մեկ ապտակ ստացավ Ղեւոնդից։ Պահը բաց չթողեցին, անմիջապես կազմակերպեցին կոմբինատի ամբողջական գործադուլ՝ Ղեւոնդի հեռացման պահանջով։ Կազմակերպիչները չէին երեւում։

Հաջորդ օրվա լուսաբացին հերթապահը հեռախոսով զեկուցեց, որ Մեղրիի երկաթուղային կայարանում հայերի եւ ադրբեջանցիների բախում է եղել, եւ, որ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր։ 

Տեղի էր ունեցել հետեւյալը. Մինջեւանից Ջուլֆա բեռնատար գնացք ուղեկցած երկաթուղու անվտանգության երեք աշխատակիցներ, որոնք գործող կարգի համաձայն իրավունք ունեին վերադառնալ Մինջեւան՝ ցանկացած հանդիպակած ուղությամբ շարժվող գնացքով, նստել էին առաջին պատահած Երեւան- Կապան մարդատար գնացքը։ Նրանք կրում էին իրենց ամրացված «Նագան» տեսակի ատրճանակներ եւ ունեին համապատասխան վկայականներ։ Ագարակի կայարանում, գնացքը շարժվելու պահին՝ ուղեւորներին, դիմավորողներին ու ճանապարհողներին անծանոթ ինչ որ մեկը, վագոնի բաց դռնից ներկայանում է որպես գորիսեցի եւ ասում, որ գնացքում զինված թուրքեր կան, որոնք ահաբեկում են հայերին։ Մինչ գնացքը կհասներ Մեղրու կայարան, «ահաբեկիչ թուրքերին» սպասում էր ստվար ամբոխը։ Երեք ադրբեջանցիները անգամ չեն դիմադրում, նույնիսկ պաշտպանվելու քայլ չեն կատարում։ Ամբոխը սրանց քարշ տալով իջեցնում է գնացքից, դաժան ծեծի ենթարկում։ Ոստիկանության օպերատիվ խումբը հազիվ խլում է նրանց գազազած ամբոխից ու տեղափոխում մեկուսարան։ Անմիջապես երկաթուղին կանգ առավ։ Երկաթուղու կապով Նախիջեւանի ՆԳ նախարար Մահմեդովը կապ հաստատեց եւ ասաց, որ մեքենավարները վախենում են եւ հրաժարվում են երթեւեկել Մեղրիով, եւ որ, նախ անհրաժեշտ է վերադարձնել պատանդներին։ Ես հավանություն տվեցի եւ պատրաստակամություն հայտնեցի նրանց անմիջապես վերադարձնել։ Պայմանավորվեցինք, որ կոնկրետ ժամի նրանց կհանձնեմ այդ նպատակով Մինջեւանից Ալվանքի կայարան գացող քարշակին։ Կայարանից վերադարձա եւ հանձնարարեցի հերթապահին, որ վերջինս հետեւի, որպեսզի այլեւս բժշկական օգնություն ստացած պատանդներին նախապատրաստեն հանձնելու՝ այսինքն հնարավորություն տան լվացվելու, մաքրելու արյունոտված հագուստը։

Այս հրահանգից չէր անցել 15 րոպե, ուղիղ կապով միացած հերթապահը զեկուցեց, որ ինձ մոտ բարձրացան երեք հոգի, նրանք, որ պատրաստվում էին Մեղրի քաղաքի կենտրոնում չինարի ծառից կախել ոստիկանության կապիտան Վիգենին։ Իմ հարցին, թե առանց ինձ զեկուցելու եւ թուլատրելու ինչու՞ է թույլ տվել նրանց ինձ մոտ բարձրանալ՝ պատասխանեց, որ նրանք չենթարկվեցին։ Բացվեց աշխատասենյակիս դուռն ու շարքով ներխուժեցին։ Առաջին մտնողը անմիջապես հոխորտաց. 

-Դու քանի գլխանի ես, որ առանց մեր թույլտվության էդ թուրքերին որոշել ես տանես տաս, – ասաց ու սպառնալից ու անթարթ հայացքով աչքերիս մեջ նայելով` շարունակեց,- խելոք մնա, թե չէ կկորցնենք քեզ։

Մի բան պարզ էր, որ սրանց անհնարին է խոսքով բան հասկացնել, որ սա կուլմինացիոն պահ է եւ հարկավոր է հնարավորինս արագ հանգուցալուծել ստեղծված իրավիճակը։ Ես էլ չհասկացա ինչպես ստացվեց, բայց նախ կանգնեցի աթոռին, որի վրա նստած էի, բարձրացա սեղանին, ցատկեցի հատակին ու գերբնական ուժով ապտակեցի ինձ կորցնողին։ Սա տապալվեց գետնին՝ կորավ սենյակի անկյունում։ Նա անակնկալ եկած ձեւացնում էր, թե կորցրել է գիտակցությունը։ Դիրքավորված շրջվեցի դեպի մյուս երկուսը եւ հարցրեցի, թե արդյոք իրենք էլ են ուզում կիսել ընկերոջ ճակատագիրը։ Վերջիններս շփոթված ու ակնհայտ հարգալից տոնով առարկեցին։

-Որ այդպես է, վերցրեք ձեր ընկերոջը, հեռացեք ու մոռացեք այսուհետ առանց թույլտվության, որեւէ հարցով ինձ մոտ գալու մասին,-ասացի։ 

Նրանք առանց խոսքի բարձրացրեցին տապալված ընկերոջը, մտան թեւերի տակ, ու ոտքերը գետնով քարշ տալով հեռացան։

Քիչ հետո իջա հերթապահ մաս ստուգելու, թե արդյոք կարգի են բերել պատանդներին։  Հերթապահ մասի պատասխանատուների անզորության պայմաններում՝ վաշտի զինվորներ Ղեւոնդի փոքր եղբայրն ու մեկ ուրիշը, ծեծում էին ադրբեջանցիներին։ Հարկադրված էի՝ անպաշտպան մարդկանց ծեծողներին մի քանի պարզաբանում անելուն զուգընթաց, դուրս վռնդել բաժնից։ Պայմանավորված ժամին պատանդներին հանձնեցի։ Վերադառնալուն պես ինձ մոտեցան առաջինին քարշ տվող այն երկուսը եւ ասացին, որ նա չէր ուզում ասել այն, ինչ ասաց, սխալմունք էր, եւ որ երեքով ինձ շատ են հարգում։

Առավոտյան երկաթուղին սկսեց գործել։

Մեկ ամիս շարունակ Նյուվադիի ազատագրումը բարձր գնահատող մարդիկ ոչ մի հնարավորություն բաց չէին թողնում՝ ազդեցության տակ ընկնելու եւ խոչնդոտելու մեր բնականոն գործունեությանը։

Նույն օրը՝ սեպտեմբերի 11-ին, Քաջարանի երկրապահ տղաները Կապուտջուղի փեշով անցնում են Նախիջեւանի տարածք, սպանում երկու ադրբեջանցի հովիվի, թաղում ու քշում բերում ոչխարի հոտը՝ մի 1000 գլուխ։ Սեպտեմբերի 12-ի լուսաբացին Երեւան–Կապան մարդատար գնացքը պահեցին Օրդուբադի կայարանում, եւ հովիվներին ու հոտը վերադարձնելու պահանջ ներկայացրեցին։ Նրանք չգիտեին, որ հովիվները ողջ չեն։

Նույն սեպտեմբերի 11-ին Մեղրիի տարածքում անհայտ չարագործը գնդակոծել էր բեռնատար մի գնացք, եւ մի արտառոց դեպք էր տեղի ունեցել Վայքում։ Արդյոք զուգադիպությու՞ն էր՝ չգիտեմ։

Բնականաբար, սեպտեմբերի 12-ին զբաղված էի Օրդուբադում գերված ուղեւորների խնդրով, երբ զանգեց գործկոմի նախագահը եւ ասաց, որ կոմբինատի գործադուլի չաղ կազմակերպիչը՝ իր համախոհների հետ, գրավել են գործկոմը, եւ պահանջում են լուծարել Ղեւոնդի ղեկավարած կառույցը, որը բանակի սաղմն էր։ 

Ես բացատրեցի, որ, նախ, կառույցը բանակի սաղմն է, որի լուծարողը ես չեմ, ոչ էլ շրջխորհրդի գործկոմը, եւ իմ լիազորությունների շրջանակներում առաջարկեցի քրեական հետապնդում սկսելու նպատակով ապահովել երկու հայտարարություն։ Ապտակի միջադեպով՝ կոմբինատի ղեկավարության կամ տուժողի կողմից, իսկ գործկոմը գրավելու փաստով՝ գործկոմի նախագահի ստորագրությամբ։ 

Կոմբինատի ղեկավարությունը հայտարարություն ներկայացրեց, իսկ գործկոմը՝ հայտարարության փոխարեն, հաջորդ օրը ինձ հրավիրեց գործկոմի դահլիճում հավաքված բազմությանը ապտակի գործով բացատրություն տալու։ Դահլիճ մտա այն պահին, երբ ելույթ ունեցողը արտասանեց հետեւյալ վերջին նախադասությունը. «Ես առաջարկում եմ, որ ես լինեմ շրջանի միլպետը, իսկ Եղիշ Կարապետյանը` շրջանի դատախազը»։ Եղիշ Կարապետյանը այն ժամանակ 60-ամյա ճանաչված բելազի վարորդ էր։ Ելույթ ունեցողը հետագայում երկու անգամ ազատազրկվեց։ Առաջին անգամ 50 հազար դոլար խարդախությամբ յուրացնելու համար, իսկ երկրորդ անգամ` Իրանից Հայաստան նարկոտիկ ներկրելու գործով։ 

Ինչեւէ, նրա ելույթից հետո ամբիոն բարձրացա ես, որպես ՆԳ բաժնի պետ հակիրճ ներկայացրեցի տեղի ունեցածի ինձ հայտնի մանրամասները, քրեական գործի իրավական ընթացքն ու հնարավոր հեռանկարն այնքանով, որքանով հասցրել էի յուրացնել այդ մի քանի ամսում։ Տեղեկացրեցի 300-ից ավել մեր հայրենակիցների Օրդուբադում գերված լինելու մասին, հանդուրժողականության ու գերվածների խնդրով զբաղվելու հնարավորություն տալու կոչ արեցի ու իջա ամբիոնից։ Շատերը ըմբռնեցին, մի քանիսը ոռնացին, բայց դա ինձ ամենեւին հետաքրքիր չէր։  

ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Առաջին հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 12-ին։ Մեր կողմից մասնակցում էինք Ենոքը, Ղեւնդը, ես, Կապանի շրջխորհրդի ու քաղխորհրդի նախագահները, որոնք գերագույն խորհրդի պատգամավորներ էին, եւ Կապանի ոստիկանապետը։ Ադրբեջանական կողմը գլխավորում էր Նախիջեւանի ՆԳ նախարար Մահմեդով Մահմեդը։ Մենք գործի դրեցինք Նյուվադիում փորձարկված անկառավարելի զինված խմբավորումների տարբերակը։ Որ նրանց ձեռքի գործն է, որ նրանք բախվել են Կապանի ոստիկանության աշխատակիցների հետ, թողել հոտը եւ քաշվել սարերը։

Մենք պատրաստակամություն հայտնեցինք հաջորդ օրվա ընթացքում կազմակերպել ոչխարների տեղափոխումն ու հանձնումը։ Պայմանավորվեցինք՝ առավոտյան մեզ են հանձնում երեխաներին, կանանց ու ծերերին, իսկ մյուսների վերաբերյալ բանակցությունները շարունակում ենք ոչխարները հանձնելուց հետո։

Սեպտեմբերի 13-ի ցերեկվա առաջին կեսին բերեցին երեխաներին կանանց ու ծերերին։ Նրանք ակնհայտ շոյված էին ադրբեջանցիների ցուցաբերած մարդկային վերաբերմունքից եւ հիասթափված մեզանից։ Հավատացել էին, որ մենք իրենցով ընդհանրապես չենք հետաքրքրվել, անգամ հրաժարվել ենք իրենց հարցով բանակցել։

Իմացանք նաեւ, որ պատանդներին պահում են գնացքի մեջ, որ գնացքը տնօրինում են ազգային ճակատի (ԱՃ) ներկայացուցիչները։

Կապանից բերեցին ոչխարները՝ մի 200 գլուխ պակաս։ Հետագա խոսակցությունները անպտուղ էին,  բոլոր առաջարկները առանց հիմնավորման մերժվում էին, վճռականության պակաս կար։ Բանակցողներիս շուրջ պտտվում էին ինչ-որ մարդիկ, մոտենում ականջ էին դնում մեր խոսակցությանը, հեռանում, հավաքվում իրար գլխի, նորից մոտենում։ Ես ու Ենոքը իրարից անկախ նկատել էինք այս իրողությունը։ Քնարկեցինք ու քայլ կատարեցինք։ Մոտեցա ականջ դնողներից մեկին՝ Իլգար էր անունը, ու խոսելու փորձ կատարեցի։ Ես խոսում էի ռուսերեն , նա՝ ազգային լեզվով։ Կցկտուր էի հասկանում։ Իմացա, որ ԱՃ-ից են եւ առաջարկեցի բանակցել նրանց հետ։ Նա ներողություն խնդրեց եւ հեռացավ։ Նրան անմիջապես շրջապատեցին ընկերները։ Մի տաս րոպեից նրանք մոտեցան եւ ներկայացան որպես ԱՃ ղեկավարներ. Օրդուբադի գործկոմի նախագահ Ռովշանը, մեջլիսի պատգամավորներ՝ Ֆարաջն ու Իլգարը։ Նրանք ասացին, որ գնացք կանգնացնողը իրենք են եւ իրենք են պատասխանատվություն կրում պատանդների անվտանգության համար։ Մենք առաջարկեցինք մեզ ուղեկցել կայարան եւ հնարավորություն ընձեռել հանդիպել պատանդների հետ։ Նրանք տարակուսեցին, մի քիչ հապաղեցին ու համաձայնեցին հանդիպում կազմակերպել պատանդների ներկայացուցիչների հետ՝ յուրաքանչյուր վագոնից մեկ հոգու, Օրդուբադ քաղաքում՝ ինչ-որ մեկի տանը։

Այդ պահին բանակցություններին լռակյաց ներկա օրդուբադի ԿԳԲ-ի պետը ազգային լեզվով հոխորտաց, նստեց մեքենան ու շարժվեց մեզանից առաջ։

Ես ու Ենոք Անդրեասյանը ԱՃ տղաների հետ, իրենց մեքենայով մեկնեցինք Օրդուբադ։ Օրդուբադում իրարանցում էր։ Նեղլիկ երկրորդական փողոցներից կենտրոնական փողոց էին լցվում զինված ու ահաբեկված մարդիկ։ Իլգարը իջավ մեքենայից, խոսեց առաջին պատահած մի քանիսի հետ, զայրացած ինչ-որ բաներ ասաց նրանց ու վերադարձավ։ Նա ասաց, որ մեզանից առաջ եկած ԿԳԲ-ի պետը տարածել է, թե զինված հայերը գրոհում են Օրդուբադը (եթե չեմ սխալվում ԿԳԲ-ի պետի ազգանունը Ախունդով էր։ Հետագայում ինձ հետ մտերմացած Իլգարը պատմել է, որ նրան վտարել են Օրդուբադից, այնտեղ վերացրել ԿԳԲ-ն եւ տարածքը տրամադրել ԱՃ ակտիվիստներից մեկին՝ իբրեւ բնակարան)։

ԱՃ-ի ակտիվիստներից մեկի տանը հանդիպեցինք գնացքից բերված ներկայացուցիչների հետ։ Սկզբից նեղսրտած էին, կարծես հավատացել էին, որ իրենցով զբաղվող չկա։ Բայց անմիջապես ոգեւորվեցին ու միմյանց խանգարելով ասում էին. «Ես ասում էի չէ՞, որ չի կարող պատահել, որ մեր ղեկավարները մեզանով չզբաղվեն»։ Գլխավոր ներկայացուցիչը Կարճեւանցի հաղթանդամ ու բարի Բոկան էր։ Գնացքում դեռ պահվում էին 92 տղամարդ։

Սեպտեմբերի 14-ի հանդիպմանը մեր կողմից մասնակցեցին նաեւ Վազգեն Սարգսյանը, ԳԽ պատգամավորներ Դավիթ Վարդանյանն ու Ազատ Արշակյանը, փոխվարչապետ Գեւորգ Վարդանյանը։ Հանդիպումը անարդյունք էր։ Ադրբեջանական կողմը միանշանակ պնդեց, որ մինչեւ չվերադարձվեն հովիվները՝ պատանդները մնալու են։

Կոմբինատի գործադուլի կազմակերպիչները հաշվենկատորեն օգտագործեցին Վազգեն Սարգսյանի ներկայությունը, անգամ այս պայմաններում սադրելով նոր դժգոհություն։  Օդանավակայանից սահման բանակցությունների մեկնելիս, Ագարակ քաղաքի եզրին, երկու տասնյակ մարդ փակեցին ճանապարհը ու պահանջում էին Վազգեն Սարգսյանի անհապաղ հանդիպումը կոմբինատի կոլեկտիվի հետ, որին պիտի ներկայացնեին իրենց պահանջները։ Բացատրեցինք, որ կարեւոր հանդիպումից ուշանալը անթույլատրելի է ու պայմանավորվեցինք հանդիպել Ագարակի մշակույթի տանը՝ 92 պատանդի հարցով բանակցելուց հետո։ Այսքանից հետո անգամ՝ միջպետական ճանապարհի Ագարակի խաչմերուկից դուրս գալիս, ճանապարհը փակելու եւս մեկ ձախողված փորձ կատարվեց։

Սահմանային հանդիպումից հետո գնացինք մշակույթի տան բազմամարդ դահլիճ։ Ասեղ գցելու տեղ չկար։ Պահանջը մեկն էր. Ղեւոնդին հեռացնել ասպարեզից։

Խոսեցինք հավաքվածների հետ, անգամ Վազգենը խոսեց իրավական պետություն կառուցելու անհրաժեշտության մասին եւ այս կոնտեքստում խոստացավ Ղեւոնդին օրենքով պատժել։ Օդանավակայանի ճանապարհին իմ մեքենայի առջեւից գնացող մեքենան կտրուկ արգելակեց։ Իջավ գազազած Վազգենը ու նստեց իմ մեքենան։ Հարցրեցի, ասաց. «Ես ամեն մի սրիկայի հետ ճամփա չեմ գնա»։

Ղեւոնդի հասցրած ապտակի մանրամասներին չտիրապետող Ազատ Արշակյանը մեղադրել էր Վազգենին։ Ժամանակից առաջ ընկած ասել էր, որ Ղեւոնդի վաշտին դեռ գոյություն չունեցող պաշտպանության նախարարությունից մարտկոց տրամադրելու դեպքում՝ այդ միջադեպը տեղի չէր ունենա։ Վազգենը դեռ ԳԽ-ի պաշտպանության հանձնաժողովի նախագահն էր։

Մեկ շաբաթ ամեն օր ապարդյուն բանակցություններ էին։ Ադրբեջանական կողմը կանխազգալով, որ հովիվները սպանված են, ուղղակի պահանջում էին դիակները։ Մենք զգուշանում էինք իրականությունը խոստովանելու հեռանկարից։ Վերջապես մեզ հանձնեցին եւս 78 հոգու, հավանաբար հաշվարկելով, որ անիմաստ միջոցներ են վատնում։ Մնացած 14 երիտասարդներից 10-ին տեղափոխեցին ոստիկանության մեկուսարան, իսկ չորսին ազգային ճակատը տարավ անհայտ ուղությամբ։ Վերջին 14-ի համար դրված էր կատեգորիկ պայման. մինչեւ չվերադարձնենք հովիվներին` ողջ, թե մեռած, որեւէ հանդիպում տեղի չէր ունենա, եւ նաեւ՝ ուշացրած յուրաքանչյուր օր, նվազեցնում է պատանդների ողջ մնալու հավանականությունը։ Հատկապես՝ չորսինը։

Երկար քնարկելուց հետո որոշեցինք խոստովանել, որ հովիվները սպանված են ու թաղված իրենց իսկ տարածքում։ Առավելագույնը, որ մեզ առաջարկեցին բանակցությունների արդյունքում հետեւյալն էր. մենք ասում ենք դիակների տեղը, նրանք կազմակերպում են սպանված հովիվների թաղումը, որից մեկ շաբաթ անց, երբ կհանդարտվեին կրքերը, նրանք վերադարձնում էին բոլոր տասնչորսին։ Գիտակցում էինք, որ որեւէ երաշխիք չկար, ընդամենը ազնիվ խոստում է, բայց այլընտրանք չկար, ու հարկադրված էինք համաձայնել։ 

Հովիվների թաղման թափորը վերածվեց ամբոխի՝ արյան դեմ արյուն կարգախոսով։ Ադրբեջանական կողմը խոստովանեց, որ տվյալ իրավիճակում, հասարակական կարծիքի նման պայմաններում, 14-ի վերադարձը իրենց համար համարժեք է ինքնասպանության։ Բայց խոստացան ամեն ինչ անել նրանց անվտանգությունը ապահովելու համար։

Անհրաժեշտ էր փոխել հասարակական կարծիքը…

ՓՈՐՁ ԱՌԱՋԻՆ

Միտքը առաջարկեցին Կապանի ղեկավարները. Վճարել արյան գինը։

Հանդիպեցի Օրդուբադի ոստիկանապետ Ֆաիկի հետ, որը պատասխանատվություն էր ստանձնել ոստիկանությունում պահվող 10 պատանդների անվտանգության համար (Ֆաիկը չափազանց բարի ու զգայուն մարդ էր։ Նրա մայրը հայուհի էր։ Այդ մասին ասել էր կայարանապետ Ժորայի հարսը՝ Ժենյան։ Ժենյան ծագումով Նախիջեւանից էր, Ֆաիկի հետ նույն դպրոցում էին սովորել)։

Բարեւեցի ու առանց ծավալվելու փոխանցեցի Ժենյայի բարեւը։ Հետո խնդրեցի համոզել սպանված հովիվների հարազատներին` գնահատելու արյան գինը։ Ֆաիկը խոստացավ փորձել։ 

Մի քանի օր անց նա զանգահարեց ու ասաց, որ անհրաժեշտ է հանդիպել, բայց առանց փողկապավորների։ Ասացի, որ ինձ հետ կլինի մենակ Ղեւոնդը։ Կապանի ղեկավարները շատ հաճախ եւ անակնկալ գալիս էին Մեղրի, պատանդների մասին տեղեկություն ստանալու (պատանդների մի մասը Կապանից էին)։ Հաշվի առնելով այդ իրողությունը` նախ հանդիպեցի գործկոմի նախագահ Ենոք Անդրեասյանի հետ, տեղեկացրեցի նրան սպասվելիք հանդիպման մասին եւ խնդրեցի, որ հերթական անակնկալի դեպքում զսպի կապանցիների սահման գալու համառությունը։

Հանդիպումը խոստումնալից էր։ Ֆաիկը հանդես եկավ նախաբանով առ այն, որ ինքը չի ուզում կեղտոտվել, որ արյան գնի փոխատուցման գումարներին ինքը մատով անգամ չի դիպչի։ Եւ հենց այն պահին, երբ պիտի ասեր մեզ շատ հետաքրքրող գումարի չափը, որից մենք առհասարակ զուրկ էինք, մեր կողքին կանգնեցին  «Վոլգա» մակնիշի մեքենաներ եւ իջան փողկապավորները։

Ֆաիկը լռեց։ Մոտեցան։ Ենոքի ուղեկցությամբ եկածներից մեկը լրջագույն տոնով ասաց. «Ես ԳԽ պատգամավորս զգուշացնում եմ, որ ձեր արածը ապօրինություն է եւ դուք դրա համար պատասխան եք տալու»։ Ես միջամտեցի։ Կարճ ու անախորժ խոսակցություն տեղի ունեցավ։ Նրանք հեռացան։ 

Ֆաիկը ասաց, որ չնայած այն փաստին, որ այդ տարբերակը շրջանառության մեջ էր դրված, սակայն նման վերաբերմունքի պայմաններում ինքը հրաժարվում է։ 

Փորձը ձախողվեց։ Վերադարձանք։ Ենոքը պատմեց, որ ինքը ոչ մի կերպ չի կարողացել բացատրել հյուրերին, որ համառել են, եւ որ ինքը նրանց հետ եկել է գոնէ ճանապարհին համոզելու նպատակով։ Ասաց նաեւ, որ ինձանից շատ վիրավորված էին՝ «թուրքի» ներկայությամբ իրենց կշտամբելու համար։ 

Եղածը եղած էր։ Օրդուբադում հասարակական կարծիքի փոփոխության միակ անվտանգ  տարբերակը ձախողված էր:

Ստիպված էինք ընտրել հարցի լուծման վտանգավոր տարբերակը՝ պատանդ բերելը…

ՓՈՐՁ ԵՐԿՐՈՐԴ

Երկաթուղու Մեղրու հատվածի անվտանգությունը ապահովում էր Երեւանի մայրաքաղաքային գնդի մի գումարտակ։ Գումարտակի սպասարկումը իրականացվում էր ավտոմոբիլային տրանսպորտով՝ Նախիջեւանի տարածքով։

Ծրագիրը հետեւյալն էր. եթե գնդի հրամանատար Սիդորովը տրամադրեր ներքնակներով բարձած բեռնատար մեքենա, ապա նրանց մեջ թաքնված, կենտրոնի տրամադրած, հատուկ պատրաստություն անցած աշխատակիցները Երասխով կթափանցեին Նախիջեւան եւ  ճանապարհին առեւանգած ադրբեջանցիների հետ դուրս կգային Մեղրի։ Իմ խնդիրը Սիդորովին համոզելն էր։ Այդ նպատակով Երեւան մեկնելուց առաջ Ղեւոնդի հետ քնարկեցինք այն տարբերակը, թե ինչ պիտի անենք, եթե մեքենայի հարցի լուծված լինելու դեպքում վերադասը չկատարի իր իսկ տված խոստումը։ Որոշեցինք այդ դեպքում նրանց փոխարինել վաշտի ու ոստիկանության աշխատակիցներով։ 

Երեւան մեկնեցի պահածոների գործարանի տնօրեն Գրիշա Գրիգորյանի հետ, որը Սիդորովի հետ ընկերական հարաբերությունների մեջ էր։ Նրան հրավիրեցինք Զանգվի ձորում գործող եզակի սննդի օբյեկտներից մեկում ճաշելու։ Գրիշան չէր խմում, ես աննկատ գլուխ էի պահում։ Առաջին շիշը սպառվելուն պես, հարցրեցի, թե արդյոք նա կկատարի իմ խնդրանքը։ Նա պատասխանեց, որ անգամ կյանքը կտա։ Երկրորդ շշի ավարտին ձեւակերպեցի խնդրանքս։ Նա անմիջապես խոստացավ կատարել։ Ճաշի ավարտին առաջարկեցի, որ, նախ, ինձ ծանոթացնի տրամադրվելիք մեքենայի ավագի հետ, եւ իմ ներկայությամբ նրան հանձնարարի հաջորդ օրվա անելիքը։ Գնացինք զորամաս։ Եկավ բարետես մի կապիտան։ Ծանոթացրեց եւ ասաց, որ իր ամենավստահելի աշխատակիցն է։ Հանձնարարությունը ձեւակերպեց մարդասիրության տեսանկյունից՝ հանուն 14 հայ երիտասարդի փրկության։ Կապիտանը խոստացավ բարեխղճորեն կատարել հանձնարարությունը. հաջորդ օրը ժամը 16-ին, ներքնակներով բարձած մեքենայով լինել Երասխում՝ իմ տրամադրության տակ։ Վարորդին ոչինչ չէր ասվում։ Բազմոցին նստած գնդապետը մի բաժակ էլ խմեց վաղվա գործի հաջողության կենացը ու քնեց։ Ներքին մի զգացողություն ունեի, որ սթափվելուց հետո չեղարկելու է իմ ներկայությամբ տրված հանձնարարությունը։ Կապիտանին առաջարկեցի զորամասի տարածքում զբոսնելով ինձ ուղեկցել մինչեւ անցակետ։ Քայլեցինք։ Ես էլ իմ հերթին բացատրեցի ստացած հանձնարարության կարեւորությունը եւ հատկապես բացատրեցի, որ իր անելիքը սխրանք է, եւ որ եզակի մարդկանց է վիճակված սխրանք գործել։ Նա այս մտքից շատ ոգեւորված էր։ Հետո ասացի, որ այդ սխրանքի համար ինքը Մեղրիում կպարգեւատրվի աշխատավարձի կրկնապատիկի չափով։ Նա այնքան ոգեվորված էր իր առաքելությունից, որ խոստացավ հանձնարարության չեղարկման դեպքում անգամ օժանդակել մեզ։ Պայմանավորվեցինք հանդիպել ժամը 11-ին՝ զորամասի դարպասներից դուրս։ Անցակետի մոտ հրաժեշտ տվեցինք միմյանց։ Նա գնաց կազմակերպելու հրամանատարի հանձնարարած մեքենան ներքնակներ բարձելու գործը, իսկ ես գնացի ՆԳ նախարարություն, զեկուցելու գործի խոստումնալից ընթացքի մասին։

Խոստացան, որ զորամասից մեքենայի դուրս գալու դեպքում, գործողություն իրականացնող խումբը ժամը 1700-ին կլինի Երասխում։ 

Գիշերը Ղեւոնդի հետ պայմանավորվեցի, որ առավոտյան ժամը 11-ից, կազմը պատրաստ ՆԳ Մեղրու բաժնում սպասում են իմ զանգին ։  

Ժամը 11-ին՝ Գրիշայի հետ, կանգնած էինք զորամասի դարպասների դիմաց։ Ճիշտ նույն ժամին Ուրալ մակնիշի մեքենան մոտեցավ դարպասներին, որոնք կիսատ բացվեցին ու անմիջապես փակվեցին։ Մեքենան ետ գնաց։ Հետո եկավ կապիտանը եւ ասաց, որ Սիդորովը արգելել է տվյալ համարներով մեքենայի ելքը զորամասի տարածքից։ Ես դառնացա՝ ասելով, որ սթափ Սիդորովի հետ անիմաստ է խոսել։ Կապիտանը անակնկալ մատուցեց՝ ասելով, որ ինքը ինչ-որ բան է մտածել ու ներս գնաց։ Քիչ անց դուրս եկավ նույն մեքենայով, բայց փոխված համարներով։ Ես խնդրեցի նրան դանդաղ ուղեւորվել դեպի Երասխ ու սպասել, եւ շտապեցի ՆԳՆ։ 

Մերժեցին։ Հիմնավորեցին, որ հատուկ նշանակության ջոկատը հրաժարվում է, քանի որ չեն կարող վստահել մի ծրագրի, որը իրենք չեն նախապատրաստել։ Եթե նախապես հաշվարկած չլինեինք այս ընթացքը, գուցե եւ հիասթափությունս ավելի մեծ լիներ։ Տեղում զանգեցի Ղեւոնդին եւ հրահանգեցի ամբողջ կազմով, անհապաղ ու հնարավորինս արագ հասնել Երասխ։ Տղաներին դիմավորեցինք կապիտանի հետ։ 

Պատասխանատվության բեռը ծանրանում էր հոգուս վրա։ Մտածեցի՝ ավելի ճիշտ է անձամբ գնալ։ Ղեւոնդը առարկեց, պնդեց, որ ինքը կգնա։ Հերթով բարձրացան մեքենա եւ անհետացան թափքի ներքնակների ծալքերում։ Ղեւոնդ Հովհաննիսյանը, Սուրիկ Հայրապետյանը եւ Բուլդոկ Վարդանը՝ վաշտից, իսկ Հրաչ Մարգարյանն ու Նավասարդ Օհանջանյանը՝ ոստիկանության Մեղրու բաժնից։ Մեքենան շարժվեց։ Ես տղաների եկած Վիլիսի ղեկին` լիցքավորված ինքնաձիգը ծնկներիս ուղեկցեցի նրանց մինչեւ հայկական անցումային կետ։ Կանգնել էի հարմար դիրքով, մեքենայի դուռը բաց, մի ոտքս մեքենայի ներսում մեկը դրսում, մատս ավտոմատի ձգանին, ավտոմատը մեքենայի մեջ պահած։ Մեքենան առանց զննության անցավ միմյանցից 50 մետր հեռավորությամբ տեղակայված անտեղյակ հայկական ու միջանկյալ ռուսական անցակետերով ու կանգ առավ ադրբեջանականի փակ ուղեփակոցի առաջ։ Ադրբեջանցի սահմանապահներից մեկը մոտեցավ կապիտանին, իսկ մյուսը` թափքին։ Վերջինս ոտքը դրեց թափք բարձրանալու համար նախատեսված շղթային, կանգնեց նրա վրա եւ գլուխը խոթեց թափքից ներս։ Շունչս պահած, կրակելու պատրաստ սպասում եմ։ Թվաց, թե կասկածում է, թվաց, թե շատ երկար զննեց, բայց չէ՝ իջավ ու բացեց ուղեփակոցը։

Մեքենայի ղեկին ամբողջ թափով շտապում եմ Մեղրի։ Ամբողջ ընթացքում մի բան եմ փափագում՝ տղաները փորձության չենթարկվեն եւ ափսոսում էի, որ ինքս չգնացի. այդպես պատասխանատվությունը փոքր կլիներ…

Մեղրիի լեռնանցքից ռադիոկապով միացա բաժնի հերթապահին։

-Ի՞նչ կա, – հարցնում եմ։

-Վատ է, – պատասխանում է։

-Սիրտս կտոր – կտոր է լինում, հազար ու մի բան եմ մտածում մի ակնթարթում։

-Ի՞նչ է եղել,- հարցնում եմ։

-Տղաները անցել են սահմանը, դեռ բաժին չեն հասել, բայց պատանդ չեն բերել,- պատասխանում է։ Սիրտս տեղն ընկավ։ Անչափ ուրախ էի, որ տղաները ողջ ու առողջ վերադարձել էին, ոչինչ, որ ձեռնունայն… 

Իմ աշխատասենյակում թեթեւ նշեցինք տղաների վերադարձը։ Նախիջեւանը կտրած-անցածները բարդույթավորված էին, որ առաջադրանքը կատարել չէր հաջողվել, իսկ կապիտանըմթագնել էր։ Ինչ որ պահի վերջինիս հրավիրեցի հանգստյան սենյակ եւ առաջարկեցի վերցնել խոստացածս պարգեւավճարը։ Հրաժարվեց։ Ասաց` նախ հանձնարարությունը չենք կատարել, եւ երկրորդ, եթե ես վերցնեմ գումարը, կդառնամ վարձու հանձնարարություն կատարող, մինչդեռ ես ուզում եմ համարվել ձեզանից մեկը։    

ՓՈՐՁ ԵՐՐՈՐԴ

Տղաները մոլորված էին, մեղքի զգացում ունեին՝ նման հնարավորությունը ռացիոնալ չօգտագործելու համար։ Պնդում էին, որ անհրաժեշտ է կրկնել եւ որ հենց իրենք պիտի լինեն պատանդ բերողը։ Սիդորովի տարբերակը բացառված էր։ Սակայն նա ուներ Մեղրիում տեղակայված գումարտակ, որի հրամանատարը ծնունդով Ղարաբաղցի հայ տղա էր։ Վագիֆ էր անունը։ Մայոր Վագիֆը չափազանց զգուշավոր մարդ էր եւ խուսափում էր տեղացիների հետ շփումներից։ Հանդիպեցի նրան եւ առաջարկեցի օգնել։ Սարսափահար մերժեց։ Ստիպված էի բացատրել, որ իր ծառայակից որոշ ռուսներ իրենից ավելի հայ են։ Համաձայնեց։ Ինքն անձամբ կլիներ մեքենայի ավագը։

Պահածոների գործարանում նրան տրամադրած մեքենայի թափքում պատրաստեցինք զրահապատ խուց, որի մեջ պետք է տեղավորվեին տղաները։ Խուցը ծածկվում էր դեղձով լի արկղերով, եւ սահմանը հատելիս տպավորություն կթողներ, թե Մեղրիից միրգ են տանում Երեւան՝ զորամասի կարիքների համար։ Մեկնելուց անմիջապես առաջ Բուլդոկ Վարդանը հրաժարվեց, պատճառաբանելով, որ Ղեւոնդը իրեն թույլ չի տվել Նյուվադիից խաղող բերել։ Նրան փոխարինեց Վալերիկ Համբարձումյանը (Շարոն)։ Պետք էր շարժվել այն հաշվով, որ Օրդուբադի տարածքում գործունեություն ծավալեին մթության քողի տակ։ Տեղավորվեցին ու մեքենան շարժվեց։ Նրանց զուգահեռ շարժվեց ադրբեջանցիների անցակետով անցնելու ու վերադառնալու ժամանակ տղաների անվտանգությունը ապահովող խումբը, որը պետք է դիրքավորվեր անցակետի մատույցներում եւ բացահայտվելու դեպքում չեզոքացներ վտանգը։ Այդպես արվել էր նաեւ նախորդ անգամ։ Վագիֆը, Ղեւոնդը ու ես կապի մեջ էինք։ Նախ հայտնեցին, որ խցի մի հանգույց թերի է եռակցված եւ վտանգավոր է։ Կանգնեցինք, մեքենան բեռնաթափեցինք, ճամփեզրից գտած երկաթե լարերով կապկպեցինք, միրգը բարձեցինք ու նորից շարժվեցինք։ Տասը րոպե անց նորից տագնապ էր, հիմա էլ արկղերից դեղձի հյութ էր կաթում տղաների վրա։ Նորից կանգնեցինք ու բեռնաթափեցինք, արկղերի տակ ծածկոցներ փռեցինք, նորից բարձեցինք։ Մեքենան հասավ սահմանային անցակետ ու անմիջապս վերադարձավ։ Ճանապարհը փակել էին ծանր բետոնե խորանարդներով, բաց չթողեցին։ Նոր որոշում էին կայացրել. անցակետում մշտապես կանգնեցրել էին վերամբարձ կռունկ, որի միջոցով առավոտները բացում էին ճանապարհը, իսկ երեկոյան ժամը 10-ին  փակում։ 

Այս տարբերակը այլեւս վտանգավոր էր կիրառելը՝ շատերն էին տեղյակ։

ՓՈՐՁ ՉՈՐՐՈՐԴ

Օրդուբադում ԱՃ փաստացի իշխանությամբ պայմանավորված` ընդգծված հակառուսական տրամադրություններ էին։ Մեղրիի սահմանապահ զորամասի հինգ ուղեկալներ գտնվում էին Նախիջեւանի տարածքում։ Այդ ուղեկալները Մեղրիի զորամասին ենթարկվում էին Օրդուբադում տեղակայված պարետության միջոցով։ Պարետը Կոստին ազգանունով մայոր էր։ Օրդուբադցիք պարետատան աշխատողներին վռնդել էին, բայց բնակավայրերից հեռու ուղեկալները դեռ պահպանվում էին։ Կոստինը շարունակում էր իպաշտոնե մնալ պարետ, բայց այլեւս  Մեղրիի զորամասում ապրելով` գնում- գալիս էր ուղեկալներ։ Կոստինի կինը՝ Նելին, համարձակ մի գեղեցկուհի էր, որը պարբերաբար քնադատում էր զորամասի ղեկավարությանը ամուսնուն միայնակ ու անպաշտպան թողնելու համար։ Միաժամանակ ատելությամբ էր լցված ադրբեջանցիների նկատմամբ։

Հրավիրեցի Նելիին, բացատրեցի իրավիճակը, եւ խնդրեցի օգնել` խոստանալով շռայլ պարգեւատրություն։ Անմիջապես համաձայնեց՝ չկարեւորելով գումարը։ Միասին մտածեցինք սցենարը. դեռեւս պարետ ամուսնու հետ մեկնում են Օրդուբադ եւ նստում որեւէ խորովածանոցում։ Հարբած ձեւացող ամուսնու ներկայությամբ մոտ է թողնում իր գեղեցկությամբ տարված տղամարդու, եւ պատճառաբանելով ամուսնու ներկայությունը, առաջարկում հետագա հանդիպման հետեւյալ տարբերակը։ Իբրեւ ամուսինը՝ հաջորդ օրը, գործի բերումով, առավոտից երեկո լինելու է Մեղրիի սահմանակից ուղեկալում, որի հրամանատարի գեղեցկուհի կինը իր ընկերուհին է։ Այնպես որ հնարավոր է հանդիպել հաջորդ օրը, ուղեկալի մոտակա աղբյուրի մոտ, ծառերի մեջ, խորովածի շուրջ։ Ինքը կհրավիրի ընկերուհուն, իսկ նա ընկերոջը։

Առաջարկեցի հրավիրել ամուսնուն եւ խնդրել նրա աջակցությունը։ Ասաց. «Համարեք, որ նա արդեն տվել է իր համաձայնությունը»։ Օրդուբադում ծախսելու համար Նելիին տվեցի անհրաժեշտ գումար ու ճանապարհեցի։

