ՊԱՊՍ

( Նպատակը պապիս կյանքի դրվագներով Կարճեւանի շրջանակներում  պատմության այդ բարդ ու գորշ ժամանակաշրջանի  վրա լույս սփռելն է։ )

Պապս՝ Թեւոս Մաթեւոսյանը, ծնվել է 1892 թվականին Կարճեւան գյուղում՝ Աքելի որդի (ծնվ. 1770-ականներին), Մաթեւոսի որդի, Համբարձումի որդի Դավիթի (1855-1936) ընտանիքում։ Ըստ Համբարձումի քրոջ Ջավահիրի՝ տունը, ուր  ծնվել է պապս, վերակառուցվել է (երկրորդ հարկ է ավելացվել), երբ Թեւոսի հայր Դավիթը դեռ չէր քայլում, եւ այդ ժամանակ ինքը խնամելիս է եղել Դավիթին, որովհետեւ մյուսները զբաղված էին տան վերակառուցմամբ։ Թեւոսը տան 5-րդ զավակն էր, 4 -րդ տղան։ Դավիթի եղբայր Ալեքսանը զավակ չուներ, եւ Թեւոսին որդեգրեցին։ Թեւոսը 12 տարեկան էր, երբ ծնվեց Ալեքսանի որդի Արտաշեսը (1904 թ., հետագայում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ)։ Թեւոսին կողքից հուշում են, թե որն է իր իսկական ընտանիքը, եւ նա, անձնական որոշմամբ, վերադառնում է ծնողների մոտ, բայց միշտ Արտաշեսին համարում փոքր եղբայր։

    Ընտանիքը, ինչպես նաեւ գյուղի մյուս ընտանիքների հիմնական մասը զբաղվել են խաղողագործությամբ ու խաղողի վերամշակմամբ՝ գինեգործությամբ։ Նրանց ընտանիքի լավագույն այգիները Լկավող կոչվող տարածքում էին՝ ներկայիս ֆաբրիկայի դիմաց։ Լկավողը գյուղի մյուս այգիներից առանձնանում է ձորակով, որը կոչվում է Թեւոսա չխոռ։ Լկավողի այգիներում աճող «Արեւիկ» (Մեղրիի տարածքում ապրող ադրբեջանցիները այդ խաղողը կոչում էին ալլահղոռա՝ աստվածային պտուղ)  տեսակի խաղողը ամենաշատ քաղցրությունն էր կուտակում՝ ոչ պակաս 30%։ Նրանից պատրաստված գինին լիմոնի գույն, նուրբ ու առանձնահատուկ համ ունի, եզակի է ու արժեքավոր։  

Ջրասակավ ու թեք (նույնիսկ մինչեւ 450) այդ հողերը ավանդաբար  ոռոգել են հերթով ու եղել են շատ կարգապահ։ Կարելի է ասել՝ այդ ավանդույթը գործում է մինչեւ հիմա։     Նվազագույն ջրով առավելագույն մակերես ոռոգելու եւ էրոզիայից խուսափելու նպատակով  լանջն ի վար անցնող առուները սալհատակում էին։ Այդպիսի առուներ  կառուցում էին նաեւ այգու մարգերին ուղղահայաց՝ միմյանցից մոտ 10 մետր հեռավորությամբ, կարճացնելով մարգի երկարությունը, որպեսզի բարակ ջուրը կարողանան տեղ հասցնել։ Բուխարու ու օջախի մոխիրը կուտակում էին՝ ջրի հերթի օրը խառնում առվի ջրին, ֆիլտրացիոն կորուստները հասցնում նվազագույնի։                                       

     Պապական  տան մառանը (ընձան) բավական ընդարձակ էր՝ մեծ չարասով        (ավազան, ուր լցնում են խաղողը՝ ոտքերով ճզմելու նպատակով)  ու խոր գիփով (հատակից ցածր  ուղղաձիգ գլանաձեւ ավազան, ուր լցվում է ճզմված խաղողի հյութը)։ Իմ տեսած գիփի  խորությունը մարդահասակ էր եւ հատակին հասնելու համար պատերին դեմ դիմաց տեղադրված էին  քարե ելուստներ, որոնց վրա ոտք  դնելով՝ մոտենում էին գինենյութին՝ դուրս բերելու ու կարասները լցնելու համար։ Հայրս պատմում էր, որ այդ գիփը կրկնակի խորն է եղել ,եւ որ ինքն է կեսը լցրել, որովհետեւ կոլեկտիվացման պատճառով սեփական խաղողի բերքը այնքան էր քչացել, որ հարմար չէր քիչ գինենյութը խորը փոսից դուրս բերել։ Հիշում եմ ընձանում պահպանված մի քանի մարդահասակ կարասներ։

    Ահա սա է եղել պապական ընտանիքի եկամտի աղբյուրը, որին  հոր գլխավորությամբ լծվել են չորս եղբայրներով, քանի դեռ կյանքը խաղաղ էր։

    Հետագայում ավագ եղբայր  Բագրատը (1883-1917)  հայտնվեց տարածաշրջանի մեծ քաղաքներում, ընդգրկվեց Կամոյի (Սիմոն Տեր-Պետրոսյանի) խմբում, մասնակցեց Բաքվում Մուսա աղայից 100000 ռուբլի եւ Թիֆլիսի բանկի կողոպուտներին, բանտարկվել է  սիբիրյան բանտերից մեկում, Փետրվարյան հեղափոխության նախօրեին դիմել է փախուստի եւ գնդակահարվել։

    Երկրորդ եղբայրը՝ Ղեւոնդը (1886-1914), ծառայել է ցարական բանակի Նախիջեւանի գնդում որպես սպա, զոհվել է 1914 թ.-ին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ՝ էրզրումի մատույցներում։ Միակ զավակը ծնվել է զոհվելուց անմիջապես հետո։

    Երրորդ եղբայրը՝ Հակոբը (1890-1963), Օրդուբադում ունեցել է քարվանսարա (հյուրանոցային համալիր), ուր իրենց արտադրած գինին են իրացրել համագյուղացիները։ Գյուղի բազմաթիվ մեծերի վկայությամբ եղել է բարի, սկզբունքային եւ ֆիզիկապես ուժեղ տղամարդ, մշտապես օգտակար է եղել համագյուղացիներին։ Պապիցս անձամբ եմ լսել, որ  մի օր, երբ ինքը գործերով եղբոր մոտ էր, իրենց է մոտեցել մի հսկա մուսուլման եւ հարցրել Ղոչի Հակոբին։ Հակոբի ներկայանալուց հետո սա, զարմացած Հակոբի նիհար կազմվածքից, ասել է, որ ինքը Ջուլֆայի (կամ Սիաhրուտի) խանի փահլեւանն է (ըմբշտամարտիկը) եւ խանի հանձնարարությամբ եկել է մենամարտելու։  Պապս, ահաբեկված սրա տեսքից, խնդրում է, որ եղբայրը մերժի մարտահրավերը, սակայն Հակոբը հայտարարում է.  «Հնարավոր է, որ ընդամենը չորս հայերի եւ բազմաթիվ մուսուլմանների մասնակցությամբ ընթացող մարտում մարտիկներից մեկը զոհվի, եթե երաշխիք եք տալիս, որ այդ դեպքում դատ ու դատաստան չի լինելու, ապա ես ընդունում եմ մարտը»։ 

