ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

ԳԼՈԲԱԼ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ

   Անորոշությունը պատել է Երկիրը։ Ամենակարող պետություններն անգամ շփոթության մեջ են։ Շատերի նման մեր իշխանություններն էլ անում են հնարավոր առավելագույնը, որ յուրաքանչյուր օր վիրուսակիր հիվանդների թիվը չգերազանցի առողջապահության համակարգի հնարավորությունները։ Առայժմ դա հաջողվում է։  Շատերի համեմատ մերոնց  հոգատար վերաբերմունքը վիրուսակիրների եւ հյուրանոցներում ժամանակավորապես մեկուսացվողների նկատմամբ հարգանքի է արժանի։ 

   Գլոբալ անորոշության մեջ, սակայն, որոշակի է, որ վիրուսը շրջանցում է մասնագիտորեն  հրահանգված սոցիալական հեռավորությունն  ու  հիգիենայի  կանոնները բծախնդրորեն պահպանողներին։ Հետեւաբար հատկապես հանրային գիտակցության մակարդակով է պայմանավորված համավարակի հաղթահարման հաջողությունը։

  Իշխանության կողմից կատարված քայլերը ավելի քան բավարար են մարդկանց մոտ գիտակից ու պատասխանատու վարքագիծ ձեւավորելու համար։ Մի մասի մոտ այն ձեւավորվել  ու բացարձակ կայուն է։ Շատերը գիտակցում են, սակայն չեն կարողանում կայուն վարքագիծ դրսեւորել։ Մյուս մասը չի գիտակցելու անգամ այն դեպքում, երբ իր անպատասխանատվության հետեւանքով վիրուսակիր դարձած մերձավորին շնչառական ապարատ միացվի, դեռ ավելին, նրանք այս դեպքում փեսա Միշիկից ավելի եռանդով են մեղադրելու իշխանություններին։   

  Սահմանափակումների մի մասի անխուսափելի վերացմամբ շատերը մահաբեր վիրուսի սպառնալիքը կարծես թե հաղթահարված են համարում։ Հանդիպածս տասը ծանոթից ութը ձեռքով բարեւելու նախաձեռնություն է ցուցաբերում։ 

   Անհրաժեշտ է, որ, օրինակելի վարքագիծ ցուցաբերելով, շատերն իրենց անմիջական միջավայրի զգոնությունը պահպանելու պատասխանատվություն ստանձնեն։ Առնվազն դա որպես պարտականություն պետք է գիտակցեն վերից վար իշխանության բոլոր օղակներն ու բոլոր գործատուները։ Մահաբեր վիրուսի ազդեցության մասին ծանր հիվանդությունը հաղթահարած եւ նրանց բուժած բժիշկների հրապարակային զրույցը եւս կարող է բարձրացնել մարդկանց զգոնությունը։

    Այլապես եթե բնական գործոնների ազդեցությամբ համավարակը չնահանջի, ապա մարդկանց բացատրելու եւ ուղղորդելու բեռը միայն վարչապետի, պարետի եւ առողջապահության նախարարի վրա թողնելը  կարող է խնդրահարույց լինել։

Դավիթ Մաթեւոսյան

12  ՄԱՅԻՍ, 2020