ՆԻԿՈՅԱՆԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ, ԿԱՄ ՊԱՐԿ, ՈՐԻ ՄԵՋ ՄԱԽԱԹ Է ՊԱՀՎՈՒՄ

Տպագրված է ՀԺ-ի #204[2153] համարում, 8 նոյեմբերի  2009 թ.

    ԵԽԽՎ 1609 բանաձեւի պահանջները կատարելու ժամկետը լրանալու նախօրեին բանաձեւի պահանջների կատարած չլինեը արդարացնելու եւ իրականությունը քողարկելու նպատակով ձեւավորված «Մարտի մեկի» հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին լրագրող Քրիստինե Խանումյանը 2008 թ.-ի հուլիսի 12-ին հանձնաժողովի գործունեության մեկ ամիսը լրանալու կապակցությամբ ուղղել է նաեւ հետեւյալ հարցը. «Ձեր գործընկեր, պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, ով նաեւ իրավաբան է, երեկ հայտարարել է, որ Ազատության հրապարակը փակելը ոստիկանության կողմից անօրինական է։ Համամի՞տ եք այդ տեսակետին, եւ եթե՝ այո, ինչու չեք պայքարում այդ անօրինականության դեմ »։ 

  Նիկոյանը նախ ճմկոտել է ու հորանջել, ապա փորձել խուսանավել։ Սակայն լրագրողը համառել է, եւ նա խուսափողական պատասխանի մեջ ասել է հետեւյալը. «Նման մոտեցումը, որ նա որդեգրել է, ո՞ր փաստերի հիման վրա է ասել։ Որպեսզի այդ ամեն ինչին պատասխան տաս, օրենքը պետք է դնես քո առաջ, դիմումը նայես, որ դիմել են միտինգ անցկացնելու, քաղաքապետարանի պատասխանը, հիմնավորումները նայես, համեմատես օրենքի հետ, հետո նոր իրավական գնահատական տաս» («Հայկական ժամանակ», 12.08.2008 թ.)։ Չեմ կարող ասել` Նիկոյանը հաշվենկատորեն է նշում հատկապես դիմում նայելու եւ հիմնավորումների մասին, թե դա այդ ժամանակ նրա կողմից օրենքին ամբողջությամբ չտիրապետելու արդյունք է, բայց սա չէ էականը։ Էականն այն է, որ Նիկոյանը փաստորեն գիտակցում է` գոյություն ունի ցուցարարների եւ իշխանությունների հարաբերությունները կարգավորող օրենք, եւ այս կամ այն կողմի գործունեության գնահատականը տրվում է այդ գործունեության օրենքների հակադրման արդյունքում։ Մեկ ուրիշ դեպքում Արման Գալոյանին տված հարցազրույցում Արծվիկ Մինասյանն ասել է. «…Ու պետք է պարզաբանում տալ, թե որքանով են օրենքի դրույթներին համապատասխան իրավապահները կարողացել համարժեք միջոցառումներ կիրառել։ Ի վերջո, մարտի 1-ի լուսադեմին կատարված գործողությունների հետեւանքն էր մարտի 1-ի երեկոյան տեղի ունեցածը» («Հայք», 22.08.2008 թ.)։ Փաստորեն Նիկոյանն ի սկզբանե իմացել է իր անելիքը, իսկ Ա. Մինասյանը սահմանել էր եզրակացության հանգելու ճշգրիտ բանաձեւը։ Սակայն հանձնաժողովը, լինելով գործող ռեժիմի արտացոլանքը, քաջ գիտակցում էր, որ այդ ճանապարհը կործանարար է ռեժիմի, հետեւաբար նաեւ իր համար։ Ուստի բուն գործով զբաղվելու փոխարեն նա սկսեց տեսարաններ ցուցադրել։ Այն սկսվեց այս ամենը քաջ գիտակցող ընդդիմության` հանձնաժողովի մաս կազմելու հրաժարումը քննադատելու բազմասերիալից, վաղուց հանրապետականացած եւ համապատասխան հանդերձանք կրող ՀՀՇ-ի Գեւորիկին իրենց առաջարկելու պատճառով վիրավորվածության ցուցամոլ դրսեւորումներով, կատարելագործվեց եւ հասավ սղոցի գործադրմամբ, պատվաստելու միջոցով, կամավորության սկզբունքով, մարդկային գիտակցությունը խոզի գիտակցությամբ փոխարինած շոթավարդանյաններին իբրեւ ձեռնասուն կապիկ պար ածելու տեսարանով։ Հանձնաժողովականները սկսեցին անպտուղ ու ցուցադրական հանդիպումներ ունենալ ապօրինի ազատազրկված ընդդիմադիրների հետ, հանդիպումների ընթացքում իրենց «անաչառությունը» ցուցադրելու նպատակով նույնիսկ կիսվել հանձնաժողովի ձեռքբերումների մասին։ Այսպես, Սամվել Նիկոյանը քաղբանտարկյալներից մեկի ականջին շշնջացել է, թե իրենց հաջողվել է պարզել, որ ոստիկանության գործունեությունը հետապնդել է ոչ թե զենք-զինամթերք հայտնաբերելու նպատակով խուզարկություն կատարելը, այլ նստացույցը բռնությամբ ցրելու նպատակ, եւ որ հարձակումը սկսվել է ժամը 06։40-ին։ Դրանից, իհարկե, քաղբանտարկյալի վիճակը չի փոխվել։ Արդյունքում հանձնաժողովականներին հանդիպած բոլոր քաղբանտարկյալները հիասթափվեցին հանձնաժողովի գործունեությունից, իսկ պատկառելի մի խումբ հանդես եկավ նրանց հետ հանդիպելուց հրաժարվելու հայտարարությամբ։ Ի սկզբանե անհավասարակշիռ ձեւաչափով` որպես քրեական ռեժիմի գործիք նախատեսված լինելու պատճառով հեղինակազուրկ, իսկ հետագայում հիմնական անելիքով զբաղվելու փոխարեն բոլորին տեսանելի էժան հնարքներով հեղինակություն ձեռք գցելու վարքագիծ դրսեւորելու հետեւանքով է, որ այս հանձնաժողովը չարժանացավ վստահության։ Նաեւ հանձնաժողովի վստահելիության ցուցադրման մի վերջին ձախողված ձգտում էր ոմն խարդախ Հովակիմ Բաբայանի հայտնությունը եւ իբրեւ մարտի 1-ի առնչությամբ իշխանությունների համար նպաստավոր` նոր «արժեքավոր» տեղեկությունների հրապարակայնացման փորձը հանձնաժողովի միջոցով։ Սակայն շատ արագ պարզ դարձավ, որ Հովակիմը կատարած խարդախությունների համար նախատեսված ծանր պատժից խուսափելու ակնկալիքով ցանկացած գործարքի պատրաստ, դատախազության ու ԿԳԲ-ի կողմից ուղղորդվող շարքային օգտագործվող է։ Իսկ ի՞նչ տեղի կունենար, եթե անկախ մի հանձնաժողով առաջնորդվեր Նիկոյանի պարզաբանած մոտեցումով եւ եզրահանգեր Արծվիկ Մինասյանի բանաձեւով․ փորձենք վերլուծել։

Անկախ հանձնաժողովի վերլուծության հիմք հանդիսացող հետընտրական գործընթացները եւ նրանց նախադրյալները

 Նախընտրական շրջանում իշխանության գործելաոճը դրսեւորվում էր հետեւյալ հիմնական գծերով` ապօրինություններ, բռնություններ, ազատ կամքի արտահայտման իրավունքի ոտնահարում` կարիքավորներին ընտրակաշառք տալով, իսկ եկամուտ ունեցողներին` եկամուտից զրկելու սպառնալիքով, անհավասար պայմաններ, քողարկված ու բացահայտ ընտրակեղծիքներ, ընտրության արդյունքների աղավաղումներ ու կեղծում։ Ընտրություններից անմիջապես հետո այս ժամանակաշրջանը գրեթե նույնությամբ գնահատել են այժմ ռեժիմի մաս կազմող ՀՅԴ-ն` հանձին Վահան Հովհաննիսյանի, ով նաեւ ի նշան բողոքի թողեց ԱԺ փոխնախագահի պաշտոնը, եւ ՕԵԿ-ը` հանձին Հեղինե Բիշարյանի` ընդդիմության հանրահավաքում ունեցած ելույթով։ Ապօրինությունների մեկնարկը