    Մարդկային ամբոխով օղակավորված արենա է մտնում Հակոբից զանգվածով երկու անգամ մեծ ըմբիշը՝ տրիկոյով ու յուղած մաշկով։ Պապս կրկին աղերսում է եղբորը հրաժարվել մենամարտից։ Վերջինս հանում է ուսերին գցած կիսավերարկուն, տալիս եղբորը  եւ մտնում արենա։ Մարտը տեւում է վայրկյաններ։ Հակոբը մի հնարքով այնպես է գետնին տապալում ըմբիշին, որ վերջինս, տեւական ժամանակ գետնին ընկած, չի կարողանում շունչ առնել։ Շունչ առնելուն պես նա արտաբերում է. «Հալալ ա, որ քեզ կոչում են Ղոչի Հակոբ»։

    Հետագայում Խանը հյուր է կանչում Հակոբին, որը գնում է Թեւոսի հետ՝ նվեր տանելով տիկերով գինի։ Խնջույքի ընթացքում  բոլորը հարբում են, հարբում է նաեւ Խանը եւ, զարմացած Հակոբի սթափության վրա, խոստովանում է նրա բացառիկությունը  ու շռայլ նվերներով  ճանապարհում։ 

    Սովետական իշխանությունները, նրան կուլակ համարելով, աքսորել են Սիբիր (1930-1935 թթ․)։  Այնուհետեւ թույլատրել են ապրել Չեբոքսարի  քաղաքում, հետո Վանաձորում, ուր հիմնադրվում էր քիմիական կոմբինատը։ Եվս մեկ անգամ բանտարկվել է մեկ տարով եւ պահվել Երեւանի բանտում (1938-1939), նրա հետ նույն  շինծու գործով բանտարկվել են նաեւ  չորս համագյուղացիներ, այդ թվում՝ պապս։ Անուղղակի մեղադրանքը Նժդեհին հավատարիմ լինելն էր։

    Պապս ունեցել է երկու քույր՝ Սաթենիկ եւ Սիրանուշ։

  Առաջին աշխարհամարտի սկզբից զորակոչվում է ցարական բանակ, ծառայում է Ջուլֆայում։ Եղել է զորամասի լավագույն հրաձիգը։ Պատմել է, որ միջզորամասային մրցույթի առաջադրանքը եղել է կոճղի վրա ասեղների միջոցով շարված ծխախոտի գլանակներին կրակելը, եւ որ ինքը, 5 փամփուշտից խոցելով 4 գլանակ,  դարձել է հաղթող։

    1917 թ․-ի  դեկտեմբերի 5Երզնկայի զինադադարից  հետո  ռուսական զորամասերը քայքայման շեմին էին, իսկ ազգամիջյան հարաբերությունները  խիստ սրված էին Նախիջեւանում,  Զանգեզուրում,  Ղարաբաղում։ Այդ ժամանակ Հակոբը լուր է ուղարկում Թեւոսին՝ հորդորելով վերադառնալ եւ հնարավորության դեպքում զենք բերել։ Նախիջեւանի տարածքում արդեն վխտում էին տաճկական զորախմբեր, եւ անցումը հեշտ չէր։  Ազերի մի վաճառական, փոխհատուցելով Թեւոսի երբեմնի արած լավությանը, իր կառքով գիշերով նրան ու զանգեզուրցի իր ընկերներին զենքերով տեղափոխում է  Օրդուբադի եւ Քյոթամի միջակայք։ Լուսաբացին շարունակում են ճանապարհը՝ նպատակ ունենալով տեղաշարժվել լեռնային  արահետներով։

    Դեռ նոր էին քայլել դեպի լեռներ,  երբ  սիսիանցի ընկերը,  անհրաժեշտությունից ելնելով ետ է մնում, շարունակում են  դանդաղ բարձրանալ ու հանկարծ նկատում են    սիսիանցու ուղությամբ  սլացող 50-ի հասնող տաջկական (թուրքական) հեծելազոր։  Հանուն ընկերոջ փրկության որոշում են 6 հոգով մարտի բռնվել թուրքերի հետ։ Հարմար դիրքավորվում են, բառացի հիշում եմ պապիս խոսքերը. « Կանչեցի մեզ դեռ չնկատած թուրքերին եւ ասացի, որ եկեք առանց արյուն թափելու հեռանանք միմյանցից, թուրքերը անակնկալի եկան, իջան ձիերից դիրքավորվեցին եւ սկսեցին կրակել մեր ուղությամբ, ասացի պրիցելները  դրեք 4-ի վրա՝ պատասխանում ենք, որը գլուխը քարի ետեւից  հանում էր՝ կրակում էինք, փափախը գլորվում էր»։

    Տեւական մարտից հետո թուրքերը, զոհեր տալով, փախուստի են դիմում։   Կրակոցներից ահաբեկված, չհասկանալով, թե ինչ է տեղի ունենում, տեղանքին անծանոթ սիսիանցի ընկերը Արաքսի ափով դեպի Մեղրի է փախչում ։ Ընկերները ստիպված փոխում են լեռնային արահետներով գնալու որոշումը եւ առաջ շարժվում Արաքսի ափով։ Սիսիանցին հասնում է փոստ եւ հեռախոսով Կարճեւան փոխանցում իրեն հայտնի եղելությունը,  նաեւ այն, որ Թեւոսը ընկերների հետ կռվի է բռնվել թուրքերի դեմ։ Գյուղը ոտքի է ելնում, երիտասարդությունը Հակոբի գլխավորությամբ ցանկանում է սարով գնալ  Թեւոսենց օգնության, մեծերը առարկում են՝ հիմնավորելով, որ  արդեն  մութ  է, գնալը անիմաստ է, եթե Թեւոսը ողջ լինի, կգա ու կհասնի, միակ վտանգը «Ընգզի տակի» սառույցն է, ավելի լավ կլինի տանենք այնտեղ խարույկ վառենք ու լուսավորենք սառած ճանապարհը, որ փորձանքի չգան։ Ահա այս վիճաբանության ընթացքում հեռախոսը նորից է զանգում ու ազդարարում Թեւոսենց՝ փոստ հասնելու լուրը։ Փոստը գտնվում էր Արաքսի ափին՝ բլրի  վրա, մինչ այժմ պահպանված քարվանսարայում։  Հակոբը երիտասարդների հետ ձիերով ու ջորիներով գնում է տղաներին բերում ու ամբողջ գիշեր գյուղովի քեֆ անում։ Ակնհայտ է՝ այդ շրջանում Օրդուբադում գործելը  այնքան վտանգավոր էր, որ Հակոբը այլեւս գյուղում էր։

    Հիշում եմ նաեւ, որ պապս պատմում էր, թե ծառայության վերջին շրջանում  հրամանատարը  իրեն միշտ հորդորում  էր  զգույշ լինել, զորամասի տարածքից դուրս չգալ եւ  անգամ կազարմայում պատուհանի դիմաց չկանգնել, որովհետեւ թուրքերը որոշում ունեին լավագույն հայ հրաձիգին ոչնչացնելու։ Այս պատմությունից կրկին անգամ պարզ է դառնում, որ այն ժամանակ ազերիները Նախիջեւանում դրության տեր են եղել։

    1918 թ.-ի հուլիսին Անդրանիկը այլեւս Զանգեզուրում էր՝  կարծես թե Նախիջեւանում հայերի պարտությունը գիտակցած։ Անդրանիկի մուտքը Զանգեզուր նպաստեց համաժողովրդական համախմբմանն ու  ինքնապաշտպանական զինված խմբերի ձեւավորմանը։ Ցարական Ռուսաստանի մարդահամարի տվյալներով՝ այդ շրջանում Զանգեզուրում ազերիները  հայերից մի փոքր ավելի էին։   Շուրջ մեկ տարի Զանգեզուրում կատարելով հսկայածավալ աշխատանք, Հայաստանի ղեկավարության հետ ունենալով անհաղթահարելի քաղաքական տարաձայնություններ՝ Ադրանիկը հեռացավ Հայաստանից։ Պապս հպարտությամբ  հիշատակում էր, որ երկու անգամ անձամբ է հանդիպել Անդրանիկին։

    ✠ Գարեգին Նժդեհը  եղավ Անդրանիկի թողած ժառանգության  զարգացնողը։  Նրա   գլխավորած համաժողովրդական պայքարի արդյունքում Զանգեզուրը  Հայաստանի անբաժանելի մասը կազմեց:  Նա  միշտ գովասանքով է արտահայտվել մեղրեցիների, այդ թվում՝ կարճեւանցիների  քաջության ու հավատարմության  մասին։

Մեջբերենք պատմական հիշատակումներ.  