Հաջողության դեպքում, մենք տեղանքին քաջածանոթ հորս ուղեկցությամբ, Ծիրանի ձորից, լեռնային արահետով անցնում ու դարանակալում էինք աղբյուրի շրջակայքում։ 

Հաջորդ օրը երեկոյան Նելին ամուսնու հետ եկավ ու տեղեկացրեց, որ պայմանավորվել են հաջորդ օրը ժամը 2-ին համնդիպել աղբյուրի մոտ։ Ասաց նաեւ, որ իրենց ուշ վերադառնալու պատճառով երկու զավակները մանկապարտեզից հետո անտեր են մնացել։ Պայմանավորվեցինք, որ առավոտյան երեխաներին ինձ հանձնելուց հետո են մեկնում։ 

Առավոտյան բերեց որդիներին։ Անմիջապես ուղարկեցի մեր տուն։ Նրանց ճանապարհելուց հետո նախապատրաստվեցինք եւ արդեն ուզում էինք մեկնել Ծիրանի ձոր, ներս մտավ Նելին։ Ասաց, որ ադրբեջանցիք սահմանային անցակետում բետոնե ծանր խորանարդները առավոտից չեն հանել, ճանապարհը չեն բացում։ Նելին չէր ստում, մի քանի օր այն փակ մնաց։ Ռուսների հետ ծանր բանակցություններից հետո, նորից ցերեկները սկսեցին բացել ճանապարհը։ Նելիի ավագ որդին մեր տանն իրեն շան ազատ էր զգացել, որը դուր չէր եկել երկամյա որդուս։ Տեւական ժամանակ բողոքում էր. «Էն Դենիսը եկավ, մեր հոնը կերավ»։ Մայոր Կոստինին ռուսները ազատեցին աշխատանքից։ Նրան ընդունեցինք Ղեւոնդի վաշտ ծառայության։ Նրա փորձը բավականին օգտակար եղավ մերոնց համար։ Նա բարեխղճորեն ծառայեց մինչեւ զինադադար, մասնակցելով Հորադիզի մարտերին։

ՀԱՋՈՂՎԱԾ ՓՈՐՁ 

Շուրջ երկու շաբաթ պատանդ բերելու որոնումների մեջ էինք, սակայն արդյունք չկար։ Ադրբեջանցիները շարունակում էին պնդել, որ հասարակական կարծիքը բարենպաստ չէ, որ «արյան դեմ արյուն» կարգախոսը մասսայական բնույթ է կրում, եւ որ այդ պայմաններում, 14 հայ պատանդներին վերադարձնելու մասին շշուկ լինելու դեպքում անգամ, իրենք իզորու չեն լինի ապահովել նրանց անվտանգությունը։ Միակ լուծումը մնում էր պատանդ վերցնելով՝ Օրդուբադում հասարակական տրամադրությունների դրական փոփոխությանը նպաստելը։

Գտանք մի նոր տարբերակ։ Սահմանագծին` Գողթանասարի կատարին, շուրջ 3200 մետր բարձրության վրա տեղակայված էր ԽՍՀՄ հակաօդային պաշտպանության կարեւորագույն ռադիոլոկացիոն հենակետերից մեկը։ Այստեղից վերահսկվում էր օդային օբյեկտների շարժը` Միջին Արեւելքում։ Վարչական ենթակայության առումով՝ հենակետը, Հայաստանի տարածքում էր։ Սակայն, նրան սպասարկող բարդ լեռնային ճանապարհը կառուցված էր Նախիջեւանի կողմից, հետեւաբար մատչելի էր նրանց համար։ Ճանապարհը տարվա մեջ գործում էր վեց ամիս։ Այդ ընթացքում ամենագնաց մեքենաներով սննդի ու վառելիքի ձմեռային պաշար էին կուտակում։ Առաջին ձյունի հետ ճանապարհը անանցանելի էր դառնում։ Հենակետի շինությունները, կացարաններն ու պահեստները ստորգետնյա էին։ Վերգետնյա էին պտտվոող ու ճոճվող հսկա ռադիոլոկատորները, որոնցից ամենավերջինն ու խոշորը տեղակայված էր սպիտակ ու երկնաքեր գմբեթի տակ։ Ընդհանուր ցանցից սնվող էլեկտրական սնուցում գոյություն չուներ։ Էլեկտրականությունը ստանում էին տեղում՝ ստորգետնյա շինություններում տեղադրված տասնյակ գեներատորների միջոցով։ Նման մի հենակետ էլ գործում էր Նախիջեւանի ու Եղեգնաձորի սահմանային բարձունքներից մեկի վրա, իսկ հենակետերի կառավարումը իրականացվում էր Նախիջեւանի Կիվրաղ բնակավայրում տեղակայված ՀՕՊ զորամասից։ Հենակետում մշտապես մնացող զինվորական սպասարկող կազմը փոքրաթիվ էր։ Նրանց հետ հարաբերություն հաստատած մի քանի որսորդներ՝ քարայծներ որսալու նպատակով աշնանը բարձանում էին այնտեղ ու անհրաժեշտությունից ելնելով գիշերում նրանց մոտ։ Հետները տանում էին միրգ ու օղի, որի համար՝ աշխարհից տարվա կեսը մեկուսացած այդ մարդիկ, շատ շնորհակալ էին լինում։ Այդ որսորդներից էին Սարգիս Քառյանն ու Մայիս Բոլյանը։ Նրանց առաջարկեցինք օժանդակել իրագործելու հետաքրքիր մի ծրագիր. սովորականի նման բարձրանում են Գողթանասար, օղի ու միրգ են նվիրում, հայտնաբերում են ամենաաչքաբաց զինվորին, ֆինանսավորում են եւ առավոտյան ճանապարհում Օրդուբադ։ Վերջինս փոստից զանգում է տուն ու խոսում հարազատների հետ, գնում է խորովածանոց ու սնվում, շփվում է մարդկանց հետ եւ առաջարկում՝ վճարի դիմաց, իրեն մեքենայով Գողթանասար բարձրացնել։ Խոստանում է նաեւ տեղ հասնելուն պես, որպես լրավճար տալ կարտոֆիլ, ալյուր, շաքար, կարագ, պահածո՝ ինչ կցանկանան, միայն թե իրեն հենակետ բարձրացնեին։ Առաջարկում է նաեւ Գողթանասարից միայնակ չվերադառնալու համար, ընկերներ վերցնել։

Որսորդները զինվորին Օրդուբադ ճանապարհելուն  պես՝ ռադիոկապով տեղյակ էին պահում մեզ, մենք էլ բարձրանում էինք ու մի հարմար տեղ դարանակալում… 

Հոկտեմբերի 10-ի լուսաբացին նրանք գնացին։ Հաջորդ առավոտ տեղեկացրեցին, որ ամեն ինչ կարգին է։ Տղաների մի խումբ ուղարկեցինք անմիջապես։ Ես, Ղեւոնդը ու Սուրիկ Հայրապետյանը մեկնեցինք ավելի ուշ։ Վիլիսով Վարհավարի սարով գնացինք մինչեւ ճանապարհի վերջին կետը՝ «Չխուռ յաթաղ»։ Մինչեւ լեռնանցքի սահմանագիծ, որի հակառակ կողմով անցնում էր հենակետը սպասարկող ավտոճանապարհը, պետք է քայլեինք։ Տղաներին պայմանավորված ժամին հանդիպելու համար անհրաժեշտ էր տեմպով քայլել։ Նախ պետք է գտնեինք այն արահետը, որով հավատացյալ ադրբեջանցիները ոտաբոբիկ ուխտի էին գալիս «Փիր»։ Սկիզբը՝ մինչեւ արահետին հասնելը, կտրուկ վերելք էր։ Ղեւոնդը դանդաղում էր. մի կողմից թթվածնի քաղցը, մյուս կողմից ծնկների ցավը խանգարում էին արագ քայլել։ Նրա արագությամբ գնալու դեպքում կարող էինք ուշանալ ու ձախողել ծրագիրը։ Հազիվ համոզեցինք վերադանալ ու սպասել մեքենայի մոտ, իսկ մենք շարունակեցինք ճանապարհը արագ քայլով։ Միացանք տղաներին ու միասին դարանակալեցինք բլրակի վրա, որի ստորոտով անցնում էր ճանապարհը։ 

Մեքենայի ձայն լսվեց։ ժայռերի արանքով, մեծ թեքությամբ ցած գալարվող նեղլիկ ճանապարհի երեւացող վերջնամասում բանակային «Ուրալ» նշմարվեց։ Լույս օրն ավարտվում էր։ Օրվա հանգչող արեւի գծած լույսի ու ստվերի բաժանարար գիծը մեքենայի հետ բարձրանում էր լանջն ի վեր։ Նրանք միաժամանակ անցան մեր կողքով։ Թափքում մարդ կար։ Մայիսն ու Սարգիսը ճանաչեցին՝ աչքաբաց զինվորն էր։ Երբ հաջորդ ոլորանում մեքենան շրջվեց ետնամասով դեպի մեզ, տղաները ձեքի շարժումով զինվորին մեզ միանալու հրահանգ տվեցին։ Զինվորը անմիջապես ընթացքից ցատկեց` գլորվելով հայտնվեց ստվերում։ Հետո կանգնեց ու փոշոտ շորերը թափ տալով վազեւազ միացավ մեզ։ Հարբած էր։ Ասաց, թե որեւէ մեկը, որեւէ պայմանով չհամաձայնեց իրեն մեքենայով բերել։ Լռություն տիրեց՝ էլի՞ ձախողել էինք։

Անմիջապես նոր միտք ծնվեց։

-Մեքենան վերադանալու՞ է, թե՞ մնալու է հենակետում, – հարցրեցինք զինվորին։

-Բարձած կարտոֆիլը անմիջապես դատարկելու ու վերադառնալու է, – պատասխանեց։

-Մնու՛մ ես մեզ հետ։

«Ուրալով» գնում ենք պատանդ բերելու՝ որոշված էր։ Հանկարծ նկատեցինք կարտոֆիլ բերող երկրորդ մեքենան։ Միաժամանակ սկսեց իջնել կարտոֆիլից դատարկված առաջինը։  Լույսին փոխարինած ստվերը դանդաղ խտանում էր։ Ցրտում էր։ Թեթեւ էինք հագնված. գետնին կպած, դողալու աստիճան մրսելով սպասում էինք, թե որտեղ կհանդիպեն մեքենաները։ Բարեբախտություն էր՝ հանդիպեցին մեզանից բարձր, կանգնեցին, մի քանի բառ փոխանակեցին ու շարժվեցին։ Մեկից կտրեցինք ճանապարհը ու անձնակազմին հրահանգեցինք իջնել։ Վարորդը պապանձվել էր։ Մեքենայի ավագը՝ էստոնացի ռուս կապիտանը, փորձեց հակադրվել։ Քառյան Սարգիսը նրա վրա պարզեց լիցքավորած ավտոմատը ու սկսեց գոռալ։ Միջամտեցի, հորդորելով զերծ մնալ ինքնագործունեությունից ու բռնությունից, ապա թեւանցուկ անելով կապիտանին՝ քաշեցի կողք, եւ բացատրեցի, որ իրեն եւ վարորդին որեւէ վտանգ չի սպառնում, ընդամենը հարկավոր է, որ նրանք երկու երեք ժամով մեզ զիջեն մեքենան, եւ մինչեւ մեր վերադարձը՝ տղաների մի մասի հետ, մնան տեղում, եւ լինեն նրանց պատվավոր հյուրը։ Կապիտանը սկսեց խնդրել, ասելով որ նոր է վերադարձել նպատակային արձակուրդից, որի ընթացքում հազիվ է համոզել կնոջը եւ հետը բերել զորամաս։ 

-Դու, այսօր, կնոջդ խոստացած ժամին տանը չես լինի՝ դա ակնհայտ է, բայց տուն հասնելուն պես՝ նրան կտաս մեկ ամսվա աշխատավարձիդ չափով լրացուցիչ գումար, եւ կփարատես նեղացածությունը, – եզրափակեցի։

Բոլոր տղաներն էին ուզում «Ուրալով» գնալ։ Իսկ այնտեղ անորոշությունն էր. հաջողության դեպքում սխրանքը, ձախողվելու դեպքում՝ մահը կամ գերությունը։

Իմ որոշումով, Սուրիկ Հայրապետյանի գլխավորությամբ, մնացին իրենց հանձնարարությունը կատարած որսորդները, Ալիկ Ծատրյանը եւ Աբո Ղուկասյանը։ Նրանց խնդիրն էր հյուրասիրել ու հսկել կապիտանին ու վարորդին եւ կանխել երկրորդ մեքենայի վերադարձը՝ մեզ չխանգարելու նպատակով։

 Իմ գլխավորությամբ մեկնում էին՝ Վալերիկ Համբարձումյանը (Շարո), Ատոմ Հովհաննիսյանը, Հովսեփ Մարտիրոսյանը, Դանիել Պապյանը եւ աչքաբաց զինվորը։

Մոտակա Գանձակ գյուղը մեկ ժամվա հեռավորության վրա էր։ Շարոն հրաշալի էր վարում մեքենան՝ կածանից քիչ տարբերվող այդ ճանապարհով։ Ճանապարհը հազիվ էինք կիսել, մթնեց։ Մթության մեջ նկատեցինք մեր ետեւից եկող երկրորդ մեքենայի լույսերը։ Տղաները չէին կանխել նրա վերադարձը։ Շտապեցինք։ Հասանք գյուղ, շեղվեցինք հիմնական ճանապարհից ու մտանք գյուղի կենտրոն։ Իջանք մեքենայից։ Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձանի մոտ էինք։ Հուշաղբյուր ու նստարան կար։ Լվացվեցինք, ջուր խմեցինք, նստեցինք ծխելու՝ մինչեւ կանցներ մեր ետեւից եկող մեքենան։ Գյուղում լություն էր եւ անցուդարձ չէր նկատվում։ Մեքենայի անցնելուց հետո՝ աղմուկից զերծ մնալու նպատակով, դուրս եկանք գյուղից եւ փակեցինք շրջկենտրոն տանող ճանապարհը։ Մտածում էինք վերցնել առաջին պատահած մեքենայի ողջ կազմը։ Սպասեցինք կես ժամից ավել՝ մեքենա չեկավ։ 

Քնարկեցինք համարձակ մի տարբերակ. Սպասում ենք միչեւ կեսգիշեր, որ բոլորը քնեն, գնում ենք Օրդուբադ, գտնում ոստիկանությունը, գերում հերթապահ ոստիկաններին ու ձերբակալվածներին, ազատում այնտեղ պահվող 10 հայ պատանդներին եւ վերադառնում Մեղրի՝ Արաքսի ափով, ըստ անհրաժեշտության գերի վերցնելով սահմանային անցակետի զինվորներին եւս։ Վալերիկ Համբարձումյանը հիմնավորեց, որ այդ նպատակի համար մեքենայում եղած վառելիքը չի բավարարի։ 

Վերադարձանք գյուղ եւ ընտրեցինք մի տուն, որը ճանապարհի մոտ էր, քիչ թե շատ շքեղ, համեմատաբար մեկուսի եւ դիմացին կանգնած գրեթե նոր «Վիլիս» մեքենան հուշում էր, որ տանտերը ունեւոր է։ Կանգնեցինք ճանապարհի վրա՝ տնից մոտ 50 մետր հեռավորությամբ։   Գործի դրեցինք աչքաբաց ռուս զինվորին, որը խումհարի մեջ էր եւ անընդհատ օղի էր պահանջում։ Ձեւակերպեցինք ասելիքը եւ ուղարկեցինք։

-Զորամասից կարտոֆիլ ենք բերել ու վաճառում ենք կիլոգրամը 50 կոպեկով (կարտոֆիլի գինը երկու ռուբլի էր), – առաջարկել էր։

-Մենք կարտոֆիլ ունենք, բայց հիմա հարեւաններին կտեղեկացնեմ, – պատասխանել էր։

-Հազիվ էր զինվորը մեզ փոխանցել պատասխանը, երբ բացվեց տան դարբասը ու մեր ուղությամբ քայլեց միջահասակ ու հսկա մի տղամամարդ, հասակը մոտ 190 սմ, քաշը՝ 120 կգ։ Դեռ չէր հասել մեզ՝ դարբասը կրկին բացվեց։ Կինն էր, հարեւաններին ձայն տալով քայլում էր ամուսնու ետեւից։

Տղաներին հրահանգեցի մի քանի քայլ ետ կանգնել։ Մոտեցավ. թեւի տակ պարկ կար։ 

-Կարտոֆիլ եք ուզու՞մ, ձեր բախտը բերեց, առաջինն եք, բարձրացեք ու ջոկեք, – ասացի, վերցրեցի թեւատակի պարկը ու նետեցի թափքի մեջ։

Ոտքը դրեց մեքենայի ետեւի անիվին, ձեռքը տարավ դեպի թափքի վերին եզրը, բայց դեռ չկարչած, զգուշացավ, հետ քաշվեց ու փորձեց հեռանալ։

-Ու՞ր, – հարցրեցի։

-Գնամ հարեւանիս կանչեմ, – դողացող ձայնով ստեց ու փորձեց քայլել կնոջն ընդառաջ։

-Կանգնի՛ր բան եմ ասում, – մոտեցա եւ բռունցքով, ուժգին ու հանկարծակի հարվածեցի կրծքավանդակի ստորին հատվածին։

Հսկան տապալվեց, գլորվեց ու ընկավ ճամփեզրի փոսորակը։ Կինը, որ արդեն մոտ էր եւ տեսավ այս ամենը, վայնասուն բարձացրեց՝ գյուղը իրար խառնեց։ Բոլորով մեկից վրա հասնք  վախից թուլացած, շնչակտուր ու կարծես կրկնակի ծանրացած հսկային, հազիվ բարձրացրեցինք ու տեղավորեցինք թափքում եւ հմուտ վարորդը ամբողջ թափով մեքենան տարավ սարն իվեր։ Մեր ուղղությամբ սկսեցին կրակել, բայց համոզված էինք, որ վախեցնելու նպատակ էին հետապնդում։ 

Հասանք տղաներին։ Մեծ ոգեւորություն էր։ Ամենաշատը ոգեւորվել էր գինովցած ռուս կապիտանը։ Մի կողմ քաշեցի, խոստացած գումարը հազիվ համոզելով գրպանը խոթեցի, բացատրեցի իրենց սպասվող վտանգի մասին ու խորհուրդ տվեցի չվերադառնալ զորամաս։ Աաջարկեցի, վերադառնալ ու գիշերել Գողթանասարի հենակետում։ Տաք էր գլուխը, կտրուկ մերժեց՝ հայհոյելով ադրբեջանցիներին։ Նրանցով զբաղվելու ժամանակ չունեինք, ուր որ էր լեռնանցք կհասնեին մեզ հետապնդողները, իսկ մեզ ամենեւին պետք չէր բախում։

Ճանապարհ ընկանք։ Մեզ համար հեշտ էր՝ տուն էինք գնում։ Ադրբեջանցի հսկայի ոտքերը երերում էին, ծնկներից` ծալվում։ Շալակել հնարավոր չէր՝ ուղորդում էինք, օգնում էինք ձեռքից քաշելով, հրելով, խնդրում էինք, համոզում։ Անունը Սալեխ էր, Սալեխ դայի էինք ասում։ Բացատրում էինք, թե ինչ նպատակով ենք իրեն տանում, որ նրան ոչ մի վտանգ չի սպառնում, որ ինքը՝ առաջիկա մի քանի օրերին, լինելու է մեզ համար ամենակարեւոր ու արժեքավոր մարդը։ Անհույս էր, ոտքերը քարշ տալով հազիվ էր փոխում ու անընդհատ մղկտում։ Այդպես դանդաղ քայլում էինք դեպի մեքենաներ։ Դեռ ճանապարհի կեսը չէինք անցել, երբ ռադիոկապով փոխանցեցին, որ Օրդուբադի ոստիկանապետ Ֆաիկը երկաթուղու կապով ուզում է խոսել հետս։ Հանձնարարեցի փոխանցել, որ ես վերադառնում եմ Երեւանից, տեղ կհասնեմ մի քանի ժամից եւ եթե հրատապ է՝ հասնելուն պես կկապվեպ։ Մեղրու կայարանապետ Ժորա Հայրապետյանի միջոցով կրկին փոխանցեցին, որ ես ոչ մի Երեւան էլ չեմ գնացել, այլ Գանձակ եմ գնացել եւ, որ մեր արածը շատ վատ հետեւանքներ է ունենալու։ Տաքգլուխ կապիտանին բռնել էին։ Նրան հյուրասիրողները հավանաբար շատ էին անկեղծացել, սա էլ իր հերթին պատմել էր իր իմացածը։ Հասանք մեքենաներին, ուր կրակի մոտ նստած սպասում էր Ղեւոնդը։ Նա անկեղծորեն գրկեց Սալեխ դայիին ինչպես հարազատ քեռուն։ Հասանք Գուդեմնիս ու Վարհավար գյուղերի միջակայքում գտնվող աղբյուրին, ուր սեղան ու նստարաններ կային։ Բացի կապիտանին հյուրասիրողներից, մյուսներս շատ քաղցած էինք։ Նստեցինք։ Ղեւոնդը Սալեխ դայիին օղի լցրեց։ Սա փորձեց հրաժարվել, չստացվեց։ Երկու բաժակ խմեց, լեզուն բացվեց ու ասաց. «Ես արդեն համոզվեցի, որ ինձ վտանգ չի սպառնում, իսկ ինձ ընտրելով` ձեր բախտը բերել է։ Ես վեց աղջիկ ունեմ, վեցն էլ ամուսնացած են, փեսաներս էլ ճանաչված ու հարգված մարդիկ են։ Կտեսնեք, թե ինչ են բերելու այդ ազգային ճակատի գլխին»։ Հասանք Մեղրի։ Ոստիկանության ու վաշտի ամբողջ կազմը հավաքված սպասում էին։ Սալեխ դայիին տեղավորեցինք ամենաանվտանգ հյուրանոցում՝ ոստիկանության մեկուսարանում ու գնացինք հանգստանալու։

Քայլ կատարելու հերթը ադրբեջանական կողմինն էր, համբերությամբ սպասում էինք։ Հոկտեմբերի 16-ին Հայստանում նախագահական աաջին ընտրություններն էին։ Առավոտյան քվեարկեցի ու մեկնեցի աշխատատեղ։ Քիչ հետո զանգեց կայարանապետը ու փոխանցեց, որ Նախիջեւանի ԱՃ լիդեր ու Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Ֆարաջը ուզում է հեռախոսով խոսել ինձ հետ մեկ ժամից։ Մեկնեցի կայարան ու սպասեցի կայարանապետի հետ՝ նրա աշխատասենյակում։ Ֆարաջը զանգեց ու առաջարկեց Սալեխ դայիին փոխանակել 14 պատանդներից 4-ի հետ։ Հավանաբար այն չորսի, որոնց մեզ անհայտ վայրում պահում էր ԱՃ-ն։ Պատասխանեցի անմիջապես ու վերջնական.

-Մեզ համար ընդունելի փոխանակման սկզբունքը միակն է՝ բոլորին բոլորի հետ։ Եթե դուք առաջարկում եք մեկ հոգուն փոխանակել չորսի հետ, ապա համբերեք, կբերենք եւս երեք հոգու, եւ հետո միայն կփոխանակենք բոլորին բոլորի հետ, երկու հոգի էլ պարտք կմնաք, – ավարտելուն պես դրեցի լսափողը, բայց մնացի կայարանում։

Կես ժամ չանցած կրկին զանգեց Ֆարաջը ու ասաց. «Համաձայն ենք, ժամը 1300-ի փոխանակենք Սալեխին բոլոր տասչորսի հետ»։ 

Սալեխ դային ճիշտ էր գուշակել։ Փոխանակման ժամանակ Օրդուբադի ոստկանապետ Ֆաիկը ասաց, որ հասարակական տրամադրությունների շրջադարձ տեղի ունեցավ։ Մարդիկ համատարած պախարակելով ԱՃ-ն` ասում էին. «Պատանդը հայերի նման են վերցնում՝ տան միջից, թե չէ գնացքից մարդ իջեցնելու համար ձեզ հերոս էիք երեւակայում»։

Մարդատար գնացքը Օրդուբադում կանգնացնելու պահից՝ դադարել էր երկաթուղու գործունեությունը։ Պատանդների փոխանակումից երկու օր անց՝ հոկտեմբերի 18-ին, տեղի ունեցավ հերթական հանդիպումը Նախիջեւանի հետ։ Նպատակը՝ երկաթուղու վերագործարկումն էր։ Նրանց կողմից մասնակցում էին եւ’ իշխանությունը՝ իդեմս ՆԳ նախարար Մահմեդով Մահմեդի, եւ’ ԱՃ-ն՝ ի դեմս մեջլիսի պատգամավոր Ֆարաջի։ Մեծ հաշվով մենք բարձր էինք գնահատում նրանց գործունեությունն այն առումով, որ կարողացել էին բարդագույն իրավիճակում ապահովել 14 պատանդների անվտանգությունը։ Նրանց երկուսին հրավիրեցինք Մեղրի։ Մի քիչ վարանեցին, բայց հավանաբար ամաչեցին ու համաձայնեցին։ Ենոք Անդրեասյանի հետ միասին եկանք Մեղրու հրապարակ։ Իջանք մեքենայից ու համատեղ շփվեցինք հրապարակում եղած մարդկանց հետ։ Այդ օրը պատանդներից Սիմոն Մուրադյանի հայրը՝ Վանիկ Մուրադյանը, որդու վերադարձի կապակցությամբ ճաշկերույթ էր կազմակերպել, եւ մեզ՝ ղեկավարներիս, հրավիրել։ Առհասարակ նման միջոցառումների չէի մասնակցում։ Բայց այս դեպքում՝ նախօրոք զանգելուց ու տեղեկացնելուց հետո, մասնակցեցինք ադրբեջանցի հյուրերի հետ։

ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ

Նույն օրը, երբ մենք բանակցում էինք երկաթուղին վերագործարկելու հարցի շուրջ, Բաքվում Ադրբեջանի Գերագույն Խորհուրդը անկախություն հռչակեց։ Մինչ այդ՝ խորհրդային բանակը, անկախացող Հայաստանի տարածք Մեղրիում, պաշտպանում էր չանկախացող Ադրբեջանի երկաթուղու անվտանգությունը։ Այդ պահից սկսած բանակը դադարեց վերահսկել երկաթուղին ու կենտրոնացավ Մեղրիի գառնիզոնում՝ զբաղվելով միայն ինքն իր պաշտպանությամբ։ Ադրբեջանական կողմը անվտանգության երաշխիքներ էր ուզում երկաթուղու վերագործարկման համար։ Նախկինի պես բանակային անվտանգությունը հնարավոր չէր կազմակերպել թե՛անձնակազմի, թե՛ տեխնիկական սակավության առումով։ Ի պաշտոնե՝ անվտանգության երաշխավորը դարձա ես, խոստանալով սկզբնական շրջանում, մի քանի օր, յուրաքանչյուր շարժակազմ ուղեկցել լուսային ազդանշանով կահավորված ոստիկանական մեքենայով։ Նրանք լավ գիտակցելով, որ մեկ ոստիկանական մեքենայով հնարավոր չէ ապահովել երկաթուղու անվտանգությունը, այնուամենայնիվ, համաձայնեցին։ Քանի որ, մի կողմից երկաթուղու գործունեության վերականգնումը խիստ անհրաժեշտ էր նաեւ իրենց, եւ, մյուս կողմից, իրենց Մեղրի տանելու մեր համարձակությունը գնահատեցին իրավիճակի բացարձակ տիրապետում։ Արդյունքում, հոկտեմբերի 24-ին երկաթուղին վերագործարկվեց բեռնափոխադրումների մասով, իսկ նոյեմբերի 5-ից գործեցին նաեւ մարդատար գնացքները։    

ՌՈՒՍԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի անկախության հռչակումից դեռ երկու օր առաջ՝ 1991թ-ի հոկտեմբերի 20-ին, Ադրբեջանի կառավարությունը N 226 P որոշումով իրենց տարածքում գործող խորհրդային ռազմական ունեցվածքի գույքագրման պահանջ դրեց։ Արգելվեց Նախիջեւանի տարածքով Մեղրիում տեղակայված թիվ 2393 սահմանապահ զորամասի սպասարկումը։ Նոյեմբերի 6-ին զորամասի 16 ուղեկալներից 10-ը անցավ Ադրբեջանի ենթակայությանը։ Վերադասի ցուցումով մենք օգնեցինք ռուսներին դուրս գալու նեղ վիճակից, հատկապես կազմակերպեցինք ավելացած անձնակազմի ու նրանց ընտանիքի անդամների տեղափոխումը Մեղրիով` Երեւան։ Նույնն արվել էր Արարատի շրջանում։ Նոյեմբերի 24-ին սահմանապահ զորամասի հրամանատար, գնդապետ Ռակովիչ Նիկոլայ Սերգեյիչը այցելեց մեզ եւ հայտնեց, որ հետայսու անհրաժեշտությունից ելնելով, իրենք էլ կաջակցեն մեզ։ Միաժամանակ ասաց, որ ինքն անձամբ կարող է զինվորի կարգավիճակով մեզ հետ միասին սահման պահել, սակայն զինվորական, զենք ու զինամթերք չի կարող տրամադրել։ Դրանից հետո մի քանի անգամ նա եկել է ինձ մոտ եւ ասել, որ մեքենա է ուղարկում Երեւանից համազգեստներ բերելու եւ հարցրել, թե որքան եւ ինչ չափերի համազգեստ է անհրաժեշտ մեզ։ Արդյունքում, Ղեւոնդի վաշտի ու ոստիկանության անձնակազմին ապահովվում էր զինվորական համազգեստով։

Ես նրա առաջ դրեցի զինամթերքով օժանդակելու խնդիր։ Ասաց, որ իր ուժերից վեր է, եւ միայն սահմանապահ զորքերի վարչության պետ, գեներալ Բաբենկոյի համաձայնությամբ կարող է օժանդակել։ Ասացի, որ նա էլ իր հերթին կմերժի։ Նա էլ, թե դուք ձեր կշիռը չգիտեք, եւ նա չի մերժի։ Բաբենկոյին՝ գեներալ–մայորի կոչում շնորհել էր ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Մեղրիի մաքսատան բացման օրը՝ 1991թ-ի մայիսի 6-ին,  Ռակովիչի ներկայությամբ Բաբենկոյին ասացի. «Քո հրամանատարը շատ վախկոտ է ու ժլատ, մեզ զինամթերք չի տալիս»։

Սա խոժոռած հայացքով նայեց Ռակովիչին ու հարցրեց. «Ինչու՞ չես օգնում»։ Վերջինս խորամանկորեն արդարացավ ասելով` «Իսկ ինչպե՞ս ձեւակերպեմ»։ «Ես պիտի քեզ սովորեցնեմ՝ դուրս գրի զինավարժությունների վրա», պատասխանեց գեներալը։

Հետագայում հրամանատարը մեզ պարբերաբար հրավիրում էր հրաձգարան։ Միասին կրակում էինք, հետո առանձին, շշուկով ասում էր. «Երեկոյան 9-ին քո ծառայողական մեքենան կուղարկես, բայց թող ոչ ոք չիմանա»։ Հաջորդ օրը ես Ղեւոնդին հրավիրում էի հանգստյան սենյակ ու նրան տալիս արկղերով փամփուշտներ, ձեռքի նռնակներ, փողատակ ու հաստոցային նռնականետերի նռնակներ։ Նա ոգեւորվում էր ու հարցնում էր, թե որտեղի՞ց, ասում էի՝ Վազգենն է ուղարկել, թեեւ նախորդ օրը հրաձգարանում միասին էինք կրակել։

 ՈՒՂԱԹԻՌԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

1991թ-ի նոյեմբերի 20-ին Ղարաբաղում` Մարտունիի մոտ, ընկավ մի ուղղաթիռ, որի անձնակազմն ու ուղեւորները, թվով 22 հոգի, զոհվեցին։ Նրանց մեջ էր Ադրբեջանի ՆԳ նախարարը, գլխավոր դատախազը, փոխվարչապետը, պատգամավորներ, սովետական բարձրաստիճան զինվորականներ, Ղարաբաղի ՆԳ նախարարն ու դատախազը (հայ չէին), Ռուսաստանից ու Ղազախստանից դիտորդներ, լրագրողներ։ Ադրբեջանը  գնահատեց, որ դա հետեւանք է տեռորիստական ակտի, եւ ընկավ հիստերիայի մեջ։ Եռօրյա սուգ հայտարարվեց։

Այս դեպքը հետեւանքներ ունեցավ նաեւ Մեղրիի համար։

Նախ Զանգելանի սահմանագծի մոտ, նոյեմբերի 22-ին, ջրթող երկաթբետոնե խողովակում տեղադրված մեծաքանակ ամունիտով պայթեցրեցին ավտոճանապարհը։ Ձեւավորվել էր խորն ու անհաղթահարելի փոս։ Հաջորդ առավոտյան Կապանից տեղեկացրեցին, որ Երեւան-Կապան գնացքը պատանդ են պահել Մինջեւանում։ Գնացքի մեջ ընդամենը մեկ տասնյակ ուղեւոր կար։ Օրդուբադի դեպքից հետո դեռ վստահությունը չէր վերականգնվել, քչերն էին համարձակվում գնացքով երթեւեկել։ Զանգելանի հետ մենք հարաբերություններ չունեինք։ Ռուսների աջակցությամբ շուրջ երեք տարի Նյուվադին Զանգելանի վարչական տիրապետության տակ ունենալու, ապա կորցնելու ու փախստականներ վաստակելու արդյունքում, նույնիսկ թշնամաբար էին տրամադրված։Ղեւոնդի հետ խնդիրը քննարկելով գնացինք արեւելյան սահման։ Որոշեցինք նախ կարգաբերել ու փորձարկել Ներքին զորքերից ժառանգած МТЛБ-ի (բազմանշանակ, թեթեւ զրահապատված քարշակ) կովշը (շերեփ)։ Վաշտի տղաները տեղադրեցին, ստուգեցին ու փորձարկեցին՝ արդարացրեց։ Այդ պահին եկավ ռուս պատգամավորներ Պապկովի ու Շաբաթի հետ նյուվադեցիների հարցերով զբաղվող կինը։ Նա ոտքով գնում էր նյուվադեցիների ճամբար։ Նրան ներկայացրեցինք գնացքի պատմությունը եւ խնդրեցինք փոխանցել պաշտոնական Զանգելանին, որ եթե նշված ժամին գնացքը չհասնի Կապան՝ մենք միջոցներ կձեռնարկենք։ Կինը չհամաձայնեց բանավոր փոխանցել որեւէ միտք, սակայն ասաց, որ նամակ կարող է հանձնել։ Վերոհիշյալ բովանդակությամբ մի նամակ գրեցի ու կնոջը օգտակար լինելու համար՝ մեքենայով տեղափոխեցինք մինչ ճանապարհի պայթեցրած հատվածը։ Նամակում նշված ժամին կապվեցինք Կապանի հետ եւ իմացանք, որ գնացքը չի հասել։ Գնացինք պայթեցված հատված ու МТЛБ-ով լցրեցինք փոսը, որքան որ հնարավոր էր։ Համենայն դեպս քարշակն ու Վիլիսը կարողացան անցնել։ Այդ պահին արդեն մութ էր։ Այդպես մթության մեջ, մեզ անծանոթ ասֆալտապատ ճանապարհով շարժվեցինք դեպի Զանգելան։ Առջեւից գնում էր քարշակը՝ տանելով Ղեւոնդին ու ենթականերին, իսկ ետեւից Վիլիսը, Սուրիկ Հայրապետյանը` ղեկին, ես՝ կողքին։ Դժվար է ասել` որքան էինք գնացել։ Հանկարծ մոտ տարածությունից սկսեցին գնդակոծել քարշակը։ Հետեւեց պատասխանը։ Քարշակի բոլոր հնարավոր կրակակետերից կրակում էին հակառակորդի կրակոցների ուղղությամբ։ Ես էլ էի կրակում՝ կիսով չափ մեքենայից դուրս եկած, մեկ ձեռքով նրանից կառչած։ Հանկարծ հակառակորդը միանգամից լռեց։ Տեղ հասանք՝ Վեժնավիրի պաշտպանական հենակետն էր։ Բոլորը փախել էին։ Շարունակելն անիմաստ էր։ Շրջվեցինք ու վերադարձանք։ Մեքենայի լուսարձակների տակ տեսանելի էր քարշակի դիմացի զրահին ցցված փամփուշտների տասնյակ պողպատյա միջուկներ։ Մեղրի հաասնելուն պես  կապվեցինք Կապան՝ գնացքը հասել էր։ Մինչդեռ՝ այս ամենից անտեղյակ Կապանի ղեկավարները տարածում էին, որ իրենք են հեռախոսակապով լուծել խնդիրը։ 

Կործանված ուղաթիռի հաջորդ հետեւանքը ցավալի էր ու դժվար հաղթահարելի։

ՄԱՐԴԱՈՐՍ

Նոյեմբերի 23-ին Որոտանի ոլորանների վերին մասից՝ «Մազրա-դուզ» կոչվող հատվածից, Կուբաթլուի զորամասի ռուս զինվորականների աջակցությամբ առեւանգել ու Կուբաթլու էին տարել Ագարակի հանքաշինական վարչության Երեւանից վերադարձող «Կամազ» մեքենան, վարորդ Մարտիկ Գեւորգյանին, կնոջը՝ Թամարային ու հղի հարեւանուհուն (Փանոսաց Սաքոյի կնոջը

Փորձում էինք պատանդներին ետ բերել բանակցությունների միջոցով։ Արդյունք չկար, որովհետեւ ինչպես հետո պարզվեց, նրանց խոշտանգել ու սպանել էին անմիջապես։

Մեղրիում արթնանում էր քնած արկածախնդրությունը։

Դեկտեմբերի 6-ին, իրենց գորիսեցի ընկերների հետ միասին, Փանոսաց Սաքոն ու Վայրի Անդիկը առեւանգեցին երկաթգիծը շահագործող վեց անպաշտպան բանվորների ու փախցրեցին Գորիս։ Նրանք նույնիսկ ադրբեջանցիներ չէին՝ Նախիջեւանի թյուրքալեզու քաղաքացիներ էին, որոնց հատուկ ընտրել էին Մեղրիի տարածքում գիծը շահագործելու համար։ Ի պատասխան՝ երկաթուղին դադարեց գործել, իսկ Նորաշենում գերեցին հայկական բեռները տեղափոխելու նպատակով այնտեղ գտնվող հայ մեքենավարներին։ Մեծ ջանքերի գնով վերադարձրեցինք երկաթուղու բանվորներին եւ դեկտեմբերի 13-ին երկաթուղին վերագործարկվեց։ Բնականաբար ազատ արձակվեցին հայ մեքենավարները։

Բայց ես չէի երաշխավորում Բաքու–Նորաշեն մարդատար գնացքի անցումը Մեղրիով, որը 107 ուղեւորներով արդեն մեկ շաբաթ կանգնած էր Մինջեւանում։ Մի կողմից՝ սա  մի կարեւոր լծակ էր հայ պատանդների վերադարձը ակտիվացնելու համար, մյուս կողմից՝ իրոք վտանգավոր էր։ 

Ամեն օր ինձ զանգում էր Նախիջեւանի ՆԳ նախարար Մահմեդովը եւ խնդրում բաց թողնել տվյալ մարդատար գնացքը։ Գնացքում, բնականաբար, հիմնականում նախիջեւանցիներ էին, որոնք, իրոք, հայտնվել էին ծանր վիճակում։ Ես առարկում էի` պատճառաբանելով, որ վտանգավոր է։

Դեկտեմբերի 16-ին Գորիս-Լաչին սահմանագծին նախատեսված էր հանդիպում Լաչինի ոստիկանապետի հետ՝ նրա աջակցության ակնկալիքով։ Գորիս մեկնելուց առաջ մոտեցավ մի «սրտացավ գործիչ», նա որ կազմակերպել էր կոմբինատի գործադուլը։ Հարցրեց, թե արդյոք հնարավոր չէ գնացք կանգնեցնել ու պատանդ վերցնել։ Բացատրեցի, որ դեռ այլ հնարավորությունները սպառված չեն, որ հիմա իսկ մեկնում ենք բանակցությունների, որ բեռնատար գնացքից մեքենավարներին վերցնելու պատասխանը անմիջապես կտան Նորաշենում՝ մեր մեքենավարներին գերելով։ Ինչ վերաբերում է մարդատար գնացքին, ապա առանց իմ երաշխիքի այն չի անցնելու։ Իսկ նրանից մարդ վերցնելը հնարավոր է դիտարկել որպես մի վերջին, ոչ պատվաբեր ու անկանխատեսելի հետեւանքներով  լի հնարավորություն։

