ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

(ԻՆՔՆԱ)ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծնվել եմ 1960 թ.-ի մարտի 22-ին Սյունիքի մարզի (Մեղրիի շրջան) Կարճեւան գյուղում։

Գյուղի ութամյա դպրոցը ավարտելուց հետո միջնակարգ կրթություն ստացել եմ հարեւան Ագարակ քաղաքում, որը ավարտել եմ 1977 թ.-ին եւ անմիջապես ընդունվել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի հիդրոմելիորացիաի ֆակուլտետ, որը գերազանցությամբ ավարտել եմ 1982 թ․-ին։ Զուգահեռ ուսանել եմ ռազմական ամբիոնում, ինստիտուտը ավարտելուն պես երեք ամսով զորակոչվել Վանաձորի տանկային գունդ եւ ծառայության ավարտին ստացել պահեստի լեյտենանտի կոչում։

Որպես երիտասարդ մասնագետ նշանակվել եմ մասնագիտությամբ աշխատելու Ռուսաստանում՝ ոչ սեւահողային գոտում, սակայն, դժգոհելով պայմաններից, ինքնակամ վերադարձել եմ Հայաստան։

1982-85 թվականներին աշխատել եմ մի շարք հիմնարկներում։ 

1985 թ․-ին նշանակվել եմ Կարճեւանի սովխոզի դիրեկտոր։

1988 թ․-ից սկիզբ առած Ղարաբաղյան շարժման շրջանում կազմակերպել եւ գլխավորել եմ գյուղի ինքնապաշտպանությունը։

1990 թ․-ի գարնանը հիմնավորել եմ, որ սովխոզի գոյությունը արդյունավետ չի կարող լինել, նախաձեռնել եւ իմ հրամանով ձեւավորված հանձնաժողողովի միջոցով տնտեսությանը պատկանող հողերը անհատույց հատկացրել եմ համագյուղացիներին։ 

Իսկ անասնագլխաքանակի վաճառքից գոյացած գումարով գնել եմ «Ագրոբանկի» Մեղրու մասնաճյուղի բաժնետոմս։ Մեկ տարի անց տնտեսության լուծարումից հետո այն փոխանցվել է համայնքին, որի դիմաց վերջինս շարունակաբար ստացել է շահաբաժին։

1991 թ․-ի ապրիլին Վազգեն Սարգսյանի հորդորով նշանակվել եմ Մեղրիի ներքին գործերի բաժնի պետ՝ շրջանի պաշտպանությունը համակարգելու եւ սաղմնավորվող բանակի կայացմանը աջակցելու լիազորություններով։

1995 թ․-ին՝ զինադադարից հետո, իմ նախաձեռնությամբ դուրս եմ եկել ներքին գործերի համակարգից, առաջադրվել եւ մեծամասնական ընտրակարգով ընտրվել ԱԺ առաջին գումարման պատգամավոր (1995-99 թթ․)։

1996 թ․-ին նշանակվել եմ Սյունիքի փոխմարզպետ եւ 1998 թ․-ին իմ նախաձեռնությամբ թողել եմ այդ պաշտոնը։

1999 թ․-ին մեծամասնական ինքնառաջադրումով, 2007-ին «Իմպիչմենթ» դաշինքի կազմում, 2012-ին «ՀԱԿ» դաշինքի կազմում եւ 2017 թ․-ին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կազմում առաջադրվել եմ պատգամավորության թեկնածու, սակայն պատգամավոր չեմ դարձել։ 

1999 թ․-ի սեպտեմբերին նշանակվել եմ «Հայանտառ» ՓԲԸ գլխավոր տնօրեն եւ աշխատել մինչեւ վարչապետ Արամ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը։

2002 թ․-ից  «Քյու-Հաշ» ՍՊԸ փոքր ձեռնարկության գործադիր տնօրենն եմ, որը ընդմիջվել է 2008 թ․-ի մարտի 1-ին ազատազրկվելու հետեւանքով։ Բանտից ազատ եմ արձակվել համաներման արդյունքում՝ 2009 թ․-ի հունիսին։

2008 թ․-ի նախագահական ընտրությունների ժամանակ եղել եմ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրական շտաբի անդամ։

Անկուսակցական եմ, ամուսնացած, ունեմ երեք զավակ եւ թոռնիկ։

  ԶՈՀՎԵԼ Է ՀՈԿՏԵՄԲԵՐ 22, 2020



ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ, ԴԱՎԻԹ

Իր բոլոր շնորհներով ու գործերով հանդերձ, Դավիթ Մաթևոսյանն ինձ համար, նախ և առաջ, Մարդու և Քաղաքացու կատարյալ տիպարն է: Նրա մեջ ամեն ինչ կար, բացի ԵՍ-ը: Վստահ եմ, որ դա կհավաստի նրա հետ շփված ցանկացած անձ:

ՀՈԿՏԵՄԲԵՐ 24, 2020 ԼԵՎՈՆ ՏԵՐ֊ՊԵՏՐՈՍՅԱՆ