«Վահրավար, Կուրիս, Ագարակ եւ Գուտեմնիս, չորս գիւղերէ բաղկացան Արեւիքի այս հերոսական շրջանը ընկած էր Ալագեազ լեռան արեւելեան կողին վրայ:

Սեպտեմբեր 8-ին երկու թուրք պատուիրակներ հոն կը տանին Խորհրդային Հրամանատարութեան վերջնագիրը.

ՙԱնմիջապէս մաքրել Արաքսի ափին վրայ ձգուած խճուղին եւ հնարավորութիւն տալ Խորհրդային Ատրբէջանին միանալու Նախիջեւանի։ Պատուիրակներու հեռանալէն քիչ յետոյ Կարճեւան կը հասնի Նժդեհն, որուն ներկայութիւնը բաւական կ’ըլլար կռուի ուխտին կապելու նաեւ հերոսներու այս բոյնը»։  

    Հիշատակման արժանի է պարսկական կառավարության աջակցությունը Նժդեհի գործունեությանը.

«Վերջին յաղթութիւններէն օր մը վերջ Մութալիմ Սահ-րանկ Խան ցանկութիւն կը յայտնէ տեսակցիլ հրամանատար Նժդեհի հետ: Նժդեհ Կարճեւանի մէջ կ°ընդունի երիտասարդ Խանը, որ կը յայտնէ թէ` ՙԵկած է իր կառավարութեան կողմէ ուրախութիւն յայտնելու վերջին յաղթութիւններու առիթով՚:
 

Օգտուելով առիթէն, Նժդեհ կը խնդրէ, որ Պարսիկ Կառավարութիւնը թոյլատրէ Գենուազի եւ Թաւրիզի միջեւ Կապարգողթի ներկայացուցիչներուն երթեւեկը: Առաջարկը կընդունուի, եւ նոյն օրն իսկ Գ.Տ.Մ. որպէս Նժդեհի ներկայացուցիչ` որոշ յանձնարարութիւններով կանցնի Ատրպատական:

Հետեւեալ օրը տեսակցութիւն մը տեղի կունենայ նաեւ Խանին եղբօրը հետ, որ թշնամիին Օրտուբադի շարժումներուն նկատմամբ Գենուազը իրազեկ պահել կը խոստանայ»: 

  • «ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆՆԵՐՈԻ ԵՐԿՐՈՐԴ ՅԱՐՁԱԿՈՂԱԿԱՆԸ



    Սեպտեմբերի 17–ին Ալանգեազի ուղղութեամբ կը լսուէին թշնամիին լեռնային թնդանօթներու ձայները: Շղթայազերծված իր կոր կռիւին մէջ յաղթական դուրս գալու նպատակով արեւելեան ճակատի վրայ (Շիւանաձոր), ան կը պահէր խոր լռութիւն:

Կռահելով ռազմական այդ խաղը, հրամանատար Նժդեհ դէպի Շիւանաձոր կը փութացնէր փոխգնդապետ Մ. Օ.-ի անհրաժեշտ հրահանգները, իսկ ինք կանցնէր Կարճեւանի ճակատը:    

Երկրորդ օրը, երեկոյին, կռիւը դեռ կը պահէ իր սաստկութիւնը: Արաքսի վրայով պարսիկները կը տեղեկացնեն թէ թշնամի բազմահազար խուժան մը թալանի եւ կողոպուտի նպա-տակով կռուող զօրքին հետ միասին կը շարժուի դէպի Գենուազ:


    Հրամանատար Նժդեհ ըմբռնելով վայրկեանին լրջութիւնը կը փութայ դիրքէ դիրք, կը խրախուսէ, կը քաջալերէ Գենուագի իր քաջարի մարտիկները: ՙԵթէ այս անգամ էլ մեզ չը յաջողւեց ի դերեւ հանել թշնամու ճիգերը, վաղն էլ հայրենիք չենք ունենայ՚, կ°ըսէ զօրքին, որ խորապէս կ”ըմբռնէ այդ խօսքերուն իմաստը:


    Իրենց կարգին Փրկութեան Կոմիտէի անդամներ գիւղերն ինկած` դէպի դիրքերը կ’ուղարկեն վերջին փամփուշտն ու զէնք կրելու կարող ամէն մարդ: Գենուազ ըմբռնած վայրկեանին բովանդակ լրջութիւնը` վճռած էր տեղի չտալ երբեք:


    Կ’սկսին կռիւներ արեւելեան ճակատին վրայ եւս, ուր մէկ քանի անգամ ձեռքէ ձեռք կանցնին դիրքերը: Սեպտեմբեր 25–ի լուսաբացին Գենուազի հայ մարտիկները գիշերային զօրեղ գրոհով մը կը ջարդեն թշնամի զօրքը, որ բազմաթիւ դիակներ ձգած կը փախի դէպի Օրտու-բադ»:

  • « Հոկաեմբեր 1 հրամանատար Նժդեհը հետեւեալ դրութիւնը կը ղրկէր Երեւան.

Հ.Հ.ԶԻՆՒՈՐԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ


    Գենուազում կռիւները շարունակւում են: Թշնամին սեղմում է մեզ երկու կողմց` Շիւանաձորի ել Օրտուբադի: Կասկածից դուրս է, որ Ատրբէջանը որոշել է կապւիլ Նախիջեւանի հետ, վերացնելով մէջտեղից Գենուազը:


    Թշնամին իւր ուժերը սկզբում կենտրոնացրած էր Շիւանաձորր ճակատում. այժմ, չթուլացնելով Շիւանաձորի գործողութիւնները, կրկնակի յամառութեամբ նա գործում է Օրտուբադից:

Մեծամասնականներուն մեծապէս աջակցում են ու անմիջական մասնակցութիւն ցույց տալիս տեղական թուրք մասսաները եւ տաճկական զորքերը – վերջինս Օրտուբադի ճակատում: Մենք թնդանօթներ չունենք:

Թշնամու կողմից գործում են 4 թնդանօթ եւ մեծ քանակութեամբ զնդացիրներ: Գենուազի մի բուռ հայութիւնը հերոսութեան աննախընթաց օրինակներ է ցոյց տալիս: Յաջողութիւնը մինչեւ օրս մեր կողմն է: Թշնամին տւել է մեծ կորուստներ. վերցրել ենք գերիներ եւ աւար:

Րոպէ առ րոպէ` սպասելով ձեզանից
որոշ հրահանգներ, ցուցմունքներ մեր անելիքի մասին, ժամանակավորապէս առաջնորդում ենք հետեւեալ երկու սկըզբունքներով.