Գորիսում իմացանք, որ Բաքու–Նորաշեն մարդատար գնացքը Մեղրու կայարանում կանգնեցրել է ամբոխը։ Մինչ մենք Գորիսից մեքենայով կհասնեինք, իրավիճակը փրկել էր Վազգեն Սարգսյանը, որը եկել էր ուղաթիռով՝ ՄՀՆՋ-ի (միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ) ուղեկցությամբ։ Փրկել էր այն իմաստով, որ չէին հասցրել մարդ սպանել, բայց անսահման բռնություններ ու բռնաբարություն էր եղել։ Վազգենի գլխավորությամբ բոլորին իջեցրել էին վագոններից ու հավաքել մեկ մուտք ունեցող սպասասրահում, որ կարողանան պաշտպանել։ Առանձնացրել էին 12 հոգու՝ Նախիջեւանի հաշվառում չունեցող քաղաքացիներ, եւ տեղափոխել ոստիկանության մեկուսարան՝ որպես պատանդ, եւ այդ գնով համոզել ամբոխին, որ մյուսներին գնացք նստացնեն եւ ճանապարհեն Նախիջեւան։

Ղեւոնդի հետ Գորիսից Մեղրու կայարան հասնելով դարձանք ականատեսը հետեւյալ տեսարանի. Վազգենի ուղեկիցներն ու ոստիկանները կրկնակի կենդանի պատ էին կազմել, որի միջակայքով ադրբեջանցի ուղեւորներին հատ – հատ, թեւանցուկ արած տեղափոխում էին գնացք։ Վազգենը անձամբ էր ուղեւորներին ուղեկցում։ Սպասասրահից դուրս բերվող յուրաքանչյուր ուղեւորի ուղղությամբ, կենդանի պատերի աջ ու ձախ կողմերից հարձակվում էին մի քանի հոգի ու պատ կանգնած աշխատակիցներին հրելով` հարվածում նրանց։ Հարվածներ էին ստանում նույնիսկ ուղեկցողները։ Հարվածեցին անգամ Վազգենին։ Հարվածողը Կուբաթլու տարված վարորդ Մարտիկ Գեւորգյանի որդին էր։ Վազգենը հարվածողի ով լինելը իմանալուն պես ներողամտություն դրսեւորեց, անգամ հուզվեց։ Մոտենալուն պես հարկադրված էինք համաչափ ուժ կիրառել անպաշտպան ուղեւորներին ակնհայտ բռնության ենթարկողների նկատմամբ, որի արդյունքում ամբոխը որոշակի առումով սթափվեց։

Ուղեւորներին գնացքում տեղավորելուն պես` երկաթուղու կապով Մահմեդովին տեղյակ պահելուց հետո, գնացքը անձամբ ուղեկցեցի մինչեւ սահմանային անցակետ։ Սա Մեղրիով անցնող վերջին մարդատար գնացքն էր։ Անցակետում ինձ սպասում էր Օրդուբադի ոստիկանապետ Ֆաիկը։ Նա բարձրացավ գնացք, շփվեց ուղեւորների հետ եւ ասաց, որ մի քանի հոգի Մեղրու կայարանում հասցրել են փախնել մարդատար գնացքից ու թաքնվել  բեռնատար գնացքի քարշակի մեջ, նաեւ հաստատեց բռնությունների ու բռնաբարության մասին տեղեկությունը։ Ես առաջարկեցի, որ անցակետում եղած ադրբեջանցիներից մեկը գա ինձ հետ, որ կանչելով խոսի թաքնվածների հետ, այլապես նրանք կարող են մեզ չհավատալ եւ դուրս չգալ թաքստոցից։ Վախեցան։ Առաջարկեցի՝ որպես ժամանակավոր ու կամավոր պատանդ, իրենց մոտ թողնել իմ տեղակալ Սենիկ Համբարձումյանին, որ համաձայնեն։ Եկանք կայարան, մոտեցանք շոգեքարշին, ներկայացուցիչը ազգային լեզվով ինչ-որ բան ասաց եւ թաքնվածները դուրս եկան։ Նրանք նաեւ ցրտից պատսպարվելու նպատակով, թաքնվել էին քարշակի դեռ տաք շարժիչների սրահում։ Նրանց տարա սահման ու հանձնեցի Ֆաիկին։ Ես ներքուստ ամաչում էի տեղի ունեցածի համար, նրանք ինձ էին նայում շնորհակալ հայացքներով…

Ամբողջ գիշեր կայարանում էինք եւ հեռախոսային բանակցություններ էինք վարում Նորաշենում պահված հայ մեքենավարների փոխանակության շուրջ։ Բոլորի հետ կարծես ընդհանուր հայտարար գտնվում էր, բացի Նորաշենի ԱՃ- ի ղեկավար Շահմարդանից։ Վերջապես համաձայնության եկանք ու ոստիկանության մեկուսարանում եղած 12 ադրբեջանցիներից  6-ին փոխանակեցինք մեքենավարների հետ Մեղրիի սահմանագծին։ Նրանց հետ էր նաեւ հայկական երկաթուղու վարչության պետի տեղակալը (եթե չեմ սխալվում Ասրյանը), որը  մեքենավարներին քաջալերելու նպատակով՝ նրանց հետ մեկնել էր Նորաշեն։ Երեւան գնաց նաեւ Վազգենը` իր թիմով։

Կայարանապետը խոստովանեց, որ գնացքը անցնելու երաշխիք տվել է ինքը՝ իմ անունից` հավատալով «սրտացավ գործ չի» խոսքերին, որ իբրեւ ինձ հետ պայմանավորվել են։ Միասին որոշել էին հերոսանալ…

Կուբաթլուն տվեց մի կնոջ դիակ՝ կիսաայրված, անճանաչելի։ Ասացին, որ վարորդի կինն է՝ Թամարը։ Հարազատները չճանաչեցին եւ հրաժարվեցին թաղել։ Մեղրիում քաոս էր։ Ինչ որ մեկը առաջարկել էր դիակը տանել ու դնել գործկոմի նախագահի աշխատասենյակում։ Տարել էին։ Հետո հարազատներից մեկը ատամնաշարից էր ճանաչել եւ, այդ հանգամանքով պայմանավորված, գործկոմից դիակը իջեցրեցին ու կազմակերպեցին թաղումը։ 

Խորհրդային իշխանության հոգեւարքի շրջանում, տեղաբնակ ադրբեջանցիների ճարահատյալ արտագղթի ընթացքում աչքի ընկած ջոկատայինները, որոնք անկախության շրջանում չմտան պետական ստրուկտուրաներ՝ ակտիվացել էին։ Խորամանկները չերեւալով ծրագրեր էին դնում շրջանառության մեջ, պարզունակները՝ քողարկվելով գերվածների հարազատների ներկայությամբ, իրագործում էին։ 

Գործկոմից հետո հաջորդ թիրախը ոստիկանությունն էր։ Տարածել էին, թե որոշել են մեկուսարանում պահվող վեց ադրբեջանցիներին թաքուն վերադարձնել։ 

Հարազատներից եկան եւ ասացին, որ ինձ չեն վստահում եւ ուզում են ադրբեջանցիներին տանեն ու իրենք պահեն, մինչեւ երկու գերիների հարցը պարզվի։

Բացատրեցի, որ դա շատ վտանգավոր է, որ ես նման պատասխանատվություն չեմ վերցնի։ Թվաց, թե հասկացան ու գնացին։ 

Հաջորդ օրը ամբոխը շրջափակեց ոստիկանության մուտքը։ Ծրագրված էր. լինգերով ջարդել մեկուսարանի դուռը եւ սպանել ադրբեջանցիներին։ Ոստիկաններն ու վաշտի տղաները ծեծվող պատի վերածված հազիվ էին դիմադրում ու պահում շենքի մուտքը։ Ծանոթ, ընկեր, բարեկամ, մարդիկ համատարած ամբոխի էին վերածվել՝ խելագար ու անկառավարելի։ Նույնիսկ կարողացան ճեղքել աշխատակիցների պատնեշը, հասնել դռանը ու լինգը մտցնել փակ դռան փեղկի արանքը։ Երկու անհայտ ճակատագրի ու կիսաայրված դիակի պայմաններում ուժի կիրառումը անթույլատրելի էր։ Անթույլատրելի էր նաեւ նրանց նպատակի իրագործումը։ Ելքը գտավ Ղեւոնդը։ Իր վրա կենտրոնացնելով ամբոխի ուշադրությունը` ասաց. «Ժողովու՛դ, հո ազգովի մարդ չենք սպանելու։ Կոնկրետ ո՞վ է ուզում ադրբեջանցի սպանել՝ թող մնա, ես ապահովում եմ այդ հնարավորությունը, ովքեր չեն ուզում՝ հինք քայլ ետ գնան» Բոլորը հինգ քայլ ետ գնացին՝ ամբոխը սթափվեց։   

Ես, օգտվելով սթափության միջակայքի ընձեռած հնարավորությունից, ինձ մոտ հրավիրեցի լինգով դուռը ջարդող, գերված Մարտիկ Գեւորգյանի եղբորը՝ Ռուբիկին, որն իմ դասընկերուհու հայրն էր։  

– Ինչու՞ չօգտագործեցիր եղբորդ վրեժը լուծելու հնարավորությունը,- հարցրեցի։ 

– Ես չեմ կարող մարդ սպանել, այն էլ անմեղ, – պատասխանեց։   

– Այդ դեպքում ինչու՞մն է բանը, ինչու՞ ես լինգն առել ու առաջ ընկել։

– Ասում են, որ դու ուզում ես նրանց թաքուն հանձնել։

-Ո՞վ է ասում։

-Բոլորը։ 

– Շատ լավ, դու՛, ինձ հարազատի պես ճանաչելով հանդերձ, չե՛ս վստահում, եւ հավատում ես վերացական բոլորին։ Ես քեզ վստահում եմ։ Պայմանավորվում ենք այսպես։ Երեկոյան ժամը 6-ին կգաս ինձ մոտ, եւ քեզ արձանագրությամբ կհանձնեմ ադրբեջանցիներից մեկին, կազմակերպելով ձեր տեղափոխումը ոստիկանական մեքենայով։ Կպահես ձեր տանը՝ որքան որ անհրաժեշտ է։ Դու ես լինելու պատասխանատվություն կրողը նրա կյանքի ու առողջության համար։ Եթե նրան որեւէ բան պատահի, պատասխան ես տալու օրենքի առաջ։ Համաձա՞յն ես։

– Համաձայն եմ, – պատասխանեց։

– Հիմա դուրս ես գալիս, հավաքվածներին ասում ես, որ քեզ բավարարում է մեր պայմանավորվածությունը, եւ այլեւս այստեղ անելիք չունես։ Վերցնում ես բարեկամներիդ ու հեռանում։ Ես քեզ կսպասեմ ժամը վեցին, – պայմանավորվեցինք։

Ռուբիկ Գեւորգյանը կատարեց պայմանավորվածությունը ու բոլորը ցրվեցին։

Ամենաբարդը, սակայն, առջեւում էր. համոզել ադրբեջանցուն, որ նա, իր կամքով, գնա այդ քայլին։ Ընտրեցի վայելչակազմ, 35 տարեկանի մոտ մի երիտասարդի։ Նա զինվորական ծառայությունը վերջացնելուց հետո հաստատվել էր Ռուսաստանում, եւ տեւական բացակայությունից հետո, վերադարձել էր տեսակցելու ծնողներին։ Համոզելը բարդ էր, բայց կարողացա հավատացնել, որ այդ քայլով նա մոտեցնում է իր եւ մյուս հինգի ազատությունը, որ նրան որեւէ վտանգ չի սպառնում, եւ որ առավելագույնը երեք օրից նա կվերադառնա։ Այս երաշխիքների միակ հիմքը իմ ներքին համոզմունքն էր։

Անվտանգության նկատառումներից ելնելով, մինչեւ ժամը 6-ը՝ նախ խոսեցի Ռուբիկի փեսայի հետ, եւ ապա տան վրա քողարկված հսկողություն ծրագրեցինք։ Ռուբիկի ու հարազատների մասով հանգիստ էի, մտավախությունս կողմնակի միջամտությունն էր։

 Ռուբիկը եկավ ուղիղ ժամը 6-ին ու ետ գնաց ադրբեջանցու հետ։ Երկու օր անց կրկին եկավ։

-Ես չհամարձակվեցի իմ մեքենայով բերել, խնդրում եմ, կազմակերպիր այդ  մարդու տեղափոխումը ոստիկանություն։ Անմեղ ու բարի այդ մարդուն կերակրել ենք այն ամենով, ինչ մենք ենք կերել, լողանալու հնարավորություն ենք տվել, քնեցրել ենք սպիտակեղենով հարդարված անկողնում։ Կինս արտասվում է, ասում է. «տար, կգան ու կսպանեն այս անմեղ մարդուն, մեզ կգցեն նոր փորձանքի մեջ», – հուզված պատմեց նա։

Անմիջապես տեղափոխեցինք։ Ադրբեջանցին տպավորված էր։ 

Երկաթուղին գործարկելու խնդիր կար, որը հնարավոր չէր կազմակերպել առանց վեց ադրբեջանցիներին վերադարձնելու։ Վազգեն Սարգսյանը վեցին փոխարինող երեք այլ ադրբեջանցի ուղարկեց։ Վեցին վերադարձրեցինք, եւ բեռնատար գնացքները սկսեցին աշխատել։

Երեք ադրբեջանցիներից երկուսը՝ Բաբաեւ Սաֆարն ու Աղաեւ Իլհամը՝ հազիվ քսան տարեկան ռազմագերիներ էին։ Մեկը կարճահասակ էր, մյուսը երկարահասակ։ Երրորդը՝ միջահասակ մարդ էր, խորհրդային տարիներին ազատազրկման դատապարտած բանտից էին հանել, ուղարկել։ Մեկուսարանում տեղավորելուց մի քանի օր անց բաժնի ավագ Էդիկ Ահարոնյանը շշուկով տեղեկացրեց, որ երկու ռազմագերիները հիգենայի առումով անմխիթար վիճակում են։ Չգիտեմ, որտեղ էին պահել երիտասարդ ռազմագերիներին, բայց ամբողջ ընթացքում, շուրջ երկու ամիս, նրանք չէին լողացել։ Էդիկը խոսում էր կարեկցանքով։ Առհասարակ, նա այդ բաժնի  սկզբունքային աշխատակիցներից մեկն էր, որի նկատմամբ միշտ հարգանքով եմ լցված։ Ավելորդ բամբասանքներից խուսափելու նպատակով` առանց ծավալվելու, իր հերթապահության գիշերը նա կազմակերպեց, ռազմագերիները լողացան ու փոխեցին հագուստները։ Այդ գիշեր նրանց մեջ արթնացավ տուն վերադառնալու կորած հույսը։ 

Մի քանի օրից եկավ Ղեւնդը եւ ասաց, որ Փանոսաց Սաքոն ու իր շրջապատը նորից չեն վստահում ոստիկանությանը եւ ուզում են պատանդներին իրենք պահեն։ Պատասխանեցի, որ ես էլ նրանց չեմ վստահում ու չեմ տա։ Առաջարկեց որպես լուծում երեքին էլ ոստիկանությունից վաշտ տեղափոխել։ Դարձյալ մերժեցի՝ հիմնավորելով, որ Վազգենը ինձ է վստահել նրանց, եւ ես միայն ոստիկանությունում պահելու դեպքում կարող եմ հանգիստ լինել նրանց անվտանգության համար։ Առավոտյան զանգեց Վազգենը եւ ընդհանուր զրույցի վերջում ասաց. «…Ղեւոնդը շատ ա ուզում ադրբեջանցիներին իր մոտ պահի»։ Տարան…

Երկու օրից այցելեցի վաշտ։ Առաջին հարկի աստիճանավանդակի տակ, անցնող դառնողի աչքի առաջ, գազանանոցի վանդակ հիշեցնող փոքրիկ ու ցածր ցանցապատ խցում կծկված էին երկու ռազմագերիները։ Երրորդը չկար։ Խոստովանեց, որ ոստիկանությունից բերելուն պես, Փոքր թաղի ձորում, Սաքոյի ու ընկերների հետ գնդակահարել ու թաղել են բանտից բերված «արժեք չունեցող» մեկին, որ մեր նկատմամբ վստահությունը բարձրանա, որ կարողանանք փրկել մյուս երկուսին, որոնք աստիճանավանդակի տակ ժամանակավոր են պահվում, եւ հենց հիմա նրանց համար մի առանձին սենյակ են նախապատրաստում։

Ներքին զգացողություն ունեի, որ երիտասարդ երկուսին էլ են սպանելու։ Ուստի ժամանակ ձգելու, հայերին սթափեցնելու ու ադրբեջանցիներին արժեւորելու նպատակով առաջարկեցի հետեւյալ տարբերակը. ռազմագերիները իրենց ձեռքով նամակ են գրում հարազատներին, որ իրենք ողջ են, եւ կարող են վերադառնալ տուն, եթե հարազատները գտնեն Կուբաթլու տարված հայերին։ Այդ նամակները ուղարկում ենք Մեղրու կայարանից՝ ադրբեջանցի մեքենավարների միջոցով։ Որերրորդ անգամ բացատրեցի, որ եթե անգամ պարզվի, որ Կուբաթլուում գերված մեր հայրենակիցները ողջ չեն, ապա փոխանակությամբ, գերի ընկած ուրիշ հայերի կյանքը կփրկենք։  

Հաջորդ օրը Ղեւոնդը տեղեկացրեց, որ նամակները ուղարկել են, բայց ռազմագերիներին հանձնել է Սաքոյին, իսկ վերջինս խոստացել է նորմալ պայմաններում պահել եւ սպասել նամակների պատասխանին։

ՀԱՅՐԸ

Հունվարի վերջին իմացա, որ ձանձրանալով նամակների պատասխանին սպասելուց, եւ համոզված լինելով, որ Կուբաթլու տարված մյուս երկու հայերը ողջ չեն, նրանց վրեժը լուծած լինելու վճռականությամբ սպանել, այրել ու թաղել էին այդ դեպքի հետ որեւէ առնչություն չունեցող Սաֆարին ու Իլհամին։ Մեկին՝ «Խաչի ձորում»` Ագարակի վերին հատվածում, մյուսին՝ Ալվանքի քարհանք տանող ճանապարհին։ 

Փետրվարի սկզբին Մահմեդովը հրավիրեց հանդիպման։ Նա ներկայացրեց միջին տարիքի, կարճահասակ, հասարակ մի մարդու եւ խնդրեց լսել նրան։ Վերջինս ինձ տվեց մի լուսանկար ու նամակ։ Լուսանկարում երիտասարդ ռազմագերիներն էին։ Նրանք կանգնած էին տերեւաթափ պտղատու ծառերի ֆոնին, մշտադալար ձիթենու, թե՛ դափնու տակ, իսկ հեռվում հստակ երեւում էր Ագարակի լեռնահարստացման կոմբինատի պոչամբարը։ Նամակի բովանդակությունը ինձ հայտնի էր…

Հետո սպանված կարճահասակ ռազմագերու Հայրը ներկայացրեց իր հարեւանությամբ կանգնած երիտասարդին ու ասաց. «Գորիսեցի այս հայ երիտասարդը մի քանի ամիս է ապրում է մեր տանը։ Այն պահից, երբ իմացել ենք որդուս գերվելու մասին։ Առաջին պահին նրան համարել եմ որդուս փրկության միակ հույսը։ Նրա նկատմամբ հոգ եմ տարել ամենայն պատասխանատվությամբ. քնել է ինձ հետ նույն սենյակում, առանց նրա երբեք հաց չեմ կերել։ Իսկ հիմա՝ ամիսներ անց, նա այնքան հոգեհարազատ է դարձել ինձ համար, որ համարում եմ իմ որդին»։ Նրա խոսելու ողջ ընթացքում հայ երիտասարդը, որի անունը Վալեր էր, երախտապարտ հայացքով ու գլխի դրական շարժումով հաստատում էր Հոր ասածները։ Իսկ ես զգում էի, որ Հոր արտահայտած յուրաքանչյուր բառից ավելի է ծանրանում հոգիս ճնշող մեղքի բեռը։ Նա շարունակեց. «Հիմա ակնհայտ է, որ գերված որդիս ձեր տարածքում է, իսկ հարգարժան Մահմեդովը ասել է, որ դու բարի մարդ ես։ Իմ ուժերից վեր է գտնել Կուբաթլիում գերված հայերին, խնդրում եմ՝ բեր որդուս, բեր փոխանակենք իմ այս հայ որդու հետ։ Ես նրան շա՜տ կկարոտեմ, բայց նա ընտանիք ու զավակներ ունի, եւ ինքն էլ նրանց է կարոտել»։

Բեռը շատ ծանր էր, բայց պետք էր նուրբ ու հուսադրող պատասխան տալ, ուստի ասացի. «Այո, հարգարժան Մահմեդովը իրոք գիտի, որ, անկախ ազգային պատկանելությունից, մարդն ինձ համար արժեք է, սակայն ձեր ներկայացրած փաստերը ինձ համար անակնկալ են։ Հետեւաբար, ես խոստանում եմ վերադառնալուն պես անմիջապես միջոցներ ձեռնարկել ձեր որդուն որոնելու ու վերադարձնելու նպատակով, իսկ արդյունքների դեպքում անմիջապես կկապվեմ Մահմեդովի հետ»։

Հայրը երկար չէր սպասել։ Լաչինի ոստիկանապետի միջոցով հանդիպել էր Գորիսի ոստիկանապետ Միշա Խոյլունցին, եւ խնդրել Մեղրիում փնտրել իր որդուն։ Ադրբեջանցի Հոր մոտ գտնվող գորիսեցու բարեկամները դուրս էին եկել Փանոսաց Սաքոյի վրա, եւ խնդրել՝ հանուն իրենց հարազատի փրկության, տալ ռազմագերուն։ Սա էլ՝ իր ընկերների հետ միասին, իրենց յուրահատուկ կարճատեսությամբ որոշել են «լավություն» անել։ Վերցրել ու հերթական ոտնձգությունն են կատարել երկաթուղու նկատմամբ՝ մտածելով, որ ցանկացած ադրբեջանցի փոխանակելի է ցանկացած գորիսեցու հետ։ Փանոսանց Սաքոն, Վայրի Անդիկը, Թիթեռ Վաչոն, չեմ հիշում էլ ով «Խաչով» գնացել անցել էին «Ծիրանի ձոր», եւ առեւանգել մի խեղճ ու վտիտ երկաթուղայինի։ Վերջինս թուրքմեն էր եւ ֆիզիկական աշխատանքի քիչ պիտանի։ Ուստի, ընկերների որոշումով, նրա գործը օջախի վրա չայ  պատրաստելն ու տաք պահելն է եղել։ Նրան առեւանգել էին, երբ  գծերը կարգաբերող ընկերները տեսադաշտից հեռու էին եղել։ Միշտ զարմացել եմ, թե ինչպե՞ս էր ոտքերը քարշ տալով հազիվ քայլող այդ վտիտ մարդը հաղթահարել այդ բարդ լեռնային անցումը։ Գծի հերթական հատվածը կարգաբերելուց հոգնած աշխատանքային խումբը վերադարձել էր թեյի շուրջ հանգստանալու ու տեսել էր չայնիկով օջախը անտեր։ Մինչեւ աշխատանքային օրվա ավարտը սպասել էին, հետո համոզվելով, որ առեւանգել են, մեզ իմաց տվեցին երկաթուղին կանգնեցնելով։ Տարվածը, բնականաբար, փոխանակության համար պիտանի չէր, ետ բերեցինք եւ երկաթուղին սկսեց գործել։

Մի վերջին փորձ նախաձեռնեց Մահմեդովը 1992 թ-ի փետրվարի 28-ին։ Հանդիպման ժամանակ նա տվեց երկու հայի անուն՝ Ծատրյան Սուրեն եւ Պետրոսյան Աշոտ, առաջարկեց նրանց փոխանակել Բաբաեւ Սաֆարի ու Աղաեւ Իլհամի հետ։ Իմ պատասխանը դարձյալ անորոշ էր։ Այդ հանդիպումից երկու օր առաջ ազատագրվել էր Խոջալուն, որը դարձավ Մութալիբովի հրաժարականի հիմնական առիթը։ Հանդիպման վերջում Մահմեդովը ինձ թեւանցուկ արեց, առանձնացանք ներկաներից ու բառացի ասաց հետեւյալը. «Ես գիտեմ, որ դու հրաշալի հարաբերություններ ունես ձեր ղեկավարների հետ։ Ձեր Նախագահ Լեւոն Տեր – Պետրոսյանը իմաստուն մարդ է։ Մեր Հեյդար Ալիեւն էլ է իմաստուն մարդ, եւ նա խոստանում է՝ Նախագահ դառնալու դեպքում, Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել խաղաղ, քաղաքական ճանապարհով։ Դրա համար, նախ պետք է ազատվել Մութալիբովից, եւ այդ հարցում  դուք օժանդակած կլինեք, եթե ԶԼՄ-ներով գովեք Մութալիբովի վարած քաղաքականությունը»։ Ես հարցրեցի, թե արդյոք նա վստա՞հ է, որ Մութալիբովի հրաժարականի դեպքում Ալիեւին կհաջողի դառնալ նախագահ, նա պատասխանեց, որ իրենք վստահ են դրանում։ Սա էր հանդիպման բուն նպատակը։

Հայրը՝ Գորիս – Լաչին սահմանագծի հերթական հանդիպման ժամանակ, ասել էր, որ ինքը համոզված է, որ իր որդին սպանված է Մեղրիիում։ Առաջարկել էր գորիսեցուն փոխանակել որդու ոսկորների հետ։ Նորից աշխատել էր պատանդ գորիսեցու հարազատներ, Խոյլունց Միշա, Ղեւոնդ, Փանոսաց Սաքո կամուրջը։ Տարել էին ոսկորները։ Հանդիպման ժամանակ Հայրը բացել էր, նայել ու հիասթափված արտաբերել. «Սա իմ որդու ոսկորները չեն, իմ որդին կարճահասակ էր, դուք բերել եք երկարահասակ մարդու ոսկորներ, դուք նամուս չունեք»։ Հետո արցունքոտ աչքերով մոտեցել էր գերի գորիսեցուն, գրկել նրան, համբուրել, խեղդվող ձայնով ասել. «Վերադարձիր ընտանիքիդ գիրկը» ու մյուսներին առանց հրաժեշտ տալու հեռացել…

Մահմեդովի հետ հիշատակված հանդիպումից շատ կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ, հավանաբար դեռ 1989թ-ին, Արարատի շրջանից երկու քաղաքացի՝ Սուրեն Ծատրյան ու Վալերի Սուսլապարով, մեկնել են Արաքս գետից ձուկ որսալու ու չեն վերադարձել, գերվել են Նախիջեւանի կողմից։ Հաջորդ իսկ հանդիպմանը  Մահմեդովի առաջ դրեցի նրանց վերադարձնելու խնդիրը։ Սուսլապարովին վերադարձրեց, իսկ Սուրենի մասին պատմեց, որ նա իբրեւ եղել է ֆիզիկապես շատ ուժեղ, անհնազանդ ու ագրեսիվ երիտասարդ։ Այդ պատճառով մեկուսարանում նրա ձեռքը մշտապես շղթայել են  մետաղական մահճակալի գլխի խողովակին։ Մի գիշեր էլ նա հանել է մահճակալի գլուխը, հենց դրանով հարվածել ու չեզոքացրել երկու հսկիչներին ու փախել Նախիջեւանի ջրամբարի ուղությամբ։ Որոնումները արդյունք չեն տվել, հավանաբար սահմանը անցել է։ 

Սուսլապարովը, որը մասնագիտությամբ բարձրակարգ զոդող էր եւ գերության ընթացքում նրան երբեմն մասնագիտական աշխատանքով ծանրաբեռնել էին ու հետը շփվել,  վերադառնալուց հետո պատմել էր, որ իրեն մի անգամ հանձնարարել են փոս փորել ու թաղել մի սպանված գերու, եւ ասել են, որ այդ հայ գերուն ուղարկել էին ղարաբաղյան ճակատից՝ ինչ որ մեկի հետ փոխանակելու համար։ Հավանաբար դա էլ Աշոտ Պետրոսյանն էր…    

ԵՐԿՈՒ ԱՏՐՃԱՆԱԿՈՎ՝ ՉՈՐՍ ԶՐԱՀԱՄԵՔԵՆԱ

Այդ օրը՝ 1992 թ-ի մարտի 13-ին, տուն եկա սովորականի նման` գիշերվա կեսին։

Գիշերվա ժամը 4-ի հեռախոսազանգը ընդհատեց քունս, Վազգեն Սարգսյանն էր։ Ասաց` «Առավոտյան ռուսական ստորաբաժանումը, որ հսկում է երկաթուղին, վերադառնում են Երեւան։ Բացի մարդ սպանելուց, ինչ ուզում եք արեք, զրահամեքենաները պետք է պահել Մեղրիում»։ 

-Լա՜վ,- ասացի, դրեցի հեռախոսը, զանգեցի Ղեւոնդին, – շուտ հագնվիր ու դուրս արի փողոց, կարեւոր գործ ունենք։

Ծրագիրը նախագծելով գնացինք Մեղրիի գառնիզոն, որը շրջապատված էր փշալարով եւ ուժեղացված հսկողություն էր իրականացվում։ Յուրաքանչյուրս կրում էինք մեզ ի պաշտոնե ամրացված մեկական ատրճանակ։ Արաքսի կողմից մոտեցանք դռնակին, որի գլխին կարմիր ներկած երկաթե աստղ կար, պաշտոնապես ներկայացանք զգոն ժամապահին ու հրահանգեցինք կանչել հրամանատարեն։ Սա էլ, թե հրամանատարը քնած է, իսկ ինքը իրավունք չունի նրան արթնացնի։

-Մենք էլ պիտի քնած լինեինք հրամանատարիդ նման, բայց այնպիսի իրավիճակ է, որ եթե հիգ րոպեից հրամանատարդ արթուն չլինի, ու մեզ հետ լուծումներ չփնտրի, մեր կամքից անկախ հնարավոր է այնպիսի բան կատարվի, որ ստիպված կլինեք բոլորով արթնանալ։ Միայն՝ չգիտեմ, բոլորդ ողջ կմնաք, թե՝ չէ,-ասացի։

Ժամապահը ներս վազեց, ետ եկավ, բացեց դռնակը ու մեզ ներս հրավիրեց։

Ազգությամբ օս հրամանատարը հսկա էր, մարզված։ Մեկ հարվածով մեզ երկուսիս հաստատ կտապալեր։ Ներկայացանք ու ներկայացրեցինք իրավիճակը. Զինված խմբավորումներին հայտնի է դարձել վաղը Մեղրին լքելու ձեր որոշման մասին, համախմբվել են, որոշել լուսաբացին շրջապատել ձեզ եւ ողջ զինտեխնիկան, զենքն ու զինամթերքը հանձնելու պահանջ ներկայացնել, իսկ պահանջը չկատարելու դեպքում ՝ իրենց նպատակին հասնել զորամիավորման վրա զինված հարձակում գործելով։

Հսկան ակնհայտ խուճապի մատնվեց, մի պահ մտածմունքների մեջ ընկավ, ապա հարցրեց, թե ի՞նչ կարելի է անել դրանից խուսափելու համար։ Նա մեզ ընկալեց որպես յուրայինի, անգամ մեր մեջ տեսավ իրենց փրկությունը։

Մենք խորհուրդ տվեցինք անհապաղ իրավիճակը ներկայացնել վերադասին։ Սա էլ իր հերթին ասաց, թե այս ժամին ինչպե՞ս զեկուցեմ։ Մենք շատ հանգիստ բացատրեցինք, որ այստեղ կյանքի ու մահվան խնդիր է, իսկ դու վախենում ես զեկուցել։ Հսկան զեկուցեց։ Հետո մենք ասացինք, որ թեեւ այդ խմբավորումների հետ գործ ունենալը շատ բարդ է, բայց հիմա երկուսով կգնանք ու կփորձենք նրանց հետ քնարկել արյունահեղությունից խուսափելու ինչ-որ տարբերակ ու կրկին կվերադառնանք արդյունքների մասին տեղյակ պահելու։ Գնացինք ու վերադարձանք մեկ ժամից։ Ասացինք հետեւյալը։ Թեեւ շատ բարդ էր այս պայմանավորվածության հասնելը, բայց սա առավելագույնն էր, որ կարողացանք պայմանավորվել. դուք Մեղրիին եք թողնում ձեր ունեցած բոլոր չորս զրահամեքենաներն ու մեկ АГС-ը (հաստոցային ինքնաձիգ նռնականետ), եւ մնացյալով անվտանգ հեռանում եք  Երեւան։ Հակառակ դեպքում, եթե անգամ մենք Մեղրիի տարածքում ուղեկցենք ձեզ եւ կարողանանք ապահովել ձեր անվտանգությունը, միեւնույնն է, նրանք խոստանում են Մեղրիից դուրս դարանակալել եւ նռնականետով խոցել զրահամեքենաները, եւ որպես ասածների հավաստիացում՝ նրանք մեզ ցույց տվեցին երկու նռնականետ եւ կոմուլյատիվ հրթիռներ։ Ընդ որում, մենք այս տարբերակը քնարկեցինք եւ համաձայնեցինք ձեզ փոխանցել մի պայմանով, որ ձեր համաձայնելու դեպքում, զրահամեքենաներն ու АГС-ը հանձնում եք պետական կառույց հանդիսացող վաշտին։ Սա էլ զեկուցվեց վերադասին։

Առավոտյան ուղաթիռով եկավ Հայաստանում ռուսական ռազմական միավորման գլխավոր շտաբի պետ գեներալը։ Հրավիրեց մեզ, մի քիչ գեներալավարի աղմկեց, հետո սկսեց քնարկել սպաառազինության Մեղրիում պահելու հիմքը։ Մենք ասացինք, որ, որպես օժանդակություն, ցանկացած հիմք կարող ենք լրացուցիչ հաստատել մեր ստորագրություններով ու կնիքներով։ Գեներալը հրահանգեց գառնիզոնի ռազմական միավորի ղեկավարին ոչ մի քայլ չհեռանալ տեղից մինչեւ իր վերադարձը, իսկ մեզ խնդրեց անել հնարավորը արյունահեղությունից խուսափելու համար ու ուղաթիռով վերադարձավ Երեւան։

Հաջորդ առավոտ Մեղրիում վայրեջք կատարեց երկու ուղաթիռ։ Մեկում՝ գեներալն էր, մյուսում՝ Վազգեն Սարգսյանը` մի քանի հոգու ուղեկցությամբ։

Գեներալը բերել էր լուծումը. արձանագրություն էր կազմվում, որ չորս զրահամեքենաները ֆիզիկապես մաշված են այնքան, որ ի վիճակի չեն լեռնանցքներ հաղթահարելով ինքնուրույն տեղաշարժվել Երեւան, ուստի թողնվում են Մեղրիում, յուրաքանչյուրի մեջ նռնակների մի տրցակ պայթեցնելու միջոցով հետագա շահագործման համարա անպիտանի դարձնելով։ Պայթեցման գործողությունը կատարվել է տեղական իշխանությունների ներկայացուցիչների ներկայությամբ, որի համար էլ արձանագրության տակ ստորագրում ու կնիք էինք դնում գործկոմի նախագահ Ենոք Անդրեասյանն ու ես։

Ես անմիջապես հարցրեցի` ի՞սկ АГС-ը։

Նա էլ, թե АГС-ի համար նման պատճառաբանությունը օբյեկտիվ չէ։ Ես համառեցի, ասելով, որ դա պայմանավորվածության խախտում է։ Գեներալը խոստովանեց, որ АГС-ը դեռ նախորդ օրն է հետը տարել, որովհետեւ իր ուժերից վեր է համարել այն մեզ հանձնելը, բայց համաձայնեց АГС-ի փոխարեն թողնել УРАЛ մակնիշի մեկ մեքենա։ Մենք համաձայնեցինք։ Շուրջ  մեկ ամիս անց սահմանապահ զորամասից  կարեւոր մի պաշտոնյա ինձ ասաց, որ գառնիզոնին պատկանող բենզատար մեքենան չեն տեղափոխել Երեւան` անվադողերի խիստ մաշված լինելու պատճառով, եւ հանձնել են սահմանապահներին։ Ինձ մոտ հրավիրեցի սահմանապահ զորամասի հրամանատարին եւ ասացի, որ այդ մեքենան զորամասի հաշվեկշռից դուրս է, ուստի տիրազուրկ է եւ պատկանում է մեզ, պետք է վերադարձնել։ Վերադարձրեց նոր անվադողերով:

Ինչեւէ, Մեղրու պաշտպանությունը հարստացավ եւս չորս զրահամեքենայով, զինվորական ամենագնաց մեքենայուվ եւ բենզատարով։

Վազգենի հետ եկած Աֆօն պատմեց, որ նույն խնդիրը դրված է եղել Իջեւանից հեռացող, երկաթուղին հսկած ստորաբաժանման համար, սակայն Իջեւանի տղաները գլուխ չեն հանել, որից Վազգենը շատ էր դառնացել։

Այդ օրը մի արտառոց բան էլ տեղի ունեցավ։ Գառնիզոնի մոտ հավաքվածների մեջ էր նաեւ շրջանի զինկոմ Կարեն Աֆոյանը։ Նա սկսեց շատ ակտիվ խոսել զրահամեքենաների մասին։ Անընդհատ պատմում էր, թե Աֆղանստանում ինքը БМП-2-ով ինչ հրաշքներ է գործել։ Վազգենը լսեց-լսեց, հետո ասաց. «Կարեն, Աֆղանստանում քո արածներով մեր ներկայիս վիճակը չի թեթեւանում, ես էստեղից թռնելու եմ Ղարաբաղ, եթե իրոք դու այդքան կարող ես, արի հետս տանեմ, իմացածդ սովորեցրու տղերքին»։ Կարենը անհարմար վիճակի մեջ ընկավ, մի պահ շփոթվեց, հետո ամոթից ասաց, որ կգնա։ Մինչ մենք զբաղված էինք զրահամեքենաների ընդունումը ձեւակերպելու խնդիրներով, գնաց տուն, հավաքեց իրերը, եկավ ու Վազգենի հետ թռավ Ղարաբաղ։ Կարճ ժամանակ անց իմացանք, որ Կարեն Աֆոյանը զոհվել է։ Զոհվել էր БМП-2 –ի զրահի վրա կանգնած պահին՝ հակառակորդի БМП-2-ի ուղիղ նշանառությամբ կրակոցից…

ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ

Դեռ 1991-ի նոյեմբերի 6-ին Իրանի սահմանը հսկող ռուս սահմանապահները դուրս էին քշվել Ադրբեջանից։ Մեղրու սահմանապահ զորամասի նախկին Վեժնավիրի ուղեկալը, որը Մեղրիի կողմից հաշված առաջինն էր Զանգելանում, դարձել էր Մեղրիի հետ սահմանը հսկող ադրբեջանական զորամաս։ Որպես սրա հակակշիռ, մենք անհապաղ հենակետ դրեցինք Մեղրի-Զանգելան սահմանագիծ լեռնազանգվածի գագաթին, որը գտնվում էր երկաթուղու ու ավտոմոբիլային ճանապարհի միջակայքում։ Պայմանականորեն այն անվանեցինք 44։ Հենակետ 44-ից շատ լավ երեւում էր Վեժնավիրի ուղեկալը։ Ի պատասխան` Ադրբեջանական կողմը օգտվելով իր կողմից համեմատաբար մեղմ ռելիեֆի ընձեռած հնարավորությունից ու ճանապարհի առկայությունից, աստիճանաբար, մինչեւ ամառ, դիրքավորվեց Մեղրի-Զանգելան սահմանագծի գրեթե ողջ երկայնքով։ Հենակետ 44-ը հաճախ էր ենթարկվում գնդակոծության։ Հրաձգային զինատեսակներով կրակում էին դիրքերց ու Վեժնավիրի ուղեկալից, իսկ խորքից՝ մեզ անհայտ կետից, երբեմն արկակոծում էին։ Կապանի Եղվարդ գյուղի մոտ՝ 1992 թ-ի  հունվարին, հայ ադրբեջանական հանդիպում էր կազմակերպվել, որին մասնակցում էինք նաեւ Ենոքը, Ղեւոնդն ու ես։ Իմանալով, որ հանդիպմանը մասնակցում է նաեւ Զանգելանի ոստիկանապետը, մոտեցա, ծանոթացա ու արտահայտեցի վիրավորվածությունս առ այն, որ մենք միմյանց հետ շփվում ենք հարեւան շրջանի սահմանագծում, այն դեպքում, երբ մյուս հարեւանի՝ Օրդուբադի հետ հանդիպում ենք մշտապես, ըստ անհրաժեշտության։ Առաջարկեցի, որպես առաջին քայլ, պայմանավորվել առաջին հանդիպման օրն ու ժամը։ Պայմանավորվեցինք։ 

