Որքանով հասկացա՝ Ռոբերտ Քոչարյանի մտքով անցել է փողոցներ փակելով իշխանափոխություն իրականացնել։ Տպավորությունս այնպիսին է, որ նա կանգնած է Կապանի խարխլված երկաթուղային կայարանում ու րոպեներն է հաշվում, թե երբ գնացքը իրեն Մեղրի կհասցնի։ Սա այն դեպքն է, որ գնացքը ո՛չ թե գնացել է, այլ ուղղակի գնա՛ցք չկա, չի՛ լինելու, որովհետեւ Կապան–Մեղրի երկաթուղին հենց նրա նախագահական հրահանգով է հիմնահատակ քանդվել։ Հույս չկա՝ իրականության զգացողությունը նրա մոտ այլեւս չի վերականգնվի…
Հիմա ավելի լուրջ։
ԱԺ-ում պատգամավորների հարցերին պատասխանելուց հետո ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը հոր մասով հարցին ի պատասխան՝ լրագրողին ասել է. «Մասնագիտական հարթության մեջ նայեք. վճիռները բեկանվում են ի՞նչ հիմքով, որեւէ մեկը ուսումնասիրե՞լ է… արձանագրվում է տվյալ ժամանակաշրջանում թույլ տրված իրավունքի խախտու՞մ, թե՞ նոր երեւան եկած հանգամանքներ են առկա, որոնց ուժով այդ որոշումները վերանայվում են»։
Իմ գործով Վճռաբեկ դատարանը արդարացման վճիռ է կայացրել, որը, սակայն, ես դեռ չեմ ստացել։ Բայց ձեռքիս տակ առկա ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքի «3.Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմնավորումները.» բաժնում ընդգծված է. «…2) առերեւույթ առկա է մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտում։ … 3. Սույն հոդվածի իմաստով՝ առերեւույթ առկա է մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտում, եթե՝
1) բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.»
ՈՒՂԻՂ ՄԵՋԲԵՐՈՒՄ
Ո՛չ մի խոսք նոր երեւան եկած հանգամանքի մասին։ Կարծում եմ՝ մարտի մեկի մյուս բողոքներով եւս Վճռաբեկ դատարանի արդարացման դատավճիռների հիմքում դրված է իրավունքի խախտման հանգամանքը։ Եւ կարծես նոր երեւան եկած հանգամանքների դեպքում գործը ուղարկվում է առաջին ատյան՝ նոր դատաքննության։