տրվեց 2007 թ. հոկտեմբերի 23-ին։ Այդ օրը հոկտեմբերի 26-ի առաջին հանրահավաքի վերաբերյալ տեղեկատվություն տարածելու նպատակով Լեւոն Տեր-Պետրոսյանի մի խումբ համակիրներ, առաջնորդվելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) հոդված 6-ի 6-րդ եւ հոդված 7-ի 2-րդ կետերով, կազմակերպել եւ անցկացնում էին ոչ զանգվածային հրապարակային միջոցառում։ Միջոցառման մասնակիցները բռնությամբ եւ հատուկ միջոցների գործադրմամբ բերման ենթարկվեցին ոստիկանություն։ Շինծու քրեական հետապնդման արդյունքում մասնակիցներից 5-ին ներգրավեցին որպես մեղադրյալ` մինչեւ 5 տարի ազատազրկում նախատեսող ՔՕ 316 հոդվածի 1-ին մասի «հատկանիշներով» հարուցված քրեական գործով։ Ոստիկանները ներկայացրել էին միջոցառումը դադարեցնելու ապօրինի պահանջ եւ չունեին բերման ենթարկելու որեւէ հիմք։ Գոյություն ունեն հոկտեմբերի 23-ի` իշխանության ներկայացուցիչների ապօրինի եւ բռնի գործողությունների ապացուցողական նշանակությունը հաստատող նյութեր` նախ ձայնագրություն, որի վերծանումը տպագրված է «Հայկական ժամանակ» օրաթերթում, ապա եւ տեսագրություն, որը տեղադրված է մարտի 1-ի դեպքերի հայտնի տեսաերիզում։ Առհասարակ իշխանությունների ապօրինի եւ բռնի գործողությունների առումով հոկտեմբերի 23-ը հանդիսանում է մարտի 1-ի սկիզբը եւ նրա մանրակերտը։ Ներքեւում ներկայացվող մյուս իրողությունների վերաբերյալ առկա են տեղեկություն արտահայտող տեղեկանքներ։ Հանրահավաքների մասին տեղեկատվություն պարունակող թռուցիկներ բաժանելու եւ փակցնելու համար ոստիկանության բաժիններ ապօրինի բերման, իսկ որոշ դեպքերում նաեւ բռնությունների են ենթարկվել տասնյակ ակտիվիստներ։ Տերպետրոսյանական անթաքույց կողմնորոշում ունենալու համար տարբեր ձեւակերպումներով աշխատանքից ազատվել են տասնյակ քաղաքացիներ։ Ողջ հանրապետության տարածքում տոտալ ճնշումների են ենթարկել Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրներին նախընտրական շտաբ տեղադրելու համար տարածք տրամադրելու համարձակություն ունեցող քաղաքացինեին։ Արդյունքում որոշ քաղաքներում հնարավոր չի եղել շտաբ տեղադրել։ Պայթեցվեց «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրության մուտքը։ Հրդեհվեց Գյումրիի «Ասպարեզ» ակումբը։ Հրդեհվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը Սիլիկյան թաղամասում։ Հրդեհվեց Վանաձոր քաղաքում Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մուտքի դուռը։ Տեր-Պետրոսյանի մարզային նախընտրական հանդիպում-հանրահավաքները խանգարվում էին ռեժիմի հովանավորությամբ իրականացվող սադրանքներով։ Ոստիկանությունը ոչ միայն չէր առաջնորդվում Օրենքի հոդված 8-ի 3 եւ 4 կետերով` չէր ապահովում օրինականությունն ու հասարակական կարգը, հանրահավաքի անցկացման վայրից հարկադրաբար դուրս չէր բերվում հակաօրինական արարք կատարող կամ հասարակական կարգը խանգարող անձանց, այլեւ Թալինի դեպքով շինծու քրեական հետապնդման ենթարկեցին միջոցառման կազմակերպիչներին, եւ նրանցից