Միակ հանդիպումը կայացավ 1992թ-ի փետրվարի 2-ին։ Միանգամից առաջարկեցի անցնել մեր տարածք՝ Նյուվադիի քյարիզի մոտ, ուր խորովածի կրակը արդեն վառվում էր, եւ զրուցել ճաշի սեղանի շուրջ։ Ամոթխած Ջաֆարովը առարկեց՝ պատճառաբանելով ժամանակի սղությունը։ Միանգամից ի շահ հարեւանության` առաջարկեցի միասին գնալ մինչեւ Վեժնավիր գյուղ, զրույցել թեյի շուրջ, նա էլ ժամանակ կշահի։ Ամոթից համաձայնեց։ Մեզ ու Ջաֆարովին ուղեկցողներին, որոնք միմյանց հետ հասցրել էին ծանոթանալ ու զրուցում էին, թողեցինք սահմանագծին ու մեր մեքենայով, Ղեւոնդի հետ հետեւեցինք Ջաֆարովին։ Վեժնավիր չհասած, բայց շատ մոտ, վերջին ջրբաժան գծի վրա, ճանապարհի աջ կողմում, փոքրիկ հարթանման տարածքում՝ Մեղրիի սահմանագծի ռազմական միավորները համակարգող ադրբեջանական շտաբն էր։ Ժամանակի համեմատ բավական կապիտալ կառույցներով ու կահավորված։ Իսկույն հասկացանք, որ նախորդ նոյեմբերի գիշերային փոխհրաձգությունը այստեղ էր եղել։ Հրանոթը անմիջապես նկատեցինք։ Այստեղից դեպի մեր կողմը նայելիս տեսանելի էր հենակետ 44-ի լեռնազանգվածի որոշակի հատված։ Թեյի սեղանը պատրաստ էր։ Աչք ծակեց շաքարի առատությունը, որը մեզ մոտ դիֆիցիտ էր։ Թեյ խմեցինք, շտապող Ջաֆարովին հրաժեշտ տվեցինք ու վերադարձանք սահմանագիծ։ Այնտեղ մնացած հայ ու ադրբեջանցի զինվորականները թղթախաղով էին տարված։ Մերոնք հարստացել էին։

Նախիջեւանի թեւում դեռ 1991թ-ի դեկտեմբերի 26-ին, Գողթանասարի հակաօդային պաշտպանության հենակետը անցավ ադրբեջանցիներին։ Մեր տեղեկություններով այնտեղ մշտապես ծառայում էին 70 հոգի։ Այնեղ էին տեղափոխել 2 ալազանային հրթիռային համակարգ, փորձել, սակայն բարդ ու սառած ճանապարհով չկարողանալով գագաթ բարձրացնել հակակարկտային հրանոթները, թողել էին Գանձակ գյուղի մոտ։ 

Կոմունիկացիաների բացակայության պատճառով, բացի ճանապարհից, ձմռանը, շուրջ 3000 մետր բարձրության վրա դժվար էր հակակշիռ հենակետ ստեղծելը։ Ոստի այդ պահին հարկադրված էինք բավարարվել միայն ցածր գոտում՝ Արաքսի ափին, Ծիրանիձորի մոտ, ավտոճանապարհի ու երկաթուղու շրջակայքում հիմնել պաշտպանական հենակետ։ Վաղ գարնանը՝ արեւահայաց լանջով բարձրացող ճանապարհի բացվելուն պես, բուլդոզերով քաշելով` Խոշլի տեղափոխեցինք մի քանի անվավոր տնակ ու հիմնեցինք Խոշլիի հենակետը։ Անգամ այդ ժամանակ տնակների տեղափոխումը հագեցած էր բարդություններով։ Այնտեղ բարձրացվեց նաեւ միակ հակակարկտային 100 մմ-ոց հրանոթը, որը թեեւ նշանառության համակարգ չուներ, բայց տանկի 100 մմ-ոց արկերը նրանով գործածվում էին, եւ հետեւաբար՝ մարտական հրանոթ էր։ Խոշլին հրաշալի հենակետ է, այստեղից՝ անզեն աչքով, ինչպես ափի մեջ տեսանելի են Օրդուբադի շրջանի բնակավայրերի մեծ մասը, ներառյալ  շրջկենտրոն Օրդուբադը։

Վաղ գարնանը կենտրոնից հատկացրեցին երկուական հրանոթ՝ Д – 30, եւ գրադ՝ БМ-21, առանց բուսոլի(հրետանավորի կողմնացույց) եւ աղյուսակների։ Հրետանավոր չունեինք։ Մտածում էինք օգտագործել հրացանի սկզբունքով՝ հանել սարերի գագաթները եւ ուղիղ նշանառությամբ կրակել երեւացող թիրախներին։ Ռազմական գիտելիքին ու փորձին փոխարինում էր հաղթելու վճռականությունն ու ոգին։ Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ ու հրավերով Ռուսաստանից Հայաստան էր եկել հայ սպայակազմը։ Մեկը մյուսի ետեւից եկան նրանցից մի քանիսը, խոսեցին առանց աղյուսակներ ու բուսոլ հրետանի գործածելու անհնարինության մասին, նույնիսկ գովեցին հրացանի սկզբունքով հրետանին գործածելու մեր ձգտումը ու գնացին։ Հերթականը Յուրի Խաչատուրովն էր, եկավ աղյուսակներով ու բուսոլներով։ Կոնկրետ խնդիր կար լուծելու. Կապան քաղաքը ինտենսիվ հրետակոծվում էր, առաջարկում էին, որ Մեղրիից խփենք Մինջեւանին, որ ցավ զգան ու դադարեցնեն Կապանի հրետակոծումը։ Լեռնային դժվարանցանելի ճանապարհը բուլդոզերով ձյունից մաքրելով՝ գրադը Նյուվադիով հանեցինք Կապանի սահմանագիծ, որ բարձրությունների տարբերության հաշվին Մինջեւանը հասանելի դառնա գրադի համար։ Խաչատուրովը սկսեց հրետանավորի հաշվարկներով նախապատրաստել Մինջեւանի հրետակոծությունը, իսկ ես ուշադիր հետեւում էի։ Ռազմական ամբիոնում սովորած որոշ գիտելիքներ եւ գեոդեզիայի փայլուն իմացությունն ինձ օգնեցին հիմնավոր ընկալել Խաչատուրովի կողմից կատարվող հաշվարկների իմաստը։ Նա հաջորդ օրը ինձ ու Ղեւոնդին հրավիրեց Լիճք գյուղ՝ զորամասի փոխակերպվող նախկին մանկատուն, ցույց տալու անկախ Հայաստանի առաջին զորակոչիկներին ընդունելու նախապատրաստությունը։ Մի հարմար պահի խնդրեցի Խաչատուրովին լսել ու գնահատել, թե արդյոք ես ճիշտ եմ ընկալել հրետանու գործածության տրամաբանությունը։ Նա էլ պատասխանեց, որ չունենալով ռազմական մասնագիտական ակադեմիական կրթություն՝ բացառվում է, որ ես դա հասկացած լինեմ։ Համառեցի ու հիմնավորելով` հերթականությամբ թվարկեցի կոորդինատներով հրետանին գործածելու տրամաբանությունը։ Խաչատուրովը զարմացած պնդում էր, որ ես անպայման ռազմական մասնագիտական կրթություն ունեմ։ Այդ շրջանում Մեղրի եկան գեներալներ Նորատ Տեր-Գրիգորյանցն ու Դարիբալթյանը` մի խումբ գնդապետերի ու փոխգնդապետերի ուղեկցությամբ։ Ուսումնասիրեցին արեւելյան ու արեւմտյան պաշտպանական գծերը եւ իրենց հիացմունքը արտահայտեցին հենակետերի ճշգրիտ տեղակայման համար։ Նրանց միակ անհանգստությունը Զանգելանի կողմից այլեւս չգործող երկաթուղու բաց լինելու իրողությունն էր։ Մտածում էին, որ Բաքվի կողմից մտնող զրահագնացքը կարող է վտանգավոր լինել Մեղրիի համար։ Նրանց անհանգստությունը անձամբ փարատեցի, հենց իրենց ներկայությամբ, վերջին սահմանապահ ուղեկալից հետո պայթեցնելով երկաթուղու մի հատված, նրա տակով անցնող ջրթող կառույցի հեծանների միջակայքում տեղավորելով մեկ պարկ ամունիտ։ Զանգելանի ուղությամբ եւս մի հիմնական հենակետ դրվեց հուլիսի երկրորդ կեսին՝ Խոշլին կորցնելուց ու ետ վերցնելուց հետո։ 

ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԴԱԴԱՐ

Թե ինչ ջանքերի գնով էր շահագործվում երկաթուղին, թե ինչպես էր ամեն մի արկածախնդրության հետեւանքով կանգ առնում, ինչպիսի չարչարանքով էր վերսկսում աշխատանքը՝ արդեն բավարար նկարագրվել է։ Ըստ էության, աբխազական երկաթուղու չգործելու պայմաններում` սա բեռնափոխադրումների ապահովման միակ կապն էր։ Մի քանի ամիս շարունակ,  ամեն օր, կեսգիշերին, աշխատանքից տուն ճանապարհն անցնում էր Մեղրու կայարանով։ Այնտեղ ինձ պարտաճանաչ սպասում էր կայարանապետ Ժորա Հայրապետյանը։ Բարեխիղճ կայարանապետը մի գավաթ թեյ հյուրասիրելուն զուգահեռ, ինձ էր հանձնում թղթի մի կտոր, որում հաշվառված էր Մեղրիով անցած ու Նախիջեւան մտած հայկական բեռներ տեղափոխող վագոնների քանակը, ընդ որում՝ մազութի վագոններինը` առանձնացված։ Ձմեռ էր՝ 1992թ-ի սկիզբը, ջերմակայանները աշխատում էին մազութով, որը ծայրը-ծայրին հասցվում էր անիվների վրա։ Առավոտյան այդ տվյալները հաղորդում էի վերադասին, որը համեմատում էր Երեւան հասած բեռների տվյալների հետ՝ պարզելու համար, թե արդյոք Նախիջեւանում չեն յուրացվում հայկական բեռները։ Մինչեւ 1992թ-ի ապրիլ չեմ հիշում մի դեպք, որ բեռները Երեւան չհասնեին։ Ապրիլի կեսին Մեղրիով անցնող բեռները Երեւան չհասան եւ երկաթուղին դադարեց գործել։ 1992թ-ի մարտի 24-ին Նախիջեւանի առաջնորդ Հեյդար Ալիեւը Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի հետ ստորագրեց տնտեսության ոլորտում համագործակցության արձանագրություն, որի արդյունքում սկսեցին գործել տրանսպորտային կոմունիկացիաները, բացվեցին օդային չվերթներ Նախիջեւանի եւ Թուրքիաի միջեւ եւ տրամադրվեց 100 մլն դոլարի վարկ։ Ահա եւ այս համաձայնագրից հետո, այլեւս ինքնաշրջափակման վտանգ չունենալով, ապրիլի սկզբից, հայկական բեռների մի մասը տեղ չէր հասել։ Մեղրիով անցնող վագոնների վրա սկսեցին նշմարվել կավիճով գրառված ադրբեջանական անուններ(Али, Вали, Байрам…), որոնք գնալով ավելի էին շատանում եւ դրանք, որպես կանոն, մնում էին Նախիջեւանում։ Ակնհայտ էր, որ Ադրբեջանում քաղաքական որոշում էին կայացրել երկաթուղու գործունեությունը Հայաստանի համար դադարեցնելով` նրան ենթարկել կատարյալ շրջափակման։ Նախագահի խորհրդական Աշոտ Մանուչարյանը հրահանգեց փակել երկաթուղին Մեղրիում, որպեսզի հայկական բեռների հաշվին չշահի Նախիջեւանը։ Ապրիլի կեսերին համատարած ադրբեջանցիների անուններով գրառված 22 վագոնից բաղկացած շարժակազմը ժամանեց Մեղրու կայարան։ Մեքենավարից պահանջեցի փաստաթղթերը՝ համատարած հայկական բեռներ էին՝ հիմնականում վառելանյութ։ Հրահանգեցի անջատել վագոնները քարշակից  եւ հեռանալ։ Մեղրիով անցնող վերջին ադրբեջանցի մեքենավարը առանց խոսքի հնազանդվեց։

Քանի որ այդ բեռների տեղափոխումը մեծ ծախսերի հետ էր կապված, ուստի կառավարության օպերատիվ շտաբը վերաբաշխեց այդ ապրանքների հիմնական մասը՝ թողնելով դրանք Մեղրիում եւ Կապանում։ Այդ նիստին մասնակցեց  նաեւ գործկոմի նախագահ Ենոք Անդրեասյանը։ Որոշ ժամանակ անց նա տխուր ձայնով զանգեց ինձ ու ասաց, որ Երեւանից մարդիկ են եկել եւ ուզում են գործկոմում հանդիպել ինձ հետ։ Նախագահի վերահսկողության ծառայության պետ Կարապետ Ռուբինյանն էր, Վալերի Պողոսյանը եւ ուրիշ երկուսը։ Դեռ չէի հասցրել բարեւել՝ Ռուբինյանը ասաց. «Հիմա մենք գնում ենք տեսնելու նորաբաց մաքսատունն ու լողացող կամուրջը, մինչեւ վերադառնանք դու Ենոքին կալանավորած լինես»։ Ես նախ հարցրեցի, թե արդյո՞ք նա գլխավոր դատախազն է, որ ինձ նման ցուցում է տալիս (այն ժամանակ կալանքի թույլտվությունը տալիս էր դատախազությունը), եւ հետո պարզելով, որ խնդիրը վերաբերում է երկաթուղու բեռներին, պարզաբանեցինք իրականությունը, տեղեկացրեցինք օպերատիվ շտաբի վերաբաշխման որոշման մասին, որից նրանք նույնիսկ տեղյակ չէին եւ վերջիններս ամաչելով հեռացան։ Նրանց Մեղրի այցելելու համար հիմք էր ծառայել կոմունիստական շրջանի պարապ մնացած ժողովրդական վերահսկողության ղեկավարի եւ նրա շրջապատի նամակը, ըստ որի` իբրեւ Ենոքը այդ բեռները վաճառել էր։    

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆԻՆ

Կապան քաղաքը շատ ծանր դրության մեջ էր։ Այն  հաճախակի էր «Град» հրթիռներով  ենթարկվում հրետակոծության։ Երբեմն նույնիսկ ռմբակոծում էին ռազմական ինքնաթիռներով։ Խոսակցություններ կային, որ երբեմն առիթ տալիս էին մերոնք. ներքաղաքական իրավիճակը մեղմելու նպատակով` Կապանի երկու վարչական ղեկավարներից մեկը հրահանգում էր ՆԳ բաժնում ծառայող իր ընկերոջը գնալ, եւ ոչ ակնհայտ պայմաններում կրակահերթ արձակել ադրբեջանական գյուղի ու դիրքերի ուղղությամբ։ Վերջինս բարեխղճորեն կատարում էր եւ անմիջապես ունենում էին պատասխանը։ Ասում էին…

Մի անգամ անձամբ եմ ականատես եղել, թե ինչպես Դավիթ-Բեկ գյուղի մոտ ձախողվեցին ԱԺ փոխնախագահների մակարդակով մեկնարկված բանակցությունները, որովհետեւ Կապանի կողմից, ուղիղ բանակցողների գլխավերեւով «Град»-ի հրթիռները սկսեցին թռչել Կուբաթլու քաղաքի ուղությամբ։

Բանակցողները վերադարձան եւ պատսպարվեցին քաղաքի ռմբապաստարանում։ Պատասխանը թեժ էր՝ ամենուր տեսանելի էին պայթյունից վեր բարձրացող փոշու ամպեր, այրվում էին շինություններ ու տներ։

Ռմբապաստարան եկավ Կապանի ղեկավարների ջանքերով պաշտպանությունը գլխավորելու հրավիրված մորուքավոր գնդապետը, որը չգտավ իր արածի հոդաբաշխ բացատրությունը։ Ղեւոնդը ԱԺ փոխնախագահի եւ բանակցային թիմի մյուս անդամների ներկայությամբ լիցքավորած ատրճանակը ընդհուպ մոտեցրեց բանակցությունները ձախողած գնդապետի ճակատին եւ սպառնաց գնդակահարել։ Վերջինս արտաբերեց. «Я тебя приглашаю на дуэль»։

Կապանում անգամ դրամահավաք էին իրականացնում ինքնապաշտպանությունը կազմակերպելու, զենք ու զինամթերք ձեռք բերելու համար։ Այլ տեղերից հրավիրում էին ջոկատներ, սովետական բանակի զորացրված բարձրաստիճան սպաներ, վճարում ու կերակրում էին, սակայն, միեւնույնն է, վիճակը հաճախ էր թեժանում, լինում էին զոհեր ու վիրավորներ։

1992թ-ի ապրիլի 25-ին ինձ զանգահարեց Կապանի ՆԳ բաժնի պետ Էդիկ Բարսեղյանը, որը ավելի հայտնի է որպես Լոնդիկ, եւ բառիս բուն իմաստով լացակումաց ասաց. «Ախպե՜ր, ցա՜վդ տանեմ, ժողովուրդին կոտորում են, աղաչու՜մ եմ հասե՛ք, փրկե՛ք… »։

Բարդ իրավիճակ էր։ Նախորդ օրը Գողթանասարի ադրբեջանակաան դիրքերից անընդմեջ գնդակոծել էին Խոշլիի մեր դիրքերը։ Բարեբախտություն էր, որ զոհեր չունեինք։ Օրդուբադի հետ մշտապես լինելով կապի մեջ, դեռ չէինք կարողացել հանդիպել ու պարզաբանել տեղի ունեցածը։ Կապվեցի Ղեւոնդի հետ, պատմեցի եղելությունը, քնարկեցինք եւ որոշեցինք Խոշլիում եւ մյուս հենակետերում պահպանելով ուժեղացված ծառայություն, ոստիկանությանը տալով ըստ անհրաժեշտության օպերատիվ աջակցելու հրահանգ, անհապաղ մեկնել Կապան։ Հարցրեցի, թե որքան ժամանակից վաշտը պատրաստ կլինի շարժվելու։ Նա անմիջապես պատասխանեց. «Մեկ ժամից շարժվում ենք»։

Մեղրու վաշտը զրահամեքենաներ ձեռք էր բերել ընդամենը 40 օր առաջ, որից Ղեւոնդը շատ էր ոգեւորվել։ Յուրաքանչյուր զրահամեքենա կցել էր կոնկրետ անձնակազմի։ Տղաները օր ու գիշեր մաքրում, ներկում, կարգաբերում, օգտագործում ու վարժվում էին։

Կապանից ստացած զանգից չորս ժամ հետո մտանք Կապան։ Շրջխորհրդի գործկոմում փողկապավոր հայրենասերների պակաս չկար, բոլորը պատրաստ էին քաջալերել կռվողներին, իսկ կռվելու էինք մենք ու Սիսիանի վաշտը` Հովիկ Ազոյանն ու Աշոտ Մինասյանը։ Պարզվեց, որ նախորդ օրը` ապրիլի 24-ին , Կապանի վաշտը կոնֆլիկտի մեջ է մտել հակառակորդի հետ, որի հետեւանքով խոցվել է վաշտի միակ զրահամեքենան եւ ամբողջ կազմը զոհվել է։

Ռազմական խորհուրդը գլխավորում էր ծագումով կապանցի գեներալ Մուրազ Սարուխանիչը։ Նրան ամեն վայրկյան ընդհատում ու ցուցում էին տալիս փողկապավորները։ Ինչեւէ, գեներալը կարողացավ Կապանի բարբառով ու տեղանուններով  ձեւակերպել ռազմական առաջադրանքը։ Խնդրեցի քարտեզի վրա ցույց տալ։ Նա մատը քարտեզի վրա դրեց Կապան քաղաքի վրա, սահեցրեց դեպի հարավ՝ ասելով. «Ըստի քունումըք», անցավ Արաքս գետը, շրջվեց ու մատը սահեցնելով ետ բերեց մինչեւ Կապանի օդանավակայանի դիմացի ադրբեջանական գյուղեր Աղքենդն ու Ղազանչին, շարունակելով. «Ըստի կամըք, ուրաք թխումըն, դուք ջունջումըք»։  Հավանաբար գեներալի տեսողությունը ծերացել էր։ 

Որոշվեց այսպես. Ղեւոնդն ու Ազոյանը օդանավակայանի կողմից զրահամեքենաներով հնարավորինս մոտենում են գյուղերին եւ դիրքավորվում։ Աշոտ Մինասյանն ու ես՝ Սիսիանի ու Մեղրու վաշտերի տղաների հետ, տեղանքին Քաջածանոթ  Բուլուշի եղբայր Սերյանի խմբի ուղեկցությամբ մեքենաներով գնում ենք Գեղանուշ գյուղով, Ուռած քարի մոտով միանում ենք ծավ տանող ճանապարհին, բաժանվում երկու խառը խմբի, մեկը Աշոտի գլխավորությամբ մոտենում է գյուղին ձորով, մյուս խումբը՝ իմ գլխավորությամբ, շարժվում ենք Ծավ-Կապան ճանապարհին զուգահեռ, եւ մոտենում ենք գյուղին՝ ճանապարհի կողմից, ու դիրքավորվում։ Լուսաբացին, միաժամանակ, երեք կողմից սկսում ենք հարձակումը։  Արդեն ուշ էր, հոգնած էինք, տեղավորվեցինք քնելու։ Պայմանավորվոծ ժամին հավաքվեցինք որոշված տեղում, եկան ավտոբուսները։ Գեղանուշ գյուղում արդեն լուսացել էր։ Մինչեւ հասանք տեղ, բաժանվեցինք, բավական ուշացել էինք։ Ճանապարհից բարձր, թմբերի լանջերով, կուզեկուզ, լուռ ու ուշաադիր շարժվում էինք առաջ։ Վերջին թուբն էր, որից հետո ճանապարհը՝ երկու թմբերի արանքով, թմբերի շղթայի ձախ լանջից անցնում էր աջ լանջ եւ դառնում գյուղի ճանապարհամերձ դիրքից տեսանելի։ Հանկարծ ուժգին կրակ տեղաց մեզ վրա, նկատել էին։ Առաջին անգամ էինք հայտնվում նման տեղատարափ կրակի տակ, սարսափելի էր։ Մենք մի 50 մետր ետ քաշվեցինք ու փամփուշտների տարափից պատսպարվեցինք` բլրով, սակայն նռնականետերով շարունակ կրակում էին, որոնց նռնակները պայթում էին մեր գլխավերեւին։ Անփորձ էինք, չէինք հասկանում, հետո միայն վերլուծեցինք, որ հակատանկային կոմուլյատիվ հրթիիռներ էին արձակում մեզ վրա, որոնք մոտ 300մ հեռավորության վրա պայթելով ինքնավերանում էին ուղիղ մեր գլխավերեւին։ Այնքան ինտենսիվ էին կրակում, որ չէինք կարողանում գլուխներս գետնից կտրել, կպել էինք գետնին, փոքրացել, մի բուռ էինք դարձել։ Մի հրթիռ պայթեց ուղիղ գլխավերեւիս ու մի ծանր բան ընկավ մեջքիս, թվաց թե պիտի մեռնեմ կամ գոնե վիրավորվեմ, բաց չէ, ձեռքս տարա, շոշափեցի մեջքս, արյուն չկար։ Իմ կողքին պառկած էր Վալերի Համբարձումյանը՝ Շարոն, նրա ականջից արյուն էր գալիս՝ կոնտուզիա էր ստացել, իսկ մեջքիս ընկնողը հրթիռի պոչն էր, որն այդ պահին ընկած էր իմ ու Շարոյի արանքում։ Տղաների մի մասը մեր կապանցի ուղեկիցների հետ պատսպարվել էին հաջորդ բլրի ետնամասում։ Պարզվեց, որ ուղեկցող խմբի զուսպ, հայրենասեր ու քաջ Սերյանը գլխից վիրավորվել է, բայց գիտակցությունը տեղում է։ Որոշեցինք, որ ուղեկցող տղաները Սերյանին ու Շարոյին Գեղանուշի ձորով տեղափոխում են Կապանի հիվանդանոց։ Հետո ես ու Սիսիանի տղաներից մեկը, որ ինքնաշեն նռնականետ էր կրում (АГС), ճանապարհով սողեսող դուրս եկանք երկու բլուրների միջեւ, որտեղից գյուղն ու ճանապարհի կողմի հենակետը պարզորոշ երեւում էին, հարմար տեղավորվեցինք։ Մեկս մյուսին փոխարինելով, հերթով բարձրանում էինք պառկած տեղից, ես ինքնաձիգով կրակահերթ էի արձակում հենակետի վրա, իսկ նա նռնակ էր արձակում։ Այդպես մեզ վրա գրավեցինք հակառակորդի ուշադրությունը, որից օգտվելով մյուս տղաները ճանապարհով մոտեցան հենակետին մոտ 100 մետր հեռավորության վրա եւ կրակի տարափ տեղացին նրանց դիրքերին։ Բոլորը կրակում էին ինքնաձիգներով, իսկ Կոստինը՝ միակ պրոֆեսիոնալ զինվորը՝ նռնականետով։ Արդեն մութն ընկնում էր, հակառակորդը լռեց։ Մեր խումբը հավաքվեց գյուղի եզրին՝ առաջին տան մոտ։ Գյուղը ձորի մեջ էր եւ մութն ընկնելուն պես տեսանելի էր, թե ինչպես հակադիր լանջով, լուսածիր փամփուշտներ կրակելով գյուղի պաշտպանները հեռացան գյուղից։ Վաղուց կենտրոնի հետ կապ չունեինք, մարտկոցները լիցքթափվել էին։ Աշոտի խումբը գյուղի վերին հատվածում էր՝ ձորի մեջ։ Սիսիանի տղաները որոշեցին գնալ ու միանալ իրենց հրամանատարին, ես բացատրեցի, որ վտանգավոր է գիշերով գյուղի մեջ մտնելը, հնարավոր է նույնիսկ յուրայինները միմյանց ուղությամբ կրակեն։ Չլսեցին։ Մյուսներին հրահանգեցի մնալ տեղում եւ սպասել իմ վերադարձին կամ իրենց փոխարինմանը։ Բոլորս հոգնած ու քաղցած էինք։ Տեղանքին քիչ թե շատ ծանոթ Սաքի դայից Հրաչիկի տղա Սաքոյի հետ քայլեցինք Կապան։ Հասանք շրջխորհուրդ, զեկուցեցի գեներալին հանձնարարության կատարված լինելու մասին։ Որոշեցին, որ փոխարինող են ուղարկում։ Տղաներին ավտոբուսներով ետ բերեցին։ Սիսանի տղաներից մեկը որովայնի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել։ 

Գիշերը միջազգային աղմուկ էր եղել. Մեր գործողությունը մեկնաբանվել էր որպես Հայաստանի կողմից հարձակում եւ ադրբեջանական տարածքների զավթում, որը փաստորեն ստվերում ու խանգարում էր ղարաբաղյան պայքարը միջազգային ատյաններում ազգերի ինքնորոշման պրիզմայով ներկայացնելու նուրբ գործին։ Առավոտյան ասացին, որ ստիպված են եղել լուսաբացին հետ թողնել գրավված գյուղերը։ Ամեն դեպքում մենք մեր գործն արել էինք, ձեռք բերել մարտական փորձ, ամրապնդել մեր մարտական ոգին, որը մեզ  շատ էր անհրաժեշտ,  իսկ ադրբեջանցիները երեւի դաս քաղեցին։ 

Զրահամեքենաներից ու ավտոմեքենաներից բաղկացած մեր շարասյունը Կապան քաղաքի միջով դանդաղ ընթանում էր դեպի Մեղրի։ Մայթերին կանգնած մարդիկ ողջունում էին մեզ, շնորհակալություն հայտնում, անգամ ծաղիկներ նետում մեր ուղղությամբ ու հերոս մեղրեցիներ անվանում։ Շենքերի պատուհաններից ու պատշգամբներից բազմաթիվ մարդիկ էին մեզ ողջունում` ձեռքերի թափահարումով։ Ժողովուրդի դրական գնահատականը մեծ պարգեւ է։

Վերադառնալուն պես կապվեցի Օրդուբադի հետ եւ պայմանավորվեցինք հաջորդ օրը՝ ապրիլի 28-ին, հանդիպել։ Նրանք արդարացան՝ պարզաբանելով, որ Գողթանասարի ռազմական ստորաբաժանումները ուղիղ ենթարկվում են Բաքվին եւ գործել են այնտեղի ցուցումով։ Ասացին, որ թեեւ իրենք փորձել են կանխել, բայց չեն կարողացել։ Մեկ ամիս առաջ էլ՝ մարտի 23-ի գիշերը, ժամը 2-ին, գնացքից գնդակոծել էին Ծիրանիձորի հենակետը։

ՄԱՅԻՍՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ

Մեղրու ռուսական սահմանապահ զորամասի հետախուզության պետ Օթարի Ջանիբեկի Մուջիրին, որի մայրը հայ էր, օգնելու նպատակով, խիստ գաղտնի պայմաններում անձամբ ինձ էր փոխանցում իրեն հայտնի դարձած, մեզ համար կարեւոր տեղեկություններ։ Մասնավորապես, դեռ մարտի երկրորդ տասնօրյակում նա փոխանցել էր, որ Շարուրից սկսած զինված խմբեր են կուտակվում Օրդուբադում, որ բացի տեղի ուժերը, այնտեղ արդեն առկա են 120 զինյալներ, որոնք շարունակվում են ավելանալ։ Հստակ ասաց, որ առաջիկա 1.5 ամսվա ընթացքում նախատեսում են հարվածել Մեղրիին` գործածելով հեռահար զինատեսակներ։ 

Սակայն աշունը գարունից շուտ եկավ՝ մայիսի 8-9 -ին ազատագրվեց Շուշին, իսկ մայիսի 18-ին՝ Լաչինը։

Մուջիրիի պնդմամբ, մայիսին Մեղրիին հարվածելու ձախողումը, կամ, ինչպես ցույց տվեց ժամանակը՝ հետաձգումը, ոչ թե պայմանավորված էր Շուշիի ու Լաչինի կորստով, այլ հենց  Լաչինի ազատագրման օրը, նրա ստվերում մնացած՝ Արարատի կողմից իրականացված ռազմական գործողությամբ, որի արդյունքում մերոնք տիրապետեցին Երասխի սահմանային իշխող բարձունքներին։ Այդ մարտերը տեւեցին մեկ շաբաթ։ Ադրբեջանը փորձում էր ինչ-որ մաս վերադարձնելով հավասարակշռություն հաստատել, չստացվեց։ Մայիսի 23-ին Ալիեւը միակողմանիորեն հայտարարեց մարտական գործողությունները դադարեցնելու մասին։

Այդ ամիսը, սակայն, սկսել էր ոչ պակաս կարեւոր մի իրադարձությամբ՝  մայիսի 6-ին, Մեղրիում, Արաքս գետի վրա բացվեց Հայաստանը Իրանին կապող, լողացող, ժամանակավոր կամուրջը, որով սկիզբ դրվեց Հայաստանի խորը շրջափակման ճեղքումը։  

ՎԵՐՋԻՆ ԳՆԱՑՔԸ

Լողացող կամրջի գործարկումից օրեր անց գործկոմի նախագահ Ենոք Անդրեասյանը հրավիրեց եւ ներկայացրեց հյուրերին։ Իրանական Ջուլֆայի երկաթուղու պատասխանատուներն էին։ Խնդրում էին հնարավորություն ընձեռել Մինջեւանում կուտակված շուրջ 250 վագոն իրանական բեռները` Մեղրիի տարածքով փոխադրելու։  Ասացին, որ ադրբեջանական կողմը համաձայն է։ Ենոքի հետ քնարկեցինք եւ բնականաբար համաձայնեցինք, համոզմունք հայտնելով, որ հազիվ թե բեռները պահպանված լինեն։ Ասացինք նաեւ, որ կա մի տեխնիկական խոչնդոտ, որ հենց սահմանագծին երկաթուղին վնասված  է, եւ որ մեր միջոցները սուղ են եւ առանց աջակցության չենք կարող վերացնել այդ խոչնդոտը։ Դա այն  խոչընդոտն էր, որ առաջացել էր բանակի հիմնադիր գլխավոր շտաբի պետ Նորատ Տեր-Գրիգորյանցի անհանգստությունը փարատելու նպատակով՝ գծի այդ հատվածը պայթեցնելու եղանակով, եւ որից անցել էր շուրջ մեկ ամիս։Նրանք պատրաստակամություն հայտնեցին օժանդակել։ Հետագա մի քանի օրերին՝ գործկոմի նախագահի նախաձեռնությամբ, եւ իրանական կողմի աջակցությամբ, խոչընդոտը վերացվեց։ Դրանից անմիջապես  հետո՝ 1992թ-ի հունիսի սկզբին, կազմակերպվեց եռակողմ հանդիպում հայկական, իրանական եւ ադրբեջանական պատվիրակությունների մասնակցությամբ։ Քնարկումը տեղի ունեցավ Սղրդի սահմանամերձ ռուսական ուղեկալում։ Ադրբեջանական պատվիրակությունը՝ գեներալ Քյազիմովի գլխավորությամբ, պիտի գար երկաթուղով՝ ոտքով, բայց ուշանում էր։ Մտածելով, որ հավանաբար վախենում են, գծով քայլելով Ղեւոնդի հետ ընդառաջ գնացինք։ Նրանց խումբը կանգնած էր սահմանագծից մի կրակոց հեռավորության վրա, իրենց տարածքում։ Կանգնեցինք սահմանագծին, կանչեցինք, ձեռքով մոտենալու նշան արեցինք։ Եկան, բայց դժկամությամբ, կարծում եմ, եթե չգնայինք չէին գալու` պատճառաբանելով, որ դիմավորող չի եղել, թեեւ նման պայմանավորվածություն չկար։ Ինչեւէ,  դիմավորեցինք սահմանագծին ու ուղեկցեցինք ուղեկալ։ Փաստաթուղթ նախապատրաստվեց, եռակողմ ստորագրվեց։ Արձանագրվեց, որ բեռների տեղափոխման խոչնդոտները վերացված են եւ որ հենց հաջորդ օրվանից մեկնարկվում է իրանական բեռների տեղափոխումը։ Հանդիպման ավարտին մեր  վաշտի մի քանի զինվորի ուղեկցությամբ, ճանապարհեցինք ադրբեջանական պատվիրակությունը, իսկ մենք՝ իրանական պատվիրակության հետ, մեքենաներով  շարժվեցինք դեպի Մեղրի։ Ուղեկալից հազիվ երկու հարյուր մետր էինք հեռացել՝ ադրբեջանական դիրքից սկսեցին մեզ  ուժգին գնակոծել։ Այդ դիրքից մեր ճանապարհի մոտ 100 մետրանոց մի հատված էր տեսանելի։ Բարեբախտություն էր, որ ոչ ոք չտուժեց։ Մենք նման իրավիճակներ շատ էինք տեսել, վախ չունեինք, բայց շատ զարմացած էինք, որ իրեն հրաշալի դրսեւորեց միակ կինը՝ Տանիա Հովհաննիսյանը, որը ներկա էր արձանագրությունը մեքենագրելու նպատակով։ Գնդակոծության պահին ադրբեջանական պատվիրակությունը դեռ սահմանագիծ չէր հասել։ Ուղեկցող տղաները, սակայն, ռադիոկապով ցուցում ստացան շարունակել ուղեկցումը։ Իրանական պատվիրակության ղեկավարը անմիջապես արձագանքեց. «Դուք ճիշտ էիք, ուրեմն Մինջեւանում ոչ մի բեռ էլ չի մնացել»։ 

Մեկ շաբաթ անց երկաթուղու կապով միացավ Նախիջեւանում տեղակայված ռուսական 75-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ Մարկելովը։ Այն նույն դիվիզիայի, որը մինչեւ 1991 թ-ի օգոստոսի 8-ը ապահովում էր Մեղրիի ադրբեջանաբնակ Նյուվադի գյուղի կենսագործունեությունը Ադրբեջանի կազմում։ Նա խնդրեց օժանդակել Մեղրիով տեղափոխելու այլեւս սննդամթերքի դիֆիցիտ ունեցող դիվիզիայի Մինջեւանում մնացած մեկ վագոն պահածոն։ Հաջորդ օրը նա իմ հյուրն էր, իսկ նրա մի քանի ենթականեր քարշակով շարունակեցին ճանապարհը Մինջեւան։ Վերադարձան նախատեսվածից շատ ուշ։ Քաշքշոցների էին ենթարկվել։ Հազիվ էին գործը գլուխ բերել։ Պատմեցին, որ բացի իրենց պատկանող վագոնից, մնացած բոլոր վագոնները կանգնած էին բաց դռներով՝ դատարկ։ Իրենց մեղադրել են հայերին աջակցելու համար, չեն հավատացել, որ արկղերի մեջ եղածը պահածոներ են՝ բացել ու ստուգել են։ Անգամ կասկածել են, որ պահածոների տուփերի մեջ փամփուշտներ են՝ նախատեսված հայերի համար, տուփերը ընտրովի բացել ու ստուգել էին։ Սա Մեղրիով անցած վերջին գնացքն էր։

ԹԵԺ ԱՄԱՌ

(ԽՈՇԼԻԻ ԱՆԿՈՒՄՆ ՈՒ ԱՌՈՒՄԸ)

1992թ-ի մայիսի 15-ի Տաշքենդյան համաձայնագրով սովետական բանակի ունեցվացքը բաժանվեց անկախացած հանրապետությունների միջեւ։ Հայաստանի ու Ադրբեջանի բաժինները նախատեսված էր հավասար քանակությամբ՝ 220-ական տանկ, 220-ական զրահամեքենա, 220-ական հրանոթային միավոր, 100-ական ռազմական ինքնաթիռ։ Սակայն սրան նախորդող գարնանային ժամանակահատվածում սովետական ռազմաբազաների պահեստներում պայթյունների շքերթ էր տեղի ունեցել։ Ընդծորում, Ադրբեջանում մի քանի անգամ ավելի շատ։ Յուրաքանչյուր ռազմապահեստի պայթյունից հետո պարզվում էր, որ սպառազինության գերակշիռ մասը ոչնչացել է։ Որոշ տեղեկություններով՝ մինչեւ Տաշքենդյան համաձայնագրի ստորագրումը, Ադրբեջանը մարդկային կապերի, փողի եւ օղու նպատակասլաց գործածությամբ ձեռք էր բերել մի քանի հարյուր միավոր տանկ, զրահամեքենա ու հրանոթ։ Բայց ամենակարեւորը՝ օգտվելով ՍՍՀՄ փլուզման հետեւանքով բանակում առաջացած անտերությունից, հարյուրավոր արհեստավարժ զինվորականներ պատրաստակամ էին գործածել այդ տեխնիկան, բնականաբար վճարի դիմաց եւ Ղարաբաղի դեմ։ Ադրբեջանում սովետական բանակի ներկայությունն ու սպառազինությունը մի քանի անգամ գերազանցում էր Հայաստանում տեղաբաշխվածից, որովհետեւ դա առաջին հերթին նախատեսված էր Թուրքիայից ՆԱՏՕ-ական հարձակումը դիմակայելու տրամաբանությամբ։ Հայաստանը համարվում էր առաջնագիծ, եւ հարձակման դեպքում անմիջապես վեր էր ածվելու մարտադաշտի, որը կսպասարկվեր Ադրբեջանից։

Ուստի, թեեւ մայիսին Ադրբեջանը կորցրել էր Շուշին ու Լաչինը, երկրում քաղաքական ու ռազմական ճգնաժամ էր, բայց, միեւնույնն է, նա ուներ մի քանի անգամ ավելի ու  մի կարգ բարձր սպառազինություն եւ այն գործածող սովետական բանակի վարձու մասնագետներ։

Հունիսի 7-ին Էլչիբեյը ընտրվեց նախագահ եւ արդեն 5 օր հետո անսպասելի ու հուժկու հարձակում կազմակերպեց Ղարաբաղի հյուսիսային ուղղությամբ։ Արդեն օգոստոսին Ադրբեջանական զինուժը գրավել էր Ղարաբաղի գրեթե կեսը։ Անմասն չմնաց նաեւ Մեղրին։

Թեեւ Նախիջեւանի առաջնորդ Հեյդար Ալիեւը վարում էր ինքնուրույն քաղաքականություն եւ նախապատվությունը տալիս էր խաղաղության ապահովմանը, բայց այստեղ կար մի շատ նուրբ հանգամանք։ Բաքուն խնդիր էր դրել «Ազգային ճակատի» միջոցով վերջ տալ Ալիեւի ազդեցությանը։ Էլչիբեյը ծագումով Մեղրիի հարեւան Օրդուբադի շրջանի Քալաքի գյուղից էր եւ Օրդուբադում նրա ազդեցությունը բավականին ուժեղ էր, այն աստիճան, որ մինչեւ նրա նախագահ դառնալը Օրդուբադի շրջանային իշխանությունը արդեն տնօրինում էր ԱՃ-ն։ Գործկոմի նախագահ էր ընտրվել Ռովշանը` ԱՃ-ից։ Օրդուբադից էր նաեւ Նախիջեւանի ԱՃ-ի առաջնորդ Ֆարաջը, որը մասնագիտությամբ դեղագործ էր եւ Բաքվի մեջլիսի պատգամավոր։ Նույն մեջլիսի օրդուբադցի մյուս պատգամավոր ուսուցիչ Իլգարը եւս ԱՃ-ից էր, որը Էլչիբեյի նախագահ դառնալուց հետո նշանակվեց Օրդուբադի ոստիկանապետ։ Այս մարդկանց մասին ես գիտեմ անձնական շփումներից։ Նրանք, թեւ առերեւույթ Ալիեւի հետ պահում էին հավասարակշռված հարաբերություններ, բայց ցանկացած պահի պատրաստ էին կատարել Բաքվի ցանկացած հանձնարարություն։

Հուլիսի 10-ի կողմերը, մի օր, ոստիկանության իմ աշխատասենյակ եկավ Ղեւոնդը, եւ ասաց, որ Երեւանից՝ ՊՆ գիտությամբ, եկել է մի ջոկատ` սահմանների պաշտպանությանը աջակցելու նպատակով։ Քանի որ վաշտի տղաները հոգնած են, ինչպես նաեւ պիտի մասնակցեն իրենց գործընկեր Սերոժի հարսանիքին, ուստի մտածում է նրանց փոխարինել այդ ջոկատով։ Թեւ Ղեւոնդի վաշտը այլեւս ոչ թե ոստիկանության, այլ նորաստեղծ ՊՆ ենթակայության տակ էր, բայց, այնուամենայնիվ, կարեւորագույն հարցերով նա մշտապես խորհրդակցում էր ինձ հետ։ Այդ ջոկատը, որն իրեն «Շանթ» էր կոչում, բացարձակապես մարտական փորձ չուներ, բաղկացած էր բացառապես ուսանողներից, որոնք զբաղվում էին ալպինիզմով։ Նրանք ՊՆ-ից ստացել էին ինքնաձիգեր եւ գրությամբ գործուղվել Ղեւոնդի տրամադրության տակ։ Լավ ապահովված էին։ Եկել էին իրենց պատկանող փակ «Ուրալ» մակնիշի մեքենայով, ունեին ալպինիզմի համար անհրաժեշտ ամեն ինչ, պահածոյացված սնունդ եւ անգամ բենզինով գործարկվող փոքրիկ գեներատոր՝ էլեկտրականություն ստանալու համար։  

Ղեւոնդին հիշեցնելով նախկինում ունեցած ինֆորմացիան Մեղրիի վրա հնարավոր հարձակման վերաբերյալ, նաեւ հիշատակելով Ղարաբաղում առկա փաստացի իրավիճակը, խորհուրդ տվեցի, առանց տեղանքին ծանոթ փորձառու զինվորների, չվստահել սահմանի պաշտպանությունը տեղանքին անծանոթ, անփորձ ուսանողներին։

Օգոստոսի 15-ի ավարտին հաշված րոպեներ էին մնացել։ Սովորականի նման փակեցի երրորդ հարկում գտնվող աշխատասենյակիս դուռը եւ իջա հերթապահ մաս։ Տուն էի գնում։ Սովորաբար տուն գնալ-գալու ճանապարհին ես էի վարում մեքենան՝ բենզին խնայելու նպատակով։ Կարճեւան էի գնում Մեղրիի Փոքր թաղով՝ օդանավակայան տանող ճանապարհով։ Այսպես ճանապարհը երկու անգամ կարճ էր Ագարակով անցնող ճանապարհից։ Վարորդը՝ Միշա Պետրոսյանը, բանալիները ինձ փոխանցելով ասաց, որ հենց այդ պահին Խոշլիում գտնվող վաշտի զինվոր Գեւորգը ռադիոկապով խոսում էր Ղեւոնդի հետ, եւ որ, դատելով նրանց խոսակցությունից, մեր հենակետի ուղղությամբ կարծես կրակոցներ կան։ Նստեցի մեքենա, ռադիոկապը միացված էր։ Ճանապարհի կեսին նորից լսվեց նրանց խոսակցությունը։ Գեւորգը ասում էր, որ նրանք նորից կրակում են, իսկ Ղեւոնդը հանձնարարում էր. շարունակվելու դեպքում, իբրեւ նախազգուշացում, հակակարկտային հրանոթով խփել Ագուլիսի թռչնաֆաբրիկային։ Ես միջամտեցի՝ ասելով, որ դրա փոխարեն ավելի լավ է պայմանավորվածության համաձայն ռադիոկապով կապվել Օրդուբադի հետ, եւ տեղեկացնել միմյանց վրա չկրակելու պայմանի խախտման մասին։  Լռություն տիրեց։ 

Առավոտյան Գորիս պիտի գնայի, ինչ որ քնարկման մասնակցելու նպատակով։ Կապվեցի Ղեւոնդի հետ, ասաց, որ ամեն ինչ կարգին է։ Հորդորեցի զգույշ լինել, զերծ մնալ արկածախնդրությունից, եւ մեկնեցի Կապան։ Այնտեղից Կապանի ոստիկանապետի մեքենայով, Տաթեւի ճանապարհով միասին գնացինք Գորիս, որովհետեւ հիմնական ճանապարհը, որի կեսից ավելին հանդիսանում է սահմանագիծ, անցնում էր Ադրբեջանի տարածքով, այդ ժամանակաշրջանում համարվում էր շատ վտանգավոր։ Արդեն վերադարձին Կապանի ոստիկանության ճանապարհային հենակետի հերթապահը բաժնի պետ Էդիկ Բարսեղյանին հարցրեց, թե արդյոք իր հետ է Մեղրիի պետը եւ փոխանցեց, որ Մեղրիում ինչ-որ դիրք են կորցրել եւ Մեղրիի տարածքը հրետակոծվում է։ Հասանք Կապան, անմիջապես նստեցի իմ մեքեն եւ շարժվեցի հնարավորինս արագ։ Մենակ էի։ Քաջարանում վերցրեցի ճամփեզրին կանգնածԱրմեն Թումանյանին, որը հաջորդ օրվա մարտական գործողությունների ակտիվ առաջամարտիկներից մեկը դարձավ։ Միանգամից գնացի Փոքր թաղ՝ վաշտ։ Բարձրացա Ղեւոնդի աշխատասենյակ, որը երկրորդ հարկում էր, ներս մտա։ Նա նստած էր, արմունկները սեղանին հենած, խոնարհ գլուխը ափերի մեջ առած, խեղճացած, խուսափող հայացքով։

Հարցրեցի` ինչպես է պատահել։ Նա, մեղադրելով «Շանթ» ուսանողական ջոկատին, ասաց, որ հանկարծ տեսել են, որ ադրբեջանցի զինվորները արդեն մտնում են խրամատներ, խուճապի են մատնվել ու նահանջել, բայց այնտեղ եղած մի քանի փորձառու վաշտի զինվորները դիրքավորվել են մի կրակոց հեռավորության վրա։  

Կորցրել էինք Խոշլիդաղ կոչվող բարձունքը, որը մեզ համար ուներ բացառիկ ստրատեգիական նշանակություն։ Խոշլիդաղը՝ Մեղրու եւ Օրդուբադի շրջանների միջեւ, Զանգեզուրի լեռնաշղթայի իշխող բարձունքներից մեկն է, մոտ 2700 մետր բարձրությամբ։ Այնտեղից՝ ինչպես ափիդ մեջ, հստակ երեւում է շրջկենտրոն Օրդուբադը, մերձակա գյուղերը, երկաթուղին, միջպետական ավտոճանապարհը, իսկ վաղ առավոտյան, պարզ եղանակին, Նախիջեւանի վրայով փորձառու աչքը կարող է տեսնել անգամ Արարատ լեռը, փոքրը՝ մեծի ֆոնին։ Հակառակորդի վերահսկողության տակ էին մնացել մեր ունեցած երկու ԲՄ-21 Գրադ հրթիռային համակարգերից եւ երեք Դ-30 հրանոթներից մեկականը։ 

Պատասխանատվությունը ահռելի էր, եւ ես, Ղեւոնդին փոխանցեցի ճանապարհին նախօրոք մտածածս ու վերլուծածս. «Նախ եւ առաջ հրամանատարի կեցվացք ընդունիր, հրահանգիր, որ վաշտի անձնակազմը հնարավորինս արագ հավաքվի «Լեշկարի-Տներում», որտեղ կկազմակերպվենք, մթության քողի տակ կմոտենանք, կդիրքավորվենք եւ լուսաբացին՝ հրետանային նախապատրաստությունից հետո, կսկսենք հարձակումը։ Հետդ կվերցնես մեր ունեցած միակ հաստոցային նռնականետը (АГС), Նյուվադիի կողմից բերել տուր հրանոթը, որպեսզի լույսը չբացված լինի այնտեղ՝ ուր կասեմ ռադիոկապով, ես գնում եմ ոստիկանություն, մարտին մասնակցելու հանձնարարություն տամ անձնակազմին, կապվեմ Լիչքի գումարտակի հրամանատար Հայկ Կարապետյանին, որ նրանք էլ նախապատրաստվեն, հետո գնալու եմ տուն, փոխվեմ ու բարձրանամ «Լեշկարի-Տնարի»։ Իմացած եղիր, եթե վաղը, մինչեւ կեսօր, անգամ իմ ու քո կյանքի գնով ետ չվերցնենք Խոշլիդաղը ու հետեւաբար թույլ տանք, որ Մեղրիում խուճապ սկսի, ապա ավելի լավ է ինքնասպան լինենք»։

Մտա ոստիկանություն։ Անձնակազմը ռադիոկապով տրված հրահանգով հավաքված էր՝ զինվորական հանդերձանքով եւ ուտելիքի պաշարով։ Բացակայում էին արձակուրդում գտնվող երեք հոգի։ Կապիտան Ներսիսյանից բացի (նրան, որ «շարժման տղաները» ժամանակին փորձում էի կախել չինարի ծառից, իսկ հիմա՝ ամենաօրհասական պահին, կարծես գոյություն չունեին), որը հերթապահ էր եւ պիտի շարունակեր հերթապահությունը ըստ անհրաժեշտության՝ մինչեւ մեր վերադարձը։ Տեղանքին քաջածանոթ մայոր Վոլոդիա Ազատյանը պետք է կազմակերպեր «Բաշ Յուրդում» տեղակայված Դ-30 հրանոթի գործածությամբ փոքր եւ մեծ Գողթանասարերի երեւացող ճանապարհահատվածի հրետակոծությունը, այդպիսով խաթարելով հակառակորդի թիկունքային աջակցությունը։ Մյուսները ստանում էին ինքնաձիգերը, տեղավորվում մեքենաներում, գնում Լեշկարի տնարի եւ սպասում ինձ։ Աշխատակիցներից մեկը ասաց, որ ուզում են կրեն նաեւ տաբելային ատրճանակները, սակայն փոխարինող քարտերը հետները չեն վերցրել, ուստի թույլտվություն խնդրեց դրանք ստանան ինքնաձիգերի ստանալու կարգով, նույն մատյանում ստացողի անունն ու զենքի համարը գրանցելով ու ստորագրելով։ Թեեւ հերթապահից ատրճանակների ստանալն ու հանձնելը իրականացվում էր  տվյալ աշխատակցի եւ նրան հրամանով ամրացված տաբելային ատրճանակի տվյալներ պարունակող փոխարինող քարտի միջոցով (կամ քարտն է զինանոցում ատրճանակը աշխատակցի մոտ, կամ հակառակը), բայց իրավիճակից ելնելով թույլատրեցի։

Լեշկարի տնարի ժամ առաջ հասնելու անհրաժեշտությունը բխում էր այն մտավախությունից, որ Խոշլիդաղը գրաված ազերիները՝ մտադրվելու դեպքում, մեր բացակայությունից օգտվելով, կարող էին իջնել ձորն ի վար, մոտենալ բնակավայրերին եւ թեկուզ հեռահար կրակոցներով ակտիվացնել սաղմնավորված խուճապը։

Գյուղամիջին տղամարդկանց շփոթված բազմություն էր հավաքված՝ երեւի ողջ գյուղը։ Իջա, բարեւեցի, զրուցեցի՝ փորձեցի սառնասրտություն ու հաղթանակի հավատ ներշնչել։ Գնացի տուն, պատրաստվեցի ու բարձրացա Լեշկարի տնարի։ Վաշտի տղաները` ոստիկանները, տեղանքին քաջածանոթ որսորդներն ու կամավորները հավաքված սպասում էին։ Որոշ ժամանակ անց Հայկ Կարապետյանի գլխավորությամբ եկավ Լիճքի վաշտը, որը ամբողջությամբ համալրված էր անկախ Հայաստանի առաջին զորակոչիկներով։

Ներկաներին բաժանեցի երկու խմբի: Առաջինը՝ Հայկ Կարապետյանի գլխավորությամբ, որը պետք է մթության քողի տակ, տեղանքին քաջածանոթ վաշտի տղաների ուղեկցությամբ գագաթին մոտենար դիմացից՝ Իլիչաթաղի կողմից։ Երկրորդը՝ իմ տեղակալ Հրաչիկ Մարգարյանի գլխավորությամբ, տեղանքին քաջածանոթ կարճեւանցի որսորդ Հովիկ Մարությանի ուղեկցությամբ, պիտի մոտենար ձախից՝ «Քամոտ լեռնանցքի» կողմից։ 

Այդ ահռելի բարձունքին աննկատ հնարավոր էր մոտենալ ու դիրքավորվել միայն մթության քողի տակ, այլապես կորուստներն անխուսափելի կլինեին, իսկ դեռ տեղ չհասած, կորուստների բեռով արդյոք հնարավո՞ր կլիներ շարունակել հաղթական գրոհը՝ խիստ կասկածելի էր։ Իմ խնդրանքով Լեշկարի տնարի էին եկել նաեւ այդ պահին Մեղրիիում գտնվող երկու ճանաչված ֆիդայի։ Նրանք այն ժամանակվա փառաբանված ջոկատներից մեկի հրամանատարն ու տեղակալն էին։ Ջոկատ, որ մասնակցել էր Խոջալուի ու Շուշիի ազատագրմանը եւ այդ մասին նրանք պատմում էին ծանոթ, թե անծանոթ բոլոր զրուցակիցներին։ Ահա եւ երկու հիմնական խմբերի մարտական ոգին բարձրացնելու նպատակով` նրանցից յուրաքանչյուրին կցեցի խմբերից մեկին։  

Փոքրիկ մի խումբ՝ պահածոների գործարանի տնօրեն, տեղանքին ծանոթ, կարճեւանցի Գրիշա Գրիգորյանի գլխավորությամբ, ուղարկեցի Խոշլիդաղից դեպի Մեղրի իջնող, Կարճեւան-Կուրիսի վարչական տարածքների սահմանագիծ՝ ջրբաժան գծի վրա գտնվող Խոշլիդաղի հարեւան բարձունքը, որին տեղացիները «Իյուղ» են անվանում (Իյուղ՝ նշանակում է խրտվիլակ)։ «Խոշլիդաղի» եւ «Իյուղի» միջեւ «Իլիչաթաղ» փարախն է։ «Իյուղից» բավական լավ երեւում է ոչ միայն նախորդ օրը կորցրած «Խոշլիդաղը», այլեւ «Գողթանասարից» «Խոշլիդաղ» սահմանագծի  բեկյալի ամեն մի մանրուք։ Գրիշա Գրիգորյանը պետք է ուղղորդեր իմ արձակած հրանոթի արկերը «Խոշլիդաղի» գագաթը զբաղեցրած հակառակորդի եւ նրանց «Գողթանասարից» օգնության շտապող ուժերի վրա։

Տեղանքին քաջածանոթ պատասխանատուները՝ առանց լապտեր միացնելու, խմբերին հասցնում էին նախատեսված վայրեր, ուր վերջիններս դիրքավորվում ու սպասում էին լուսաբացին, եւ մտնում մարտի մեջ միայն հրետանային նախապատրաստությունից հետո, երբ հակառակորդի ճամբարը խուճապի մատնված կլիներ։  

Ես նախատեսել էի հրանոթը տեղադրել հենց Լեշկարի տնարում։ Խմբերին ճանապարհելուց հետո բացեցի քարտեզը, որ նախապատրաստվեմ, բայց ձեռքիս տակ եղած քարտեզի վրա Լեշկարի տնարին արտացոլված չէր։ Բնականաբար արտացոլված չէր նաեւ ավտոճանապարհը, որը կառուցվել էր քարտեզի տպագրությունից 10 տարի անց։ Ինձ անհրաժեշտ էր գտնել ճանապարհին հարակից, քարտեզի վրա ճշգրիտ արտացոլված փոքրիկ մի հարթություն, ուր հնարավոր կլիներ տեղակայել հրանոթը։ Ես գտա այդ կետը։ Այդ տեղանունը Կարճեւանում անվանում էն «Վռնանի գադիգ»։ Այն գտնվում է «Բիրդի» կոչվող լեռնազանգվածի ուղիղ կատարի ետնամասում։ «Բիրդին»  Կարճեւանից արեւմուտք գտվող լեռնազանգվածի աջ մասն է։ Այն ձախ մասից տարանջատվում է հայտնի ջրվեժով, որին տեղացիները Ծոր են անվանում։ «Վռնանի գադիգը» հարմար էր այնքանով, որ, նախ, ճանապարհը անցնում է հենց նրա միջով, հարթ է եւ հակառակորդի դիրքերից ու գրավված Խոշլիդաղից չի երեւում։ 

Վերադարձա «Վռնանի գադիգ»։ Լուսաբացը մոտ էր՝ հրանոթն ու Ղեւոդը դեռ չկային։ Ռադիոկապով ասաց, որ Նյուվադիից հրանոթի տեղափոխման ընթացքում տեխնիկական դժվարություններ են եղել, հաղթահարվել են, թեեւ ուշացումով, բայց, այնուամենայնիվ, արդեն մոտենում են։ Հասան. Ղեւոնդը, Չարիկաց Սուրոն, Ռոյը, Կառլենաց Հովիկը եւ իմ հրետանավոր օգնական Սամվելը։ Երկրորդ օգնական Արմենը արդեն ձեռքից վիրավորվել էր։ Մինչեւ նրանց հասնելը եկել էին կամավորներ մարտին միանալու պատրաստակամությամբ։ Կարճեւանից եկել էին անգամ տարեց որսորդներ Գարեգին Մուրադյանը` ծնված 1906թ-ին, Հայկ Գեւորգյանը` ծնված 1914թ-ին, եւ Լեւոն Գրիգորյանը` ծնված 1923թ-ին։ Ղեւոնդին հրահանգեցի, բացի տարեց որսորդներից, օգնական Սամվելին, ներկաների մեջ տարիքով ավագ Սամվել Բադալյանին (ոստիկանության անձնագրային սեղանի պետն էր), Նիկիտա Գրիգորյանին եւ արկ տեղափոխողներին, մյուսներին առաջնորդի առաջնագիծ։ Սա կլիներ երրորդ խումբը։ Նրանք պետք է հաստոցավոր նռնականետն ու նռնակները բարձրացնեին «Իյուղ»` Գրշայի մոտ, որտեղից Ղեւոնդն անձամբ պիտի նռնակակոծեր Խոշլիդաղի գագաթը։ Ասացի, որ տեղ հասնելուն պես, մինչեւ Ղեւոնդը կնախապատրաստի նռնականետը, ես քարտեզից դուրս կբերեմ եւ նրան ռադիոկապով կփոխանցեմ «Իյուղից» եւ «Խոշլիդաղ» ճշգրիտ հեռավորությունը,  գագաթների բարձրությունների տարբերությունը եւ նշանառության պարամետրերը։

Տարեց որսորդները դիմադրում էին, ուզում էին իրենք գնալ առաջնագիծ, ասում` էին ինչ լինելու է թող իրենց լինի։ Ես նրանց մատնացույց արեցի ստվերաշատ մի հսկա գիհենու ծառ եւ հորդորեցի իբրեւ պահեստայիններ նստել այդ ծառի ստվերում ու սպասել` խոստանալով, որ անհրաժեշտությունից ելնելով միասին կգնանք առաջնագիծ։ Մինչ ես հրահանգավորում ու  ճանապարհում էի Ղեւոնդի գլխավորած խումբը, հրետանու օգնականներս փորձում էին մոնտաժել հրանոթը։ Մոտեցա տեղադրեցի բուսոլը (կողմնացույց)։ Այն խափանվել էր, սլաքը անշարժացել էր, հավանաբար առանց փակելու տեղափոխելու հետեւանքով։ Մտածեցի հաշվարկները կատարել առանց բուսոլի՝ Խոշլիդաղից հարավ ընկած, քարտեզի վրա արտացոլված, Նախիջեւանի սահմանագծի վրա գտնվող «Ծակ Քար» տեղանուն ունեցող լեռնազանգվածը իբրեւ հեռավոր մեռյալ կետ դիտարկելու եւ նրա նկատմամբ անկյուն կառուցելու միջոցով։ Սակայն այդ լեռնազանգվածը բավական տարածական, է եւ իմ գտնվելու վայրից դիտարկելիս, ընդգծված իշխող գագաթ չի նշմարվում։ Մինչդեռ Խոշլիդաղի փոքր մակերեսով հենակետը ճշգրիտ ռմբակոծելու համար անհրաժեշտ էր շատ բարձր ճշգրտություն։ Արագ որոշեցի տեղափոխել հրանոթը 50 մետր առաջ եւ տեղադրել ուղիղ ճանապարհի մեջ, պայթեցված ժայռաբեկորի տակ, որտեղից տեսանելի էր Խոշլիդաղի կատարը։ Թեեւ այս տարբերակը խիստ վտանգավոր էր հենց ինձ համար, բայց տվյալ դեպքում այլընտրանք չկար։ Հրանոթը նորից կցեցինք Ուրալին, դժվարությամբ տեղափոխեցինք հիշյալ կետը եւ բահերով սկսեցինք որոշակի հողային հարթեցման աշխատանքներ, որպեսզի կարողանանք տեղակայել։ Մինչ օգնականներս զբաղված էին այդ գործով, ես հեռադիտակով սկսեցի զննել Խոշլիդաղի կատարը։ Անմիջապես հայտնաբերեցի Կապիտան Կարապետյանի խումբը գագաթին շատ մոտ դիրքավորված։ Այդ հանգամանքը հատկապես հաստատեց Գրիշան ռադիոկապով։ Փաստորեն արկի բեկորները շատ ավելի հեռվում կարող են խոցել մարդուն քան խմբի հեռավորությունն էր կատարից։ Արագ կապվեցի Ղեւոնդի հետ, նա արդեն հասնում էր։ Փոխանցեցի նշանառության պարամետրերը եւ հրահանգեցի անհապաղ սկսել առատ ու խիտ նռնակակոծումը, միաժամանակ Գրիշայի միջոցով ուշադիր դիտարկել եւ տեղեկություն փոխանցել դեպի Խոշլիդաղ հակառակորդի օգնական ուժերի տեղաշարժի մասին։ Ղեւոնդը սկսեց, եւ ես հեռադիտակով տեսնում էի, թե ինչ ճշգրիտ են պայթում նռնակները, որոնց բեկորները սակայն չէին կարող վտանգավոր լինել մերոնց համար։ Ենթադրելով, որ Ղեւոնդի նռնակակոծումից հակառակորդը պիտի նահանջի ու դիրքավորվի գագաթի ետնամասում՝ մեր հարձակման երեք ուղղությունների հակառակ կողմում, որոշեցի մի քանի բեկորային արկ ուղարկել այդ տարածք, վստահ լինելով, որ դրանց բեկորները չեն կարող վտանգավոր լինել մերոնց համար։ Հազիվ էինք մի քանի արկ ուղարկել, երբ Ղեւոնդն ու Գրիշան սկսեցին տեղեկություններ հաղորդել հակառակորդի հենակետերի եւ տեղաշարժի մասին։ Առաջինը՝ Գողթանասարից դեպի Մեղրի ընկած մի կետից հակառակորդի գործող ԲՄ-21 Գրադ հրթիռային համակարգն էր։ Ղեւոնդն ու Գրիշան կոորդինատներով ուղղորդել չգիտեին, բացատրում էին տեղանունների նկատմամբ պոտենցյալ թիրախի ունեցած դիրքը`  նկարագրելով։ Ղեւոնդը ծնվել ու մեծացել էր Կուրիս գյուղում եւ այդ վայրի տեղանունները բավական լավ գիտեր։ Ես՝ բոլորը չէ, որ հստակ գիտեի։ Այդ պատճառով նրա ասածը ճշգրտում էի բեկեյալ սահմանագծի գագաթների թվարկումով՝ սկսած Գողթանասարի կողմից։ Ասենք՝ 4-րդ եւ 5-րդ բեկումների միջակայքում, 4-րդից հաշված 1/3-ի վրա։ Հիշում եմ, որ ԲՄ-21-ին ուղված երկրորդ արկի պայթյունից հետո Ղեւոնդը չորս մետր աջ, թե՝ ձախ, ճշգրտելու հրահանգ տվեց։ Ես ժպտացի, որովհետեւ 5 կմ հեռավորության վրա պայթյունի փոշու մեջ հնարավոր չէ գնահատել չորս մետրը։ Ու ես այդ տրամաբանությամբ ուղղորդեցի 20 մետրով ու երրորդ արկը շրջեց Գրադը։ Մեկ այլ դեպքում նա ուղղղակի ասաց. «Հիշում էս, որ ես ու դու 7-րդ դասարանը ավարտելուց հետո հորդ ու հորս հետ  գնացել էինք որսի, հայրդ մի քարայծ որսաց, այ հենց այդ մասով մի 40-50 հոգի գալիս են դեպի Խոշլիդաղ»։ Ահա ես այս ամենը վերծանում էի, ճշգրտում ջրբաժան գծի բեկյալի սկզբունքով, ընտրում նրանց քայլքին համընթաց առաջիկա հնարավորինս հարթ ու քարտեզի վրա արտացոլված կետը, հաշվարկները կատարում այդ կետի նկատմամբ, ուղղորդում հրանոթը այդ կետի վրա, աղյուսակից նայում արկի թռիչքի տեւողությունը, վերածում քայլքի հեռավորության ու Ղեւոնդին ասում, որ հիշյալ կետից հենց այդ հեռավորության վրա գտնվելու դեպքում տեղեկացնի ռադիոկապով։ Ղեւոնդի հրահանգով արձակված առաջին արկն ընկավ օգնության շտապող օգնական խմբի մեջ։ Կրկնեցինք։ Ղեւոնդը ցնծում էր։ Տեսարանը հավանաբար շատ դաժան էր, բայց ինչ արած՝ պատերազմ էր եւ զոհասեղանին էր դրված Մեղրիի ճակատագիրը։ Այսպես շարունակ։

Գրոհը սկսելուն պես շրջանի հասանելի հատվածի վրա սկսեց տեղալ հակառակորդի արձակած արկերի ու հրթիռների տարափը, թեեւ ունեինք սահմանային բախումների ժամանակ բնակավայրերը չհրետակոծելու պայմանավորվածություն։ Ակնհայտ էր, որ սա սովորական դիրքային կռիվ չէր։ Հակառակորդը իշխող Խոշլիդաղից եւ իրենց հիմնական հենակետ հանդիսացող գերիշխող Գողթանասարից թիրախավորել էր Մեղրու շրջանի տեսանելի բոլոր բնակավայրերը։ Բարեբախտություն էր, որ հակառակորդի հրետանավորները արհեստավարժ չէին, եւ նրանց արձակած հարյուրավոր արկեր ու հրթիռներ պայթում էին բնակավայրերից  հեռու՝ լեռնալանջերին։ Շեղումը այնքան մեծ էր, որ Ագարակ քաղաքի ուղղությամբ արձակված արկերի ու հրթիռների հիմնական մասը պայթում էին Իրանի տարածքում։ Մեղրու շրջանի տարածքը կուրորեն հրետակոծվում ու հրթիռակոծվում էր նաեւ արեւելքից՝ Զանգելանի կողմից։ Սակայն այդ ուղղությամբ նրանց համար տեսանելի բնակավայրեր չկային, եւ ազդեցությունը մեծ չէր։ Հակառակորդի արձակած արկերի ու հրթիռների ընդամենը մի չնչին մասն ընկավ բնակավայրերի շրջակա այգիներում,  մի քանի արկ հասավ Մեղրի քաղաքի ծայրամասեր, մեկը դիպավ հիվանդանոցին։ Առանց պայթուցիչի մի արկ Մեղրիում ցցվել էր բնակելի տան ներսի պատի մեջ։ Նույնպիսի մի արկ  էլ Վարհավարում ծակել էր տան տանիքը, առաստաղը, հատակը, անդրադարձել նկուղի հատակից ու հայտնվել քամած մածունի պարկի մեջ։ Էլի կգտնվեն մանր վնասներ պատճառած նման արդյունքներ, բոլորը չեմ հիշում։

Հերթական հաշվարկն էի կատարում մեքենային  դրված քարտեզի վրա, երբ կողքիս հայտնվեց լեգենդար ֆիդայապետը` տխուր ու ջղաձգված արտաքինով։ Հանկարծակիի եկած բնազդաբար հարցրեցի. «Ի՞նչ է պատահել, հո վիրավոր չե՞ս»։  Նա ձեռքը տարավ դեպի ձախ կողը ու հազիվ լսելի ձայնով ասաց. «Այստեղ թարախապալար է գոյացել, ուժգին ցավում է»։ Ես էլ հորդորեցի շուտ իջնել եւ զբաղվել առողջության վերականգնմամբ։ Հետո, առաջին խմբի պատասխանատուները հայտնեցին, որ իրենց քաջալերող կարգված լեգենդար ֆիդայապետի տեղակալն էլ՝ դեռ դիրքավորման վայր չհասած, թաքնվել էր ժայռածերպերում  ու ասել, որ այդտեղից առաջ չի գնա ու մինչեւ մարտի ավարտը մնացել  այդտեղ։ 

Հակառակորդը հայտնաբերել էր նաեւ մեզ՝ հրետանավորներիս։ Մեր ուղղությամբ արձակված 50-ին մոտ արկերի ու հրթիռների առաջին պայթյունները շեղ էին մեկ կիլոմետրից ավելի, բայց դանդաղ՝ ասես սողալով, մոտենում էին։ Վերջին մի հրթիռ ցցվեց հողի մեջ՝ հրանոթին շատ մոտ, չպայթեց, հավանաբար առանց պայթուցիչի էր։ Բայց հանկարծակի արգելակման հետեւանքով առաջացած հարվածային ալիքը տեղահան արեց հրանոթի մոտ կանգնած շտապ օգնության մեքենայի ապակիները։ Մյուսը պայթեց հրանոթից 20 մետր վեր՝ ժայռաբեկորների արանքում։ Գրադի հրթիռ էր, ռեակտորի մնացորդը գլորվելով ընկավ ճանապարհի մեջ, թեթեւ դիպավ ոտքիս կոճին, դեռ տաք էր ու թեթեւակի այրեց։ Ես բանի տեղ չդրեցի, անգամ չխոսեցի այդ մասին։ 

Կեսօրի մոտ բարձունքն ազատագրված էր, սակայն հակառակորդի հրետանին չէր լռում։ Ռադիոկապով, Գրիշայի միջոցով, միջնորդավորված դիմեցի Օրդուբադի ղեկավարությանը. «Շարունակե՞նք, թե  գալի՞ս եք հանդիպման»։ «Գալիս ենք»  եղավ պատասխանը։ Հրետանին լռեց։

Ցավոք սրտի, գրոհի մասնակիցներից երկուսը՝ Գեւորգն ու Հրաչը, զոհվեցին։ Գեւորգը դիրքի պատասխանատուն էր։ Բարձունքը կորցնելուց հետո չէր իջել, դիրքավորվել էր մի կրակոց հեռավորության վրա ու լուսաբացին միացել Հրաչիկ Մարգարյանի խմբին։

Բարձունքում ցնծություն էր՝ հաղթանակ էին տոնում։ Ղեւոնդի վաշտի տղաները, ոստիկանությունը, արդեն ժամկետային զորակոչով կազմավորված Լիճքի առաջին վաշտը՝ կապիտան Հայկ Կարապետյանի գլխավորությամբ,  ու բազմաթիվ կամավորներ։

Ներկաների ոգեւորությունը հինգ րոպե կիսելուց հետո Ղեւոնդին հրահանգեցի մնալ տեղում ու վերականգնել պաշտպանությունը, իսկ ես  գնացի Արաքսի ափ, սահմանագծի վրա հանդիպելու հակառակորդի վարչական եւ ռազմական պատասխանատուների հետ։

Հանդիպումը կայացավ ժամը 17-ին, Արաքսի ափին, սահմանագծի վրա։ Նրանք եկել էին հինգ հոգով՝ Օրդուբադի գործկոմի նախագահ Ռովշանը, ոստիկանապետ Ֆաիկը եւ էլի երեք հոգի, մեկը՝ զինվորական։ Նրանք եկել էին ավելի շուտ, կանգնած էին շարքով, գլխիկոր։ Մոտեցա, բարեւեցի եւ փորձելով որսալ հայացքները միանգամից ասացի. «Դուք պայման եք խախտել, դուք հարյուրավոր արկեր եք արձակել մեր բնակավայրերի վրա, սակայն մենք հավատարիմ մնալով մեր պայմանավորվածությանը գոնե մեկ արկով չենք պատասխանել։ Ես եկել եմ ձեր աչքերի մեջ նայելով հավաստիացում ստանալու, որ այլեւս նման բան չի կրկնվի, այլապես զգուշացնում եմ, որ եթե մեկ անգամ էլ նման բան պատահի, ապա պատասխանը լինելու է ուժգին ու մինչեւ վերջ, բացառվելու է նման հանդիպման հնարավորությունը»։ Նրանք միմյանց միջամտելով երդվում էին, որ այլեւս նման բան տեղի չի ունենա։ Արդարանում էին՝ ասելով, որ հարձակումը նախաձեռնել են Բաքվից եկած ստորաբաժանումները, որոնց նկատմամբ իրենք ազդեցություն չունեն։ Տեսրանը շատ նման էր կապիտուլացիայի… 

Հակառակորդի խոստովանությամբ՝ նրանց զոհերը 26-ն էին։

Մինչդեռ մեր բնակավայրերի արդյունավետ հրետակոծումը կարող էր ճակատագրական լինել։

(Հետաքրքիր մի զուգադիպությամբ՝ 1920 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին, նույն Խոշլիդաղի շրջակայքում, Նժդեհի գլխավորած Կարճեւան-Կաքավաբերդի աշխարհազորը ետ էր մղել թուրք զորավար Խալիլ փաշայի գլխավորած զորագունդը, որը, ռուս բոլշեւիկների հետ դաշնակցած նպատակ էր հետապնդում ճեղքել Մեղրին՝ Արաքսի երկարությամբ, միացնելով Նախիջեւանը Ադրբեջանին։)

Վերադարձին, հենց ռադիոկապը հասանելի դարձավ, փոխանցեցին, որ Մեղրի է եկել գնդպետ Յուրի Խաչատուրովը եւ գործկոմում ինձ է սպասում։ Միանգամից գնացի նրա մոտ։ Կարճ ներկայացրեցի տեղի ունեցածը, բնականաբար, տեղեկություն հաղորդելով սահմանային հանդիպմանս մասին։ Նա անմիջապես, զինվորականին հատուկ վերամբարձ տոնով արձագանքեց. «Ո՛չ մի բանակցություն, ես ձեզ հրամայում եմ վերցնել այդ իշխող բարձունք Գողթանասարը»։ Ես շատ հանգիստ ու ժպտալով պատասխանեցի. «Եթե հենց հիմա դուք գլխավորեք այդ գրոհը, ես անձամբ վերցնում եմ ինքնաձիգս եւ առաջինն եմ գնում դեպի Գողթանասար, բայց նախ պարզենք, թե ի՞նչ է մեզ տալու Գողթանասարի գրավումը, երբ Խոշլիդաղից երեւում են ավելի կարեւոր բնակավայրեր ու կոմունիկացիաներ։ Խոշլիդաղից Գողթանասար ուղիղ գծով 6-7 կմ է, վերցնելուց հետո առանց ճանապարհ ունենալու ինչպե՞ս ենք սպասարկելու 3147 մետր բարձրություն ունեցող այդ գագաթը պահողներին, այն դեպքում, երբ նրանք ունեն այդ ճանապարհը։ Ես կարծում եմ, որ դա անիմաստ որոշում է, որը մեզ միայն նորանոր զոհեր է պարգեւելու։ Ես համոզված եմ, որ Խոշլիդաղի առումը մեծ ու վերջնական դաս է հակառակորդի համար եւ չարժե խաթարել այդ ձեռքբերումը»։ Խաչատուրովը արագ համաձայնեց, եւ մենք միասին բարձրացանք Խոշլիդաղ։ Նույն երեկոյան երկար քնարկեցինք իրավիճակը եւ որոշեցինք բոլոր դիրքերում ամրապնդել պաշտպանությունը։ Խաչատուրովը համակարգում էր, Արայիկ Թումանյանը, որ հետո դարձավ Լիճքի գումարտակի հրամանատար, կազմակերպում էր Զանգելանի թեւի՝ Դառ Բարաի հատվածի ամրապնդումն ու պաշտպանությունը, ես հանձն առա Խոշլիդաղը, իսկ երկու կողմից Արաքսամերձ հատվածներում կազմակերպում էր Ղեւոնդը։ Շրջխորհրդի գործկոմի նախագահ Ենոք Անդրեասյանը օժանդակում էր տրանսպորտով, շինարարական նյութերով եւ այլն։

Խոշլիդաղի հենակետում նախ կտրուկ ավելացրեցի պաշտպանների թվաքանակը։ Բացի վաշտից ամրակցված հիմնական զինծառայողների, այստեղ ներառեցինք Վանաձորից գործուղված Վարդանի  ջոկատը, Մեղրիի ոստիկանության մի ստորաբաժանում, Կարճեւանից կամավորներ։ Ռուսական սահմանապահ զորամասից ձեռք բերեցի մի քանի պատրաստի երկաթբետոնե մոնոլիտ պահակետ, տեղափոխեցինք բարձունք եւ տեղադրեցինք անհրաժեշտ դիտակետերում։ Նրանում պատսպարված զինվորը գրեթե անխոցելի է։ Ագարակի կոմբինատից խնդրեցինք մեկ բուլդոզեր եւ սկսեցինք ճանապարհ կառուցել Խոշլիդաղից Խարխատ, մոտ երեք կիլոմերով խորանալով հակառակորդի տարածք ու հիմնեցինք հենակետ։ Այս հենակետից, որին վաշտի տղաները «ռեյկա» անվանեցին, պարզորոշ տեսանելի է հակառակորդի Արաքսամերձ հենակետերի թիկունքն ու տեղաշարժը, եւ մեզ տալիս է հսկայական առավելություն։ Այնտեղ մենք ունեինք մշտական ներկայություն, որը սկզբնական շրջանում իրականացնում էին Կարճեւանի կամավորները։ Ճանապարհը բավականին դժվար էր առաջ գնում, բոլդոզերը ուժեղ չէր՝ ապառները դիմադրում էին։ Այդ հատվածներում փոքրիկ փոսորակներ էինք անում եւ ամունիտի գործածությամբ պայթեցումներ անում։ Պայթեցումներն անձամբ էի իրականացնում։ Շատ հաճախ, հատկապես պայթեցումներից հետո Գողթանասարից սկսում էին մեր ուղությամբ կրակել խոշոր տրամաչափի պուլեմյոտներից։ Այդ հեռավուրության վրա, բուլդոզերի հռնդյունի ներքո, կրակոցի ձայները չէին լսվում։ Շրջակայքը մշտապես ուշադիր դիտարկում էինք եւ փամփուշտների գետնին դիպչելու հետեւանքով  բարձրացած փոշին նկատելուն պես պատսպարվում էինք բուլդոզերի կովշի ետնամասում։ Կրակում էին, որովհետեւ չէին հանդուրժում, որ փաստացի ներխուժում ենք իրենց տարածք։

Ագարակի կոմբինատն ու Հանքաշինական վարչությունը հանձն առան կառուցել մեկական ստորգետնյա ապաստարան՝ հրետակոծության դեպքում պատսպարվելու համար։ Մեկը կառուցեցին Խոշլիդաղում, մյուսը՝ ռեզերվայինը, մեկ կմ դեպի թիկունք «Սարհա» կոչվող տարածքում։ Բուլդոզերով հողը կտրում էին մի երեք մետր խորությամբ, պատերի տակ իրար կպած տնկվում էին կաղնու կեղեւահանված սյուներ, նրանց վրա իրար կպած շարում էին կաղնու ամուր հեծաններ, ապահովում ջրամեկուսացումը եւ վերեւից ծածկում մոտ մեկ մետր բարձրությամբ հողե շերտով։ Արդյունքում ունեցանք գուցե եւ մութ ու անշուք, բայց հրետակոծությունից պատսպարվելու համար հուսալի երկու ստորգետնյա կացարան, յուրաքանչյուրը մոտ 40 մ2 մակերեսով։ Հետագայում դրանք զինվորները քանդեցին փայտանյութը որպես վառելափայտ օգտագործելու նպատակով։

Խոշլիդաղ տեղափոխեցինք ԲելԱզի երկու մաշված անվադող եւ անհրաժեշտ քանակությամբ ամունիտ։ Անվադողերը տեղադրեցինք դեպի Քոթամի ձոր գլորելու հարմարությամբ, ներսի կողմից կապելով տեղադրեցինք ամունիտը՝ իրար կպած պարկերով, պայթուցիչն ու հաշվարկած երկարությամբ բիկֆորդյան քողը։ Նպատակ էինք հետապնդում, ձորի կողմից հարձակման դեպքում այրել բիկֆորդյան քողը եւ անվադողը ճիշտ պահին գլորել հարձակվողների ուղղությամբ։ 

Խոշլիդաղը հետ վերցրեցինք 1992թ-ի օգոստոսի 17-ին։ Հետագա օրերին, Արաքսի աջ ափով, Նախիջեւանը Բաքվին կապող իրանական ճանապարհով դեպի Բաքու էին գնում շարժվելու ունակություն ունեցող բազմաթիվ ու բազմատեսակ տրանսպորտային միջոցներ, բարձված տնային իրերով, անկողինների կապերով եւ լցված մարդկանցով։ Նախիջեւանում իսկական խուճապ էր։

Օրեր առաջ՝ օգոստոսի 8-ին, ադրբեջանական զինուժը գրավել էր Արծվաբերդը, իսկ երկու օր առաջ՝ օգոստոսի 15-ին, Վազգեն Սարգսյանը հանդես էր եկել Ղարաբաղը փրկելու նպատակով 500 մահապարտ հավաքագրելու հայտնի կոչով։ (Այդ օրը կառավարական կապով կապվեցի Վազգենին եւ հայտնեցի Ղարաբաղ մեկնող մահապարտների ջոկատին Գորիսում միանալու պատրաստակամությանս մասին։ Վազգենը անմիջապես առարկեց՝ ասելով, որ Մեղրիի անառիկությունը ավելի կարեւոր է եւ, որ ես պետք է պաշտպանեմ Մեղրին։)

Մարդկային կերպարը պատկերավոր դարձնելու նպատակով հիշատակման արժանի է հաջորդ օրերի հետեւյալ իրողությունները։

  1. «Շանթ» ջոկատի նկատմամբ ձեվավորվել էր խիստ բացասական հասարակական տրամադրություններ, որոնք անընդունելի էին ինձ համար։ Նրանց համարում էին երկու զոհերի մեղավորներ։ Այս տրամադրությունները բորբոքվում էին հատկապես Ղեւոնդի կողմից։ Նա պահանջում էր հայրենիքի դավաճանության հոդվածով դատապարտել այդ տղաներին։ Նրանցից երեքը թեթեւ վիրավորվել էին եւ մեկ օր մնացել հիվանդանոցում։ Դուրս գրվելու պահին պարզվել էր, որ ավագ քրոջ սենյակում ի պահ հանձնված ինքնաձիգները անհետացել են։ Քույրը որեւէ առնչություն չուներ։ Կասկածելի պատասխանատուին հավիրեցի ինձ մոտ եւ կարճ ժամանակ տվեցի՝ պարզաբանելով, որ կամավոր չներկայացնելու դեպքում քրեական հետապնդման կենթարկվի։ Ներկայացրեց։

Հաշվեհարդարից խուսափելու նպատակով այդ տղաներին ստիպված պատսպարեցի ոստիկանությունում, մինչեւ վաշտի Ռոյը Խոշլիից կիջեցներ նրանց մեքենան։ Մեքենան վնասվել էր եւ ժամանակ էր պետք վերականգնելու համար։ Անգամ այդ տղաներից մեկի հայրն էր իմացել այս մասին եւ եկել  Մեղրի։ Մեքենան պատրաստ լինելուն պես նրանց ճանապարհեցի։

  1. Մարտի օրերին ոստիկանության հերթապահ Ներսիսյանը, որը մարտի մասնակից աշխատակիցներին ստորագրությամբ հանձնել եւ ստացել էր ինքնաձիգներն ու ատրճանակները, հերթափոխը հանձնելիս պարզել էր, որ քննիչ Արմեն Սիմոնյանի ատրճանակը անհետացել է։ Պարզվեց, որ պատռված է մատյանի այն էջը, ուր գրագված էր ատրճանակը հերթապահին հանձնված լինելու փաստը, որը ի դեպ հիշողությամբ հաստատում էր ատրճանակը քնիչից ստացած Ներսիսյանը։ Հենց կռվի թեժ պահին հերթապահ մաս ելումուտ էր արել ընդամենը մեկ մարդ՝ արձակուրդում գտնվող երեք աշխատակիցներից մեկը։  

Զուգահեռ ներկայացնում եմ Խոշլիդաղը կորցնելու եւ ետ վերցնելու դեպքերի ականատես եւ մասնակից Նիկիտա Գրիգորյանի անձնական, թարմ շարադրված հուշերը.