    1.- Արաքսի ափը (Շիւանաձոր– Մեղրի– Կարճեւան, որոնցից վերջինը գտնւում է Նախիջեւանի գաւառում ) ոչ մի գնով չը զիջել թշնամուն, որովհետեւ դա միակ ճանապարհն է, որով նա կարող է եւ կամենում է ուժ մատակարարել Նախիջեւանին,

նախ` կանգնեօնելու հայկական առաջախաղացման վտանգը, ապա յետ շպրտելով հայկական զորքերը մինչեւ հին դեմարկացիօն զիծը, միանգամ ընդ միշտ միանալ Քեմալ փաշայի զօրքերին:


     2.– Ժողովրդի ֆիզիկական ինքնապաշտպանութիւնը վերահաս կոտորածների հանդէպ: Օրտուբադի ճակատում այսօր, թշնամին, չտեսնւած եռանդ է գործադրում պատռելու մեր շղթան: Ռմբակոծում են բոլոր դիրքերը:

Ալանգեազի վրայ նկատւում են թշնամու նորանոր ուժերի կուտակումներ: Բարձունքները գտնւում են նրա ձեռքին: Մեր տղաները փամփուշտ, փամփուշտ եւ փամփուշտ են խնդրում: Արագացրէք օգնութիւնը:

Հրամանատար` ՆԺԴԵՀ
Կարճեւան, 1 Հոկտեմբեր, 1920
  • ԲԱԽՏՈՐՈՇ ԳԻՇԵՐ

  Գենուազի կռիւներու քառասներորդ գիշերը սուրհանդակը հետեւեալ գրութիւնը կը բերէր հրամանատար Նժդեհին.

ՍԻՐԵԼԻ ՆԺԴԵՀ



    Հայաստանը ի վիճակի չէ Ձեզ ներկայումս րէալ օժանդակութիւն ցոյց տալ: Դուք, ինչպէս մինչ այժմ, այնպէս եւ հիմա պիտի մեն-մենակ շարունակէք Ձեր հերոսական գոյամարտը:

Միայն գիտցէք, որ մեր եւ ամբողջ հայ ժողովրդի համակրանքը դէպի Ձեզ է:

Ե.ՄԻՐԱՔԵԱՆ
Ջուլ. 11 Հոկտեմբեր, 1920»

         Թուրք զորավար  Խալիլ փաշան՝ ռուսների հետ դաշնակցած, 1920 թ-ի սեպտեմբեր- հոկտեմբերին հարձակումներ  է  նախաձեռնում  Կարճեւան Կաքավաբերդի ուղղությամբ, նպատակ ունենալով  ճեղքել Մեղրին Արաքսի երկարությամբ՝ միացնելով Նախիջեւանը Ադրբեջանին։  Կազմակերպված դիմադրության արդյունքում հարձակումները ետ են մղվում։

     Այդ մարտերին ակտիվորեն  մասնակցել է նաեւ  պապս։ Հիշում եմ մեծերի պատմածը այդ  ժամանակաշրջանի մասին, ըստ որի՝ զենք բռնելու ունակ տղամարդիկ բոլորը դիրքերում էին, մյուսները սպասարկում էին։ Գյուղի գլխով թնդանոթի արկեր էին թռչում ու պայթում գյուղի դիմացներին, նաեւ Քաշվանում։   Նույնիսկ ոմանց թվում էր, թե Քաշվանի փոսը դրա հետեւանքով է առաջացել։  Հետաքրքիր կապ է գործել գյուղի ու դիրքերի միջեւ։ Այդ գծի վրա միմյանցից կանչը լսելու հեռավորությամբ  մշտապես մարդիկ են հերթապահել եւ  անհրաժեշտ տեղեկությունը այդ կանչի շղթայով արագ տեղ են հասցրել։ Տատս պատմում էր, որ իր նշանած Թեւոսը դիրքերում էր, երբ կանչը ազդարարեց. «Թե՜ո՜սը՜ շը՜րջա՜պա՜տմա՜ն  մե՜ջ ա՜  ը՜նկե՜լ,  դու՜րս ա՜ ե՜կե՜լ, լա՜վ ա՜  պը՜րծե՜լ…»։  Այդ մարտերի թեժության մասին  կարելի է պատկերացում կազմել 1931թ․-ին ծնված մորս հիշողությունից։ Նա ասում է, որ ամռանը Իլչաթաղ օբայում իր մանկության շրջանի երեխեքը ոչխար-ոչխար էին խաղում, մոտակայքից՝ հատկապես «Գոռուտից»  հավաքած փամփուշտների  տարատեսակ պարկուճներով։ Յուրաքանչյուր երեխա ունենում էր շուրջ հազար պարկուճ, մասնավորապես իր եղբայրը  ունեցել է 1000-ից ավելի։  Մորս դասարանում սովորում էր 19 երեխա։

   Կազմակերպված դիմադրության հետ հաշվի են նստում։

Հայաստանի խորհրդային կառավարությունը պատվիրակություն է ուղարկում Լեռնահայաստան՝ Նժդեհին հավատացնում, որ Զանգեզուրը կհայտարարվի Հայաստանի անբաժանելի մաս: Միայն այդ պայմանով 1921թ․-ի  հունիսի 3-ին Նժդեհը համաձայնում է զենքը վայր դնել:

    Հայաստանի կառավարությունը հունիսի 13-ին, հանդես գալով հայտարարությամբ, Նժդեհին հավաստիացնում է, որ նրա պահանջը կկատարվի: 1921 թվականի հուլիսի 10-ին Նժդեհը անցնում է Արաքսը: 

  Մերոնք հիշում էին, որ Նժդեհը Իրան անցնելուց առաջ շուրջ 40 օր ապրել է Կարճեւանում, փաստորեն՝ հունիսի 3-ից հուլիսի 10-ը։  Տեսակետ կա, որ Նժդեհին  համոզողներից է եղել  Վաղարշակ Տեր-Վահանյանը (հայտնի շախմատիստ Ռաֆայել Վահանյանի  պապիկի եղբայրը), որը կարճեւանցի էր։  Նաեւ այդ պատճառով էր, որ նա, զինադադարից սկսած 40 օր, սպասեց Կարճեւանում, նախ, որպեսզի համոզվի, որ խոստումը կատարվում է, եւ որպեսզի Արաքսը բարակի ու հնարավոր լինի անցնել։

Հակոբ Կոջայան ֊ Կարճևան (1932)
թուղթ, փայտափորագրություն
15×11/35×25,6 սմ

  Տեր–Վահանյանը  հայտնի մտավորական ու կուսակցական գործիչ էր, պարբերաբար հրապարակախոսական հոդվածներով հանդես է եկել  ստալինյան քաղաքականության դեմ, երեք անգամ հեռացվել կուսակցությունից ու վերականգնվել, 1936 թ․-ին Զինովեւի եւ 14 այլ մտավորական գործիչների հետ այսպես կոչված մոսկովյան առաջին պրոցեսով Ստալինի եւ այլլոց դեմ տեռորիզմի մեղադրանքով գնդակահարվել է՝ խոշտանգումների արդյունքում ընդունած լինելով մեղքը։

    Նժդեհի հետ Արաքսը անցան նաեւ իր հավատարիմները, այդ թվում՝ նրա զինակից մի խումբ կարճեւանցիներ, այդ թվում՝ պապս, կնոջ՝ Արծվիկի ու եղբոր՝ Հակոբի հետ։

   Տատս պատմում էր գետանցումը։ Փայտից պատրաստված լաստանավ, որի պարագծով  ամուր կապված էին փչված տիկեր, այդ հարմարանքը կոչել են փահլա, որը պարանով ձգել են ափից ափ՝ անցկացնելով մարդկանց ու բեռները։

   Մերոնք մնացել են Մուժումբարում (Ղարադաղի կենտրոնը, այն ժամանակ  հայաբնակ), իսկ Նժդեհը շարունակել է ճանապարհը դեպի Թավրիզ։ 

    Բնակիչները  հարգանքով են ընդունել հյուրերին։ Մի  կին մոտեցել է Թեւոսին ու Հակոբին ուշադիր զննել եւ ասել, որ իրենք երկուսով Մաթուսաց տղերքից են եւ ներկայացել որպես Համբարձումի քույր Ջավահիրը։ Մերոնք մի քանի ամիս ապրել են հորաքրոջ տանը, հետո եկել է հայրը՝ Դավիթը, եւ հայտնել, որ բոլշեւիկները համաներում են հայտարարել ու միասին վերադարձել են գյուղ…

    Վերադարձավ ու թվացյալ խաղաղության պայմաններում շարունակեց զբաղվել խաղողագործությամբ, գինեգործությամբ, մեղվաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, որսորդությամբ… Հոգում էր բազմաշունչ ընտանիքի հոգսերը (1921-ից 1944 թվականները ունեցել է 10 երեխա՝ 6 տղա եւ 4 աղջիկ)։ 

  Բացառիկ խաղողագործ էր, բոլորը մատնացույց էին անում Թեւոսի Լենջի այգին, մեծ հասակում անգամ Վալաքի առվով ջուր էր տանում ու այգին ջրում։

  Հայտնի որսորդ էր։ Խաչի քամակին չոր ու վայրի ժայռերի մեջ մի աղբյուր կա, կոչվում է Թեւոսի աղբյուր։ Ժայռածերպի մեջ ծառ կա,  այդ ծառի տակ աննշան մի ջուր։ Ամռանը, շոգից տապակված, հասնում էս այդտեղ, նստում ծառի ստվերում,   ծղոտի մի կտորով կապակցում խոնավությունը  ջրամանի բերանին, ու կաթ-կաթ ջուրը կուտակվում է ջրամանում։ Խմում ես ու օրհնում աղբյուրը հայտնաբերողին։     Աղբյուրից սկիզբ է առնում դժվարանցանելի լեռնային մի կածան, որով հազվագյուտ մարդիկ են անցել։ Այդ անցումը առաջինը հաղթահարել է Թեւոսի որդին՝ հայրս, եւ նրա անունով կոչվում է Ղեւիի չաքլիմ։

  Պապս պարբերաբար ենթարկվել է հալածանքների ու արժանապատվության ոտնահարման։ Թեեւ ժամանակին, գիտակցելով վտանգը, տարել է իր ու եղբոր անունից կամավոր զենքեր էր հանձնել համապատասխան մարմիններին, բայց նրան պարբերաբար անհանգստացրել  են ու քրեական  գործ սարքելու փորձեր արել։ 

 Հիշում եմ այդպիսի մի պատմություն։

Իր հորեղբայր Մկրտիչի մեռնելուց հետո իբրեւ պատահաբար գյուղ գալիս միլիցա  Կարոն նկատում է, որ Թեւոսի այգում մի իր է շողշողում, հետաքրքրությունից դրդված գնում է եւ տեսնում «մոսին» հրացան… Արձանագրում են ու Թեւոսին ձերբակալում։

   Թեւոսը ճանաչում է հրացանը՝ ասելով, որ դա պատկանում է իր հորեղբորը, որը այդ հրացանի գտվելու վայրի մասին իր, Թումանաց Արամի ու Հակոբի  ներկայությամբ  ասել է որդուն։  Որդին բերել է հրացանը եւ հարցրել, թե ինչ պիտի անի, իսկ Թեւոսը խորհուրդ է տվել, որ որդին տանի ու հանձնի համապատասխան մարմիններին։ Միայն Թումանյան Արամի ու Հակոբի ազնվության ու քաջության շնորհիվ, որոնք մինչեւ վերջ հաստատել ու պնդել են Թեւոսի ցուցմունքը, պապս այդ անգամ չի բանտարկվել։

  Տատս պատմում էր, որ Հակոբին բանտարկելուց հետո հատուկ գրված սցենարով թատերական ներկայացում են կազմակերպել, ուր ծաղրուծանակի են ենթարկել «կուլակներին»՝ ընդգծված Հակոբի կերպարով, եւ ստիպել  են, որ ներկայացումը դիտի Թեւոսը։ Ասում էր լացով եմ Թեւոսին զսպել, ասել եմ՝ ես չեմ կարող երեխաներին մենակ մեծացնել ու հազիվ եմ հետ պահել  ներկայացման կազմակերպիչներին Մաուզերով ոչնչացնելու մտքից։

   Նման բանսարկություններ գյուղում էլի են եղել, օրինակ.

Կոլխոզի նախագահ Քաչալաց Մուրադը իր եղբայր Բենիկի միջոցով վառում է խոտի դեզը եւ մատնացույց անում Մարութաց Շավարշին, սակայն, հակառակի պես, Շավարշը հրդեհի ժամանակ գյուղից բացակայած է լինում, որը բարի մարդկանց աջակցությամբ ապացուցվում է։  Իհարկե, Մուրադն ու Բենիկը մնում են անպատիժ եւ շարունակում թունավորել մարդկանց կյանքը։

  Նույնիսկ հիշատակվում է դպրոցականների հետ կապված մի պատմություն։

Յոթամյան ավարտած ու միջնակարգը Մեղրիում սովորող երեխաները ամեն օր ոտքով  գնացել են Մեղրի ու վերադարձել մի արահետով, որը անցնում էր հետեւյալ տեղանուններով՝  Օրդիգալով – Քաշվանով – Ըրվը անծեի յոխշով-Մանդած խաչի արտերով- Մողրի ենիշով- Ծակ քարով- Չայլաղով-Մողրի քաշվանով- Փոքր թաղով։

    Մի օր դասերից այդ ճանապարհով  վերադառնալիս   փչացած ընտանիքների ներկայացուցիչ աշակերտներից առաջարկում են որոշ հեռավորությունից քար նետել պայուսակի վրա, որ տեսնեն, թե ով է ավելի դիպուկ։  Իրենք վրիպում են, Գալից Սոսիկի եղբայր Մոկուճի նետած քարը կպնում է պայուսակին։  Հետագայում քննությամբ  «պարզվում է», որ Մուկուճը գիտակցաբար քարը նետել է  ոչ թե պայուսակի, այլ  պայուսակում  դրված առաջնորդ Ստալինի նկարի վրա։ Պատանուն ազատազրկում ու աքսորում են։

  Ով գիտի՜՝ քանի՜ անմեղ մարդ է կյանքից զրկվել կամ զրկանքների ենթարկվել բոլշեւիկ իշխանավորների ստոր ջանքերով։

  ☭ Կոլեկտիվացումը    Կարճեւանում   սկսել է 1935 թ․-ին։

Նախ՝  ողջ Հայաստանում  պարենհարկի բեռը խիստ ծանրացնում են,  այնուհետեւ սկսում անհատական ճնշումները։

  Տատս պատմում էր, որ հարեւան իշխանավորը ամեն օր ստիպում էր տալ ձվի հարկը, որը իրենց ունեցած հավերի հնարավորությունից բարձր էր։ Շառից- փորձանքից հեռու մնալու ձգտումով, հարեւան-բարեկամներից  պակասը լրացնելով, տալիս է։  Երեկոյան պատահաբար լսում է իշխանավոր հարեւանի խոսակցությունը կնոջ հետ. «Առ, ձվածեղ արա, թող երեխեքը կուշտ ուտեն, չուզողի աչքն էլ հանեն»։

  Տատս նայում ու տեսնում է՝ նույն տարայով իր հանձնած ձվերը։

Պապիս եղբայր Արտաշես Մաթեւոսյանը, որն այդ ժամանակ արդեն դասախոսում էր Գյուղատնտեսական համալսարանում, ամաչելով պատմում էր, որ իրեն՝ որպես ծագումով մեղրեցի մտավորական, գործուղեցին Մեղրի իբրեւ կոլեկտիվացման քարոզիչ։ Մեղրի հասնելուն պես Ռայկոմի քարտուղարը ասում է, թե առաջինը միասին գնում ենք Կարճեւան։

  …Միանգամից մտնում  են դահլիճ, ուր հավաքել էին համագյուղացիներին՝ որոշում կայացնելու։

  Արտաշի հայրն ու հորեղբայրները ժողովին չեն մասնակցել, ներկա են եղել միայն Թեւոսն ու Արտաշի քույրը՝ Ազնիվը։  Արտաշը գլխիկոր նստել է, չի խոսացել։ Ժողովի վերջում քվեարկության են դնում կոլխոզ մտնելու հարցը։ Ազնիվը հանուն բեմում նստած եղբոր կողմ է քվեարկում։ Թեւոսը բոյկոտում է ու ցուցադրաբար լքում դահլիճը։ Քանի որ արդեն ուշ էր, եւ քարոզիչները պիտի գիշերեին գյուղում, քաղաքավարությունից  դրդված Արտաշը առաջարկում է քարտուղարին գիշերել իրենց տանը։  Վերջինս մերժում է՝  բացատրելով, որ գյուղսովետի նախագահին արդեն խոստացել է, որից, իհարկե, Արտաշը շատ է ուրախանում, որովհետեւ զգում էր գլխի գալիքը։ Արտաշը քրոջ ուղեկցությամբ մտնում է տուն՝ Թեւսի հետեւյալ խոսքերի վրա. «… բա մեր Ազնիվը, որ ձեռքը չբարցրացրեց, քիչ էր մնում խանչալս հանեի ու ձեռքը կտրեի»։  Հայրն ու հորեղբայրները բարեւին «պատասխանում են» անխոս, ջղային ու սառը հայացքներով։ Ոտքի է կանգնում Դավի ափին՝ հորեղբայրը, մոտենում Արտաշին ու ասում.  «Արա՛, էթ այգիները մենք էս ձեռքերով ենք սարքել՝ քըրըհող   ենք արել (հողը քարերից մաքրել ենք),  տնկել ենք, շալակով ջուր ենք տարել ու կպցրել, մեր եկամուտը մեր հետեւողական չարչարանքի արդյունքն ա, հիմա էդ այգիները վերցնում եք՝ ու՞մ տաք, Մըգիին»։  Ասում է ու վերջակետ դնում ապտակով… Արտաշը չի ընդունում  ուտելու առաջարկը, ոչ թե ապտակի ցավից ու վիրավորանքից, այլ հարազատների հետ լիովին համամիտ լինելով հանդերձ նրանց օգտակար լինելու անկարողությունից։ Գլուխը մտցնում է վերմակի տակ ու սկսում հեկեկալ։  Հիշում եմ՝ ինչպես էր նկարագրում ապտակելու պահը. երկու ափերը իրար կպցրած՝ արտահայտելով Դավի ափիի թաթի մեծությունը՝ ասում էր, թե էնպես հարվածեց, որ աչքերիցս կայծեր թռան։

  Իսկ Մըգին իր իսկ անբանության հետեւանքով եղել էր գյուղի ամենաանճարակ մարդը, որը, սակայն, այդ շրջանում  արդեն գյուղի կատարածուն էր։

  1936 թվականին՝ մեկ տարվա մեջ, Դավիթ, Ալեքսան եւ Մկրտիչ եղբայրները կնքեցին իրենց մահկանացուն։

  … Իհարկե, մինչեւ վերջ ձգձգելով՝ նախ հանձնեցին հողերը, հերթը հասավ անասուններին։  Տատս պատմում էր. «Անասունները հանձնելու նախորդ գիշերը  Թեւոսը  ինձ ուղարկեց քնելու, ինքը մեկը մյուսի ետեւից  ծխում էր։ Առավոտյան արթնացա, ի զարմանս ինձ՝  Թեւոսը խորը քնած էր, իջա ըմբրօթախ (սենյակ, ուր պահում էին սննդամթերքը)՝ տեսնեմ վեց մաշկած ոչխարի ջամդաք (մարմին)  կուճերից կախված  են, սարսափած վազեցի, կանչեցի Թեւոսին, թե վեր կաց ու տես…, իսկ վերջինս ասաց, որ պետք չէ աղմկել, ինքն է արել, շրջվեց ու քնեց»։ Այդ ժամանակ նրանք արդեն վեց երեխա ունեին։

  Բանող անասունները, կովը, այծերն ու ոչխարները տարան միանգամից, մնաց մեղուները։  Թեւոսին էլ կարգեցին կոլխոզի չոբան ու քշեցին սարերը։  Տատս հասկանում  ու հետեւում էր մեղուներին, սակայն, արդեն ամառ էր, եւ մեղվաընտանիքները ենթակա էին տեղափողման բարձր գոտի։ Տատս որդուն՝ հորս, ուղարկում է կոլխոզի նախագահի մոտ, որպեսզի վերջինս ընդառաջի, Թեւոսին փոխարինող ուղարկի, որ նա մի քանի օրով գա ու զբաղվի մեղուներով։ Պատասխանը լինում է. « Թեւոսը չի գալու, Թեւոսին ուղարկել ենք, որ էնտեղ սատկի, մեղուներն էլ էստեղ սատկեն»։  Մեղուները ոչնչացան։ Հայրս ընդամենը 13-14 տարեկան էր։

      Մովսիսաց Վարդանը, որը նաեւ ճանաչված հյուսն էր, հրաժարվեց մտնել կոլխոզ: Կոլխոզի հիմնադիր նախագահ Ջավադաց Կեւիի տղա Գաբրիելի (նրա նախաձեռնությամբ է քանդվել Մուծ խաչը) հարցին՝ ե՞րբ ես մտնելու կոլխոզ, հակադարձել  է, թե ինչու՞ պիտի մտնեմ, ու, իբրեւ հիմնավորում, ավելացրել, որ ինձ փայտ տուր, եւ այդ փայտից քեզ նման մարդ կպատրաստեմ։

  Վարդանին տարան, բայց, քանի որ կոլխոզ մտնելը օրենքով կամավոր էր, իսկ չմտնելը, բնականաբար, քրեորեն  ոչ հետապնդելի, ուստի մեղադրանքի որոնումներով սկսում են փորփրել անցյալը։ Դիպում են Նժդեհի գլխավորած  ինքնապաշտպանական մարտերի ժամանակ ցուցաբերած ակտիվությանը։ Վարդանը արդարանում է՝ ասելով, որ այդ շրջանում ակտիվ են եղել բոլորը, եւ հարցնում, թե այդ դեպքում ինչու են հատկապես իրեն մեղադրում։ Նրանից կոնկրետություն են պահանջում՝ թվարկել բոլորին։ Վարդանս հարկադրված թվարկում է մի քանի անուն, այդ թվում Թեւոսի ու Հակոբի…

  Բոլորին տանում են, ընդ որում՝ Հակոբին Կիրովականից (Վանաձոր), ուր բանտարկությունից ու աքսորից հետո նոր էր հաստատվել  ու ապրում էր բնակավայրից չբացակայելու պայմանով։ Մի տարի քարշ են տալիս Երեւանի բանտում։ Երկուսին, որ ,հավանաբար խոշտանգումներին չդիմանալով, ընդունել էին մեղքը, գնդակահարում են (Բոլբոլաց Գրիգորին  ու Ղինից Կարապետին)։ Վարդանին 10 տարով ուղարկում են Սիբիր։ Թեւոսը, Հակոբը ու Կիլկիլիաց Արամը ազատ են արձակվում։ Եղբայրները, որ ճակատագրի բերումով 10 տարի միմյանց չէին տեսել, հանդիպում են բանտից դուրս։

Բանտային մեկ տարվա ընթացքում նրանք միմյանցից անտեղյակ կլինեին, եթե պատահաբար բանտախցի պատուհանից Թեւոսը նկատած չլիներ քննության տարվող Հակոբի, իսկ ազատ արձակելիս միեւնույն քննիչը Թեւոսին Հակոբ էր ասել, Իսկ Հակոբին՝ Թեւոս, հավանաբար գիտակցաբար՝ հուշելու համար։

  Միմյանցից կարոտ առնելով՝ եղբայրները գնում են փոքր եղբոր՝ Արտաշի տուն…

  Ճաշելիս, երբ Ասլի պտոզին՝ Արտաշի մայրը,  խոհանոցում էր, եւ եղբայրներով  մենակ էին, տաքարյուն Թեւոսը ասում է,  որ թեեւ մի քանի զենք է հանձնել, բայց եւ այնպես մեկը, որ Նժդեհի նվերն էր, պահել է «Խաչի ձուրու մուծ բռշնի քմակի քարը  ծակումը» եւ որ այս ամենին վերջ դնելու նպատակով որոշել է այդ զենքով վերացնել գյուղացիներին հալածող բոլշեւիկներին։  Հեղինակավոր Հակոբն ու Արտաշը հազիվ են նրան հետ պահում այդ մտքից։ 

    Պապս մի քիչ նեղված էր Վարդանից՝ իր ընկերոջից, բնավ ոչ իր անունը տալու համար, գիտակցում էր, թե ինչ վիճակի մեջ է եղել  հարցաքննվող Վարդանը։          Հասկանում էր, որ անուն չտալ չէր կարող, բայց նեղված էր, որ Վարդանը տվել էր արդեն հալածված եղբոր անունը։ 

    Նրա բանտարկության ընթացքում ավագ որդին՝ Բագրատը, լքում է տեխնիկումը, իսկ հայրս դպրոցը թողնում է 9-րդ դասարանից, որպեսզի հոգան ընտանիքի հոգսերը։

    Պապս  չէր հասցրել վերլուծել, թե ինչպես անցավ մահվան ու կյանքի հատման գծով ու ողջ մնաց, վրա հասավ  պատերազմը։   Երեք որդիները միմյանց ետեւից զորակոչվեցին։ Երկրորդը՝ հայրս, Մեղրիով անցնող  Ջուլֆա-Մինջեւան երկաթուղու հատվածի գործարկմամբ  պայմանավորված,   դրան հարող  բնակավայրերից զորակոչված ու տվյալ գնացքում եղած մյուս զորակոչվածների հետ Սոչիից վերադարձվեց եւ  կցվեց  երկաթուղուն՝ մինչեւ պատերազմի վերջ շահագործմանը մասնակցելու պայմանով։  Երրորդը՝ Լեւոնը, զոհվեց  1943 թ․-ի դեկտեմբերին՝ 18 տարեկան հասակում։ Առաջինը՝ Բագրատը,  վերադարձավ պատերազմի ավարտին։

    Սեփականությունից զրկված պապս ակամայից դարձել էր կոլխոզի հովիվ, իսկ տատս՝  կթվորուհի։  Իրենց իսկ խոստովանությամբ պատերազմի ընթացքում կոլխոզի աշխօրի դիմաց ստացած չնչին եկամուտի պայմաններում իրենց զավակները սովի կմատնվեին, եթե չլիներ որսի միսը եւ, որպես երկաթգծային, հորս ստացած  հացի չափաբաժինը։  

    Որսի միսը միանգամից էր լինում ու շատ։  Տատս պատմում էր, որ միսը  պահպանում էին՝ ապխտելով։   Փափուկ միսը ձեւում էին բարակ ու երկար կտորների, կողերը՝ մսախառը, հատ-հատ անջատում էին իրարից ու ողնաշարից, կտոր առ կտոր առատ  աղով  պատում էին, կախում էին ու չորացնում։ Ճաշ պատրաստելուց առաջ դնում էին ջրի մեջ, աղը մսից դուրս էր տալիս, կտրտում էին ու եփում։ 

    Ժամանակը անցնում էր պապ ու տատի կամքից անկախ, մի օր էլ սթափվեցին ու  տեսան, որ  տանը երկուսով են  մնացել։  Արդյունաբերությունն ու քաղաքները  երեխաներին կլանել ու տարել էին…, յուրաքանչյուրը իր ընտանիքով, իր տնով, իր գործով։

    Միասին մշակում էին Ճմկոտի վարելահողը։ Լենջի խաղողի այգու վազերին ոչ ոք մատով դիպչելու իրավունք չուներ՝  վազերը մեկ առ մեկ ճանաչում ու հատ առ հատ շոյում էր պապս։  Ընդհանրապես դա ավելի շատ մշակույթ էր, քան մշակություն։

    Մի անգամ հայրս հորաքրոջ որդու խորհրդով էտել էր տան դիմացի խաղողի թարման եւ հպարտությամբ հրավիրել  հորը՝ գնահատելու։ Եկել էր նայել ու ժպտալով  ասել.   «Քի նման ռաշպար Շրնաձուրու  քոլարը լիա» (քեզ նման այգեգործ Շռնաձուրի թփերում շատ կան՝ նկատի ունենալով  վայրի կենդանիներին)։                    

     Մի երեսուն գլուխ ոչխար ու այծ էին պահում։ Լույսը չբացված՝ արթնանում էր, մոտենում պատի մեջ հանված հին պահարանին, բացում ընկուզենուց պատրաստված դռան փեղքերը,  հանում իր ձեռքով հանդարտ թորած  խաղողի օղին, լցնում մի 50 գրամ, դանդաղ-դանդաղ խմում, շաքարի մի կտոր դնում լեզվի տակ, հագնվում ու գնում գոմ՝ կենդանիներին արոտ արձակելու։ Վերադառնում էր, լվացվում ու սկսում նախաճաշել։ 

    Երեկոյան տատիկի հետ էին գոմ գնում՝ կենդանիներին կթելու ու տեղավորելու։ Տատս,  որ խաշնարած Ռուստամ Մելիք-Հովհաննիսյանի աղջիկն էր, շատ էր սիրում ոչխարաբուծությունը։ Պատմում էր, որ հայրական տանը ապրելիս կարողացել է հատ առ հատ զանազանել 500 գլխից ավել ոչխարներից  յուրաքանչյուրին՝ անուններով,  եւ նրանց գառնուկներին։