երեքին պատժեցին ազատազրկմամբ։ Արվեց ամեն ինչ` նախընտրական քարոզչության ընթացքում ոչ մրցակցային` անհավասար պայմաններ ստեղծելու համար, որը հատկապես արտահայտված էր հեռուստատեսության պարագայում։ Քվեարկության օրվա կարեւորագույն առանձնահատկությունն այն էր, որ ռեժիմի իշխանավարության ժամանակ անցկացված նախորդ ընտրությունների ընթացքում ստեղծված ոստիկանության, դատախազության, բանակի, ԱԱԾ-ի, պետական կառավարման այլ (հատկապես մարզային), տեղական ինքնակառավարման մարմինների եւ կրիմինալի համագործակցությամբ սպասարկվող կաշառատվության, ահաբեկումների ու կեղծիքի մեքենան ոչ միայն կատարելագործվեց, այլեւ քաղաքական որոշում էր կայացվել` հատվածականության առաջամարտիկ, «Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պատասխանատվությամբ ոչ միայն «վնասազերծել» Տեր-Պետրոսյանի վստահված անձանց, այլեւ անհրաժեշտության դեպքում ենթարկել շինծու քրեական հետապնդման։ Արդյունքում Պետրոս Մակեյանը, Աշոտ Զաքարյանը, Հարություն Ուռուտյանը, Սամվել Կարապետյանը, Սիմոն Ամիրխանյանը քաղբանտարկյալներ են։ Նախընտրական շրջանում, քվեարկության օրը եւ արդյունքները ամփոփելիս իշխանությունների կողմից քրեական ռեժիմին հատուկ վարքագծի դրսեւորումը հասարակության կողմից մերժելի լինելով էր պայմանավորված փետրվարի 21-ից մեկնարկած ինքնաբուխ, շուրջօրյա կոմբինացված (նստացույց, հանրահավաք, երթ) զանգվածային հրապարակային միջոցառումը։ Այդպիսի միջոցառման օրինականությունը, առանց լիազոր մարմնին (Երեւանի քաղաքապետին) գրավոր իրազեկելու, ապահովագրված է Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետով եւ 10-րդ հոդվածի 1-ին կետով։ Օր օրի ուժգնացող այդ միջոցառմանը զուգահեռ Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը օրենքով նախատեսված կարգով բողոքարկում էր ընտրությունների արդյունքները եւ նախապատրաստվում դիմել Սահմանադրական դատարան, իսկ միջոցառման ահագնացող թափից տագնապած իշխանությունը ամենատարբեր ապօրինի ու բիրտ միջոցներով փորձում էր կասեցնել Համաժողովրդական շարժման վերելքը։ Փետրվարի 21-ից մինչեւ 29-ը առանց բավարար հիմքերի` ապօրինի բերման են ենթարկվել եւ ձերբակալվել ընդդիմության 25 ակտիվիստներ։ Շինծու քրեական հետապնդումների արդյունքում նրանց մի մասը դեռեւս անազատության մեջ է` քաղբանտարկյալներ։ Փետրվարի 24-ին Քրեական օրենսգրքի 300 հոդվածով ԱԱԾ կողմից հարուցված հիմնազուրկ քրեական գործի շրջանակներում ողջ հանրապետությունով մեկ սկսվեցին մասսայական խուզարկություններ ընդդիմության ակտիվիստների` հատկապես նրա երկրապահական թեւի ներկայացուցիչների բնակարաններում։ Առանց բացատրության` տուգանային հրապարակ տարվեցին ու բանտարկվեցին Տեր-Պետրոսյանի համակիրներին պատկանող տասնյակ անձնական օգտագործման մեքենաներ։ Ընտրությունները կեղծելու միջոցով իշխանությունը բռնազավթած քրեական ռեժիմի առկայության եւ հոկտեմբերի 27-ի հետ նրա առնչության մասին հրապարակային կարծիք հայտնած եւ այդ իսկ պատճառով ապօրինի աստիճանազրկված, պաշտոնանկ արված եւ ազատազրկված Գագիկ Ջհանգիրյանի օրինակին հետեւեցին դիվանագիտական կորպուսի մի խումբ ներկայացուցիչներ, որոնք անխտիր ապօրինաբար պաշտոնանկ արվեցին։ Իրենց գործընկերներ Խաչատուր Սուքիասյանի, Հակոբ Հակոբյանի, Սասուն Միքայելյանի եւ Մյասնիկ Մալխասյանի օրինակին հետեւեցին եւ Համաժողովրդական շարժմանը միանալու հայտարարությամբ հանդես եկան եւս 6 պատգամավորներ, որոնցից 5-ը, սակայն, ճնշումների տակ հրաժարվեցին հայտարարությունից։ Փետրվարի 26-ին ռեժիմի կողմից Հանրապետության հրապարակում կազմակերպվեց զորահավաք հիշեցնող հանրահավաք, ուր տոտալ մոբիլիզացիայով հավաքվեց իր ազդեցությանը ցանկացած առնչությամբ ենթարկվող ողջ կոնտինգենտը։ Սակայն հավաքատեղում վերջին անգամ հաշվառվելուց հետո մարդիկ հրապարակը լքում էին խմբերով եւ գնում Ազատության հրապարակ` միանալու Համաժողովրդական շարժմանը։ Հանրապետության հրապարակը դատարկվեց կայծակնային արագությամբ` դառնալով ապացույցը այն իրողության, որ ժողովուրդը ռեժիմի հենարանը չէ։ Ազատության հրապարակը ցնծում էր, հաղթանակի ու ազատության շունչը թեւածում ու ճառագայթում էր բոլոր ուղղություններով։ Համաժողովրդական շարժումը կայացած փաստ էր, նրա հաղթանակը` անկասելի։ Փետրվարի 29-ին` ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկելու դիմում ներկայացնելու օրը, Ռոբերտ Քոչարյանը, իր իսկ ծնած քրեական ռեժիմի ժառանգականության ապահովման օրինական այլընտրանքի բացակայության պայմաններում Պետական համալսարանում` բազեների հետ ունեցած նպատակային հանդիպման ժամանակ, նախապատրաստված հարցին պատասխանով, ներկայացրեց Համաժողովրդական շարժումը բռնությամբ ճնշելու ծրագիր, որը իրագործվեց հաջորդ իսկ օրը` մարտի 1-ին, մթության քողի տակ։ 

Մարտի 1-ի առավոտյան դեպքերի հետ կապված ռեժիմի ապօրինի գործունեության լուսաբանումը 

   Իշխանության եւ զանգվածային հրապարակային միջոցառման մասնակիցների հարաբերությունները կարգավորող Օրենքի նպատակը «…քաղաքացիների… խաղաղ` առանց զենքի, ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու իրավունքի իրականացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելն է» (հոդված 1)։ Այն, որ ի սկզբանե իշխանությունները գիտակցել են, որ առանց լիազոր մարմնին գրավոր իրազեկելու անցկացվող միջոցառումը օրինական է, որովհետեւ ինքնաբուխ է (Օրենքի հոդված 10, կետ 1), հաստատվում է այն փաստով, որ 9 օր շարունակվող շուրջօրյա նստացույցը, 9 երթ, 18 հանրահավաք ներառող միջոցառումը սահմանված կարգով դադարեցնելու պահանջ չի ներկայացվել։ Եւ ճիշտ են վարվել, որովհետեւ Օրենքի հոդված 14-ի 1-ին կետի 1-ին ենթակետով դա արգելված է։ Մարտի 1-ի առավոտյան իրադարձությունների կապակցությամբ հարուցված 62202508 քրեական գործով ի սկզբանե քրեական հետապնդում է իրականացվել նաեւ ՔՕ 225′ հոդվածի տարբեր մասերով ապօրինի հանրահավաքների հետ ունեցած առնչությունների համար։ Սակայն հետագայում այդ հոդվածով