ԿԱԼԱՆԱԽՈՒՑ N

Տպագրվել է «Չորրորդ իշխանություն» 752, 21 մայիսի 2008 թ.

Այս խուցը ունի 15 մ² մակերես, որից 2-ը սանիտարական հանգույցն է, լիարժեք մարդահասակից քիչ բարձր յուղաներկով ներկված պատեր, տախտակամած հատակ: Յուղաներկի բաժանարար գծով անցնող երեւակայական հարթությունը պայմանականորեն անվանում են չափ ու սահման, որից վեր իբրեւ ազատությունն է, ուր կալանավորը չի կարող լինել: 

Խցում ապրում ենք չորս հոգով` երեք Դավիթ եւ մեկ Արմեն: Բարեբախտաբար, Արմեն չի նշանակում Դավիթ, եւ դա իմ մխիթարությունն է, այլապես Դավիթ կնշանակեր կալանավոր: Խուցը ունի նկուղային հարկ` ընդամենը 20 սմ բարձրությամբ, ուր ապրում են մեզ անհայտ թվով խավարասերներ` ապահովելով ֆաունայի բազմազանությունը անազատության պայմաններում: Հարգանքի արժանի է: Նրանք, ունենալով ազատության ավելի մեծ աստիճան (համեմատաբար), տախտակամածի սանտիմետրանոց ճաքերով ազատ ելումուտ են անում խցի մեր հարկաբաժին: Նրանց հետ մենք ապրում ենք հաշտ ու համերաշխ` առանց դիմադրելու ու բռնություն գործադրելու՝ սրանով իսկ արտահայտած լինելով լիբերալ լինելու մեր հաստատակամությունը: 

Նրանց վարքագիծը զգուշավոր է, եւ երբեք իրենց թույլ չեն տալիս բարձրանալ պատերն ի վեր: Մահճակալների ճռռոցից անգամ, որի պակաս այստեղ չի զգացվում, արագ ետ են քաշվում իրենց հարկաբաժին: 

Ահա այստեղից մայիսի 15-ին ինձ տարան դատարան, որտեղ շարունակվելու էր ապրիլի 28-ին կիսատ մնացած դատաքննությունը: Սա էլ իր հերթին հետաձգվեց՝ մինչեւ հունիսի 2-ը. բայց, այնուամենայնիվ, բոլոր ներկաների համար պարզ դարձավ, որ ինձ մեղսագրվող արարքը հիմնավորող որեւէ իրավական նշանակության ապացույց գոյություն չունի: Մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները ոչ միայն շինծու ու հորինված են, այլեւ օրենքից դուրս են: Քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված մրցակցային դաշտում, ֆուտբոլի լեզվով ասած, մեղադրող կողմը պաշտպանության կողմին տանուլ է տալիս 0:5 հաշվով: Իսկ եթե հաշվի առնենք, որ մեր կողմից արված մի շարք միջնորդություններ, որոնք ունեն իմ կողմից հանցագործության հատկանիշներ պարունակող որեւէ արարք կատարած լինելը բացառող ուղղակի ապացուցողական նշանակություն, որոնք, սակայն, դատավորի կողմից լիազորությունների չարաշահմամբ, առայժմ չեն բավարարվում, իսկ մեղադրանքի կողմը չունի եւ չի կարող ունենալ հակառակ նշանակության որեւէ միջնորդություն, ապա վերջնական պատկերը ավելի է հստականում: Հաշիվը կանխատեսելի է` 0:7: 

Ես մեղադրանքը պաշտպանող դատախազի հետ որեւէ խնդիր չունեմ: Ավելին` նրա հետ պայմանավորվածություն ունեմ առ այն, որ նա միանշանակ առաջնորդվելու է դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների ազդեցությամբ ձեւավորված ներքին համոզմունքով, ինչպես նախատեսված է օրենքով: Այս պայմանավորվածությունը ձեռք ենք բերել ապրիլի 29-ին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին նա մասնակցում էր սպառնալիքի տարրեր պարունակող որոշակի ակնարկներ փոխանցելու լիազորությամբ: Սակայն արդյունքում մեր զրույցը փոխակերպվեց անկեղծ ու մարդկային փոխհարաբերությունների: Ես նույնիսկ վստահ եմ` հետաձգված դատաքննության վերջնամասում, ներքին համոզմունքից դրդված, նա պատրաստ էր քրեական հետապնդումը դադարեցնելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ հանդես գալ: Բայց կա՛մ համարձակությունը չբավարարեց, կա՛մ էլ չհասցրեց` դատավորը անակնկալ հեռացավ: 