ԽՈՇԼԻԻ ԱՌՈՒՄԸ

«Ամառային սովորական օր էր, 1992թվ. 16.08։ Հայ- ադրբեջանական ամբողջ սահմանագծում մեծ լարվածություն կար։ Նույն վիճակն էր նաեւ Մեղրու եւ Օրդուբադի շփման սահմանային գծում։ Ագարակից ներքեւ, դեպի Արաքս գետի ուղղությամբ գտնվող «22 հեկտար» կոչվող այգիների հարեւանությամբ գոմի հիմքի բետոնային աշխատանքներ էինք կատարում։ Կեսօրին մոտ ամեն ինչ սովորական էր։ Որոշ ժամանակ հետո օդում անսովոր խշշոց – սուրոցներ լսվեցին։ Վայրկյաններ չանցած Արաքսի աջ ափին՝ Պարսկական կողմում պայթյուններ լսվեցին։ Արկերից մեկը պայթեց երկաթգծի թունելի դիմացի կիրճերում։ Արձագանքը կրկնապատկեց – եռապատկեց պայթյունի ահավոր ձայնը։ Իրանի տարածքում մեկը մյուսի ետեւից պայթում էին չարագույժ արկերը։ Մի քանի արկ պայթեցին իրանական ուղեկալի հարեւանությամբ։ Երկուսը պայթեցին պարսկական մաքսատնից դեպի հարավ-արեւմուտքում գտնվող՝ լեռան ստորոտում գտնվող միակ ծառախմբի օազիս հիշեցնող տարածքի աջ ու ձախ կողմերին։

Լուրեր հասան մեզ, իբրեւ Մեղրիում ռումբեր են ընկել բնակելի շենքերի վրա։ Աշխատանքները ավարտեցինք։ Գնացինք Մեղրի, որեւէ տեղեկություն իմանալու։ Թ՛ե Ագարակում, թե՛ Մեղրիում ժողովրդի մեջ տագնապը աննկարագրելի էր։ Մեղրիում զոհեր, վիրավորներ չկային։ Ազերիների կողմից անկանոն արձակված ռումբերից տուժվել է ընդամենը մեկ գոմ եւ մի ռումբ մխրճվել է Մեղրու հիվանդանոցի պատի մեջ ու չէր պայթել։ Մոտակա լուսամուտների ապակիները փշրվել էին։

Ամենուր խուճապ էր, անիմաստ զրույցներ։ Որոշեցինք հանդիպել Մաթեւոսյան Դավիթին, որեւէ բան իմանալ։ Այդ տարիներին Մաթեւոսյան Դավիթը աշխատում էր Մեղրու շրջանի ներքին գործերի բաժնի պետի պաշտոնում։ Միաժամանակ նրան էր վստահված Մեղրու շրջանի սահմանների ինքնապաշտպանության գործերը։ Այդ օրը նրան կանչէլ էին խորհրդակցության։ Դեռ չէր եկել։ Որոշեցինք մտնել Մեղրու փոքր թաղի տարածքում գտնվող վաշտը եւ որեւէ ինֆորմացիա իմանալ։ Գրիշան ու Նորիկը բարձրացան երկրորդ հարկ ՝ Ղեւոնդի մոտ։ Հեռախոսով Ղեւոնդը խոսում էր ինչ-որ մեկի հետ։ Ներքեւում պարզ լսվում էր նրա խոսակցությունը։ Ավելի ճիշտ գոռգոռում էր ինչ-որ մեկի վրա։ Ձայնի մեջ մեծ տագնապ կար։ Խոսակցությունից հասկացա, որ ազերիները «Պալատկան» գրավել են։  «Պալատկան» մեր պաշտպանական ջոկատների կենտրոնն էր։ Այդտեղից վերահսկվում էր բավականին մեծ սահմանային տարածք։ Դիրքը գտնվում է «Խոշլի» սարագագաթի արեւելյան կողին։ Այդպիսի հարմարավետ եւ մեծ առավելություն ունեցող տեղանքի կորուստը հասկանալի էր առանց մեկնաբանությունների։

Սուտ ու անիմաստ լուրեր էին տարածում տագնապած ժողովրդի մեջ։ Գնալով տագնապը մեծանում էր։ Բոլորն անհամբեր սպասում էին Մաթեւոսյանին։ Ասացին, որ դուրս է եկել։

Անտեղյակությունն ու անգործությունը կրծում էին ներսս։ Պետք էր պատրաստվել սար բարձրանալու համար։ Ցանկացած պահի ազերի հրոսակախմբերը կարող էին իջնել ցածրադիր գոտիներ։ Այդ դեպքում մեր վիճակը ավելի էր բարդանում։ 

Վերադարձանք Ագարակ։ Գրիշան գնաց Կարճեւան։ Տանը հավաքեցի ուսապարկս, ինչ-որ գտա։ Հասա Կարճեւան։ Գյուղի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար։ Իրար գլխի հավաքված խոսում, քնարկում էին վիճակը։ Ամեն նոր մարդ, կամ մեքենա գալուց՝ մարդկանց հոսքը ալիքի նման թեքվում էր այդ կողմ։ Դրան հաջորդում էր արդեն քանիերրորդ անգամ կրկնված հարցերի տարափը։ Մարդիկ անհանգիստ էին, տագնապած։ Մի քանիսը որսորդական զենքերով էին։ Ամեն մեկը իր կարծիքն էր ասում սար գնալու վերաբերյալ։ Ասացին, որ Գրիշան ու էլի տղաներ նիվայով արդեն սար են բարձրացել։ 

Մաթեւոսյանի ծառայողական ավտոմեքենայով շարժվեցինք իրենց տնից։ դեռ բավական լուսային օր ունեինք։ Գյուղամիջում Մաթեւոսյանը իջավ ավտոմեքենայից։ Նա մի անսովոր սառնասրտությամբ զրուցեց մարդկանց հետ, որից հետո կարծես մարդկանց դեմքերին որոշակի հանգստություն իջավ։ Գյուղի տարեցներից Արզումանյան Վազգենը, որը անմիջապես կանգնած էր Մաթեւոսյանի մոտ ասաց. 

Դավիթ ջան, հիմա ի՞նչ անենք, քո հրահանգներին ենք սպասում։ Ամբողջ գյուղով կազմ ու պատրաստ ենք։

Մաթեւոսյանը կարճ ու կոնկրետ հուսադրեց ու թույլ ժպտաց։ Վազգեն պապը թույլ դողացող ձեռքը հարգալից դրեց Մաթեւոսյանի ձեռքին։

Հանգիստ եղեք – ասաց Մաթեւոսյանը։

Ավտոմեքենան այս ու այն կողմ թեքվելով բարձրանում էր սար տանող փոշոտ, փոսերով ու թմբերով լի ճանապարհով։

Ճանապարհին հանդիպեցինք եղբորս՝ Գրիշային։ Նա արդեն հասցրել էր իր նիվայով գյուղի կամավորների մի խմբի հասցնել վերեւ՝ «Լեշկարի տնարի»։ Այնտեղից բերում էր վիրավոր Արմենին՝ կարճեւանցի Վիլիկի քրոջ տղային։ Նա հրազենի վնասվածք էր ստացել։ Կարճ մտքերի փոխանակությունից հետո շարժվեցինք։

Լեշկարի տնարի տարածքը ամենահարմար տեղանքն էր ջոկատներ կազմելու եւ կազմակերպելու գործողությունների նախապատրաստական աշխատանքները։

 Մաթեւոսյանը հանձնարարություններ էր տալիս եւ միաժամանակ առանձին հարց ու փորձ անում դիրքերից փախած-փրկված տղաների հետ։

Անընդհատ կամավորներ էին գալիս։ Եկավ շտապ օգնության բրիգադը։ Նրանք անմիջապես առաջին օգնությունն էին ցույց տալիս դիրքերից փրկված-փախած տղաներին եւ ուղարկում Մեղրի։

Դաշտային շտաբը աշխատում էր խիստ ծանրաբեռնված ռեժիմով։ Մաթեւոսյանը անընդհատ ռացիայով խոսում էր։ Ցուցումներ էր տալիս, ինչ-որ բաներ պահանջում։ Անհրաժեշտ էր զենք, զինամթերք եւ էլի շատ բաներ կապի հետ կապված։

Եկան Կարճեւանի կամավորները` մի քանի բեռնատարների թափքերին տեղավորված։ Կազմակերպված ստացան ամեն ինչ եւ գնացին իրենց հանձնարարված ուղղություններով։ նրանց հարեւանությամբ պետք է դիրքավորվեին Լիճքի վաշտը` կապիտան Հայկի գլխավորությամբ։ 

Դեռ սարալանջից գալիս էին դիրքը լքած «Շանթի» տղաները։ Եվ այսպես, ամբողջ հերթապահություն իրականացնող խմբից զենքերով էին վաշտի տղաները՝ Արմենը, Գեւորգը, Գեւորգը, ռուս սպան, Ղազարը եւ մի երեք հոգի «Շանթից»։

Յուրաքանչյուր ջոկատի հետ դիրք էին ուղարկում տեղանքին լավ ծանոթ մեկ կամ մի քանի կարճեւանցու։

Մաթեւոսյանի մշակած տակտիկայով, ջոկատները՝ լույսը դեռ չբացված, պետք է լինեին իրենց դիրքերում։ Եթե գիշերայի տեղաշարժերը հաջող է ստացվում, եւ հակառակորդը ոչինչ չի նկատում, ապա մեր ջոկատները օղակի մեջ կառնեն բարձունքը եւ կազմ պատրաստ կսպասեն լուսաբացի գործողություններին։ Ջոկատներին թիկունքից կօգնի հաուբիցան։

Եվ այսպես ջոկատները բաժանված են.

Միլիցիայի առաջին ջոկատը պետք է գործողություններ իրականացնի ձախ թեւից.

  1. Մարգարյան Հրաչ
  2. Օհանջանյան Նավասարդ
  3. Կարապետյան Աշոտ
  4. Մինասյան Արմեն
  5. ———————————
  6. Մարության Հովհաննես (Կարճեւան) ուղեկցող
  7. Մի խումբ կամավորներ տարբեր բնակավայրերից՝ Արմեն Թումանյան, Դերոյաց Ռոմիկը, Կառլենաց Արթուրը,  բոլորի անունները չեմ հիշում։

 Այդ օրը հենակետում, «Շանթի» տղաների հետ հերթապահում էին նաեւ Գեւորգը (Կուրիս, զոհվեց), Գեւորգը (պարտիզան), ռուս սպան, նրանք դիրքավորվել էին ձախ թեւում եւ նրանց պիտի միանար առաջին ջոկատը։

  Միլիցիայի երկրորդ ջոկատը՝

1.Պետրոսյան Մկրտիչ(ԳԱԻ Միշիկ)

2.Սիմոնյան Արմեն (քննիչ)

3.Մելո

4.Մարտիրոսյան Աշոտ

5.Գրիգոր Ավետիսյան

6.Ահարոնյան Էդիկ

7.Ահարոնյան Գրենիկ

8.Ծատրյան Վոլոդյա

9.Թումանյան Ալիկ (հեռուստատեսության պետ)

Լիճքի վաշտի հետ, հրամանատար Հայկի գլխավորությամբ պետք է զբաղեցնեին կենտրոնական ուղղությունը։ Գլխավոր ուղղությունը կենտրոնն էր։ Այդ պատճառով նրանց միացան վաշտի տղաները, կամավորականներ Մեղրիի Փոքր թաղից.

1.Ահարոնյան Խաչիկ

2.Ավետիսյան Սամվել

3.Մանուկյան Հովիկ

4.Փարսադանյան Հովիկ

5.Եղիազարյան Գագո

Պաշտպանության գիծը լրացնելու գնացին Կարճեւանի կամավորները։ Համարձակությամբ եւ վճռականությամբ լցված այս տղաները այնպես են տպավորվել իմ հիշողությունների մեջ, որ միշտ հիշելու առիթների ժամանակ առանձին հուզմունք եւ հպարտություն եմ ապրում։ Անուններ չեմ տալիս։ Նրանք բոլորն էլ իմ համար հերոսներ են բառիս բուն իմաստով։ Կարճեւանի կռվի հերոսները ամբողջ ճակատի տղաներն էին եւ նրանց հետ Կարճեւան գյուղից բոլոր նրանք, ովքեր զենքը ձեռքներին, այդ օրհասական պահին սատար կանգնեցին հարազատ հողին։

Մի հոգի պետք է գիշերով, աննկատ տեղավորվեր Սահրա կոչվող տեղանքի արեւելյան մասի գագաթի հյուսիս-արեւելյան լանջին։ Տեղանքը ճանաչող եւ տեղանունները իմացող մարդ էր պետք։ Մաթեւոսյանի հետ քնարկելուց հետո այդ ուղղությամբ գնաց կարճեւանցի Գրիգորյան Գրիշան։ 

Բոլորը մանրամասն տեղեկացված եւ զգուշացված էին՝ անել այն հնարավորն ու անհնարը, որպեսի հակառակորդը չնկատի ոչ մի շարժ։ Լույսը բացվելում պես ջոկատները իրենց դիրքերում կազմ ու պատրաստ պետք է սպասեին հրահանգի…

Դիրքային տեսակետից հակառակորդի վիճակը նախանձելի էր։ «Մենք մի առավելություն ունենք, մենք մեր հողի համար ենք այստեղ։ Մենք չհաղթելու իրավունք չունեինք։ Ներքեւում մեր գյուղերն են, մեր ընտանիքները»։

Գիշերը կիսվում էր։ Ջոկատները առաջ էին գնում շատ դանդաղ։ Մթության մեջ, այդպիսի դժվարին տեղանքում մեծաթիվ դժվարություններ էին հանդիպում։

Ամբողջ գիշեր Մաթեւոսյանը կապի մեջ էր ջոկատների հրամանատարների հետ։ Մի պահ նա կապի մեջ էր Գեւորգի հետ։ Գեւորգի խոսքերից հասկացանք, որ ազերիները կրակելով, հայհոյելով իջնում էին ներքեւի գոտի։ Շատ մոտ էին եւ առաջարկում էր կրակ բացել նրանց վրա։ Երկրորդ կապի ժամանակ իմացանք, որ ազերիները ետ են գնում իրենց գրաված դիրք։

Լարված գիշեր էր։ Հակառակորդը ամբողջ գիշերը լուսածիր փամփուշտներով անկանոն կրակում էր։

 Հեռվում հորիզոնի եզրագիծը կամաց-կամաց ընդգծվում էր։ Լուսանում էր։

Ըստ վերջին ռադիոկապի, ջոկատները իրենց ամրագրված տարածքներում, սպասում էին հրահանգների։ Առայժմ ամեն ինչ ընթանում էր ըստ Մաթեւոսյանի պլանի։ Նա վերջին հրահանգները տվեց բուժ անձնակազմին օգնող կամավորներին։ Ներքեւի գոտիներ իջնող ավտոմեքենայով ետ ուղարկեց մի քանի անվստահելի մարդկանց։

Ժամը 5-ին հաուբիցան տեղում էր։ Սկսեցինք նախապատրաստել եւ աշխատանքային վիճակի բերել այն։ Աշխատանքները դեռ չավարտած` հրահանգ եղավ դադարեցնել։

Թաքստոցից կրակելու համար անհրաժեշտ սարքը՝ բուսոլը չաշխատեց։ Մաթեւոսյանը որոշեց հաուբիցան տեղադրել բաց տարածքում։ Ժամը 6-ին գրոհը պետք է սկսվեր, մինչդեռ հրանոթը դեռ իր տեղում չէր։ Արագ կցեցինք ԳԱԶ-66-ի հետեւից։ Տեղափոխման ժամանակ ճանապարհի մեծ թեքության պատճառով քիչ մնաց ավտոմեքենան ու հրանոթը ձորը գլորվեն։ Այստեղ աչքի ընկավ վարորդ Ռոյը։ Մի պահ իրար նայեցինք եւ անմիջապես անցանք հրանոթի տեղադրման աշխատանքներին։

Այդտեղ էր որ տեսանք մի անմոռանալի տեսարան.

Դարավոր եղեւնու (մարխի) տակ կանգնել էին Կարճեւանի տարեց որսորդները։ Նրանք իրենց որսորդական հրացաններով եւ փամփշտակալներով, կարծես թե նոր, ավելի ուժեղ, համարձակ տրամադրություն էին հաղորդում մեզ։ Հիշում եմ որսորդներ՝ Մաթեւոսյան Ղեւոնդ , Գեւորգյան Հայկ, Գրիգորյան Լեւոն Ռ. եւ Գարեգին Մուրադյան։ Մաթեւոսյանը նրանց հորդորեց, որ իջնեն գյուղ եւ այնտեղ սպասեն մեզ։

Ռացիայի մարտկոցը փոխեցինք եւ Մաթեւոսյանը մոտեցավ հաուբիցային։ Սամվելը արդեն մարտական վիճակի էր բերել այն ու մնում էր մի քանի պարտադիր մանրամասնություններ։

Մինչ հրանոթը լրիվ մարտական վիճակի կբերեինք, դիրքերից լսեցինք մեկը մյուսին հաջորդող կրակոցներ։ Մարտը սկսվեց։ Ձորերը արձագանքեցին։ Կրակոցները ուժեղացան։ Պարզվեց, որ Լիճքի վաշտի զինվորներից մեկը անզգույշությամբ կրակել էր։

Մաթեւոսյանի ծառայողական ավտոմեքենան կանգնած էր հրանոթի մոտ։ Ավտոմեքենայի վրա դրված էին քարտեզներ։ Դրանք գեոդեզյական քարտեզներ էին։ Նրանց վրա բազմաթիվ գրանցումներ կային տեղանքների բարձրությունների մասին։ Մաթեւոսյանը ավարտեց առաջին հաշվարկները եւ մոտեցավ հրանոթին։ Հետո Սամվելին կրակելու նշան արեց։ Հաուբիցան ոռնաց ու ցնցվեց փոշու ամպ բարձրացնելով։ Ծխի հետ միասին նրա փողից դուրս թափվեցին չոր ու փշրված տերեւներ հիշեցնող անհասկանալի բաներ։ Մաթեւոսյանը նայեց ժամացույցին։ Այդ պահին թվում էր, թե արկը մի ամբողջ հավերժություն գնում է ու տեղ չի հասնում։ Լսվեց պայթյուն եւ արձագանք։ Ռացիայի աշխատանքը սկսվեց։ Դիրքերից պահանջեցին 150-200 մետրի ճշտում։ Հրանոթը նորից ոռնաց…

Հիշում եմ՝ երրորդ արկի պայթյունից հետո ռացիայի մյուս կողմից կատարված արտահայտությունը։ Ղեւոնդը անչափ էր ոգեւորվել արկի դիպուկ կրակոցից, եւ պահանջեց «քսան մետր ձախ» (սա այն դեպքն է, երբ պետք էր ոչնչացնել Գողթանասարից Մեղրին հրթիռակոծող Գրադը եւ Ղեւոնդը պահանջեց ճշգրտում չորս մետրով, իսկ ես ժպտացի, որովհետեւ համոզված էի, որ 5 կմ-ի վրա, այն էլ պայթյունի փոշու մեջ հնարավոր չէ նշմարել չորս մետրը, ուստի ես չորսի փոխարեն ուղղորդեցի 20 մետրով)։  Մաթեւոսյանի դեմքին վերջապես թույլ ժպիտ երեւաց։ Նա գոհունակությամբ նայեց Սամվելին, նայեց մեզ.

Մարտը գնալով թեժանում էր։ Նորանոր նշանակետեր էին ռմբակոծվում։ Ճակատային գծի օղակը գնալով ճնշում էր հակառակորդին։ Մի կողմից հրանոթի դիպուկ կրակոցները, մյուս կողմից АГС-ի արդյունավետ կրակահերթերը խուճապ էին առաջացրել ազերիների մեջ։ Նրանք թակարդն ընկած գազանի նման կրակի տակ վերցրեցին մեր հրանոթը։ Մեկը մյուսի ետեւից հակառակորդի արկերը սուրալով անցնում էին մեր գլխավերեւով։ Պարզ երեւում էր օդում սուրացող գրադի արկերի երկրորդ աստիճանի պայթող սեւ ծուխը։ Շատ տհաճ պահեր սկսեցին։ Արկերը սկսեցին պայթել մեր շրջապատում։ Տարածքը սկսեց վառվել։ Անտանելի ծուխը լցվել էր ամենուր: Մեզ փրկում էր այն հանգամանքը, որ տեղանքի թեքությունը, հսկա քարերը իրենց վրա էին վերցնում պայթող արկերի բեկորները։ Տագնապը գնալով մեծանում էր։ Դիմացի սարալանջի ամեն մի ստվեր կասկածելի մարդու էր նման։ Անգամ Մաթեւոսյանը երկու հոգու վռնդեց այդտեղից։ Խուճապը մեղմացավ։

Հակառակորդի հրետանին ուժեղացրեց կրակը։ Մաթեւոսյանը խոսում էր դիրքերի հետ։ Տեղեկանում իրավիճակին։ Հերթական հաշվարկն էր անում եւ հրանոթը ասում էր իր խոսքը։ Մի պահ նա հրահանգեց, որ լիցքավորելուց անմիջապես հետո սպասարկող անձնակազմը թաքնվի քարերի եւ ճանապարհի կողային ճեղքերում։ Ամոթի զգացումը հաղթեց վախի զգացողությանը։ Տղաները հայացքներով քաջալերեցին մեկը մյուսին եւ յուրաքանչյուրը անցավ իր պարտականություններին։

Սարալանջին մեր ջոկատները բավականին մոտեցել էին հակառակորդի դիրքերին, թեժ մարտ էր գնում։ Ծուխը ամպի նման լցվել էր ձորերը։ Հասել էր անտառածածկ լանջերին։ Դիրքերից անընդհատ զինամթերք էին պահանջում։ Մատակարավող զինամթերքը հաուբիցայի մոտ ձեռքով տեղափոխում էինք մյուս կողմը եւ բարձում դիրքերից եկած ավտոմեքենաները։

Լեռնագագաթին երեւում էր АГС-ի նռնակների պայթյունների ծուխը։ Դա աջ թեւի տղաներն են կրակում։ Աջ թեւին օգնում էին կուրիսի կողմից մի քանի դիպուկահարներ՝ Հովիկը, Մայիսը եւ Արայիկը։

«Բաշ Յուրդից» սկսեց աշխատել մեր երկրորդ հրանոթը։ Ջոկատի պետն էր Ազատյան Վոլոդյան։ Ջոկատի անձնակազմը՝ վարհավարցի Իշխանը, Կարապետյան Վրեժ (Կարճեւանից), Հովակիմյան Մարտիկ (Բոկա), Էդիկ(Ճլե), Գառնիկ եւ Պաշա (Փոքր Թաղից)։  Երկու հրանոթների նշանառության տակ էր վերցրված ազերիների թիկունքից գացող համալրումը։ Ասեմ, որ հակառակորդը չկարողացավ գոնե մեկ անգամ անցնել հաուբիցաների կրակագիծը։ Հիմնականում հակառակորդի կոորդինատները Ղեւոնդին հաղորդում էր Գրիգորյան Գրշան։ Նա էլ իր հերթին հաղորդում էր Մաթեւոսյանին։

 Եվս մի քանի մարտական ժամեր։ 

Բերեցին առաջին վիրավորներին։ Որոշ ժամանակ հետո լսեցինք Հրաչի զոհվելու լուրը։ Հրաչի դին շտապ օգնության մեքենայով տարան Մեղրի։

Ահավոր սուլոցով մի ռումբ ընկավ երկրորդ շտապ օգնության ավտոմեքենայից ոչ հեռու։ Բարեբախտաբար չպայթեց, բայց ավտոմեքենայի ապակիները փշրվեցին, իսկ ծառերը տերեւաթափ եղան։

Մինչեւ մենք ոտքի կկանգնեինք, արկերով բեռնատարը չկար։ Վարորդի նյարդերը տեղի էին տվել եւ քշել գնացել էր հեռու։ Թվում էր մենք արդեն մի ամբողջ հավերժություն պատերազմի մեջ ենք, եւ որը ոչ վերջ է ունենալու, ոչ վերջաբան։ Բոլորս արդեն հարմարվել էինք պայթյուններին եւ կրակոցներին եւ վառվող ու ծխացող տարածքների ազդեցիկ տեսարաններին։

Հրանոթը պատրաստ էր կրակելու, Մաթեւոսյանը ռադիոկապով խոսում էր։ Միլիցիայի հերթապահը զեկուցեց, որ վարչապետը կապի մեջ է եւ հարցնում է , թե ինչով կարող է օգնել։ Մաթեւոսյանը ասաց, որ իրենց օգնությունը չխանգարելն է։  

Նորից մեկը մյուսի ետեւից հերթական արկերը սուրում էին եւ պայթում հակառակորդի դիրքերում, որտեղից համառորեն ուզում էին օգնության գալ։ Նորից ռադիոկապ վերեւի դիրքերի հետ։ Այս անգամ ոչ թե կոորդինատներ ասացին, այլեւ.

Ազերիները փախչու՜մ են…

 Կարծես ոչ մեկս չէր հավատում իր լսածին։

Թուրքերը փախչու՜մ են:

Երազ էր, թե իրականություն։ Հաջորդ պահին մի հաճելի զգացմունք կարծես փաթաթվեց հոգուս։ Բոլորիս ուրախությանը չափ չկար։

-Հաղթեցի՜նք։ Ու՝ գնաց ցնծությունը։ 

Եվս մի քանի արկ սուրացին ճեղքելով օդը, ազդարարելով հաղթական ավարտը։ Դրվեց հաղթական վերջակետը Կարճեւանի կռվի։ Այս հաղթանակը մեր ժողովրդի հաղթանակն է։ Հմուտ եւ իր ժողովրդին նվիրված մարդկանց հաղթանակն է։

Ակամա հիշեցի Կարճեւանի հրապարակում հավաքված գյուղացիների հայացքները։ Խուճապ եւ անորոշ վիճակ, հարցական հայացքներ, անօգնական եւ ամեն գործողության պատրաստ, միայն թե…

Մարտի ելքը վճռված է։ Զոհվեցին Գեւորգը՝ Կուրիսից եւ Հրաչը ՝ կարճեւանցի Մայիսի տղան։

Լեռնագագաթին՝ «Պալատկայի տարածքում» ջոկատների տղաները վայելում էին հաղթանակը։ Շնորհավուրում էին միմյանց, գրկախառնվում, գոռում, գոչում։ Ձորերը զնգում էին նրանց ուրախ ձայներից։ Մեկը մյուսին ցույց էին տալիս ազերիների պատառոտված սեւ բաճկոնները, ծածկոցները։ Բաճկոնների թեւերին թուրքական դրոշներ կային։ Ծածկոցները արյունոտ էին ու ծվատված։ Վրանի հարեւանությամբ թափթփված էին նռնակներ, ինքնաձիգներ, փակաղակներ, փամփուշտների արկղեր, ուսապարկեր, քնապարկեր, տարբեր հագուստներ։ Վրանի ներսում անկանոն լցված էին ծածկոցների արյունոտ կույտեր։ Տպավորությունը այնպիսին էր, որ կարծես այդտեղ էին հավաքել վիրավորներին։ Անտանելի հոտ էր գալիս արյամբ շաղախված շորերից։ Ազերիների դիրքավորված տեղերում թափթփված էին միանգամյա օգտագործման բազմաթիվ ներարկիչներ։ ԱԳՍ-ի բեկորները այնքան էին ծվատել վրանը, որ ներսից երկինքը երեւում էր։ Վրանից հարավ-արեւմուտք՝ լեռնալանջի թեքությունների վրա պարզ երեւում էր հակառակորդի փախուստի հետքերը։ Նրանց ոտքերի տակ լանջերի խոտածածկույթը ամբողջությամբ վերածվել էր սորացած հողի (հավանաբար դրանք առաջացել էին դիակները խուճապահար քարշ տալով տանելու հետեւանքով)։ Նրանք փախել էին, հազիվ իրենց հետ տանելով վիրավորներին եւ զոհերին։ Հետագայում պարզվեց, որ նրանք տվել են շուրջ 30 զոհ։

Ջոկատայինները կամաց-կամաց խաղաղվեցին։ Նրանց հոգնած դեմքերին խաղաղություն էր իջել։ Նրանք զրուցում էին ինչ-որ ոգեւորված բաներ պատմում իրար։ Իսկ պատմելու բան ինչքան կուզեք։

Հերթապահություն իրականացնելու համար Մաթեւոսյանը հանձնարարություններ տվեց եւ մենք էլ ճանապարհվեցինք։ Լիշկարի տներում ավտոմեքենաները սպասում էին կամավորներին։ Տղաները ուրախ, ձեռքերի շարժումներով ողջունում էին Մաթեւոսյանին։ Ավտոմեքենան օրորվելով մեկ աջ, մեկ ձախ՝ իջնում էր թեք լանջով։

Մարտի ընթացքում հաճախ թվում էր, թե ինչ որ անծանոթ ֆիլմ եմ նայում։ Դա այդպես չէր, հասկանում էի պահի լրջության աստիճանը։ Բայց սա էլ նման էր ֆիլմի նկարահանումներին։ Ուղղակի այստեղ ամեն ինչ կատարվում էր մեկ դուբլով։ Կրկնության հնարավորություն չկար։ Չկար նաեւ սխալվելու իրավունք։ Մեր նկարահանող ռեժիսորը ճիշտ, հստակ գործողություններով պատվով կատարեց բոլոր աշխատանքները եւ մենք հաղթեցինք։

Մաթեւոսյանը զինվորոկան կրթություն չուներ։ Միայն շարժման տարիներին ձեռք բերեց այդ հմտությունները։

Տանը Անահիտն ու երեխաները սպասում էին անհամբեր։ Արդեն ուշ էր, սակայն երեխաները չէին քնել։ Գրկախառնվեցինք։ Ուրախ էինք։ Նրանց աչքերում անհանգստություն ու կարոտ կար։ Խոսելու շատ բան կար։ Միգուցե դա էր պատճառը, որ չգիտեի ինչից սկսել։ Լռությունը անկոչ հյուրի պես կարծես մտել էր տուն։ Նորից գրկեցի երեխաներին համբուրեցի…

Նրանք մեկը մյուսին ընդհատելով սկսեցին պատմել իրենց տեսած, լսածների մասին։ Ովքեր որտեղ թաքնվեցին իրենց զենքերով։ Ոմանք ինչ-որ տեղ էին շտապում իրենց ավտոմեքենայով եւ ուրիշ շատ-շատ պատմություններ։ Ամեն անգամ վազել են հիվանդանոց, որպեսզի իմանան թե շտապ օգնության ավտոմեքենան ինչ վիրավորներ է բերել ճակատից։ Եվ մայրիկին թարմ տեղեկություններ են բերել։ Պատմում էին ռումբերի պայթյուններից ստացած տպավորությունների մասին։ Խոհանոցի սեղանին օղով լիքը շիշ կար։ Ժպտացի ինքս ինձ։ Նախորդ օրը լցրել էի սար տանելու համար։ Շտապելուց մոռացել, թողել էի սեղանին։ Ինչու Անահիտը սեղանից շիշը չէր վերցրել, այդպես էլ չպատասխանեց։ Դե ինչ, այսքանից հետո մի բաժակ օղին չէր խանգարի։

Երկար զրուցեցինք Անահիտի հետ։ Ուշ էր։ Երեխաները քնել էին իմ անկողնում։ Գլխիս մեջ ահավոր խառնիշփոթ էր։ Որոտ, ծուխ, սուրացող արկերի նվաստացնող խշշոց, անընդհատ ռացիայի ճչացող ձայները…

Դաժան էր, բայց դիմացանք,

Կրակ էր, բայց չայրվեցինք,

Դժվար էր, բայց հաղթեցինք։

Հաղթահարեցինք կյանքի հերթական փորձությունը։ Հազար ափսոս, որ զոհվեցին մեր երկու լավագույն տղաները։ Նրանց մասին դեռ կխոսենք…»

                                                                               Նիկիտա Գրիգորյան 

Խոշլիի դեպքերի առնչությամբ իր թարմ, բայց՝ ցավոք, անավարտ հուշերն է շարադրել կարճեւանցի Գրիշա Գրգորյանը՝ այդ դեպքերի ականատես եւ մասնակից, որը մեջբերում եմ ստորեւ.