բոլոր հարյուրավոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումները անխտիր դադարեցվել են հիմքերի բացակայության պատճառաբանությամբ` ուղղակիորեն ապացուցելով, որ միջոցառումը օրինական է եղել։ Մարտի մեկի առավոտյան նստացույցը ապօրինի ցրելուց հետո Ազատության հրապարակի մերձակայքում իբրեւ զննությամբ հայտնաբերված զենք ու զինամթերքի առնչությունը ցուցարարների հետ նախաքննությամբ ապացուցված չէ։ Դեռ ավելին, փորձաքննության մարմինը իր հերթին իր նախաձեռնությամբ նման հետազոտություն չի կատարել։ Հաշվենկատորեն թաքցվում է մարտի մեկի լուսաբացի իրադարձությունները պատկերող այն տեսագրությունը, ուր լսելի է Լեւոն Տեր-Պետրոսյանի` ցուցարարներին ուղղված հորդորը` հանդարտություն պահպանելու եւ համբերությամբ ոստիկանների կողմից ներկայացվելիք պահանջը լսելու վերաբերյալ։ Իհարկե, դա որպես Ռոբերտ Քոչարյանին ուղղված պատգամ է հնչեցվել, բայց այլեւս Սամվել Նիկոյանի եւ Նաիրա Զոհրաբյանի միջոցով շրջանառվել է այն փաստը, որ մարտի 1-2-ին մարմնական վնասվածք ստացած իշխանության ներկայացուցիչներից եւ ոչ ոք հրազենային վնասվածք չի ստացել։ Նույնն է թե` ընդդիմության ներկայացուցիչները զենք չեն գործածել։ Ի՞նչ է այլեւս պետք` համոզվելու համար, որ միջոցառումը եղել է խաղաղ, առանց զենքի։ Փաստորեն, նույնիսկ չունենալով հրապարակային միջոցառումը դադարեցնելու իրավունք, միեւնույն է, ոստիկանությունը դադարեցրել է, այն էլ` Օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված կարգի կոպտագույն խախտումներով. – Չի սահմանել դադարեցման համար ողջամիտ ժամկետ։ – Միջոցառումը դադարեցնելու որոշման մասին բարձրախոսով չի տեղեկացրել մասնակիցներին։ – Նստացույցի հարկադիր դադարեցումը իրականացվել է գաղտագողի` մթության քողի տակ, բռնությամբ եւ հատուկ միջոցների գործադրմամբ։ Վերջինիս հետ կապված` «Ոստիկանության մասին» անկատար օրենքի 31-րդ հոդվածում ասվում է. «Արգելվում է հատուկ միջոցների գործադրումը… խաղաղ, առանց զենքի չարտոնված հանրահավաքները խափանելու ժամանակ»։

 Նիկոյանի հանձնաժողովի անգործության հետեւանքները 

  Այս հանձնաժողովը Նիկոյանի տիրապետած մոտեցումով գիտակցաբար չգնահատեց (գուցե գնահատեց, բայց չհրապարակեց) մարտի մեկի լուսաբացի իրադարձությունները, որովհետեւ այդպես վարվելու դեպքում, բնականաբար, կհանգեր Ռաֆիկ Պետրոսյանի` մասնագետի իմիջը պահելու մղումով տված գնահատականին։ Իսկ Արծվիկ Մինասյանի բանաձեւով առաջնորդվելու դեպքում` առավելագույնը ձեւավորվելուց մեկ-երկու ամսվա ընթացքում ստիպված կլիներ եզրակացնել, որ մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների, այդ թվում` հատկապես 10 զոհերի (այս թիվը տարակուսելի է) հեղինակը, մեղավորն ու պատասխանատուն նախ Ռոբերտ Քոչարյանն է, նրա հետ միասին նրա ապօրինի ծրագրերը կուրորեն իրագործած կարմրակատարները` Սերժ Սարգսյանը, նորաքաքուլ Հովիկ Աբրահամյանը եւ այլոք։ Մինչդեռ հանձնաժողովը, հաշվենկատորեն զբաղված լինելով տեսարանների