Դատավորի հետ էլ ունեմ թարմ ու կոնկրետ պայմանավորվածություն: Նա իմ գործը քննելիս եւ վճիռ կայացնելիս միայն ու միայն առաջնորդվելու է համապատասխան օրենսդրությամբ` չենթարկվելով որեւէ սուբյեկտիվ ազդեցության: Իսկ պայմանավորվածությունը ձեռք բերվեց հետեւյալ պայմաններում: 

Դատավորը հրահանգեց դահլիճից դուրս հանել առջեւի շարքում նստած գեղեցիկ մի օրիորդի` անչափահաս լինելու պատճառաբանությամբ: Ես միջամտեցի՝ ասելով, որ նա իմ աղջիկն է: Դատավորը հիմնավորեց, թե մարդկայնորեն հասկանում է, բայց դա օրենքի պահանջն է: Ես հակադարձեցի, որ հետեւաբար բոլոր հարցերին պետք է լուծում տալ նույն սկզբունքով: Նա համաձայնվեց, եւ մենք պայմանավորվեցինք: 

Սակայն ես ամենեւին զարմացած չեմ, որ այսքանից հետո, հակառակ քրեադատավարական օրենսդրության տրամաբանության, պետական իշխանության ինքնիրավ գործողությունների եւ չարաշահումների հետեւանքով քաղաքական հայացքներիս ու գործունեությանս համար շարունակում եմ մնալ ապօրինի անազատության մեջ: 

Բանն այն է, որ մեր պայմանավորվածությունները դեռ չեն սկսել գործել: Այն չի կարող գործել, քանի դեռ Սահմանադրությամբ անկախ հռչակված դատական իշխանությունը գտնվում է գործադիր եւ օրենսդիր իշխանությունը բռնազավթած ուժի բացարձակ հսկողության եւ ազդեցության տակ: 

Եվ պատահական չէ, որ «Կենտրոն» հեռուստաընկերության Պետրոսի հյուր անկեղծ հանրապետական Սամվել Նիկոյանը այս թեմաներով խոսելիս անընդհատ գործածում էր «դատաիրավական համակարգ» ձեւակերպումը: Նա անկեղծորեն արձանագրում է փաստը: 

Եվ այսպես, Մարտի 1-ի հայտնի քրեական գործից անջատված եւ հատ-հատ դատարաններ ուղարկվող անհատականացված գործերով վճիռները նախօրոք կայացված են: Այն ուրվագծվում է ՀՀ «դատաիրավական համակարգի» պատասխանատու Աղվան Հովսեփյանի` մեղադրական եզրակացությունները հաստատող երկարաշունչ ու գեղարվեստական ստորագրության մեջ: Տեսնես սույն պարոնը մի օր կհասկանա՞, որ մարդը, լավ, գոնե հայ մարդը, ավելի մեծ արժեք է, քան իրենց մեսրոպատառ հոգածություն վիրտուալ մեղադրանքը: Տեսնես հաջորդ նիստին կգա՞ իր հաստատած վճիռ-մեղադրանքը փայփայելու… 

Ահա, առայժմ, սրանով կաշկանդված լինելով, իմ մրցակից մեղադրող դատախազն ու մրցակցային դաշտ «ապահովող» դատավորը համատեղ ջանքերով պատանդի իմ կարգավիճակը երկարաձգեցին եւս 18 օրով… 

Խուց վերադարձա` դատարանի դահլիճից ընկերոջս որդիներին էլեկտրաշոկի կիրառությամբ դուրս հանելու հետեւանքով մարտի 1-ի ողբերգական դեպքերը վերհիշելուց ունեցած ապրումների ազդեցության տակ: Բարձրացա ու նստեցի երկրորդ հարկի իմ մահճակալին: Հանկարծ ի՞նչ տեսնեմ` սահմանից վեր, հենց դեմ-դիմաց, պատին մի մեծ ու փարթամ խավարասեր: Հանեցի հողաթափս եւ փորձեցի նրանով վերջինիս ուղղորդել դեպի իր տիրույթ: … Չհասկացա ինչպես ստացվեց, բայց արդյունքում պատին նրանից ընդամենը թաց տեղ մնաց: Վատ զգացի, պատճառը մե՞ղքն էր, թե՞ զզվանքը… Տղաները տարակուսած իրար էին նայում, եւ Արմենը, որ Դավիթ չէ, ասաց. 

– Չափ ու սահմանը անցել էր: 


Քաղբանտարկյալ ԴԱՎԻԹ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 

ՀՈՒՆԻՍ 22, 2009 ՎԱՐԴԱՇԵՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՑ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒՄ