Մեղրի-Նախիջեւան սահմանագծի վրա մի բաց հատված կար, մերոնց (սահմանը պաշտպանողների) համար`բարեխիղճ լինելու դեպքում մշտապես տեսանելի, հակառակորդի համար՝ 1992 թ.-ին ստացած դասից հետո անհասկանալի, թերեւս անմատչելի (այդ դասը Խոշլին ետ վերցնելու կռիվն էր, որի մանրամասներին դու տիրապետում ես)։
Հենց սրանով էր պայմանավորված, որ մինչեւ վերջերս մեր ծննդավայրի սովորական մարդիկ տնօրինում էին այդ տարածքը՝ հիմնականում գարնանը բոխի էին հավաքում, իսկ եզակիներն էլ քարայծ էին որսում, մասնավորապես իմ ընկեր հանգուցյալ Հովիկը։
Հովիկը որսագող չէր։ Հովիկը դասական որսորդ էր, տարբերակում էր սեզոնը, էգն ու արուն, մեծն ու փոքրը։ Որսագող ասածը քիչ է բազմաթիվ այն արտոնյալների համար, ովքեր տարվա բոլոր եղանակներին, զինված հեռահար զինատեսակներով, գիշեր ու ցերեկ շրջում են մեքենաներով ու գնդակահարում ամեն շարժվող բան, իսկ ոմանք նույնիսկ ուղղաթիռ են օգտագործում այդ նպատակով։
Հովիկը սահմանապահ էր։ Որսը նրա անձնական կյանքի գաղտնիության բաղադրիչն էր։ Միայնակ քայլում էր դժվարանցանելի լեռնային այդ տարածքներով՝ օրական հաղթահարելով շուրջ 30 կիլոմետր, եւ, որպես կանոն, լուսաբացը դիմավորում սահմանագլխին։ Վերադառնում էր մթության քողի տակ՝ երբեմն տեղափոխելով իր քաշից ավելին։ Միայն Հովիկի հաճախակի ներկայությունը բավարարում էր, որ հակառակորդին թվա, թե այնտեղ մի ամբողջ զորագունդ է տեղակայված։ Եւ այսպես շուրջ քսանհինգ տարի։
Այդ տարածքում իրականացվում է լեռնային հովազների ուսումնասիրության միջազգային տարածաշրջանային մի ծրագիր, որի միջոցներով տեղադրված սենսորային տեսագրող սարքերի օգնությամբ արձանագրվել է հովազների գոյության փաստը (տեսել եմ լուսանկարները)։ Ընդ որում, էգ հովազը հայտնաբերվել է ծրագրի նախիջեւանյան խմբի կողմից, եւ նրա բնակության տարածքը սահմանագծին հարակից ադրբեջանական հատվածն է։ Արուն մերոնք են հայտնաբերել, բնակության տարածքը սահմանագծին հարակից հայկական հատվածն է։
Տեւական ժամանակ է՝ այդ հովազները, սահմանագիծը հատելով, այցելում են միմյանց՝ բարեկամության օրինակ ծառայելով երկու կողմերի ժողովուրդներին։
Մտահոգիչը այն է, որ հովազ հայտնաբերող խմբին ուղեկցող բարեխիղճ համագյուղացին է հայտնաբերել ադրբեջանական նոր հենակետերը։ Մերոնք էլ իմանալուն պես, ի պատասխան, մրցակցության մեջ են մտել։
Ժամանակագրական առումով սա վերադարձ է 91-92 թվականներ։ Բայց այն ժամանակ, երբ դիրքային մրցակցության հետեւանքով բախում տեղի ունեցավ երկկողմանի զոհերով, այդ պայմաններում անգամ հանդիպեցինք հակառակորդի հետ, քննարկեցինք, եզրահանգեցինք, պայմանավորվեցինք․․․
Հիմա էս ադրբեջանցիք երեւի երկու տարի հետո են գլխի ընկել, որ Հովիկը մեռել է, եկել են ու անիմաստ դիրքավորվել Հովիկի ու հովազների որսատեղում։ Իսկ մերոնք փոխանակ սրանց հարցնեն․ «էս ի՞նչ եք անում, ինչու՞ եք անում, ի՞նչ իմաստ ունի դիրքեր խտացնելը, վստա՞հ եք, որ Հովիկը մեռել է․․․», վերցրել ու մրցակցության մեջ են մտել։
Եթե գործող իշխանությունները անվիճարկելի այս սահմանագծում նմանատիպ խնդիրները միմյանց հետ խոսելով չեն փորձում կարգավորել, ապա ակնհայտ է, որ սրանք չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը խաղաղության հաստատման հարցում։
Իսկ հենակետերի խտացման այս գործընթացը ծանր հետեւանքներ է ունենալու։
Նախ՝ միմյանցից մի կրակոց հեռավորության վրա բուսնող հենակետերում վաղ թե ուշ մարդկային զոհեր են լինելու։ Մյուսը՝ որպես կանոն նոր հենակետերի չորսբոլորը հապճեպ մինապատում են, որը վտանգավոր է շատերի, բայց հատկապես հաջորդ զորակոչի զինվորների համար։
Միներով հագեցած խիտ հենակետերի այդ շղթան կենդանական աշխարհի կենսատարածքի աղետալի խզում է՝ քարայծերն ու հովազները մեծամասամբ զոհվելու են կամ հեռանան։
Վաղուց հայտնի է, որ մեր ու մեր հարեւան պետության իշխանական էլիտաների համար մարդը արժեք չի։
Մտորում եմ՝ գուցե հրաշք տեղի ունենա, ու սրանք, հաշվի առնելով, որ մեր հովազները միջազգային հանրության ուշադրության կենտրոնում են, վերցնեն ու՝ հանուն հովազների դադարեցնեն հենակետերի խտացման անիմաստ այդ մրցակցությունը։ Մարդկանց համար էլ լավ կլինի։
Ա՜յ հովազի բաժին դառնան դրանք․․․
ԴԱՎԻԹ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
08 ՄԱՅԻՍ 2015