«16 օգոստոսի 92թ. Ես հրավիրված էի Լիճքի զինվորական գումարտակի հրամանատարի մատաղին։ Ժամը 12-ին իմ մեքենայով հասա գումարտակ։ Հայկը զինվորների հերթական խմբի հետ շարային պարապմունքներ էր անց կացնում։ Ինձ տեսնելուն պես մոտեցավ, բարեւեց եւ ցույց տալով ճանապարհով Տաշտունի ուղղությամբ ասաց, որ տղաները այնտեղ են, ես գնամ, իսկ ինքը կգա քիչ հետո։

Գնացի։ Այնտեղ էին Լյուդվիգ Համբարձումյանը՝ Ագարակի պ/մ կոմբինատի տնօրեն, Սահակ Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետ եւ Լիճքեցի մի քանի տղա։

Ժամը երկուսից հետո լսվեց կրակոցների ձայներ, որոնք սակայն սովորական թվացին։ Ժամը 6-ն-ին շարժվեցի Մեղրի, Տաշտունի խաչմերուկից վերցնելով մեքենայի սպասող մի երիտասարդի։ Լեհվազ գյուղի մոտակայքում պայթյունների ձայները ավելի ուժգնացան, եւ հասկացա, որ հրետակոծում են Մեղրի քաղաքը։ Պանրի գործարանի աջ սարալանջը ծխի ու բոցեր մեջ էր։ Մի քիչ ներքեւ իջնելուց հետո ամեն ինչ պարզ դարձավ՝ հրետակոծվում էր հիվանդանոցի ու ինըհարկանիների թաղամասի շրջակայքը։ Հրետակոծությունը գնալով սաստկանում էր ու տարածվում։ 

Ես անմիջապես գնացի վաշտ ու բարձրացա հրամանատար Ղեւոնդ Հովհաննիսյանի մոտ։ Նա մենակ նստած էր իր տեղը՝ գլուխը ափերի մեջ առած, մտածում էր։ Ինձ նկատելուն պես ներս հրավիրեց եւ առաջարկեց նստել։ Ես հարցրեցի, թե մեր դիրքերն ի՞նչ վիճակում են, եւ ինչից է սկսվել այս ամենը։ Նա հայհոյեց ինչ որ խմբի, ապա նայելով հիվանդանոցի կողմը ասաց. «Սրիկաները տեղը գտել են, արկերը արդեն հասնում են քաղաքի ծայրամասի բնակարանների մատույցներին»։ Իսկ այդ պահին արկերը պայթում էին հիվանդանոցի եւ Խալվար Դարա թաղամասի միջակայքում։

Ես Ղեւոնդին առաջարկեցի տարհանել հիվանդանոցն ու հիշյալ թաղամասի բնակիչներին։ Կարծես թե նա հենց դրան էր սպասում, առանց բառ ասելու վերցրեց հեռախոսը եւ ասաց. «Օհանյանին ասեք, թող շտապ տարհանեն հիվանդանոցն ու դրան հարող թաղամասի բնակչությանը»։

Մի քանի րոպեից ներս Մտավ Աֆօն։ Նա նույնպես անհանգիստ էր եւ առաջարկեց շտապ կապվել պաշտպանության նախարարի հետ, բայց չստացվեց։ Ղեւոնդը ասաց, որ տղաներին արկեր ու զինամթերք է ուղարկել, բայց առայժմ լրացուցիչ ուժեր չեն ուզել։

Աֆօի հետ իմ մեքենայով դուրս եկանք շրջագայելու եւ ուսումնասիրելու վիճակը։ Հասանք մինչեւ Վարհավար, ուր ասացին, որ գյուղի շրջակայքում բավական շատ արկեր են պայթել։ Վերադարձի ճանապարհին մտանք հիվանդանոց, ուր տեսանք պահակին ու մի քանի տղաներ տագնապահար կանգնած։ Նրանք մեզ ցույց տվեցին վիրահատարանի խոցված պատը եւ ասացին, որ դիպել է, երբ դեռ չէինք հասցրել բոլորին տարհանել նկուղ։ Աֆօի հետ եկանք գործադիր կոմիտե, որի առջեւ տագնապահար բազմություն էր հավաքվել։ Խոսեցինք հետները, փորձեցինք սրտապնդել։ Գործկոմում անելիք չկար, երկար չմնացինք։ 

Վերադարձանք վաշտ, ժամը 830– էր, բավականին բազմություն էր հավաքվել։ Բարձրացանք Ղեւոնդի մոտ, նա կապի միջոցներով բարձրաձայն խոսում ու հայհոյում էր չգիտես ում։ Նա այլայլված տեսք ուներ։ Լուրը ցնցեց բոլորիս, թուրքերը գրավել էին Խոշլիի դիրքերը, մերոնք ցիրուցան են եղել Կարճեւանի սարում, շատերի հետ կապ չկա։ Մեզ բոլորիս մի պահ թվաց, թե դա սխալմունք է, գուցե սխալ ենք հասկացել, բայց դա էր իրականությունը։

Ես զգացի Դավիթի կարիքը։ Բայց ասացին, որ նա Գորիսից դուրս է եկել, ճանապարհին է։

Ղեւոնդը անընդհատ փորձում էր ռացիայով կապվել դիրքի տղաների հետ, բայց լսվում էր կցկտուր խոսակցություններ։ Մեզ ամեն ինչ պարզ դարձավ՝ խուճապահար փախած մարդիկ չեն կարողանում ճիշտ տեղեկություն տալ։ Իսկ երբ իմացանք, որ նախորդ օրը պոստի են գնացել 20 հոգանոց անփորձ «Շանթ» ջոկատը, ամեն ինչ պարզ դարձավ։

Սառը քրտինքը պատեց մարմինս։ Ես քաջ գիտակցում էի, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ այդ դիրքի կորուստը, եւ ինչ կպահանջվի ետ վերցնելու համար։

Երկար մտածելու ժամանակ չկար, անհրաժեշտ է շտապ օգնության հասնել տղաներին, ամրապնդել նոր դիրքերը, թույլ չտալ հակառակորդին իջնել ավելի ցած։

Ես, Աֆօն, Լենդրոշը, Բորյան (Տաշտունեցի) եւ Աֆօի աշխատակիցը իմ նիվայով շարժվեցինք Ագարակ։ Նրանց իջեցրեցի հյուրանոցի մոտ, որ փոխվեն ու պատրաստվեն, ես գնացի եղբորս տուն նրան ու Նորիկին տեղյակ պահելու այդ ծրագրի մասին եւ զանգելու գյուղ՝ Էդոյին, Հովիկին ու մյուսներին եւս տեղեկացնելու։ Բոլոր զանգերին պատասխանող չկար, կարծես պայմանավորված լինեին։ Մինչ ես զանգում էի, եղբայրս պատրաստվել էր ինձ հետ մեկնելու։ Ասացի, որ մեքենայում տեղ չկա եւ առաջարկեցի, որ նա շարունակի զանգելով մոբիլիզացնել գյուղի տղաներին։ 

Ես վերադարձա հյուրանոց, ուր հերթապահը ասաց, որ տղաները գնացել են ճաշարան, ուր այդ օրը վաշտի հրամանատարի տեղակալ Սերոժի ամուսնական միջոցառումն էր։ Ես գնացի այնտեղ եւ մեկի միջոցով խնդրեցի, որ փոխանցեն Աֆօին, որ իրեն սպասում եմ։ Ինձ ներս հրավիրեցին։ Սեղանները գրեթե դատարկ էին։ Հարս ու փեսային շրջապատել էին իմ մեքենայի անձնակազմը, քավոր Բորիկը, հարսի մայրն ու ամենամոտ հարազատները։

Աֆօն, որ հավանաբար նման իրավիճակների մեծ փորձ ուներ, ներկաներին քաջալերելու նպատակով պահանջեց, որ շարունակեն հարսանիքը։ Իսկ մենք գնացինք Կարճեւան։ Ես պետք է պատրաստվեի, եւ հետներս վերցնեինք որսորդ Հովիկին։ Գյուղի հրապարակը մարդաշատ էր։ Աֆօն ցանկություն հայտնեց մինչեւ իմ պատրաստվելը շփվել ժողովրդի հետ եւ Լենդրոշի հետ իջան հրապարակում։

Պատրաստվեցի, վերադարձա հրապարակ Աֆօն ու Լենդրոշը այնտեղ չէին։ Իմացա, որ վիճաբանություն է եղել երիտասարդների հետ, Չոռնի Էդոն վրա է հասել, հանդարտացրել եւ տարել իրենց տուն։

Հովիկին հետ կանչեցինք նրանց եւ վեց հոգով բարձրացանք սար։ Էդոյին ու Մուկուճին հանձնարարեցինք հավաքել կամավորներին եւ պատրաստ սպասել։ Սարի ճանապարհին հանդիպեցինք շտապ օգնության մեքենային, որը եկել էր վիրավորների ետեւից եւ վախենալով նկատվել անջատել էր լույսերն ու կանգնել հարմար դիրքում։

Խոշլիից անընդհատ կրակոցներ էին արձակվում, հաճախ կարելի էր տեսնել լուսածիր փամփուշտների հետագծերը։ Վերլուծում էինք, թե ինչպես աննկատ բարձրանանք վիրավորների ետեւից, երբ մթության միջից վազեվազ մեզ մոտեցավ Կարճեւանի հերթով պահվող նախրի տվյալ օրվա հովիվը՝ Հարութը, եւ ասաց, որ ճանապարհին է թողել վիրավոր Արմենին եւ հարկավոր է օգնություն։ Շտապ օգնության մեքենան մի քանի հոգու հետ բարձրացավ վիրավորին բերելու։

Լուսնյակ պարզ գիշեր էր, ես քայլեցի դեպի դիմացի բարձունք, որտեղից երեւաց կորցրած Խոշլին։ Կրակոցներ լսվում էին միայն գագաթից, ենթադրեցի, որ թշնամին առայժմ բավարարվել է բարձունքով՝ ներքեւ չի իջել։ 

Վերադարձավ շտապ օգնության մեքենան, մենք ընդառաջ վազեցինք։ Վիրավոր Արմենը ասաց, որ էլի վիրավորներ կան, որոնք օգնության կարիք ունեն։ Նախնական օգնություն ստացած Արմենին տեղավորեցինք իմ մեքենայի մեջ, իսկ շտապ օգնության մեքենան տղաների հետ վերադարձավ վիրավորների ետեւից։ Վաշտի վարորդ Հոկտիկի հետ Արմենին տեղափոխեցինք հիվանդանոց։

Ճանապարհին հանդիպեցի Դավիթ Մաթեւոսյանին։ Շատ կարճ նրան փոխանցեցի այն ամենը, ինչ հայտնի էր ինձ ու շտապեցի հիվանդանոց։ Արմենին տարանք Ագարակի հիվանդանոց, հանձնեցինք բժիշկներին։ Այստեղ հավաքված տղաներին ասացի, որ հարկավոր է օգնության հասնել բարձունքի տղաներին, որ անհրաժեշտ է գտնել զինկոմին եւ նրա միջոցով կազմակերպել Ագարակի օգնությունը։

Գնացի վաշտ գյուղի տղաների համար զենք-զինզմթերք ստանալու։ 

Վաշտի առաջ բազմություն էր հավաքված։ Բարձրացա Ղեւոնդի մոտ, պատմեցի իմացածս եւ բարձրացրեցի Կարճեւանի կամավորներին զինելու հարցը։ Նա անմիջապես կարգադրեց ինձ հատկացնել 25 ավտոմատ ու փամփուշտներ։ Պահունակների պակաս կար, Ղեւոնդը կապվեց ռուսական սահմանապահ զորամաս եւ խնդրեց օգնել պահունակներով։ Անմիջապես բերեցին։ Ստորագրությամբ ստացա այս ամենը ու գնացի գյուղ։ Գյուղի կենտրոնում մեծ բազմություն էր հավաքվել՝ երտասարդներ, մեծահասակներ, երեխաներ, կանայք ու աղջիկներ։ Մեքենայից իջնելուն պես ինձ շրջապատեցին։ Անհանգստություն ու տագնապ կար նրանց դեմքերին։

Ասացի, որ զենք եմ բերել, հարկավոր է հավաքվել մշակույթի տանը, կամավորագրվել, զենք ստանալ եւ սար բարձրանալ։ Կամավորները ավելի շատ էին, քան բերածս զենքերը։ Զենք չստացածները նեղացան, որոշեցին առավոտ շուտ գնալ վաշտ եւ զենք ստանալ։

Մենք 25-30 հոգով, Գագիկի ԳԱԶ-53 մակնիշի մեքենայով բարձրացանք սար։ Ճանապարհին հանդիպեցինք դիրքերը հանձնած տղաներին։ Մեր տղաները ուզում էին մի լավ դաս տալ նրանց, հազիվ զսպեցի։»…           

ԶՈՐԱՄԱՍԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ

Այլեւս ակնհայտ էր, որ Շուշին ու Լաչինը կորցնելուց հետո, Ադրբեջանի նոր իշխանությունները որոշել են կորցրած տարածքները ետ բերել Ղարաբաղի հետ միասին։ Կասկածից վեր էր, որ եթե այդ ծրագրի իրականացմանը զուգահեռ Էլչիբեյը ձգտելու էր Նախիջեւանը Ադրբեջանին կապակցող միջանցք բացել, որը ամենաքիչը պետք է ներառեր Մեղրու արաքսամերձ հովիտը, որովհետեւ այնտեղով էր անցնում գլխավոր ճանապարհը՝ երկաթուղին։

Խոշլին ետ առնելուց եւ դիրքերը ամրապնդելուց անմիջապես հետո՝ Ղեւոնդի հետ քննարկեցինք հեռանկարը։ Մի բան ակնհայտ էր, որ միայն 50 հոգանոց վաշտի ուժերով հնարավոր չէր ապահովել Մեղրիի լիարժեք պաշտպանությունը։ Իսկ ոստիկանության, աշխարհազորի եւ դրսից եկած ջոկատնների ներկայությունը սահմանում մշտապես հնարավոր չէր ապահովել։ Միակ ճանապարհը՝ վաշտը գնդի վերածելն էր։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր  ձեռք բերել գնդի պահանջները բավարարող շինություններով տարածք։

Ղեւոնդը անմիջապես հուշեց  ուսումնարանի տարբերակը, հիմնավորելով այնտեղ փաստացի սովորող ուսանողների շատ քիչ թվաքանկը։ Շենքային պայմանների համեմատ ծանրաբեռնվածությունը չէր գերազանցում 10%-ը։ Անմիջապես գնացինք շրջխորհրդի գործկոմի նախագահ Ենոք Անդրեասյանի մոտ եւ ներակայացրեցինք խնդիրը։ Վերջինս արագ ընկալեց եւ ձեռնամուխ եղավ նամակագրությամբ, կառավարության միջոցով ուսումնարանի տարածքը գնդին հատկացնելու հարցի լուծմանը։ Հարկավոր էր արագ գործել այն հաշվով, որ տարածքը վերցնելուց ու անհրաժեշտ բարեկարգումներից հետո՝ հասցնել աշնանային զորակոչ ընդունել։ Ընդամենը երկու ամիս ժամանակ կար։

Ղեւոնդը փշերի վրա էր։ Օրը հինգ անգամ զանգում էր Ենոքին, նա էլ պատասխանում էր, որ դեռ տեղեկություն չկա։ Ընկերս անհամբեր էր՝ գալիս էր, գնում, ասում էր չենք հասցնելու։ 

Մի օր էլ եկավ, ասաց գնում եմ ուսումնարանը գրավեմ։ Հարցրեցի, թե ին՞չ է նշանակում գրավել։ Ասաց. «Վաշտը նախապատրաստում եմ, եղած չեղածը բարձեմ մեքենաները, շարասյուն կազմեմ, առջեվից ես՝ վիլիսով, հետո զրահամեքենաները, հետո մեքենաները եւ ամբողջ անձնակազմով ներխուժում ենք ուսումնարանի տարածք, ուսումնական գույքը հավաքենք մի սենյակ, դուռը փակենք, պլոմբենք, որ շառ չանեն, մնացածը տնօրինենք ու սկսենք վերափոխումները, որ հասցնենք»,- մի շնչում ներկայացրեց «գրավման» ծրագիրը։

Հաջորդ օրը վաշտը տեղակայված էր ուսումնարանի տարածքում, իսկ ուսումնարանի ղեկավարությունը՝ հազիվ մի 15 ուսանողի հետ, նստացույց էր անում գործկոմի միջանցքներում։   

Ու սկսեց եռուզեռը։ Ագարակի հանքաշինական վարչությունը շարում էր զորամասի պարիսպները։ Ցեմենտ չկար։ Ստիպված էին կիր-ավազով շաղախ պատրաստել ու պարիսպները շարել բնական, անկանոն քարաբեկորներով։ Կիրը տրամադրում էր Ագարակի կոմբինատը՝ անվճար։ Ճանապարհաշինարարները առավոտյան սկսեցին տարածքի ասֆալտապատումը ու անդադար աշխատելով, այն ավարտեցին գիշերը՝ լուսարձակների լույսի տակ։

Խոշլիից հետո բոլորը գիտակցում էին բանակ ունենալու անհրաժեշտությունը եւ աշխատանքներին մասնակցում էին սիրով ու նվիրումով։ Ղեւոնդը անձամբ աշխատում էր ու հսկում, եւ արդյունքում՝ հասցրեց։ Վաշտը վերածվեց գնդի ու համալրվեց աշնանային զորակոչով։

Հաջորդ տարվա դեկտեմբերի վերջին, երբ Ադրբեջանը ռեւանշ վերցրեց եւ լուրջ ու ագրեսիվ ջանքեր գործադրեց կորցրած տարածքները ետ վերցնելու, Մեղրու գնդի որոշ ստորաբաժանումներ տեղափոխվեցին Հորադիզի հատված, ուր արդեն ակտիվ նահանջ էր գրանցվել։ 

Գունդը մեկնեց Մեղրիի կայարանից՝ տեղավորվելով մի երեք տասնյակ բաց, ցածրակող վագոններից կազմված շարժակազմի վրա։ Այսպիսի նվիրում ու արագություն…

ՀՐԱԺԵՇՏ ՄԱՀՄԵԴՈՎԻՆ

Էլչիբեյի իշխանությունը, բնականաբար, ուզում էր ամբողջությամբ հաստատվել նաեւ Նախիջեւանում, այդ իսկ պատճառով հնարավոր եւ անհնար բոլոր միջոցներով ճնշում էր Ալիեւի մերձավոր շրջապատի վրա։ Այդ էր պատճառը, որ տեւական ժամանակ Նախիջեւանի ներքին գործերի նախարար Մահմեդովը նախկինի պես անմիջական հարաբերություններ չուներ ինձ հետ, անգամ ինձ թվում էր, թե խուսափում է։ Ես նրան խնդրել էի գտնել Լաչինի միջանցքը պահող, միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի անհետ կորած սպա Էրիկին, որին ճանաչում էի Նյուվադին ազատագրելու ու պահպանելու ժամանակից։ Էրիկը բարձրահասկ, սլացիկ, գեղեցիկ ու բարեկիրթ սպա էր, որի նկատմամբ հարգանքով էի լցված։ Նրա հայրը ՆԳ ղեկավարներից մեկի վարորդն էր, անունը չեմ հիշում։ Էրիկի կորուստը ափսոսանքով էր լցրել սիրտս եւ իմ նախաձեռնությամբ փորձում էի տեղեկություն ստանալ նրա մասին։ Միջանկյալ ասեմ, որ 92թ-ի ամռանը շան ծանր դրության մեջ էր հայտնվել Լաչինի միջանցքը՝ գրեթե փակվելու եզրին։ Որքան հիշում եմ՝ Գոչազի հատվածում միջանցքի լայնությունը կազմում էր 6 կմ։ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը վերցրեց պատասխանատվությունը ու ոստիկանության ուժերով կազմակերպեց միջանցքի պաշտպանությունը։

Հոկտեմբերյան մի օր երկաթուղու կապով զանգ ստացա։ Խոսում էր երկաթուղու Նախիջեւանի վարչության կապի գծով տեղակալ Ազիմովը։ Հարց ու փորձ արեց, հետո միացրեց Մահմեդովին։ Մահմեդովը սրտամոտ բարեւեց ու ասաց, որ ինքը տեղափոխվում է Բաքու, աշխատելու է Բաքու քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ` թիկունքի գծով, որ ինքը չի մոռացել իմ խնդրանքը Էրիկի մասով, որ այնտեղ ավելի հեշտ տեղեկություն կհայթայթի, որ Ազիմովը իր բարեկամն է, վստահելի մարդ է եւ կապը կպահի միայն Ազիմովի միջոցով։

Հեյդար Ալիեւի կենսագրության այս շրջանին վերաբերող մասում հանդիպում է, որ 1992թ-ի հոկտեմբերին Ադրբեջանի ՆԳ նախարար Իսկանդեր Համիդովը փորձել է Նախիջեւանի ՆԳ նախարար նշանակել Սիավուշ Մուստաֆաեւին, բայց Նախիջեւանի խորհրդարանը հրաժարվել է հաստատել նրան։ Այդ պատճառավ ԱՃ-ի 200 ներկայացուցիչներ հոկտեմբերի 24-ին 7 ժամով գրավել են ՆԳ նախարարության ու հեռուստակենտրոնի շենքերը։ Ալիեւը կարողացել է հաղթահարել այդ վիճակը։ Համիդովը Ալիեւի հասցեին հենց այդ իրադարձությունների ընթացքում ասել է, որ նա օրական 10 անգամ հեռախոսով խոսում է Լեւն Տեր-Պետրոսյանի հետ, բայց հարկ չի համարում մեկ անգամ զանգել Էլչիբեյին, իսկ եթե նա մտածում է քաոս ստեղծել Ադրբեջանում, կամ անջատել Նախիջեւանը Ադրբեջանից, ապա ես նրա ճակատին կարձակեմ ո՛չ թե մեկ, այլ եկու՛ գնդակ։ 

Իրավիճակը այսպիսին էր Նախիջեւանում, իսկ Մահմեդովը ստացել էր նոր նշանակում ու մեկնեց Բաքու։ Երկար ժամանակ չէր անցել՝ կապի դուրս եկավ Ազիմովը ու փոխանցեց, որ Մահմեդովը փնտրել է Էրիկին Ադրբեջանի բոլոր բանտերում ու մեկուսարաններում, սակայն չի գտել։ Սակայն գերիների մի հատված հանձնվել է կորած ադրբեջանցի զինվորների հարազատներին եւ ինքը շարունակում է փնտրել Էրիկին այդ հատվածում։

Ես այս տեղեկությունը փոխանցեցի վերադաս նեղ մի շրջանակի։ Հետո ինձ հանդիպեց այդ շրջանակից մեկը, ասաց, որ ինքը Մահմեդովի հետ կարեւոր խոսելիք ունի եւ, որ անհրաժեշտ է ձեռք բերել նրա հեռախոսահամարը։ Ես բացատրեցի, որ այդպես նրա հետ կապվելը վտանգավոր կարող է լինել նրա համար, իսկ նա ասաց, որ Մոսկվայից կզանգահարի։ Ես Ազիմովից ձեռք բերեցի երկու հեռախոսահամար եւ փոխանցեցի նրան։ Որոշ ժամանակ անց կապվեց Ազիմովը ու փոխանցեց, որ Մահմեդովը տեղափոխվում է այլ աշխատանքի, եւ այն համարներով իրեն այլեւս պետք չէ զանգել, իսկ նոր համարը ինքը կփոխանցի հայտնի լինելուն պես։ Ասաց, որ Երեւանից զանգել է մեկը, պատասխանել է քարտուղարուհին եւ հայտնել, որ Մահմեդովը տեղում չէ։ Զանգողը ասել է. «շատ լավ, որ վերադառնա փոխանցեք, որ Երեւանից  զանգել է իր ընկերը, գրանցեք իմ համարը եւ ասացեք թող զանգի այս համարով»։ Մարդը ինքնահաստատվելու խնդիր ուներ։

Էրիկի մասով էլ փոխանցել էր, որ Էրիկը հերոս է, Լաչինի միջանցքում վիրավորված Էրիկը շրջապատման մեջ է հայտնվել, ինքնասպանություն գործել ձեռքի նռնակը պայթեցնելով  եւ ոչնչացնելով իրան շրջափակողներին։ 

Չգիտեմ, թե որքան է արժանահավատ…

ԿՈՒԲԱԹԼՈՒԻՑ ՈՂՋ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՄԻԱԿ ԳԵՐԻՆ

Նոյեմբերի 1-ը կամ 2-ն էր։ Չե՛մ հիշում, թե ու՛մ կողմից, բայց ահազանգեցին, որ հերթական գերին են տարել Կուբաթլու։ Գյուղտեխնիկային պատկանող մեքենայի վարորդը՝ Լենդրուշ Հայրապետյանը, Երեւանից վերադառնալիս մեքենան կանգնեցնում է Գորիս-Կապան միջակայքի «Չայ-Զամի» կոչվող հատվածում, որպեսզի ուղեվորները՝ քույրն ու նրա երեխան իջնեն մեքենայից, եւ բնական կարիքները հոգալու նպատակով մտնեն անտառ։ Նրանք անտառից վերադառնում են՝ վարորդը չկա։

Նախորդ նմանատիպ դեպքը տեղի էր ունեցել 1991թ-ի նոյեմբերի 23-ին, երբ նույն Կուբաթլու էին տարել Մարտիկ Գեւորգյանին, կնոջն ու հարեւանուհուն, որոնց չկարողացանք ողջ վերադարձնել եւ ստիպված եղանք հաղթահարել բարդագույն իրավիճակներ։

Առաջին միտքը, որ ծագեց գլխումս, Օրդուբադի Իլգարին զանգելն էր։ Ասացի, որ նրա օգնության կարիքն ունեմ եւ խնդրեցի հնարավորինս արագ հանդիպում սահմանագծին։ Հանդիպեցինք։ Բացատրեցի իրավիճակը, նկարագրեցի հնարավոր հետեւանքները` հիշեցնելով նաեւ նախորդ դեպքի մասին, ու խնդրեցի պայմանավորվել Մեղրիի հակառակ կողմի՝ Զանգելանի շրջանի ազդեցիկ շրջանակների հետ, որ նրանք կոնկրետ ժամին իրենց դիմավորեն Մեղրիի սահմանագծին, ուր կհասնեն բնականաբար մեր պատասխանատվությամբ, զանգելանցիների աջակցությամբ մեկնեն Կուբաթլու, պայքարեն, գտնեն, վերցնեն  ու նույն ճանապարհով ետ բերեն անմեղ մարդուն։ 

Իլգարը խոստացավ վերադառնալ, քննարկել եւ մեկ ժամից հստակ պատասխան տալ, թեեւ նախապես ասաց, որ կարծում է պատասխանը դրական կլինի։ Ես ընդամենը խնդրեցի հաշվի առնել, որ մեկ րոպեն անգամ կարող է ճակատագրական լինել մարդու կյանքի համար եւ վերադարձա սպասելու Իլգարի զանգին։ Ճանապարհին մտորում էի, թե ի՞նչ որոշում կկայացնեն եւ ներքին զգացողությունս հուշում էր, որ գալու են։ Ո՛չ թե, որ առերեւույթ առկա էր մարդկային հարաբերություններ, այլ նախկինում ստացած դառը դասերն էին նրանց մղելու մարդասիրական քայլի։

Դեռ այս մտքերի մեջ էի` Իլգարը զանգեց ու ասաց, որ գալիս են երեք հոգով եւ ուղիղ մեկ ժամից կլինեն սահմանագծին։ Բենզինը սուղ էր, գնացինք երկուսով՝ Ղեւոնդի հետ, նրա մեքենայով։ Դիմավորեցինք, նրանց երեքին տեղավորեցինք ետեւի նստատեղին ու շարժվեցինք։ Վերադարձին մեքենան ես էի վարում։ Նրանց պետք է տեղափոխեինք Արաքսի հովտով, երկաթուղուն զուգահեռ անցնող ավտոճանապարհով մոտ 50 կմ՝ Մեղրու շրջանի ողջ լայնությամբ։ Ղեւոնդը հանկարծ տագնապած ահազանգեց կանգնել։ Քարայծ էր տեսել։ Մեքենայից շտապ իջավ, բեռնախցիկից հանեց Լիճքեցի լուսահոգի որսորդ Արայիկի հավաքած օպտիկական նշանառությամբ «Մոսինը» ու սկսեց կրակել։ Քարայծների խումբը կրակոցից գլխապատառ փախչում էր դեպի առաջ ու ցած։ Իլգարը ազարտի մեջ էր ընկել, մոտեցավ ինձ, ձեռքը դրեց ուսիս, աղերսական հայացքով վրաս նայելով ասաց. «Ասա թող տա ես էլ կրակեմ»։ Ես էլ հումորի տվեցի ու Ղեւոնդին ասացի. «Դու լավ չէս կրակում, անընդհատ վրիպում էս, տուր թող Իլգարը փորձի»։ Իլգարն էլ վրիպեց։ Շարունակեցինք ճանապարհը նորից հումորով. «Կամ պետք է կարողանանք խաղաղություն հաստատել, կամ էլ պատերազմին պետք է մասնակցեն միայն նրանք, ովքեր կրակում են այնպես, ինչպես  Իլգարն ու Ղեւոնդը կրակեցին այսօր», շարունակեցի ես։ 

Իլգարը ասաց, որ անհրաժեշտ է հեռախոսազանգ կատարել։ Մտանք Մեղրու կայարան։ Կայարանապետ Ժորա Հայրապետյանը մեզ դիմավորեց թեյի հյուրասիրությամբ։ Նրա աշխատասենյակում թեյի բուրմունքը անպակաս էր։

Իլգարը կապվեց Նախիջեւան եւ հրահանգեց միացնել Հեյդար Բեյին։ Նա խոսում էր Հեյդար Ալիեւի հետ։ Խոսում էր ադրբեջաներեն, հազիվ հասկանում էի, որ պատմում է դիմավորելու եւ տեղափոխելու ընթացքի մասին։ Հետո նա դարձավ ինձ ու ասաց, որ Հեյդար Բեյը ուզում է ինձ հետ խոսել։ Վերցրեցի հեռախոսը.

– Բարեւ Ձեզ Հեյդար Բեյ, – ողջույնեցի ես։

-Բարեւ թանկագին Դավիթ, ես քեզ հեռակա եմ ճանաչում, ինձ  շատ լավ բաներ են պատմել քո մասին։ Եթե չլիներ քո գործոնը, ես չէի համաձայնի, որ Իլգարի խումբը կատարեր այդ քայլը։ Հիմա խնդրանք ունեմ. այդ տղաները ինձ համար շատ թանկ արժեն, խնդրում եմ այնպես անես, որ ձեր տարածքում նրանք որեւէ փորձանքի մեջ չընկնեն, – ասաց Հեյդար Բեյը։

-Հանգիստ եղեք Հեյդար Բեյ, – պատասխանեցի ես, – ես նախ պատվովս եմ պատասխանատու նրանց անվտանգության համար եւ անձամբ Ձեզ խոստանում եմ, որ ամեն ինչ կարգին կլինի։

Հայր Ալիեւին հեռախոսով հրաժեշտ տալուն պես շարունակեցինք ճանապարհը, որը հաղթահարելու համար դեռ մեկ ժամից ավել պետք է ժամանակ ծախսեինք, որովհետեւ՝ բացի որ ճանապարհը ընդհանուր առմամբ նեղլիկ ու անբարեկարգ էր, այլեւ Շվանիձոր Նյուվադի հատվածը էկզոտիկ էր՝ լեռնային արահետից շատ չտարբերվող, գուցե միայն լայնությամբ։

Պայմանավորված ժամին տեղ հասանք։ Մեքենայով սահմանագիծը հատելը վտանգավոր էր։ Իլգարն ու ընկերները մի քիչ առաջ քայլեցին՝ մնալով մեր տեսադաշտում, եւ քիչ հեռվում տեսնելով իրենց դիմավորողներին՝ ձեռքի շարժումով մեզ վերադառնալու հրահանգ տվեցին։ Վերադարձանք սպասելու Իլգարի գործունեության արդյունքին։  

(Ես չեմ կարող ասել, թե ինչ դերակատարում էր ունեցել Իլգարը մեկ ամիս առաջ ԱՃ-ի կողմից Նախիջեւանի Մեջլիսի ու հեռուստակենտրոնի շենքերի գրոհման ժամանակ, բայց որ նա ԱՃ-ի հիմնական լիդերներից էր, դա միանշանակ է։ Հնարավոր է հոկտեմբերյան ճգնաժամի հաղթահարման ժամանակ Ալիեւը կարողացել էր հարաբերություններ կառուցել եւ հարթել Նախիջեւանյան ԱՃ-ի հետ լարվածությունը հենց Իլգարի միջոցով, դրա համար էլ Իլգարը իր համար թանկ արժեր…)

Իլգարը զանգեց 1992թ-ի նոյեմբերի 5-ին, ասաց որ գալիս ենք եւ սահմանագծին դիմավորելու հստակ ժամ ասաց։ Դիմավորելու գնացինք երկու մեքենայով։ Իլգարը նեղսրտած պատմեց, որ շատ ծանր բանակցությունների արդյունքում են կարողացել փրկել հայի կյանքը, եւ համոզված պնդեց, որ եթե չլիներ այս նախաձեռնությունը, ապա գերին միանշանակ դատապարտված էր մահվան։ Անգամ ասաց, որ եթե մեկ օր ուշ մեկնեին, ապա ամենայն հավանականությամբ նրա մասին անգամ տեղեկություն չէին կարող ունենալ։ 

Մի մեքենայով Լենդրոշ Հայրապետյանին ուղարկեցինք հարազատների մոտ, մյուսով՝ սխրանք գործած Իլգարին ու ընկերներին տեղափոխեցինք Նախիջեւանի սահմանագիծ ու հրաժեշտ տվեցինք գրկախառնությամբ…

Լենդրոշ Հայրապետյանը Մասիսցի է, Մեղրեցի վախ բռնող Ռուբիկի փեսան է։

ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ

Արաքս գետի երկու ափերը՝ Հայաստանն ու Իրանը միմյանց կապող նավակամուրջը բացվել էր 1992 թ-ի մայիսի 6-ին, սակայն անցուդարձը խիստ պասիվ էր։ Գուցե այն պատճառով, որ դիվանագիտական հարաբերությունները դեռ չէին կայացել, Հայաստանում Իրանի դեսպանատունը բացվել է 1992թ-ի ապրիլին, իսկ Իրանում Հայաստանի դեսպանատունը 1992թ-ի դեկտեմբերին։ Աշնանային մի օր անձնագրային սեղանի պետ Սամվել Միրզոյանը իմ սեղանին դրեց մի փաթեթ, եւ ասաց, որ սովետական հուշագիր է Իրանի եւ ԽՍՀՄ միջեւ քաղաքացիների պարզեցված անցում կազմակերպելու վերաբերյալ։ 

Որքան հիշում եմ հուշագիրը ստորագրվել էր 1982թ-ին, մատնանշում էր բոլոր այն բնակավայրերը ուր նախատեսվում էր սահմանել 45կմ-ոց գոտի, որում հաշվառված քաղաքացիներին իրավունք էր տրվում սահմանը հատել անձնագրով եւ նրան կցված ներդիրով, որի վրա դրվում էր այդ գոտու ոստիկանապետի ու սահմանապահ զորամասի հրամանատարի ստորագրությունն ու կնիքը։ Այդ ցանկում ներառված էր նաեւ Մեղրին։ 

Վերցրեցի հուշագիրը ու շտապեցի սահմանապահ զորամասի հրամանատար, գնդապետ Ռակովիչ Նիկոլայ Սերգեյեւիչի մոտ։ Պարզեցի հուշագիրը եւ հարցրեցի, թե արդյոք նա ծանոթ է այդ փաստաթղթին։ Նա դրական պատասխան տվեց։ Ես պարզաբանեցի, որ այս հարցով Հայաստանը ԽՍՀՄ իրավահաջորդն է, ուստի անհրաժեշտ է օգտագործել այդ հնարավորությունը եւ կազմակերպել քաղաքացիների անցուդարձը։ Նա, իմ անմիջականությունից երջանկացած ծիծաղելով ասաց, թե ինքը վստահ է որ իրանական կողմը ինձ պես չի մտածում։ 

-Շատ լավ, դա պարզելը ամենեւին էլ բարդ չէ, – ասացի ու շտապեցի հենց ռուս սահմանապահների միջոցով հաջորդ օրվա համար կազմակերպել իմ ու իրանական սահմանապահ կոմիսարի հանդիպումը։ Այդ ժամանակ Իրանի սահմանային շրջաններում, սահմանապահ կոմիսարը ղեկավարում էր ե՛ւ սահմանապահներին, ե՛ւ ոստիկանությանը։

Հանդիպումը կայացավ հաջորդ օրը։ Կոմիսարը ազգությամբ թալիշ էր, անունը՝ Նաղավյան։ Նախկինում մի քանի անգամ հանդիպել էինք։ Ներկայացրեցի հուշագիրը, որին նա քաջատեղյակ էր, եւ խնդրեցի սահմանված կարգով կիրառության մեջ դնել այն։ Կոմիսարը առանց երկար մտածելու, առանց վերադասի հետ խորհրդակցելու, ասաց, թե կարելի է, բայց համոզված եմ, որ ռուսները իրենց կնիքն ու ստորագրությունը չեն դնի ներդիրի վրա։ 

-Ուզում եք ասել, որ եթե առաջիկա օրերին մեր քաղաքացին անձնագրով եւ ներդիրով՝ ստորագրված ու կնքված իմ ու Ռակովիչի կողմից, հատի սահմանը, ապա դուք նրան ետ չե՞ք վերադարձնի,- հարցրեցի ես։

– Ոչ, ետ չենք վերադարձնի, միայն թե, թեեւ նախատեսված չէ, բայց ներդիրի վրա լուսանկար փակցրեք, որ կարողանանք ներդիրը նույնականացնել անձնագրի եւ անձի հետ, – միանգանից պատասխանեց հարգելի կոմիսարը։ 

Շնորհակալություն հայտնեցի, հրաժեշտ տվեցի ու շտապեցի Ռակովիչի մոտ։ Պատմեցի եղելությունը եւ միանգամից առաջարկեցի լիարժեք մի ներդիր նախապատրաստել եւ փորձնական մեկին ուղարկել։ Վերջինս խեղճացած անկեղծացավ եւ ասաց, որ առանց վերադասի՝ գեներալ Բաբենկոյի համաձայնության, չի կարող կնիք ու ստորագրություն դնել ներդիրի վրա։ Արագ կողմնորոշվեցի, որ Բաբենկոյին անձամբ պիտի համոզեմ եւ խնդրեցի Ռակովիչին ինձ անմիջապես միացնել գեներալի հետ։ Միացրեց։ Ասացի, որ ես գործերով վաղը Երեւանում եմ լինելու, եւ նրա հետ եւս քնարկելու հարց ունեմ։ Առաջարկեցի հանդիպել աշխատանքից հետո՝ ընթրիքի սեղանի շուրջ։ Տեղ ու ժամ պայմանավորվեցինք։

Երեկոյան գեներալ Բաբենկոյի հետ հանդիպեցինք Երեւանի ընդամենը մի քանի գործող խորովածանոցներից մեկում՝ Զանգվի ձորում, սեղանի շուրջ։ Նա շտապում էր իմանալ, թե ինչ հարց ունեմ քննարկելու իր հետ։ 

-Ամբողջ օրը մեքենա եմ վարել, հոգնած եմ ու քաղցած, մի քիչ սնվենք, հանգստանանք, խելքի գամ ու քնարկենք, – ասացի ես։

Որոշ ժամանակ անց, երբ գեներալը արդեն բարձր տրամադրություն ուներ, սկսեցի.

-Նախքան քննարկումը մի հարց եմ ուզում տալ ու ակնկալում եմ շիտակ պատասխան, ասացի ես։

-Ես շատ անկեղծ կլինեմ, – շվարած երեսիս նայելով` արձագանքեց նա։

-Շատ լավ, – շարունակեցի ես, – դուք ինչպես եք գնահատում՝ Ռուսաստա՞նն է Հայաստանին ավելի բարեկամ պետություն, թե՞ Իրանը։

-Իհարկե Ռուսաստանը, դա ի՞նչ հարց է, – վիրավորված տոնով պատասխանեց գեներալը։

-Ես ել նույնպիսի համոզված կարծիք ունեմ, ուղղակի հարկադրված եմ հարցնում, քանի որ երեկ ստիպված էի ձեր փոխարեն վիրավորոնք կուլ տալ, – բացատրեցի ես, – ամբողջ հարցը կայանում է նրանում, որ երեկ ես դիմեցի իրանական կոմիսարին` քաղաքացիների պարզեցված անցումը ներդիրներով կազմակերպելու խնդրանքով, իսկ նա խոստացավ թույլատրել պատշաճ կարգով լրացված եւ հաստատված ներդիր ունեցող քաղաքացիների անցումը, բայց համոզմունք հայտնեց, որ ռուսական կողմը կնիք ու ստորագրություն չի դնի ներդիրների վրա։

-Սուտ է ասում, նրանք դա թույլ չեն տա, – հանկարծակիի եկած արձագանքեց գեներալը։

-Շատ լավ, բայց մենք երկուսով հեշտությամբ դա կարող ենք ստուգել, դուք հանձնարարում եք Ռակովիչին, որ ստորագրի ու կնքի իմ նախապատրաստած, կոնկրետ մարդու անունով լրացված ներդիրը։ Այդ մարդուն ուղարկում ենք Իրան ու դիտարկում արդյունքը։ Կընտրեմ նրանց լեզվին տիրապետող մեկին, որ արդյունքից տեղեկացված լինենք, – ավարտեցի ես։

-Պայմանավորվածությունը ձեռք էր բերված։ Ավարտեցինք ընթրիքը, գնացինք շտաբ եւ գեներալը իմ ներկայությամբ հանձնարաեց Ռակովիչին, որ նա ստորագրի ու կնքի փորձնական ներդիրը, իսկ եթե արդյունքը դրական լինի, ապա մշտապես անել այդ գործառույթը։

Հրաժեշտ տվեցի գեներալին ու ճանապարհվեցի Մեղրի։

Առավոտյան արդեն՝ փորձնական ներդիրը պատրաստ էր, լրացված Բորիկ Սարգսյանի անունով։ Վերջինս լավ էր տիրապետում ադրբեջաներենին։ Ներդիրի ձեւաթղթում նախատեսված էր նաեւ մեքենայի մակնիշի եւ պետհամարանիշի լրացման տեղ, որ եւ լրացված էր Բորիկի անձնական մեքենայի տվյալներով։ 

Բորիկը նստեց մեքենան ու անցավ նավակամուրջով։ Սրտատրոփ սպասում էինք Ռակովիչի հետ միասին։ Մի տասը րոպեից մեքենան ետ վերադարձավ։ Մինչ Բորիկը կհասներ ու կմոտենար մեզ՝ Ռակովիչը ասաց, թե ինքը համոզված էր, որ չեն թողնելու։ Բորիկը մեքենան հարմար տեղավորեց, իջավ մեքենայից, բարձր տրամադրությամբ մոտեցավ մեզ ու ասաց. «Նրանք ասում են, որ թեեւ ներդիրում նախատեսված է մեքենայով գալը, բայց խնդրում ենք առայժմ եկեք առանց մեքենայի, հետո այդ հարցին կանրադառնանք։ Ասացին նաեւ, որ կարող ենք գնալ մինչեւ Ջուլֆա»։ Հետո նա ոտքով անցավ ու վերադարձավ երեկոյան՝ գործարար դարձած։

Ի նշան երախտագիտության` իրանական կոմիսարին հրավիրեցի մեր տուն ճաշի։ Եկավ գարնան կեսին` երկու աշխատակիցների ուղեկցությամբ։ Նրանց դիմավորեցինք Ռակովիչի եւ հետախուզության պետ, գնդապետ Մուջիրիի հետ միասին։ Ասացի, որ իր գալու պատվին գառ ենք մորթել, մինչեւ հասնենք խաշլաման պատրաստ կլինի։ Ասաց` այդ միսը հալալ չի, եւ մենք այն չենք ուտի։ Տուն հասանք, զանգեցի Էդիկ Արզումանյանին եւ խնդրեցի իր գառներից մեկը շտապ բերի մեր տուն։ Կոմիսարը այդ գառը մորթեց իր ձեռքով, եւ մինչ այդ նոր մորթված գառան մսից կերակուր կպատրաստեին, Մուջիրիին նրանց մեքենայով տարավ կարճատեւ շրջագայության։ Իսկ Ռակովիչը, օգտագործելով նրանց բացակայության հնարավորությունը, մի կուշտ խմեց ու կերավ, քանի որ նրանք ոգելից խմիչք չէին հանդուրժում եւ ուղղակի սեղանին չէր կարելի դնել։

Ներդիրների գործը արագ թափ հավաքեց։ Կարճ ժամանակահատվածում հասավ պիկին՝ 800 քաղաքացի յուրաքանչյուր ամսվա մեջ հինգ անգամ անցնելու իրավունքով։ Ստանում էին բոլոր ցանկացողները` անխտիր։ Ներդիրներով զբաղվող ոստիկանության աշխատակցին արգելված էր որեւէ մեկից որեւէ բան վերցնել։ Հենց ականջիս լուր էր հասնում, որ աշխատակիցը պայման է խախտել, նրան զրկում էի այդ գործառույթը կատարելու լիազորությունից։ Այդպես զրկվել է մի մայոր եւ մի փոխգնդապետ։ Վերջապես ես այդ գործը վստահեցի ենթասպա Խաչիկի Գասպարյանին, որը պատվով ու մաքրությամբ կատարեց այն, գոնե մինչեւ ոստիկանապետի պաշտոնը թողնելս՝ 1995թ-ի ապրիլ։

Ներդիրավորները բաժանվում էին գործարարների եւ վարորդների։ Վարորդները՝ օգտվելով իրենց անցնելու իրավունքից, Երեւանից եւ Հայաստանի բոլոր ծայրերից եկած բեռնատար դատարկ մեքենաները վարելով անց էին կացնում Իրան եւ վերադարձնում բեռով։ Մեկ անգամյա անցման համար նրանք վաստակում էին 50 դոլար։ Այսինքն՝ նրանք ամսական վաստակում էին նվազագույնը 250 դոլար։ Նվազագույն, որովհետեւ նրանք վաստակելու ուրիշ ճակատ էլ ունեին։ Դատարկ բեռնատար մեքենայի վառելիքի տարողությունն էլ դատարկ էր, որովհետեւ Հայաստանում վառելիքը սուղ էր։ Եվ նրանք իրանական գեր էժան վառելիքով լիցքավորում էին իրենց վստահված բեռնատարներն ու վաստակում։ Բնականաբար զբաղվում էին նաեւ փոքր բիզնեսով՝ ձեռքի հետ բերելով փոքր խմբաքանակով իրանական էժան ապրանքներ եւ վաճառում իրենց շրջապատի մարդկանց, կամ ուղղակի բերում էին նրանց պատվերով։ Անգամ այս կողմնակի հնարավորությունները բացառելու դեպքում ամսական 1993թ-ի 250 դոլարը այսօրվա 1000 դոլարից ավելի գնողունակ էր։

Հիշում եմ, մի օր ինձ մոտ եկավ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Լյուդվիգ Համբարձումյանը, ու խնդրեց, որ ԲելԱԶ-ի վարորդներին ներդիր չտամ, որովհետեւ աշխատանքից բացակայում են եւ անընդմեջ աշխատող կոմբինատի աշխատանքները ձախողվում է՝ անընդհատությունը խզվում է։ Իսկ Ագարակի կոմբինատում ամենաբարձր վճարվող աշխատակիցները ԲելԱԶ-ի վարորդներն էին։ Հաշվի առեք նաեւ, որ Մեղրու շրջանի ազգաբնակչության թիվը ընդամենը 12-13 հազար էր։

Մի քանի անգամ իրանական կողմում ներդիրավորների եւ վիզա ունեցող վարորդների մեքենաների խուզարկությամբ օղի, փամփուշտ, անգամ նռնակ էին հայտնաբերել եւ վարորդին տարել Ջուլֆայի զնդան։ Տեղեկությունը ստանալուն պես հանդիպում էի կոմիսարի հետ, բացատրում մեր իրավիճակը եւ խնդրում ներել կարգազանցներին։ Ժպտալով նայում էր երեսիս, ձեռքի ափով մի աչքը ծածկելով ասում. «Քո խաթեր, աչքիս վրա»։ Հետո թեյ ու միրգ էր հյուրասիրում, մինչեւ Ջուլֆայից կարգազանցին սահման կհասցնեին։ Մի անգան զնդանից բերված մի երեւանցի կարգազանց ասաց, որ պատժախցում մի հայ զինվոր կա, որը երկու ամիս է այնտեղ է գտնվում։ Ղեւոնդին հարցրեցի, ասաց` հնարավոր չի։ Հետո անուն ազգանունով պարզեց, որ տվյալ զինվորը անհետ կորած է։ Նորից դիմեցի կոմիսարին, ասաց, որ ինքը այլեւս ազդեցություն չունի նրա վրա, որովհետեւ նրանով դատարանն է զբաղվում։ Խնդրեցի, ասաց` մի բան կանեմ։ Մեկ շաբաթից վերադարձրեց։ Զինվորը պատմեց, որ պարբերաբար լողալով անցել է Արաքս գետը, անգամ անցորդներից ծխախոտ է խնդրել ու ստացել։ Հերթական անգամ անցել է, բռնել ու տարել են։  

ԽՍՀՄ փլուզումից հետո փլուզվել էր նաեւ սոցիալական ապահովության համակարգը եւ անկախ Հայաստանում հիմնադրվել էր կենսաթոշակային ապահովության համակարգ, որը նախատեսում էր թոշակների վճարումը աշխատողների աշխատավարձի մասնահանումներից։ Նոր հիմնադրված համակարգում այդ մասնահանումների հանրագումարը չէր բավարարում ամբողջությամբ վճարրել կենսաթոշակները եւ այն երբեմն վճարվում էր մի քանի ամիս ուշացումով։ 

Մեղրի էր եկել Հրանտ Բագրատյանը, հավաքվել էինք շրջխորհրդի գործկոմում, բարձրացվեց նաեւ կենսաթոշակների հարցը։ Բագրատյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց Մեղրիի շրջանի տարածքում հավաքագրված կենսաթոշակային վճարները առանց կենտրոնացնելու, միանգամից ուղղել մեղրեցիների կենսաթոշակները վճարելուն։

Պետությունը կայացած չէր, հարկային համակարգը նոր էր ձեւավորվում եւ այդ պայմաններում ներդիրավորների եկամուտը հաշվառող չկար։ Ես ինձ վրա վերցրեցի այդ պատասխանատվությունը եւ հրահանգեցի, որ յուրաքանչյուր անգամ, ներդիր ստանալուց առաջ, քաղաքացին պետք է բանկում 12 000 դրամ մուծում կատարի կենսաթոշակային վճարի հաշվեհամարին, եւ ներդիրը կստանա միայն համապատասխան անդորագիրը ներկայացնելուց հետո։

Բոլորը գիտակցաբար ու պարտաճանաչ կատարում էին այդ վճարումը։ Փաստորեն, ներդիրավորների համքարության շնորհիվ հնարավոր դարձավ Մեղրիում կենսաթոշակները վճարել ժամանակին եւ ամբողջությամբ։

ՔԵԼԲԱՋԱՐԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ ՄԵՐ ՌԵԳԻՈՆՈՒՄ

Քելբաջարը ազատագրվել է 1993թ-ի ապրիլի 5-ին։ Այդ պահից սկսած Զանգելանի սահմանագծին ակտիվությունը ահագնացավ։ Ինչպես Ղեւոնդն էր ձեւակերպում՝ 44-ում մերոնք չէին կարողանում խրամատից գլուխները բարձրացնել, գնդակոծում էին օր ու գիշեր՝ ինչով պատահի։

Կիրառում էինք փորձված մեթոդը։ Որ հատվածում չափն անցնում էին՝ Դ-30 ով երկու արկ էինք ճշգրիտ հասցեագրում հակառակորդին եւ նա սթափվում էր։ Նրանք անգամ գրադ էին գործածում մեր 44-ի ուղղությամբ, բայց, որպես կանոն, հրթիռները թռչում էին մեր դիրքապահների գլխավերեւով եւ պայթում Իրանի տարածքում՝ Մեղրիի եւ Զանգելանի սահմանագլխի դիմաց, ավելի շատ դեպի Մեղրիի կողմը։ Իրանական կոմիսարը հանդիպում կազմակերպեց եւ ներկայացրեց, որ մեր հրթիռներն են անցնում իրենց տարածք։ Ստիպված նրա հետ գնացի իր իսկ ցույց տված հաճախ հրետակոծվող տարածք, փնտրեցի ու գտա փափուկ հողի մեջ ցցված չպայթած մի հրթիռ, որի ուղղությունը ապացուցում էր, որ հրթիռները արձակվում են հենց Զանգելանի տարածքից։ Փաստը շատ համոզիչ էր ու Կոմիսարը լիովին ըմբռնեց։ 

Այդ ժամանակահատվածում ստիպված էինք հրետակոծել Վեժնավիրի ուղեկալի տարածքը, որը նախկին սովետական սահմանապահ ուղեկալ էր, բայց վաղուց արդեն դարձել էր ադրբեջանական զինուժի հենակետ։ Կրակի ուղղորդիչը Սուրիկ Հայրապետյանն էր, որը հրետակոծությանը հետեւում էր 44-ից։ Նա շատ ոգեւորված էր հրետակոծության արդյունքներով, եւ իրոք՝ այդ դասից հետո այդ թեւում շատ ավելի զուսպ էին։

Ապրիլի 10-ին ինձ տագնապած զանգեց Կապանի ոստիկանապետ Էդիկ Բարսեղյանը, եւ հայտնեց, որ Զանգելանի կողմից ադրբեջանական զինուժը Ներքին Հանդի ուղությամբ մտել է Կապանի տարածք։ Ներքի Հանդի բնակիչները թողել են գյուղը, ադրբեջանցիները մտել են գյուղ եւ շարժվում են Ծավի ուղղությամբ ու խնդրեց օգնել։

Անմիջապես տարածքին քաջածանոթ, լուսահոգի Ալյոշա Միքայելյանին ուղարկեցինք Մեղրի-Կապանի սահմանագիծ՝ Մեղրիի լեռնաշղթայի այն հատվածը, որտեղից երեւում է Ծավ գյուղն ու Ներքին Հանդ – Ծավ ճանապարհահատվածը։ Հազիվ էինք հասել Նյուվադիի գյուղի վերին ձորամիջում տեղակայված Գրադ համալիրին եւ նախապատրաստել այն գործածության, Ալոն ռադիոկապով փոխանցեց, որ ադրբեջանական զրահամեքենաները մոտենում են Ներքին Հանդ, Ծավ, Կապան ճամփաբաժանին։  Ունենալով հայտնի կետի կոորդինատները` արագացված  հաշվարկով Գրադը ճշգրիտ դեպի հակառակորդը ուղղորդելուց հետո մի երկու տասնյակ հրթիռ թափեցինք նրանց գլխին։ Ալոյի համար արդյունքը տեսանելի էր, նա ոգեւորված հայտնեց, որ հակառակորդը ետ է փախչում, ընդ որում, զրահամեքենաներից մեկը քարշակով են տանում։

Հետագայում՝ 2012թ-ին, մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էի պատգամավորության թեկնածու։ Այդ օրը՝ օրվա երկրորդ կեսին, Կապանից, գյուղերով, մարդկանց հադիպելով հասա Ներքին Հանդ։ Այդ փոքրիկ գյուղում համեմատաբար շատ մարդ էր հավաքվել։ Անմիջական ու մարդամոտ զրուցում էինք, պատմում էին թե գյուղը որքան լքված ու մոռացված է, հիշեցին 1993թ-ի ապրիլի 10-ի ադրբեջանական ներխուժումը եւ ասացին, որ անգամ դրա հետեւանքները դեռ ամբողջությամբ վերացված չեն։  

Հանդիպումից տպավորված` ուղեկիցներիս հետ շարունակեցի ճանապարհը, եւ Ծավով ու Շվանիձորով վերադարձա տուն՝ գիշերելու։ Առավոտյան նորից մեկնեցի Կապան եւ քարոզչական օրը սկսեցի շտաբի անդամներին իրազեկելով Հանդի հանդիպման մասին։ Նրանք տեղյակ էին ավելին՝ քան ես գիտեի։ Ռոման Նավասարդյանը պատմեց, որ Հանդի հանդիպման մասին իմանալով, իշանության ներկայացուցիչները՝ մարզպետ եւ պատգամավորի թեկնածու Վահե Հակոբյանի գլխավորությամբ շտապել են Ներքին Հանդ, հավաքել բոլոր ընտանիքների ներկայացուցիչներին եւ յուրաքանչյուրին տվել 200 000 դրամ գումար` ադրբեջանական ներխուժման հետեւանքները վերացնելու նպատակով։  

ՔԵԼԲԱՋԱՐՅԱՆ ՀԱՆԳՈՒՆՅՑ

Այնքանով, որքանով իմ իսկ հասկանալու համար հետաքրքրվել ու վերլուծել եմ՝ Քելբաջարի ազատագրման ծրագիրը նախաձեռնել է անձամբ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Հաշվի առնելով այն ռեալ իրավիճակը, որ Շուշիի եւ Լաչինի ազատագրումից հետո Էլչիբեյի իշխանությունը ռեվանշ վերցրեց եւ կարողացավ տիրապետել Ղարաբաղի մի հատվածին, այնուհետեւ տեւական ժամանակ  ճակատի գիծը մնում էր գրեթե անփոփոխ, եւ հաստատված ժամանակավոր ռազմական հավասարակշռության պայմաններում հեռանկարը մշուշոտ էր, անհրաժեշտ էր գտնել այնպիսի լուծում, որը սթափության կմղեր դեռեւս պարտություն չկրած էլչիբեյին, եւ կհարկադրեր նրան Ղարաբաղի հարցի ռազմական կարգավորումից անցում կատարել զինադադարի ու հարցի դիվանագիտական, փոխզիջումային կարգավորման։ Հայկական կողմի փոխզիջման առարկան, բնականաբար, կլիներ Քելբաջարի շրջանը։

Այդ նպատակով Տեր-Պետրոսյանը մի քանի պաշտոնատար անձանց ուղղեկցությամբ մեկնում է Մոսկվա եւ բարձր մակարդակի հանդիպում ունենում ՌԴ նախագահ Բորիս Ելցինի եւ նրա համապատասխան ենթակա պաշտոնյաների հետ։

Տեր-Պետրոսյանը հիմնավորում է իր ծրագիրը՝ որպես Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման ճանապարհ, եւ ստանում ռուսական կողմի աջակցության խոստումը այն առումով, որ ծրագրի իրագործման դեպքում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանը կսպասարկի հայկական կողմի շահը այդ հարցի քնարկման ժամանակ։

Քելբաջարը ազատագրվեց 1993 թ-ի ապրիլի 5-ին։

Գիտե՛մ, որ Քելբաջարի ազատագրման ռազմական ծրագիրը գրավոր հաստատված է գերագույն գլխավոր հրամանատար Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, կամ նա իր վրա է վերցրել ամբողջական պատասխանատվությունը։

Գիտե՛մ, որ Վարդենիսի կողմից հայկական զինուժի Քալբաջար մտնելուց ժամեր անց, ԱՄՆ-ը դեսպանը այցելել է Տեր-Պետրոսյանին եւ տեղեկացրել, որ ամերիկյան զինուժը տիեզերքից արձանագրել է հայկական զինուժի մուտքը Ադրբեջան։ Տեր-Պետրոսյանը անկեղծորեն հաստատել է փաստը, եւ բացատրել, որ դա արվել է Ղարաբաղի հայազգի բնակչության անվտանգությունից ելնելով, որ շնորհակալ լինելով ԱՄՆ-ին, Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության հետեւանքով որբ մանուկների կյանքը մանկատներ կազմակերրպելով փրկելու համար, այնուամենայնիվ, չենք կարող թույլ տալ, որ նույնը կրկնվի նաեւ հիմա։ Դեսպանը հեռացել է ու կարճ ժամանակ անց կրկին վերադառնալով բառացի փոխանցել ԱՄՆ նախագահ Քլինտոնի արձագանքը. «Շնորհակալություն անկեղծության համար»։

1993-ի մայիսի վերջին Վազգեն Սարգսյանի հետ Մեղրի էր եկել Ռոբերտ Քոչարյանը (հետո կմանրամասնեմ)։  Մեղրիում եղած ժամանակ, գործի բերումով Վազգենը մոտ երկու ժամով բացակայեց, Ռոբերտ Քոչարյանի հետ վերջինիս սպասում էինք իմ աշխատասենյակում։ Այն ժամանակ նա նիհար երիտասարդ էր, եւ ինձ վրա թողեց զուսպ ու համակրելի մարդու տպավորություն։

Ես ավելի երիտասարդ էի եւ մեծ քաղաքականությունից բավական հեռու, միգուցե տարիքով եւ իրավիճակով պայմանավորված, գուցե եւ արկածախնդիր։

Սեղանին դրեցի քարտեզը եւ փորձեցի հիմնավորել Կուբաթլուն, Զանգելանը եւ Ջաբրայիլը գրավելու անհրաժեշտությունը, որովհետեւ Հադրութից մինչեւ Արաքս գետ՝ Իրանի սահման, մոտ 20կմ է, եւ այդքանի փոխարեն Սյունիքն ու Ղարաբաղը փաստորեն պահում են շուրջ 250կմ ընդհանուր սահման։ 

Քոչարյանը զարմացած երեսիս նայեց ու բառացի ասաց. «Այդ ինչ ես ասում, մեզ ո՞վ կթողնի այդպիսի բան անել»։ 

Քելբաջարի կորուստով սկսեց Էլչիբեյի կործանումը։ Էլչիբեյը համոզված հակառուս էր, եւ, բնականաբար, ռուսական ռազմաքաղաքական իշխանությունները համարժեք վերաբերմունք ունեին նրա նկատմամբ։ Մայիսի 28-ին՝ ռուսական բանակը վաղօրոք նախանշված ժամկետից շատ ավելի շուտ դուրս բերվեց Կիրովաբադից, իսկ սպառազինությունը ամբողջությամբ հանձնեց ապստամբ գնդապետ Սուրաթ Հուսեյինովի զինակիցներին։ Հունիսի 6-ին Ադրբեջանի կառավարական ուժերը իրագործեցին «Թայֆուն» օպերացիան՝ Հուսեյինովին զինաթափելու նպատակով։ Օպերացիան ձախողվեց, ըստ էության Ադրբեջանում սկսվեց մարդկային զոհերով ուղեկցվող քաղաքացիական պատերազմ։ Հուսեյինովը գերի վերցրեց գլխավոր դատախազին եւ պարտադրեց նրան ստորագրել նախագահ էլչիբեյի կալանքի որոշումը ու հունիսի 10-ին իր ենթակա զինված ստորաբաժանումներով, ճանապարհին հաստատելով իր ռազմական իշխանությունը՝ շարժվեց Բաքվի ուղղությամբ ու շրջափակեց քաղաքը։ Էլչիբեյը գերադասեց Ալիեւին պաշտոնապես հրավիրել Բաքու, քան իշխանությունը հանձնել Սուրաթ Հուսեյինովին, որը եւ դարձավ Ալիեւի իշխանության գալու մեկնարկը։ 

Հունիսի կեսին Էլչիբեյը անակնկալ հեռացավ Նախիջեւան եւ ապաստանեց Մեղրիի հարեւան Օրդուբադի շրջանի Քալաքի գյուղում՝ իր ծննդավայրում։ 

Հունիսի երրորդ տասնօրյակում, երբ դեռ Սուրաթ Հուսեյինովը ամբողջ թափով իր ռազմական իշխանությունն էր տարածում Ադրբեջանով մեկ, եւ բացառում Էլչիբեյի հետ որեւէ հանդիպում կամ բանակցություն, մի օր զանգեց Վազգեն Սարգսյանը։ Ասաց, որ կարեւոր հյուրի հետ գալիս է Քաջարանի կոմբինատի հանգստյան տուն, եւ որ Ղեւոնդի ու Աֆօի հետ գնանք այնտեղ՝ նրան հանդիպելու։ Հյուրասիրության որոշակի  նախապատրաստությամբ գնացինք նրանց մոտ։ Վազգենի հյուրը ռուսական անդրկովկասյան ռազմական օկրուգի հրամանատար Ռեուտն էր։ Այնտեղ էին նաեւ Կապանի ղեկավարներից մի երկուսը։ Գլխավոր մեկը այդտեղ էր եկել ակնհայտ գինովցած։ Վազգենը հարցրեց, թե արդյոք հնարավորություն կա Կապանում շոգեբաղնիք կազմակերպել։ Գինովցածը, որ աթոռին նստած, գլուխը ուսին ծռած խռմփացնում էր, հանկարծ բարձրացրեց գլուխը ու արձագանքեց. «Կարողա գիտես, քեզ համար քիսաչի եմ»։ Վազգենը շատ սրտնեղեց։ Հետո անաղմուկ այնպես կազմակերպեցինք, որ հետագա հյուրասիրությունը անցավ առանց «քիսաչիների»։ Հյուրասիրությունը վերածվեց խնջույքի։ Ռեուտը բարձր տրամադրություն ուներ ու ակտիվ շփվում էր։

Նա իրեն թույլ տվեց ասել հետեւյալը. «Ուզում եմ, որ դուք իմանաք, Սուրաթ Հուսեյինովը իմ անձնական գործակալն է»։ 

Հյուրասիրության ընթացքում մի քանի անգամ Վազգեն Սարգսյանը հարեւան սենյակից հեռախոսով կապվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, եւ փոխանցում անհրաժեշտ տեղեկությունները։

Հունիսի 24-ին սահմանագծին հանդիպեցի Իլգարի հետ։ Իլգարը վաղուց արդեն Օրդուբադի ոստիկանապետն էր։ Նա ասաց, որ նախագահ Էլչիբեյը գտնվում է իր ծննդավայրում, նրա անվտանգության ապահովումը կազմակերպում է անձամբ ինքը՝ ԱՃ զինված խմբերի միջոցով, շրջափակելով ողջ գյուղը։ Բայց գյուղն ու Էլչիբեյի անվտանգություն ապահովողները եւս շրջափակված էին զինված ստորաբաժանումներով, հավանաբար Ալիեւի ու Հուսեյինովի նախաձեռնությամբ։

Այդ հանդիպումը պատվիրել էր նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Աշոտ Մանուչարյանը։ Նա, իր ներկայացուցչի միջոցով ուղարկել էր հեռախոսով արված մի ձայնագրություն, ուր Էլչիբեյի երբեմնի հավատարիմ խորհրդականը պարզաբանում էր, թե որքան արկածախնդիր ղեկավար էր Էլչիբեյը. նրանից օր առաջ ազատվելը եւ Հեյդար Ալիեւի օր առաջ իշխանության գալը դիտարկում էր որպես Ադրբեջանի փրկություն։ 

Իմ ընկեր Իլգարի միջոցով Էլչիբեյին փոխանցվեց, որ Հայաստանը նրան է ճանաչում որպես օրինական նախագահ եւ պատրաստ է օժանդակել նրա իշխանության վերադարձին՝ ինչով որ անհրաժեշտ լինի։ Որ, եթե նա անհաղթահարելի վտանգ կզգա կյանքի համար, ապա մենք կարող ենք երաշխավորված գաղտնիությամբ նրան Մեղրիով տեղափոխել Երեւան, այնտեղից անմիջապես կազմակերպել թռիչքը Ֆրանսիա, ուր արդեն պայմանավորված է նրան քաղաքական ապաստան տալու հարցը։ 

Գուցե եւ այս դրվագը նշանակություն ունեցավ, որ էլչիբեյը մինչեւ վերջ հրաժարական չտվեց՝ երկարաձգելով իշխանափոխությունը Ադրբեջանում։ Նրանից ազատվելու միակ իրավական ճանապարհը համաժողովրդական հանրաքվեն էր, որը տեղի ունեցավ 1993թ-ի օգոստոսի 28-ին։ Իսկ Հեյդար Ալիեւը նախագահ ընտրվեց 1993թ-ի հոկտեմբերի 3-ին։ Ադրբեջանական կողմի հիմնական կորուստները տեղի են ունեցել Քելբաջարի անկումով սկիզբ առած քաղաքական ճգնաժամի շրջանում։

Դեռ նախագահ չընտրված Ալիեւը սեպտեմբերին այցելեց Մոսկվա, հանդիպեց Բ. Ելցինի եւ մյուս առանցքային դեմքերի հետ։ Նա այդ այցելությունը անվանեց «Ռուսաստանի հետ ունեցած հարաբերություններում նախորդ իշխանությունների կատարած սխալների շտկում», հայտնեց ԱՊՀ-ին անդամակցելու Ադրբեջանի պատրաստակամության մասին, եւ արդեն սեպտեմբերի 20-ին՝ մեջլիսը ԱՊՀ-ին` Ադրբեջանի միավորման մասին որոշում ընդունեց։ 

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՃՌՈՐՈՇ ՓՈՒԼԸ

Մինչեւ 1993թ-ի դեկտեմբերի կեսը Հեյդար Ալիեւը կարողացավ հաշտության մթնոլորտ ապահովել Ադրբեջանում եւ նախաձեռնեց կորցրած տարացքները վերադարձնելու ռազմական ծրագիր։ Այլեւս Ռուսաստանի համակրանքը վայելող Ադրբեջանի ռազմական ճնշմանը դիմակայելու նպատակով՝ Հայաստանի զիված ուժերի գերակշիռ մեծամասնությունը տեղափոխվեց ճակատ։

Դեկտեմբերի 16-ին տուն եկա ցերեկով, որդուս ծննդյան օրն էր։ Եկավ նաեւ զորամասի հրամանատար Ղեւոնդ Հովհաննիսյանը։ Մինչ հարազատներս պատրաստություն էին տեսնում, մենք քննարկում էինք ռազմական դրությունը։

Որոշակի վերլուծության արդյունքում Ղեւոնդին ասացի, որ ժամանակին Նախիջեւանին տրված դասերի ազդեցությունը դեռեւս պահպանվում են, եւ կարելի է Մեղրու գնդի որոշակի ստորաբաժանումներ եւս տեղափոխել Հորոդիզ, որովհետեւ վաղ թե ուշ դրա անհրաժեշտությունը զգացվելու է։ Իսկ եթե Նախիջեւանի կողմից սպառնալիք զգանք, ապա աշխարհազորի ու ոստիկանության ներգրավումով ինքս կկազմակերպեմ Մեղրիի պաշտպանությունը։ Հորդորեցի Ղեւոնդին չսպասել վերադասի հրամանին, որովհետեւ այսպես, թե այնպես այդ հրամանը առաջիկայում կարծես թե լինելու է, այլ կապվել նախարարի հետ եւ առաջարկել անձնական նախաձեռնությամբ։ Ղեւոնդը արագ ընկալեց ու ասաց. «Մինչեւ խորովածը պատրաստ լինի՝ գնամ զորամաս, զեկուցեմ նախարարին ու շտապ վերադառնամ»

Վերադարձավ խանդավառված։ Պատմեց, որ զորամաս հասնելուն պես իրեն զեկուցել են, որ նախարարը կապի մեջ է։ Ինքն էլ նախարարին խնդրել է, որ նա նախ լսի իր առաջարկությունը, հետո անցնի ասելիքին։ Ղեւոնդը ներկայացրել էր մեր քնարկումից ծնված առաջարկությունը, նախարարը լսել էր, ասել, որ հենց դա էր իր ասելիքը, շնորհակալություն հայտնել Ղեւոնդին եւ խնդրել փոխանցել իր շնորհակալությունը նաեւ ինձ։

Նախարարը Սերժ Սարգսյանն էր։ Ես նրան միակ անգամ հանդիպել էի օգոստոսի վերջին՝ նախարար նշանակվելուց անմիջապես հետո, Վազգեն Սարգսյանի ուղղեկցությամբ Մեղրու զորամաս այցելության ժամանակ։ Զորամասից գնացինք Ղեւոնդենց տուն ճաշելու։ Նախորդ օրը Ղեւոնդի ծննդյան օրն էր, եւ այդ առիթով Սերժ Սարգսյանը նրան կարաբին նվիրեց։ Եկել էին ուղղաթիռով։ Ուղղաթիռը վայրեջք էր կատարել Ագարակի ֆուտբոլի մարզադաշտում։ Ուղղաթիռ նստելուց առաջ Վազգենը ժպտալով ասաց, որ նախարարը ինձ առանձին ասելիք ունի։ 

Մենք առանձնացանք։ Սերժ Սարգսյանը բառացի ասաց. «Ես գիտեմ, թե դու ինչ ներդրում ունես Մեղրիի պաշտպանության կազմակերպման գործում։ Գիտեմ նաեւ, թե ինչպիսի ազդեցություն ունես Ղեւոնդի նկատմամբ։ Եկել եմ խնդրելու, որ նույն կերպ շարունակես նաեւ իմ նախարարության շրջանում»։ 

Ես անկեղծ պոռթկացի, ասելով, թե իմ վարքագիծը բխում է իմ գիտակցությունից, անկախ այն հանգամանքից, թե ո՞վ է նախարարը, եւ բնականաբար շարունակվելու է նույն կերպ։

Վազգենը ավելի լայն էր ժպտում, նա բավական մոտ էր կանգնած եւ առնվազն կռահել էր իմ ասածը։ Հրաժեշտ տալիս գրկեց ու ցածրաձայն ասաց. «Ես գիտեի, որ դու այդպես ես պատասխանելու»։

Մի քանի օրից Մեղրու գնդի ճակատ մեկնող ստորաբաժանումները Ղեւոնդի գլխավորությամբ տեղավորված էին Մեղրու կայարանում կանգնած, տասնյակ ցածրակող վագոններից կազմված շարժակազմի վրա. անձնակազմ, մեքենաներ, զրահամեքենաներ, տանկեր, հրետանի, թիկունքային պարագաներ։

Պատերազմ մեկնող գնդին իմ հորդորով ճանապարհելու էին եկել գործկոմի նախագահն ու դատախազը։ Մի տասը րոպե կոստյում փողկապով կանգնելուց հետո ցուցադրաբար նայեցին ժամացույցին, դեմքի լրջախոհ արտահայտությամբ հրաժեշտ տվեցին ու գնացին, պատճառաբանելով կարեւոր գործերի առկայությունը։

Կառամատույցում միայնակ կանգնած թափահարում էի ձեռքս՝ մինչ շարժակազմը կանհետանար տեսադաշտից։ Սիրտս ճմլվում էր…

Կայարանից շարժվեցի։ Մեքենան դեռ Մեղրի քաղաք չէր հասել, ոստիկանության աշխատակիցներից Արմեն Մինասյանը ռադիոկապով հաղորդեց, որ Մեղրու կայարանից 10 կմ հեռավորության վրա գտնվող Կարճեւան կայարանից՝ գրավված տարածքների ավար հանդիսացող, մետաղի ջարդոնով բարձված, վեց վագոնից  բաղկացած շարժակազմը պոկվել է տեղից եւ արագացումով ընթանում է երկաթուղին ի վար։ Դա նշանակում է՝ դեպի  Մեղրու կայարան, դեպի զորագունդ տեղափոխող շարժակազմ։ 

Մինչ վարորդը շրջադարձ կաներ դեպի Մեղրու կայարան, ես ռադիոկապով հրահանգեցի հերթապահին, որ նախ հեռախոսով կապվի Մեղրու կայարանապետի հետ եւ իմ անունից հրահանգի Ագարակի կողմից Մեղրու կայարանին մտնող գիծը ուղղորդել փակուղի, այնուհետեւ հեռախոսով կապվի ռուսական սահմանապահ զորամասի հրամանատարի հետ, եւ փոխանցի այն ամենը, ինչ կասեմ ես։ Երկաթուղին անցնում է այդ զորամասի հետագա չորս ուղեկալները շոշափելով։ Հրամանատարին հրահանգեցի հանձնարարել ուղեկալներին ցանկացած գնով այդ չարաբաստիկ վեց վագոնը գցել ռելսերից, ընդհուպ գիծը պայթեցնելու միջոցով։

Հասանք կայարան այն պահի, երբ կայարանապետը սլաքավարի բանալին ձեռքին՝ շվարած կանգնած էր գծի կողքին։ Շվարած էր ընթացող վագոնների արագությունից ու թափից։ Ասաց, որ հոսանքի բացակայության պայմաններում փորձել է ձեռքով կառավարել գծի ուղղությունը, բայց չի հասցրել… Շարունակեցինք մեքենայի հնարավոր ամենամեծ արագությամբ հետապնդել փախչող շարժակազմին, մնալով Ռակովիչի հետ կապի մեջ։ Անգամ մի ակնթարթ հասանք շարժակազմին, բայց ընդամենը տեսնում էի, անձնապես ոչինչ ձեռնարկել հնարավոր չէր։ Ռակովիչը մեկը մյուսի ետեւից հայտնեց, որ երկու ուղեկալներում ձեռնարկված միջոցառումները արդյունք չեն տվել, գծի վրա կուտակված կոշտ զանգվածի կույտերը մի ակնթարթում ցաքուցրիվ են եղել` չազդելով վագոնների ընթացքի վրա։ Ես զայրացա` ասելով, որ թող հենց հիմա հաջորդ ուղեկալում պայթեցնեն գիծը, եւ խոստացա վագոնների ընթացքը չկանխելու դեպքում պատժել նրանց, եթե բախում տեղի ունենա զորագնդի շարժակազմի հետ։

Նյուվադիի ուղեկալ չհասած` վագոնների ընթացքը կասեցվեց։  Գծերի վրա կուտակված կոշտ զանգվածակույտի տակ դրված ելուստներ ունեցող մետաղական մի ամուր շրջանակ, որի բարձրությունը ավելի մեծ էր եղել, քան վագոնի հատակի ու շպալների միջեւ եղած առլույս հեռավորությունը, կարչել էր վագոնի հատակից եւ ելուստներով ջարդելով շպալները՝ մարել էր վագոնների հուժկու թափը։ Շուրջ 150մ երկարությամբ երկաթուղու մի հատվածի շպալները առանց բացառությամբ ջարդված էին, որի հետեւանքով գծերը միմյանցից հեռացել էին ու վագոնները ընկել էին գծերից։ Միեւնույնն է, ես զայրացա Ռակովիչի վրա, ասելով, որ վագոնները ընկել են պատահականության արդյունքում։ Վերջինս արդարացավ՝ ասելով, որ եթե դա տեղի չունենար, ապա ուղեկալի հրամանատարը, ընդամենը 100մ հեռավորության վրա, նռնականետով նշանառության տակ էր վերցրել գիծը։

Այսպես կանխվեց վերահաս պատահարը եւ ո՞վ գիտի՝ քանի՞ ճակատ մեկնողի կյանք փրկվեց։ 

Հորադիզում ահավոր պատերազմ էր, ահարկու ճնշում, կրակի տարափ, մահ ու արյուն։ Զինամթերքը՝ անիվների վրա, ծայրը-ծայրին հազիվ էին հասցնում։ Որոշ ստորաբաժանումներ՝ հատկապես կամավորական ջոկատներ, խուճապի էին մատնվում, ոմանք ճողոպրեցին։ Զիվորները անընդմեջ զոհվում ու վիրավորվում էին, զինվորական ուժը մաշվում էր ու հազիվ էր դիմակայում։ 

Ռեզերվի հրատապ անհրաժեշտություն կար։ Այդ խնդիրը լուծելու համար իշխանությունները հարկադիրված էին իրականացնել եռամսյա հավաքներ, որից այնքա՜ն շատ էր դժգոհությունը։

ԵՌԱՄՍՅԱ ՀԱՎԱՔՆԵՐ

Առաջին եռամսյա հավաքը կազմակերպվեց 1994թ-ի հունվարի առաջին կեսին։  Մեղրիին տրված էր 96 զինվորացու հավաքագրելու առաջադրանք։ Հարեւան Կապանին՝ 136։ Մեղրիում փաստացի ապրում էր 12-13 հազար մարդ, Կապանից մոտ հինգ անգամ քիչ։ Ծանր հանձնարարություն էր, եթե հաշվի առնենք, որ զորակոչ իրագործող համակարգը ոչ միայն ի վիճակի չէր ինքնուրույն կազմակերպել այն, այլեւ չուներ նորմալ հաշվառում։ Ոստիկանությունը հարկադրված էր լծվել եռամսյա զորակոչի կազմակերպմանը։ Զինկոմիսարիատը տալիս էր զորակոչի ենթակա անձանց ցուցակները, իսկ ոստիկանությունը իրականացնում էր հավաքը։ Զորակոչվողները գիտակցում էին, որ ճակատ մեկնելու դեպքում զոհվելու հավանականությունը բարձր է, եւ, բնականանաբար, խանդավառված չէին ու կամավոր չէին ներկայանում։ Մեծ քաղաքներում երբեմն ստիպված էին աբլավների գործադրմամբ հավաքագրել մարդկանց։ Մեղրիում եռամսյա հավաքով զբազվել եմ անձամբ՝ ամենայն պատասխանատվությամբ։ Ոստիկանության աշխատակիցները զորակոչի ցուցակում ներառված անձանց մեկ առ մեկ հանձնում էին ծանուցագիրը, իսկ ովքեր դժկամությամբ էին ստանում այն՝ ուղեկցում էին իմ աշխատասենյակ։ Ես նրանց հետ առանձնազրույց էի ունենում, բացատրում զորակոչվելու անհրաժեշտությունը, լսում նրանց դժգոհության պատճառները, անհրաժեշտության դեպքում կազմակերպում նրանց բարձրացրած հատկապես կենցաղային խնդիրների լուծումը ու ընդհանուր հայտարարի գալով նրանց տուն էի ճանապարհում՝ հարազատներին հրաժեշտ տալու եւ հաջորդ օրն առավոտյան ներկայանալու պայմանով։ Որպես կանոն՝ բոլորը պարտաճանաչ ներկայանում էին։ Զորամասին մոտ ապրողները միանգամից ներկայանում էին զորամաս, իսկ Մեղրի քաղաքում եւ նրա շուրջ ապրողները գալիս էին ոստկանություն եւ աստիկանության մեքենաներով  տեղափոխվում զորամաս։

Եղել են դեպքեր, երբ քաղաքացու դրության մեջ մտնելով, նրա զորակոչվելը հետաձգել ենք հաջորդ հավաքին։ Եղել է, որ ցուցակը ստանալուն պես՝ նկատելով, որ այնտեղ ընդգրկված են միայն խեղճ ու կրակ մարդիկ՝ հատկապես փախստականներ, ցուցակը վերադարձրել եմ զինկոմիսարին այն փոփոխելու եւ արդարությունը վերականգնելու նպատակով, որը եւ բավարարվել է։ Եղել է դեպք, երբ ցուցակում ընդգրկված, իրեն արտոնյալ համարող մեկը ոչ միայն հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, ոչ միայն հրաժարվել է կատարել ոստիկանություն ներկայանալու պահանջը, այլեւ աշխատակցի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու փորձ է արել, սակայն ձախողվել է, որովհետեւ աշխատակցի պաշտպանական քայլից վնասել է ոտքի թաթը, բայց հարկադրված է եղել աշխատակիցների օգնությամբ ներկայանալ ոստիկանություն։ ճիշտ է՝ նա չզորակոչվեց հենց ոտքի վնասվածքի պատճառով, բայց այդ դեպքը ունեցավ լուրջ կանխարգելիչ նշանակություն։  

Մեծ հաշվով Մեղրիում կազմակերպված եռամսյա հավաքները օրինակելի էին։

Ահա այսպիսի դժվարություններով ու կորուստներով հնարավոր եղավ կանխել հակառակորդի համառ ռազմական ճնշումը։ Անընդհատ ձգտելով, բայց այդպես էլ չկարողանալով էական բեկում մտցնել, եւ խաթարել ռազմական հավասարակշռությունը, տեղի տալով Ռուսաստանի ազդեցությանը՝ Ադրբեջանը հազիվ համաձայնեց զինադադարի հաստատմանը։ Զինադադարի հաստատման գործընթացը տեւեց 1994թ-ի մայիսի 5-17-ը։

Դավիթ Մաթևոսյան, Գագիկ Գրիգորյան, Ղևոնդ Հովհաննիսյան։
ՀՀ֊Նախիջևան սահմանագիծ

֊ ֊ ֊

֊ ԱՆԱՎԱՐՏ ֊

13. Դեկտեմբերին Մեղրու գունդը մեկնեց Հորադիզ։

14. Եռամսյա հավաքներ 1994թ-ի հունվարից։

15. Արարատ Համբարձումյանի եւ Վարուժան Թումանյանի դիակների վերադարձը՝ 1994թ-ի ամառ։

16. Աշխատանքային հիշողություններ Վանո Սիրադեղյանից, Նաղավյանի նվերը, 2* 10000 ռուբլի, պոստերի, վերացում, Մեղրու բաժնի անջատումը վարչությունից

17.  1995թ-ի ապրիլ, հրաժեշտ ՆԳ համակարգին։

18. 1995թ-ի ամառ Հանդիպում Ս. Բաբայանի հետ Ստեփանակերտում

19. 1996թ. Հանդիպում ԿԳԲ-ի պետ Սերժ Սարգսյանի հետ, Արաքս 94.

20. 1997թ. Հանդիպում վարչապետ Ռ. Քոչարյանի հետ։

21. 1998թ. հունվարյան իրադարձություններ Սյունիքում, հանդիպում ԼՏՊ-ի հետ։