ցուցադրմամբ, փաստորեն, շեղում էր հանրության ու եվրակառույցների ուշադրությունը` բարենպաստ պայմաններ ստեղծելով միակողմանի, սուբյեկտիվ եւ թերի նախաքննության ու դատաքննությունների իրականացման համար, որի հետեւանք դարձավ բազմաթիվ քաղբանտարկյալների առկայությունը Հայասանի Հանրապետությունում։ Թե՛ նախաքննությունը, թե՛ դատաքննությունը պատվերով խուսանավեցին հետազոտել մարտի մեկի լուսաբացի իրադարձությունները։ Այդ կապակցությամբ հարուցված 62202508 քրեական գործը որոշումով միացվեց, իսկ իրականում թաքցվեց այդ իրադարձությունների հետեւանք` ռեժիմի ապօրինություններն ու բռնությունները չհանդուրժող, ըմբոստացած ժողովրդի օրինակելի ցասումը արյունով ճնշելու կապակցությամբ հարուցված 62202608 քրեական գործի մեջ։ Նիկոյանի հանձնաժողովը, նախաքննությունը եւ դատաքննությունը ունեն կարեւոր մի ընդհանրություն` նրանք բոլորն էլ քրեական ռեժիմի կամակատարներ են։ Փաստահավաք խումբ ստեղծելու պատրվակով դեռեւս սեպտեմբերին եզրակացություն հրապարակել ցանկացող հանձնաժողովի գործունեության ժամկետը եւս չորս ամսով երկարաձգելու որոշումը իրականում պայմանավորված է այն հանգամանքով, որ այժմ իշխանահաճո որեւէ եզրակացություն չի ներվելու ժողովրդի կողմից։ Ռեժիմը սա շատ լավ է գիտակցում։ Այդ անբարենպաստությամբ է պայմանավորված «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հետաձգումը նույնքան ժամանակով։ Իհարկե, հետաձգման այդ ժամկետը ոչ թե կանխատեսման, այլ երազանքի հուսահատ դրսեւորման արդյունք է։ Այն, որ Սերժ Սարգսյանի որոշումով ձեւավորվող փաստահավաք խումբը անկեղծ նպատակներ չի հետապնդում, հաստատվում է Սամվել Նիկոյանի հետեւյալ ազնիվ պոռթկումով. «Ուզում եմ ասել, որ եթե ԱԺ-ի որոշմամբ չի ձեւավորվում խումբը, իհարկե, այդ փաստաթուղթը հանձնաժողովի համար իրավական տեսակետից չի կարող պարտադիր փաստաթուղթ լինել» («Չորրորդ իշխանություն», 25.10.2008թ.)։ 

Հ.Գ. Երբ աչքի էի անցկացնում 41 հաստափոր հատորներից բաղկացած քրեական «մայր գործի» նյութերը, տպավորություն ստացա, որ դա ընդամենը թղթի թափոն է։ Այդ թափոնի մեջ նկատեցի հետաքրքրական բան։ Ալեքսանդր Արզումանյանը, ում հեռախոսային խոսակցությունները պաշտոնապես գաղտնալսվել են փետրվարի 19-ից, փաստորեն, ըստ նյութերի, փետրվարի 29-ին ունեցել է մեկ հեռախոսային խոսակցություն, իսկ մարտի մեկի խոսակցությունների վերծանված նյութերում ոչ մի խոսք չկա մարտի մեկի լուսաբացի իրադարձությունների մասին։ Այդ նյութերի մեջ գտա շատ լուսավոր մի բան` ժամը 17։36-ին տեղի ունեցած խոսակցության ժամանակ Քոչար Դավթյանը Արզումանյանին տեղեկացնում է. «Շատ մեծ ժողովուրդ է, Օպերայի կրկնակիի չափ, շատ լավ խելոք լսում…»։ Սա ռեժիմի ապօրինությունների ու բռնությունների դեմ ըմբոստացած մեծ ժողովուրդն է, որի պահանջները ցանկացած գիտակից իշխանություն անվերապահորեն կատարում է։ Մեծ ժողովրդի հաղթանակը անկասելի է։

                                                   ԴԱՎԻԹ ՄԱԹԵՒՈՍՅԱՆ