    Ու այսպես,  իրենց արտադրած  սեփական պարենով ու պետության կողմից տրվող չնչին  թոշակով (պապս ստանում էր 7 ռուբլի 50 կոպեկ, տատս՝ որպես հերոսուհի մայր՝ 15 ռուբլի, պապս օրական ծխում էր երկու տուփ «Ավրորա», մեկ տուփը արժեր 14 կոպեկ, հացը՝ 20 կոպեկ, ձուն՝ 13 կոպ.)  ապրում էին՝ սպասելով կիրակի օրվան։ Այդ օրը հավաքվում էին երեխաները ընտանիքներով՝ ծնողներին ու միմյանց տեսակցելու։

    Փորձում էին համոզել հորը, որ չարչարվելու տարիքը արդեն անցել է, եւ որ պետք չէ անասնապահությամբ զբաղվել։ Պապս խորիմաստ ժպտում էր ու ասում. «Գուլա մի վախտ, որ կարկառը ծռտիլա, գիդիլիք պանիրա՝ եռիլիք օտիլ» (կգա մի ժամանակ, որ ագռավը կծռտի, կիմանաք, թե պանիր ա, կվերցնեք, կուտեք)…

    «Լույսը բացվի` բարին հետը»․  պապիս խոսքերն են։  Ու այսպես ամեն օր լուսաբացի բարու ակնկալիքով ապրեցին մինչեւ խոր ծերություն՝ ամեն պահ հոգու խորքում շնորհակալ Աստծուց ու «Մուծ Խաչից», որ իրենց ուժ ու հնարավորություն տվեց անել առավելագույնը՝  10 երեխաներից  9-ին ողջ ու առողջ հասցնել ինքնուրույն կյանքի։

    Կյանքի վերջին տարիներին մի տխուր առիթով Արտաշը գյուղ էր եկել։  Արարողությունից հետո Արտաշին առաջարկում է քայլել գյուղից դուրս։ Երբ գյուղից հեռանում են, հոգոց է հանում ու ասում. « Ըսուլու շատ բեն կա, խնդի իմ ասիմ, բայց քառ ըմ, բոձուր ըմ խուսիս, վխի իմ ասիմ՝ էյլը լիսի, ուդուր հետի ալ ըսիս չիմ» (ասելու շատ բան կա, բայց ծանր լսողության պատճառով բարձր եմ խոսում, վախենում եմ ասեմ՝ օտար մարդիկ լսեն, դրա համար էլ չեմ ասում)։

    Եթե ասեր,  հավանաբար այս հիշողությունները ավելի հարուստ կլինեին…

    Որպեսզի հասկանալի դառնա, թե որքան դաժան է եղել ստալինյան մարդակեր մեքենան հիշատակեմ եւս մեկ դեպք։

    Ուսանող Արտաշը արձակուրդներին գյուղ է գալիս եւ գաղտնիության պայմաններում Թեւոսին պատմում, որ իրենց տաղանդավոր դասախոսներից մեկը իրեն ու մի երկու ուրիշ վստահելի ուսանողի մի գրքույկ է տվել թաքուն կարդալու ու վերադարձնելու պայմանով, ուր, ի տարբերություն պաշտոնական տեսակետի,  Նժդեհի մասին միայն դրականն է ներկայացված։ Թեւոսը ուշադիր լսել է ու ասել.

 «Ինչ որ կարդացել ես, բացարձակ ճշմարտություն է, դեռ մի բան էլ քիչ է ներկայացված, բայց այդ մասին, այլեւս, որեւէ մեկի հետ չկիսվես, քեզ կկործանեն»։

    Արձակուրդներից հետո Արտաշը Երեւան վերադառնալուն պես իմանում է, որ այդ դասախոսին ու գրքույկը կարդացած ուսանողներից մեկին անվերադարձ տարել են…

    Պապիս սերնդակիցների կողմից Մեղրին պահպանելու նպատակով հաղթական պայքարից 70 տարի  անց՝  Ղարաբաղյան շարժման շրջանակներում, նորից Մեղրիում նույն վիճակն էր՝ ազգամիջյան լարվածություն, Մեղրիով Ադրբեջանի ու Նախիջեւանի ֆիզիկական միավորման վտանգ։ Յուրաքանչյուր մեղրեցու գերագույն նպատակը զենքի ձեռքբերումն էր…

    1989 թ․-ի աշնանը եղբայրս՝ Նորիկը, Երեւանում այցելում է Արտաշես պապիկին։ Վերջինս հարցնում է իրավիճակի մասին եւ, իմանալով իրողությունը, ասում է, որ, թեեւ որոշել էր պապիս զենքի  գաղտնիքը իր հետ գերեզման տանել, բայց, անհրաժեշտությունից դրդված, փոխում է այդ որոշումը ու ասում է պապիկի թաքստոցի տեղը։

   Հայրս չէր հավատում, նեղվում էր, ասում էր՝ հնարավոր չէ, որ նման բան եղած լիներ, ու հերս ինձ տեղյակ չպահեր։ Հետո, իրեն սփոփելով, հիշում էր, որ մեռնելիս ինչ-որ բան է փորձել  ասել, բայց ուժը չի հերիքել, լսելի է եղել միայն «ս-ս-ս»- ն, ու ենթադրում էր,  որ հավանաբար փորձել է «մոս-ս-սին»  ասել։

    Առավոտյան հորս հետ գնացինք Խաչի ձուր որոնումների։ «Մուծ բռշնի» գոյություն չուներ։ Բարձրանում էի ամեն մի հավանական տեղ՝ մատչելի թե անմատչելի։ Ամեն մի բարդության հանդիպելիս հայրս ինձ հետ պահելու նպատակով նորից պնդում էր, որ դա հնարավոր չէ…, եւ առաջարկում էր վերադառնալ տուն։ Մի խոր անցք կար՝ խորքը մութ, լույս էր հարկավոր։ Դուրս  եկա ու համաձայնեցի հորս հետ՝ վերադարձանք տուն։ 

    Առավոտյան, առանց հորս ասելու, քրոջս ամուսնու՝ Նիկիտի հետ, լուսարձակով զինված, գնացինք  որոնումը շարունակելու։ Խոր անցքը դատարկ էր։ Հաջորդ անցքի մեջ  գտանք «մոսինը», 55 փամփուշտ, դատարկ յուղի սրվակ ու մի ծուռ մեխ։ Միայն իջնելուց հետո, ուշադիր զննելով, նկատեցինք, որ այդտեղ՝ ձորի մեջ, ժայռին կպած, հողի երեսին նշմարվում էր «մուծ բռշնի» քայքայված բնի հետքերը։

    Ոգեւորությունը անսահման էր։  Զենքը պահպանված էր կատարյալ վիճակում, երեւում էր, որ պապը ուժերը ներածի չափով պարբերաբար այցելել ու խնամել էր այն։

    Հայրս գինի բացեց, հորեղբորս որդին ոչխար մորթեց, խմեցինք պապի կենացը, այցելեցինք նրա գերեզմանին, կրակեցինք, հայրս ասաց, որ  իր հայրը հարություն է առել։ Դա 1989 թ․-ի հոկտեմբերի 29-ն էր։  

    Զենքի հայտնաբերման այս դրվագը դարձավ մեր մարտական ոգու շարժիչ ուժը եւ  հերթական անգամ Մեղրին զերծ մնաց կործանումից։

    Նույն տարվա դեկտեմբերի 16-ին ծնվեց որդիս՝ Թեւոս Դավիթի Մաթեւոսյանը…

29.12.2015 թ.  

 Ապրեք   խաղաղությամբ։ Պատմությունը կրկնվում է.                                                      

Դավիթ Մաթեվոսյան