ԲԱՑ ՆԱՄԱԿ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲԻՆ

Տպագրված է ՀԺ-ի #28[2216] համարում 2009 թ․-ի փետրվարի 17-ին։

     Այն, որ շուրջ չորս ամիս է՝ արդեն գործունեություն եք ծավալում, սակայն վերջը մշուշոտ է, գոնե չի խոսվում եզրակացության ժամկետների մասին, ինձ անհանգստացնում է։ Չկարծեք, թե հույս ենք փայփայում օր առաջ ազատվելու մասին եւ այդ հույսը կապում ենք ձեր գործունեության հետ։ Ամենեւին։ Ես եւ իմ տասնյակ քաղբանտարկյալ ընկերները ապօրինի պատիժ անազատությունը արժանապատվորեն կրելը համարում ենք այս վիճակը չհանդուրժելուն ուղղված պայքարի մի բաղադրիչը եւ դրանով հաստատում մեր մասնակցությունը համաժողովրդական շարժմանը։

   Անհանգստանում եմ, որովհետեւ կարծում եմ, թե ձեզ ներքաշել են մոլորության մեջ, եւ դրա նպատակը դարձյալ ժամանակ ձգելն է։ Ամենեւին ձեր խնդիրը չէ, թե ում կողմից են իրականացվել (նկատի ունեմ կոնկրետ անձը) 10 անձանց սպանությունները․ դա նախաքննության մարմնի խնդիրն է։ Բայց ձեր խնդիրն է հաստատել ակնհայտ մի ճշմարտություն, որ նախաքննությունը միտումնավոր իրականացվել է միակողմանի, սուբյեկտիվ ու թերի եւ ոչ միայն Մարտի 1-ի գործով, այլ դրանից էլ առաջ։ Համոզված եմ` եթե, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, Քոչարյանը չհրապարակեր, որ դեռ այն ժամանակ պաշտոնապես հայտարարված 8 զոհերից 3-ը զոհվել է հատուկ միջոցների կիրառության հետեւանքով, ապա նախաքննությունը իր նախաձեռնությամբ այդ էլ չէր պարզելու։ Համոզված եղեք, որ ռեժիմի պարագլուխ նույն Քոչարյանին հայտնի էին նաեւ բոլոր զոհերի սպանության հանգամանքները. դա հատուկ է ավտորիտար ռեժիմին, ուղղակի նախաքննության մարմնի առջեւ խնդիր է դրվել թաքցնել այդ ամենը, ինչը եւ նրանք կատարում են ամենայն պատասխանատվությամբ։ Ձեր խնդիրը շատ հստակ է.

– հենվելով Սահմանադրության (հատկապես հոդված 3-ի` «Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք» դրույթի) եւ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի վրա` տալ ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկող ընդդիմության նկատմամբ մարտի 1-2-ին իշխանության կողմից իրականացված գործողությունների իրավական գնահատականը` հաշվի առնելով բանակի նախօրոք ներկայությունը,

– հենվելով Սահմանադրության (հատկապես հոդված 5-ի) եւ քրեադատավարական օրենսդրության վրա` տալ նախաքննության եւ դատաքննության մարմինների գործունեության գնահատականը մարտի 1-ին եւ դրանից առաջ հարուցված գործերով, որոնք առնչվում են ընդդիմության ներկայացուցիչների քրեական հետապնդումներին։

Վստահ եմ` ձեր սպառած ժամանակի կեսն էլ բավարար էր` այս երկու գնահատականներով եզրակացություն տալու համար, որովհետեւ փաստերն անսպառ են եւ ամենուր։ Օրինակ` եթե ուսումնասիրեք 225-րդ հոդվածի 1-ին մասով 5 տարի դատապարտված Գեւորգ Ղազարյանի գործից փորձագետի եզրակացությունը, ապա կտեսնեք, որ ինչ-որ մեկի մեքենայի բեռնախցիկի` փորձաքննության ուղարկված գորգի վրա հայտնաբերվել են երկաթի միկրոմասնիկներ, որի արդյունքում նախաքննության մարմնի մոտ համոզմունք է ձեւավորվել, թե պայմանավորվածությամբ պայմանական ազատազրկված սեփականատիրոջ մեքենայի բեռնախցիկով տեղափոխվել են երկաթե ձողեր, որոնք օգտագործվել են մասսայական անկարգություններ կազմակերպելու համար։ Իսկ Ազատության հրապարակի մատույցներից իբրեւ հայտնաբերված ողորկ մակերեւույթ ունեցող զենք-զինամթերքը եւ այլ առարկաներ փորձաքննության ուղարկելու որոշման մեջ մատնադրոշմային փորձաքննություն կատարելու պահանջ դրված չէ եւ չի կատարվել։ Այսինքն` այդ առարկաների պատկանելությունը որոշելու նախաձեռնություն ցուցաբերված չէ։ Սա` իմիջիայլոց. Գեւորգին խոստացել էի, որ այս մասին թերթում կգրեմ։ Չեմ ուզում ձեր առջեւ դնել լրջագույն մի խնդիր` ընտրությունները, որի ածանցյալն է այս ամենը։ Մի կողմ թողնելով համակարգված չարաշահումների եւ կեղծումների բազմաթիվ արձանագրված փաստերը` միայն այն, որ եվրոկառույցների պատվերով Երեւանի մամուլի ակումբի փորձագետների կողմից անցկացված` հեռուստաընկերությունների մոնիտորինգի արդյունքներով` խախտվել է սահմանադրական կարգի առանցքային հիմունքներից մեկը` ընտրական իրավունքի հավասարության սկզբունքը (հոդված 4), ուստի ոչ մի Եվրոպա, ոչ մի Ազարյան, ոչ մի Գագիկ Հարությունյան չի կարող եւ իրավասու չէ գնահատել, թե ինչ ազդեցություն կարող էր ունենալ այդ խախտումը ընտրության արդյունքների վրա։ Սահմանադրությամբ նախատեսված կարգից տարբերվող որեւէ այլ տարբերակով իշխանության գալը իշխանության յուրացում է։ Ուստի Իշխանությունը յուրացված է Սերժիկ Սարգսյանի կողմից` հիշատակված եւ այլ անձանց օժանդակությամբ։ Բայց սա այլեւս ժողովրդի գործն է, իսկ այդ մասին իմ կարծիքը կհայտնեմ հաջորդ հոդվածով։ Ինչեւէ, եթե առաջիկայում` մինչեւ նիկոյանական հանձնաժողովի գործունեության ժամկետի հերթական երկարաձգումը, փաստահավաք խումբը չհայտարարի վերոհիշյալ երկու գնահատականների հիման վրա ձեւակերպված եզրահանգման ողջամիտ ժամկետը (որը չի կարող լինել ավելի ուշ, քան ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի առաջիկա համապատասխան նիստը) եւ դրանով իսկ չկանխորոշի հիշյալ հանձնաժողովի գործունեության ժամկետի ողջամիտ երկարաձգումը, ուրեմն դուք իրոք մոլորվել եք` ներքաշվելով դետեկտիվ խաղերի մեջ։ Բայց որ ամենավտանգավորն է` մեխանիկորեն դառնալու եք այն գործիքը, որով գարնանային նստաշրջանում հերթական բանաձեւով երկարացվելու է նախորդ բանաձեւերի պահանջների կատարման ժամկետը։ Ի դեպ, 1643 բանաձեւով այդ հողը նախապատրաստված է։ Իսկ սա կնշանակի հայ հասարակության հերթական հիասթափություն նաեւ ձեզանից։ Մնամ ձեր նամակին սպասող…

Հ.Գ. Հերթով սկսում է լրանալ քաղբանտարկյալներիս` ապօրինի անազատության մեջ պահվելու առաջին տարին։ «Վարդաշեն» ՔԿՀ-ում յուրաքանչյուրիս այդ տարելիցը նշելու ենք յուրովի։ Ասենք` Աշոտ Զաքարյանին սեւազգեստ սափրագլուխները առեւանգել էին, երբ նա ճաշում էր` պատվիրված խինկալին դեռ չկերած։ Ուստի փետրվարի 25-ին Աշոտի անազատության տարելիցը կնշենք` խինկալու սեղանի շուրջ համախմբված։

                                                                                  Դավիթ Մաթևոսյան