ՎԵՀԱՓԱՌԻ ՍՐՏԻ ԽՈՍՔԸ

   

   2008 թ․- ամռանն էր։ Նախագահի թեկնածու Տեր-Պետրոսյանին աջակցելու իրական մեղադրանքով բանտում հայտնված քաղբանտարկյալներս կուռ միասնություն էինք։ Հնարավորինս մասնակցում էինք քաղաքական պայքարին, հայտարարություններ անում, նաեւ հեշտությամբ  հաղթահարում բանտային դժվարությունները՝ մեկս բոլորի եւ բոլորս մեկի համար պայքարելով։   

 Վարդանը մեզանից մեկն էր։

 Նա մասնագիտությամբ վարորդ էր։ Եղել էր ՆԳ նախարար, հարգարժան Վանո Սիրադեղյանի վարորդը։ Ձերբակալման պահին վարել էր Եզնիկ սրբազանի ծառայողական մեքենան։ Վերաքննիչ դատարանը եւս չտեսնելու տվեց քրեական գործում առկա տեսագրությունը, որում ակնհայտ երեւում է, թե ինչպես Վարդանը, ճեղքելով խառնամբոխը, կշտամբելով մոտենում է ոստիկանին ծեծի ենթարկող հաստագլխին եւ նրա կողմից ուժգին հարված ստանում դեմքին։ Ծեծվող ոստիկանին պաշտպանելու փորձ կատարած Վարդանի պատիժը մնաց անփոփոխ՝ չորս տարի ազատազրկում՝ այդ նույն ոստիկանին ծեծելու մեղադրանքով։ 

   Եզրաս սրբազանը Վարդանին օգտակար լինելու նպատակով տեսագրությունը ցույց է տալիս Վեհափառին եւ խնդրում օգնել։  Նա դիտում է տեսագրությունը, մտորում եւ վերջապես պատասխանում․ «Ասա՝ թող Վարդանը ներման դիմում գրի»՝ հավանաբար գնահատելով, որ տվյալ իրավիճակում Վարդանին օգնելու այլ ճանապարհ գոյություն չունի, որ այդ հարցով որեւէ ատյանի դիմելու դեպքում ոչ միայն մերժում ու կշտամբանք, այլ նույնիսկ պատիժ է ստանալու։

 Հիմա Վեհափառը հրապարակային հորդորել է փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Մեր սրտով է թե ոչ, ի՛ր սրտի խոսքն է ասել։ Ասելուց առաջ համոզված է եղել, որ անկախ այն բանից՝ կհարգվի այդ հորդորը թե ո՛չ, իրեն ոչինչ չի սպառնում,որովհետեւ իրավիճակ է փոխվել։

  Վեհափառի հորդորը դժբախտություն չէ։ Դժբախտություն է, որ Վարդանը եւ շատերը մինչ օրս չեն արդարացվել, որ Վարդանի դեմ հարկադրաբար սուտ ցուցմունք տված ոստիկանը, քաղաքական պատվերով շինծու նախաքննություն, դատախազական հսկողություն ու դատաքննություն իրականացրած պաշտոնյաները իրենց մեղքը չեն խոստովանել, որ հիշյալ քաղբանտարկյալների արդարացման գործընթացը իրականացվում է բարոյականությունից ու տրամաբանությունից զուրկ իրավաբանական մեթոդներով՝ չշաղկապելով 2008 թ․-ի նախագահական ընտրությունների շուրջ տեղի ունեցած դեպքերի իրավական գնահատականի հետ։

  Եթե այս ամենը կատարված լիներ, ապա հազիվ թե Վեհափառի սրտի խոսքը նման բովանդակություն ունենար․․․

ՀԳ․  Վարդանի մեղադրական եզրակացությունն ու հիշյալ տեսագրությունը մեկուկես տարի առաջ անձամբ եմ հանձնել ՀՔԾ պետին։

Դավիթ Մաթեւոսյան

17 ԱՊՐԻԼ, 2020